Ազգային ժողովն ապրիլի 25-ին Կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ 2023 թվականի մարտի 24-ին ստորագրված համաձայնագիրը կոչված է կարգավորելու Եվրասիական զարգացման բանկի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման արդյունքում առաջացած իրավահարաբերությունները:
Համաձայնագրով Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել 64 մլն ԱՄՆ դոլար արժեքով 64.000 բաժնետոմս, իսկ հայկական կողմը պարտավորվում է ապահովել մասնակցության մասնաբաժնի ընդունումը եւ գնված բաժնետոմսերի դիմաց 2024-2027 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի վճարել 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի:
64 մլն ԱՄՆ դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում Հայաստանի` ներկայիս 0.007 տոկոս մասնաբաժինն էապես կավելանա` կազմելով 4.23 տոկոս:
Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է: