Որ ոլորտում էլ աշխատեք, կարեւոր է, որ սիրով եւ նվիրվածությամբ կատարեք ձեր գործը. այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 20-ին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Կարեւոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցի իր առանձնահատկությունն ու յուրահատկությունը»,- ընդգծել է պատգամավորը:
Զարուհի Բաթոյանը, ողջունելով երիտասարդ մասնագետներին, կիսվել է իր աշխատանքային փորձով, ներկայացրել անցած ուղին եւ խորհուրդներ տվել երիտասարդներին պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատելու վերաբերյալ: Պատգամավորն անդրադարձել է գործադիր եւ օրենսդիր մարմինների աշխատանքների առանձնահատկություններին, կարեւորել պետական համակարգում աշխատելու նրբությունները:
Հարցուպատասխանի ձեւաչափով անցկացված հանդիպման ընթացքում երիտասարդ մասնագետները պատգամավորից հետաքրքրվել են Աշխատանքային օրենսգրքի իրացման մեխանիզմներով, օրենքների մշակման եւ կիրարկման գործընթացով, պետական մարմիններում երիտասարդների ներգրավման առանձնահատկություններով, ինչպես նաեւ կիսվել օրենսդիր մարմնում իրենց ունեցած փորձառությամբ եւ ձեռքբերումներով: