Մայիսի 24-ին տեղի ունեցավ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը Եվրախոհրդարան-Հարավային Կովկաս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական Միության խորհրդի Կովկասի պատասխանատուները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Մարի Անն Իզլեր-Բեգինը եվրոպական նոր հարեւանության շրջանակներում կարեւորեց Հայաստանի հետ հարաբերությունները եւ ժողովրդավարության զարգացումը Հարավկովկասյան տարածաշրջանում: Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով ժողովրդավարության խորացմանը, նշեց, որ այդ ճանապարհին Հայաստանը մեծապես զգում է ԵՄ-ի աջակցության կարիքը եւ որդեգրած լինելով եվրոպական արժեքներին հավատարմությունը, հնարավորն անում է միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն ունենալու համար: Վերստին անդրադարձ եղավ Թուրքիայի հետ հարաբերություններին եւ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ Հայաստանը դեմ չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, բայց գտնում է, որ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն:
Համագործակցության հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձներ եղան ընտրական օրենսգրքին, հայ-ադրբեջանական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին եւս: Նշվեց, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է նոր` միջազգային փորձագետների դրվատանքին արժանացած Ընտրական օրենսգիրք, որն ուժի մեջ է մտնում հունիսի մեկից: Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ նշվեց, որ Հայաստանը կողմ է փոխզիջումներով հարցի լուծմանը` խաղաղ ճանապարհով: Տարածաշրջանում ժողովրդավարության խորացումը դրական կանդրադառնա հարցի լուծման գործընթացի վրա: Այդ շրջագծում կարեւորվեց հասարակության տարբեր խավերի մասնակցությունը քննարկումներին:
Մայիսի քսանչորսին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հաագա:
Մայիսի 25-ին Նիդեռլանդների Թագավորության մայրաքաղաք Հաագայում Ներկայացուցիչների պալատի նախագահ Ֆրանս Վեսգլասի հետ քննարկվեցին միջխորհրդարանական կապերի հաստատման խնդիրներ, համագործակցությունը միջազգային կառույցներում: Պարոն Վեսգլասի խնդրանքով ներկայացվեց Հարավային Կովկասի իրավիճակը եւ Հայաստանի դիրքորոշումը:
Սենատի նախագահ Իվոն Տիմերմանի հետ քննարկվեցին Ընդլայնվող Եվրոպա.նոր հարեւաններ ծրագրի շրջանակերում համագործակցության խնդիրները, կարեւորվեց համագործակցությունը հանձնաժողովների միջեւ: Սենատի նախագահի խնդրանքով ներկայացվեցին ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, սահմանադրական եւ ընտրական բարեփոխումները: ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը: Անդրադարձ եղավ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռքբերվեց միջազգային կառույցներում համագործակցության մասին: Աժ նախագահը իր նիդեռլանդացի գործընկերներին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան` տեղում ծանոթանալու ժողովրդավարական գործընթացներին ու երկրին:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ պատվիրակության անդամները հանդիպեցին Ներկայացուցիչների պալատի արտաքին եւ եվրոպական հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովի նախագահ Վան Գենիպը իր գոհունակությունը հայտնեց` հեռավոր Հայաստանի պատգամավորներին հյուրընկալելու եւ միջխորհրդարանական հարաբերությունների հաստատման համար: ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները պատասխանեցին նիդեռլանդացի խորհրդարանականների հարցերին, որ վերաբերում էին պառլամենտի աշխատանքներին կանանց մասնակցության խնդրին, քաղաքացիական հասարակության կայացմանը, Ընտրական օրենսգրքին, սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանում ՄԻԱՎի տարածմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը եւ այլ խնդիրների:Հանդիպման արդյունքում արձանագրվեց, որ հայ-նիդեռլանդական խորհրդարանական հարաբերությունները բոլոր հնարավորություններն ունեն վերաճելու սերտ համագործակցության: Կարեւորվեց նիդեռլանդական օրենսդրական փորձի օգտագործումը, Նիդեռլանդների աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին:
Հանդիպում եղավ նաեւ Նիդեռլանդների զարգացման գործակալության տնօրեն Միշել վան Էռկելի հետ, պայմավորվածություն ձեռք բերվեց Երեւանում հաշմանդամների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնի ստեղծման մասին:
Հաագայում հանդիպումներ եղան նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության տնօրեն, դեսպան Ռոջելիո Պֆիրտերի եւ արդարադատության միջազգային դատարանի նախագահ Շի Ջիյոնգի հետ: