Խորապես վշտացած եմ մեր մշակույթի հենասյուներից մեկի` մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատվո» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ:
Հայ ժողովուրդը կորցրեց տաղանդավոր արվեստագետի, ստեղծագործական մեծ եռանդի ու էներգիայի տեր մարդու, ում հրաշալի ստեղծագործությունները սիրված են տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից:
Էդվարդ Միրզոյանը յուրահատուկ էր իր աշխատասիրությամբ, մտավորականի պահվածքով, իր գործին ու մասնագիտությանը նվիրվածությամբ: Մեծ արվեստագետի կորուստը անգնահատելի է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում որպես տաղանդավոր կոմպոզիտորի, հմուտ մանկավարժի ու հրաշալի մարդու:
Էդվարդ Միրզոյանն այլեւս մեզ հետ չէ, բայց մեզ հետ է մեղեդու մեծ Վարպետի բարի եւ լուսավոր կերպարը, իսկ համաշխարհային ու հայ մշակույթի հարուստ գանձարանում` նրա մնայուն երաժշտական բարձրաճաշակ ժառանգությունը:
Ցավակցում եմ Էդվարդ Միրզոյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը: