Թուրքական ուժերի կողմից Ղարաքիլիսայի գրավումից հետո Հայոց ազգային խորհուրդը կոչ արեց ժողովրդին մնալ իր տեղում եւ չգաղթել: Նկարագրելով գաղթականների դաժան կեցությունը՝ Ազգային խորհուրդը հորդորեց ժողովրդին չվախենալ թշնամուց եւ ոչ մի տեղ չհեռանալ իրենց տներից:
«Տաճիկները գրաւել են Ղարաքիլիսէն: Կորպուսի շտաբը փոխադրւել է Դիլիջան: Նոյն իսկ Դիլիջանից ահագին գաղթականութիւն է սկսւել դէպի Նոր Բայազիտի գաւառը:
Ախտայից յայտնում են, որ այդ շրջանում կուտակւել է հարիւր հազարանոց գաղթականութիւն, որը խելակորոյս, սոված, ծարաւ թափառում է սարերում: Նրանց դրութիւնը սոսկալի է: Նոյն իսկ շատ տեղեր գաղթականների մէջ արիւնահեղ դէպքեր են տեղի ունենում: Հենց այս րոպէիս մեծ հացի պակաս է զգացւում:
Պարզ է որ գաղթելու տեղ չկայ եւ գաղթը միանգամայն կորստաբեր է:
Իմացէք եւ հետեւեալը: Երբ որ տաճիկները մի որ եւ է տեղ տիրապետում են, այն տեղից փախած ժողովրդին նրանք այլ եւս թոյլ չեն տալիս վերադառնալ իրանց նախկին բնակավայրերը:
Ուրեմն երկու չարիքից ամենափոքրագոյնը այն է, որ ժողովուրդը չը գաղթի եւ մնայ իր տեղերում»: