Կառավարությունն առաջարկում է երկարաձգել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ մտնելու ժամկետը, որն այս պահի դրությամբ նախատեսված է պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց` ապրիլի 28-ին: Սակայն հաշվի առնելով օրենքից բխող շուրջ 30 ենթաօրենսդրական ակտեր մշակելու հանգամանքը` գործադիրն առաջարկում է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ հուլիսի 1-ը, ինչը թույլ կտա օրենքի լիարժեք կիրառումը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Զեկուցողի խոսքով օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Արփինե Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու հետաձգվող ժամկետի նվազեցման հնարավորությանն առնչվող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը, որը կարեւորել են նաեւ հանձնաժողովի անդամները` հաշվի առնելով երկրի անվտանգային հարցերը:
Ըստ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի` պետական կառավարման մարմինները վարչարարություն իրականացնելիս չպետք է ժամկետներ խախտեն:
Առաջինից երկրորդ ընթերցում հանձնաժողովն առաջարկներ չի ստացել:
Նախաձեռնությունն արժանացել է դրական եզրակացության: