National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
15.11.2023
2024 թ. պետական բյուջեն ծախսային եւ եկամտային ծավալներով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան
1 / 1

Պետական բյուջեն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է եւ հետո միայն` ֆինանսական: Ինչու քաղաքակա՞ն, քանի որ պետական բյուջեն առաջին հերթին արտացոլում է այն քաղաքական հանձնառությունները եւ քաղաքականությունները, որոնք ստանձնել է գործող Կառավարությունը եւ վերջինիս քաղաքական հենարան հանդիսացող կառավարող խմբակցությունը. ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի քննարկման ընթացքում:

«2024 թվականի պետական բյուջեն ծախսային եւ եկամտային ծավալներով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է: Ծախսերը կազմելու են 3 տրիլիոն 17 մլրդ դրամ եւ կարծում եմ` մինչեւ վերջնական քննարկումները դրանք նույնիսկ կավելանան»,- ընդգծել է պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով 2024 թվականին պետությունը տարբեր նպատակներով` աշխատավարձ, նպաստ, թոշակ, կրթություն, գիտություն, բանակ, ճանապարհաշինություն, առողջապահություն եւ այլն, կծախսի մոտ 7,5 մլրդ դոլար գումար: Ըստ Գեւորգ Պապոյանի` հաջորդ տարվա ծախսերը համարժեք են  2009 թվականի ամբողջ ՀՆԱ-ին, իսկ դոլարային արտահայտությամբ 2009 թվականի համեմատ աճել են մոտ 3,5 անգամ: Համեմատության համար զեկուցողը նշել է, որ հինգ տարի առաջ` 2018 թվականին, այդ ցուցանիշը պլանավորված է եղել ընդամենը 1 տրիլիոն 465 մլրդ դրամ կամ մոտ 3 մլրդ դոլար: «Այսինքն` պետական բյուջեի ծախսերը ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում դրամային արտահայտությամբ ավելացել են մոտ 2,1 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ` մոտ 2,5 անգամ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը եւ հավելել, որ խոսքը վերաբերում է ոչ թե 10, 20 եւ 30 տոկոսների, այլ անգամների:

Անդրադառնալով պետական բյուջեի եկամտային հատվածին` Գեւորգ Պապոյանը նշել է, որ 2018 թվականի պլանավորված 1 տրիլիոն 308 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին կլինի երկու անգամ ավելի շատ` 2 տրիլիոն 676 մլրդ դրամ: «Հատկանշական է, որ երբ ներկա վարչապետը դեռ 2018 թվականի ապրիլին Հանրապետության հրապարակից խոստանում էր երկու տարվա ընթացքում 30-40 տոկոսով ավելացնել հարկային եկամուտները, այն ժամանակվա իշխանությունները եւ նրանց ձայնակցող իշխանական «սազանդար» փորձագետները միաձայն դա համարում էին անիրատեսական, պոպուլիստական եւ հեգնում էին: Պետք է արձանագրել, որ հեղափոխական հարթակից տրված խոստումը ոչ միայն կատարվել է, այլեւ հաջորդ տարիների համար գերակատարվել է: Սա արվել է վարձու աշխատողների եկամտային հարկի տոկոսադրույքի իջեցման պայմաններում»:

Խոսելով քաղաքացիներին տրված հաջորդ խոստման` տարեկան միջին տնտեսական աճը 7 տոկոս կազմելու պատճառի մասին` զեկուցողը նշել է. «Տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալիս հինգ տարում 40 տոկոսով ավելացնելու, իսկ 10 տարում կրկնապատկելու համախառն ներքին արդյունքը: 2022 թվականին արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա համար տարբեր գնահատականներով կարձանագրվի նախանշված թիրախից` 7 տոկոսից ավելի բարձր աճ` 8 տոկոսի շրջակայքում կամ ավելի բարձր: Հաջորդ տարվա համար նորից թիրախավորել ենք շատ բարձր տնտեսական աճ` 7 տոկոս: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի դրությամբ տնտեսական աճի խոստումը նույնպես ոչ միայն կատարված է, այլ նաեւ նորից գերակատարված»: Գեւորգ Պապոյանի գնահատմամբ ցուցանիշի լավագույն արտացոլանքը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն է, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 2018 թվականի սկզբում կազմում էր ընդամենը 4000 դոլարից մի փոքր ավելի, այնինչ այս տարվա տվյալներով այդ ցուցանիշը կկազմի մոտ 8300 դոլար: «Այս ցուցանիշով Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին անգամ Հարավկովկասյան տարածաշրջանում կլինի առաջինը` առաջ անցնելով հարեւան երկու երկրներից»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Գեւորգ Պապոյանն անդրադարձել է նաեւ այն փոփոխություններին, որոնք ուղղակիորեն ազդել են մարդկանց կյանքի որակի վրա. «Եթե 2018 թվականի սկզբին նվազագույն կենսաթոշակը կազմում էր ընդամենը 16 հազար դրամ, ապա այսօր այն մոտ 2,3 անգամ ավելին է` 36 հազար դրամ: Այսինքն` մի ամբողջ 28 տարի էր պետք, որ նվազագույն կենսաթոշակը դառնա 16 հազար դրամ եւ ընդամենը 5 տարի` եւս 18 հազար դրամով ավելացնելու համար: Սա այն բազմաթիվ դեպքերից մեկն է, որն արտացոլում է մինչհեղափոխական Հայաստանի պետության ձախողումը»: Զեկուցողի խոսքով ՀՀ անկախության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակն ավելի բարձր է, բարձր թիվ է կազմում, քան նվազագույն պարենային զամբյուղը: «Սա մի կողմից հպարտության զգացողություն է առաջացնում, մյուս կողմից` ամոթի: Հպարտության, քանի որ մաս եմ կազմում այն թիմի, որը վերջապես կարողացավ մեր բոլոր կենսաթոշակառուներին տալ ավելի բարձր կենսաթոշակ, քան նվազագույն պարենային զամբյուղն է: Բայց որպես քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր` ամոթի զգացողություն ունեմ, որ մեր պետությունը 30 տարի շարունակ մեր տատիկ, պապիկների մի զգալի մասի տվել է ավելի քիչ կենսաթոշակ, քան նվազագույն պարենային զամբյուղն է»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ ամաչելու պատճառ եւ առիթ ունեն բոլորովին այլ մարդիկ, որոնք տասնամյակներով այս հարցի պատասխանատուն են եղել եւ այսօր նրանց մի մասը կամ նրանց հարազատները նստած են ԱԺ դահլիճի ընդդիմադիր հատվածում:

Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ եթե 2018 թվականին նվազագույն աշխատավարձը կազմում էր 55 հազար դրամ, ապա այսօր այն 75 հազար է. ավելացումը կազմում է մոտ 40 տոկոս:

Պատգամավորը խոսել է նաեւ վերջին տարիներին միջին ամսական աշխատավարձի, աշխատողների քանակի, ինչպես նաեւ 2024 թվականին գիտության, կրթության, առողջապահության ոլորտներին ուղղվելիք հատկացումների ավելացման ու սոցիալական ծախսերի իրականացման մասին: Նշվել է, որ հեղափոխությունից հետո սոցիալական հատկացումները գրեթե կրկնապատկվել են:

Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով պաշտպանության ոլորտի ծախսերին, նշել է, որ հաջորդ տարի պլանավորվում է ունենալ 557 մլրդ դրամի ծախս. «2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեն կլինի 2,3 անգամ ավելի շատ, քան 2018 թվականինը»:

Ամփոփելով ելույթը` հանձնաժողովի նախագահն ասել է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսության բարձր աճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից, ըստ պատգամավորի, հատկապես կարեւոր են երեքը. «Առաջինը` ժողովրդավարությունը, որն ապահովել է կապիտալի եւ աշխատուժի ներհոսքի կտրուկ աճ դեպի Հայաստան: Երկրորդը` ենթակառուցվածքներում կատարվող կապիտալ ծախսերը, այն է` հարյուրավոր դպրոցների եւ մանկապարտեզների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների, տասնյակ առողջության կենտրոնների, կամուրջների, ջրամբարների, թունելների եւ այլ ենթակառուցվածքների կառուցումն ու հիմնանորոգումը: Երրորդը` կատարված բարեփոխումները»:

Գեւորգ Պապոյանի խոսքով իր գլխավորած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» նախագծին:


15.11.2023
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկ...

15.11.2023
Կառավարության անդամները ելույթներ են ունեցել գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում անդրադարձել է միջազգային գործընկերների հետ Հայաստանի ընթացիկ համագործակցությանն ու իրականացվելիք այն ծրագրերին, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են բյուջետային գործընթաց...

15.11.2023
2024 թ. պետական բյուջեն կարող ենք դիտարկել անվտանգային բյուջե. Անդրանիկ Քոչարյան
2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է երկու ռեժիմով` բաց եւ փակ: Քննարկումների արդյունքում փաստել եմ` 2024 թվականի պետական բյուջեն կարող ենք դիտարկել որպես անվտան...

15.11.2023
Բյուջեն ստեղծում է երկարաժամկետ ու կայուն աճը շարունակելու հիմք. Բաբկեն Թունյան
Եկող տարվա բյուջեն նախատեսվում է մոտ 3 տրիլիոն դրամի չափով, եկամուտները՝ մոտավորապես 1,6 տրիլիոն դրամի չափով եւ պակասուրդը՝ մոտավորապես 340 մլրդ դրամ: Պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսը: Ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է պակասուրդի ծավալն ավելանա: Գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով բյուջետայ...

15.11.2023
Հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թ. շարունակելու է առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով. ԿԲ նախագահ
Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաեւ ՀՀ տնտեսության համար ձեւավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին շարունակելու է առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի  ապահովման նպատակով՝ շեշտադրելով հարկա...

15.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային ոլորտը կարգավորող հերթական օրենսդրական նախաձեռնությանը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ն...

15.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հիշեցրել է, որ լրացմամբ առաջարկվ...

15.11.2023
Չնայած տարածաշրջանային եւ գլոբալ հսկայական մարտահրավերներին՝ 2024 թ. ՀՀ-ն ունենալու է զարգացման նոր որակի բարձրանալու մեծ հնարավորություններ. քննարկվում է բյուջեի նախագիծը
Չնայած դժվարին մարտահրավերներին՝ հուրախություն բոլորիս, Հայաստանի տնտեսությունը դրսեւորել եւ շարունակում է դրսեւորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում՝ շնորհիվ Կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից շարունակաբար իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների եւ համարժեք ...

15.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
Նախագծի նպատակն է եւս երեք տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը. նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբե...

15.11.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.11.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.11.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am