Նախագծի նպատակն է եւս երեք տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը. նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշել է, որ հաշվի է առնվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին որոշակի աջակցություն տրամադրելու հարցը` ի դեմս անշարժ գույքի հարկի, կոմունալ վճարումների, էլեկտրաէներգիայի մատակարարման, ոռոգման ջրի եւ մի շարք սոցիալական արտոնությունների: Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ եւս երեք տարի օրենքի երկարաձգման պարագայում կիրականացվի մոնիտորինգ` պարզելու համար, թե ինչ արդյունավետությամբ է այն գործում:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: Հանձնաժողովը նախագծերին դրական եզրակացություն է տվել: