ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին:
Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու եւ միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին:
Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը: Խորհրդարանականը նաեւ իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր:
Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը:
Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարեւորվել է սահմանամերձ բնակավայրերում համատեղ վերականգնողական ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ հայ-կիպրական բարեկամության, երկու ժողովուրդների առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանն ուղղված հարցերի վերաբերյալ: