National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
20.11.2023
Օրենսդրական նախաձեռնությունը միտված է Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի մրցունակության բարձրացմանը
1 / 14

Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարկ է նշել, որ նախագծերի փաթեթի քննարկումը մեկ անգամ հետաձգվել էր` երկամսյա ժամկետով: Այդ ընթացքում տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ բոլոր կետերի շուրջ հանգել են համաձայնության:

Ըստ հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` զբոսաշրջության ոլորտում քաղաքականություն մշակող մարմինը չունի ծառայություն մատուցող սուբյեկտների նկատմամբ վերահսկողական լծակներ: Հստակ մեխանիզմների բացակայության արդյունքում շատ հաճախ խախտվում են ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ խաթարվում են գործարար հարաբերությունները մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ, ինչի հետեւանքով վերջիններս կրում են նյութական վնասներ: Այս ամենն իր բացասական հետեւանքներն է թողնում Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի վրա:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների որակի ապահովման լավագույն տարբերակը ծառայություն մատուցող անձանց գործունեության կարգավորումն է:

Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Սահմանվում են հստակ չափորոշիչներ ու պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար: Հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում կիրառվող հասկացությունները եւ սահմանվել են նոր հասկացություններ: Ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների եւ վերլուծությունների իրականացման եւ պետական քաղաքականության մշակման ու իրականացման նպատակով նախատեսվել են դրույթներ` էլեկտրոնային գրանցամատյանի եւ զբոսաշրջային ռեսուրսների ներդրման եւ գրանցամատյանի վարման վերաբերյալ:

Նախատեսվել են նաեւ զբոսավարների եւ ուղեկցորդների վերապատրաստում ու որակավորում, պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, իսկ զբոսաշրջային ավտոբուսների համար` կամավոր որակավորման հնարավորություն: Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման եւ վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությանը եւ խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:

Ընդունումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանում տնտեսական զարգացման զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միջեւ արդար մրցակցության եւ իրավահավասարության, անվտանգ եւ ապահով:

«2023 թվականի տասն ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ: Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի շուրջ 2,4 միլիոն: Այն մոտավորապես 25 տոկոսից ավելի արձանագրվող արդյունք է համեմատած 2019 թվականի` մեր լավագույն զբոսաշրջության տարվա հետ»,- տեղեկացրել է Վահան Քերոբյանը:

«Աննախադեպ ծավալի է հասել Հայաստանում զբոսաշրջությունը եւ այս կարեւոր ոլորտն անթույլատրելի է թողնել առանց վերահսկողության»,- ասել է հարակից զեկուցող, պատգամավոր Դավիթ Առուշանյանը` հավելելով, որ նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել ոլորտի տարբեր ասոցիացիաների, ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով զբոսաշրջության որոշ բաղադրիչների` Դավիթ Առուշանյանը նշել է. «Զբոսաշրջությունը ներառում է նաեւ արտաքին քաղաքականության լուրջ բաղադրիչ, որովհետեւ յուրաքանչյուր օտարերկրացի, գալով Հայաստան, լավ սպասարկման, երկրի ճիշտ ներկայացման պարագայում կարող է դառնալ մեր դեսպանն իր երկրում»:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հետաքրքրվել է Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր, միջազգային հարթակներում ներկայացվելու համար ո՞ր կառույցն է պատասխանատու եւ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Բաբկեն Թունյանի դիտարկմամբ ճանաչելիությանը նպաստող կարող են լինել ոչ միայն գովազդային հոլովակները կոնկրետ զբոսաշրջային թեմաներով, այլ կարող է լինել տարբեր միջոցառումների ներկայացումը: Նրա խոսքով Հայաստանում դեկտեմբերի 1-2-ը նախատեսվել են Գիտության եւ գործարարության օրեր. հրավիրվել են աշխարհահռչակ գիտնականներ: Բաբկեն Թունյանը նշել է, որ նման  միջոցառումները նույնպես կնպաստեն երկրի ճանաչելիությանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի խնդրանքով Վահան Քերոբյանն անդրադարձել է վերահսկողության գործառույթներին եւ իրավակարգավորումներին, տուգանքներին, ինչպես նաեւ  Ջերմուկ քաղաքում զբոսաշրջային միջավայրի ակտիվացմանն ուղղված քայլերին, անվտանգությանը:

Ծովինար Վարդանյանը, անդրադառնալով մի շարք դրույթների, մասնավորապես, խոսել է օրենսդրական փաթեթում կիրառվող «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձեւակերպման մասին` շեշտելով, որ այն «նեղացնում է ընդհանուր շրջանակը` ստեղծելով թիրախային խումբ»: Նա առաջարկել է հանել նշված դրույթն ու ձեւակերպումը: «Կարծում եմ` «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքում չպետք է լինի նման տարանջատում Հայաստանի քաղաքացիների եւ երկքաղաքացիություն ունեցող հայերի միջեւ»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը, ի պատասխան Ծովինար Վարդանյանի ներկայացրած առաջարկություններին եւ դիտարկումներին, նշել է, որ դրանք մեծամասամբ ընդունելի են: Նրա խոսքով «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձեւակերպմանը վերաբերող հանձնաժողովի անդամի առաջարկությունը կրկին կդիտարկվի:

Զարուհի Բաթոյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, տեղեկացրել է, որ դեռեւս մշակման փուլում աշխատել է Էկոնոմիկայի նախարարության հետ եւ որոշ առաջարկներ ընդունվել են այդ փուլում: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը չի պատկերացնում զբոսաշրջության զարգացումն առանց ներառականության ապահովման: Դա վերաբերում է զբոսաշրջային բոլոր ծառայություններին: 5 առաջարկներից 3-ն ընդունվել են: Առաջարկություններիցս թերեւս ամենակարեւորը չի ընդունվել, որը վերաբերում է բոլոր հյուրանոցների եւ առողջարանների մատչելիության չափորոշիչների ապահովմանը: Հեղինակները նախընտրել են միայն նոր կառուցվող հյուրանոցների եւ առողջարանների դեպքում պահել այդ կետը: Սակայն պայմանավորվել ենք, որ այս հարցին կանդրադառնանք Կառավարության կողմից քննարկվող եւ մշակվող մեկ այլ ծրագրի շրջանակում, որն ուղղված է արդեն կառուցված հասարակական, արտադրական շենք-շինությունները մատչելի դարձնելուն»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Բաբկեն Թունյանի խոսքով, ի թիվս մի շարք այլ առաջարկների, Զարուհի Բաթոյանի այն առաջարկությունները, որոնց առնչությամբ արդեն կա  փոխհամաձայնություն, կներկայացվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:


20.11.2023
Մերի Գալստյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավարին
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիին եւ ժողովրդավարական կառավարման գծով պա...

20.11.2023
Զարուհի Բաթոյանն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների հետ կիսվել է իր աշխատանքային փորձով
Որ ոլորտում էլ աշխատեք, կարեւոր է, որ սիրով եւ նվիրվածությամբ կատարեք ձեր գործը. այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 20-ին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) «Երիտասարդ  մասնագետների խորհրդարանական ծրագրի» մասնակիցների հետ հան...

20.11.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարց...

20.11.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

20.11.2023
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: ...

20.11.2023
Նոյեմբերի 21-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am