Ելույթ ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից՝ Լիլիթ Մակունցը նշեց. «Քիչ անց մենք խորհրդարանում քվեարկելու ենք, որի արդյունքում Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի, եւ հունիսին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իհարկե, խորհրդարանը շարունակելու է իր գործունեությունը, բայց կարծում եմ՝ առիթ է խմբակցության անունից շնորհակալություն հայտնելու խորհրդարանական ընդդիմությանը՝ չնայած այն հանգամանքին, որ տարբեր բովանդակային հարցերում մենք ունեցել ենք տարաձայնություններ: Եվ, ամենակարեւորը, շնորհակալություն ՀՀ քաղաքացիներին, որովհետեւ այս ընթացքում որտեղ պետք է, քննադատել եք, որտեղ պետք է, սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները: Այո, սխալվել ենք ու թերացել որոշ դեպքերում, ինչպես բոլոր իշխանությունները: Եվ այսօր մենք ձեզ պատկանող իշխանությունը վերադարձնում ենք ձեզ»:
Մակունցը տեղեկացրեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու վարչապետի թեկնածուին` հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր դարձնելու համար: