ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Բենիլյուքսի երկրներ սկսվեց Բելգիայից:
Մայիսի 23-ին Բրյուսելում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են` ՀՀԿ-ից Վահե Հակոբյանը, ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ-ից Ոստանիկ Մարուխյանը, «Արդարությունից» Արամ Գ. Սարգսյանը, Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության միջազգային կենտրոնում հանդիպեց Բրյուսելի դեսպանական առաքելությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` Եվրասիա հիմնադրամի, Եվրասիա կենտրոնի եվրոպական տնօրենի, Բաց հասարակության ինստիտուտի, Մարդու իրավունքների եվրոպական գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ խորհրդի, Քաղաքացիական հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ԵՄ-ում Թուրքիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Բուլղարիայի եւ այլ պետությունների ներկայացուցիչների հետ: Կենտրոնի տնօրեն Անթիե Հերբերգը նշեց, որ անդրադառնալով ժողովրդավարական բարեփոխումների խնդրին` իբրեւ Հայաստանի բարգավաճման գրավական` վերջերս իր հոդվածում պարոն Բաղդասարյանը գրել էր. «Ժողովրդավարության ճանապարհին հետեւելը մեզ համար առաջնահերթություն է: Մենք պետք է պայքարենք օրենքի բոլոր խախտումների եւ ստվերային տնտեսության դեմ, քանի որ հիմա կոռուպցիան եւ կլանայնությունը կանգնած են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին»: Պարոն Բաղդասարյանի այցը Բրյուսել ճիշտ ժամանակին ընձեռված հնարավորություն է` քննարկելու հետագա ժողովրդավարացման խնդիրները եվրոպական հարեւանությունում, որը համընթաց է գնում Եվրամիության խնդիրներին, օրենսդրության եւ համակարգերի ստեղծմանը, որը շատ կարեւոր է Հայաստանում:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր խոսքում նշեց. «Վստահ եմ, որ այս քննարկումը հիրավի արգասաբեր կլինի, քանի որ բոլորս ձգտում ենք նույն նպատակին: Միջազգային հանրությունում ցանկացած երկիր բացառիկ է իր ավանդույթով եւ մշակույթով, բայց միեւնույն ժամանակ մենք մասն ենք մեծ եվրաընտանիքի: ժողովրդավարությունը միայն փաստաթղթեր եւ համաձայնագրեր չեն, ժողովրդավարությունը պահպանվում է օրենքի իշխանությամբ եւ այն համակարգով, որի վրա հենվում է: Լինելով ժողովրդավարության ակտիվ աջակիցներ, համարելով այն կառավարման իդեալական մոդել, մենք նշում ենք, որ մենք իրոք երիտասարդ ժողովրդավարություն ենք, եւ դա մեզ դարձնում է ավելի պատասխանատու եւ ավելի ընկալունակ: Քանի որ լինել նոր, չի նշանակում լինել դիլետանտ: Մենք ունենք ավելի զարգացած ժողովրդավարությունների փորձը, մենք շատ բան ունենք սովորելու, քանի որ ժողովրդավարության ճանապարհով գնալը մեզ համար գերակայություն է, ինչպես նաեւ անփոխարինելի անհրաժեշտություն: Սակայն նախեւառաջ կոռուպցիան եւ կլանային տնտեսությունը պետք է չկանգնեն մեր ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Հիմնարար ազատությունները ժողովրդավարության սյունն են եւ կառաջնորդեն մեզ դեպի բարգավաճում, կայունություն եւ արդարություն»:
Քննարկման առանցքում ընդգրկված էին բազմազան հարցեր` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, հարեւանների հետ հարաբերությունների ու տարածաշրջանային համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, Հայաստանի ապագայի մասին եւ այլն: Հարցուպատասխանին մասնակցեց ամբողջ պատվիրակությունը: Պատասխանելով հարցին` Արթուր Բաղդասարյանը ասաց, որ ժողովրդավարական գործընթացները Հայաստանում անշրջելի են եւ ներառում են հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Մասնավորապես կարեւորվեցին սահմանադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգիրքը, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» ՀՀ օրենքը: Սահմանադրության առնչությամբ նշվեց, որ առանցքային հարցերն են իշխանության թեւերի իրավասությունների հստակ տարանջատումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգի ձեւավորումը, տեղական ինքնակառավարման համակարգի ուժեղացումը: Սահմանադրական բարեփոխումներն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են եւ հունիսին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ եւս մեկ անգամ քննարկումից հետո խորհրդարանում տեղի կունենա երկրորդ ընթերցումը: Իսկ հանրաքվեն նախատեսվում է աշնանը, որովհետեւ երբ խոսքը վերաբերվում է երկրի հիմնական օրենքին, կարեւորը դրա առավելագույնս կատարելագործումն է, եւ լավագույնս ներկայացումը հասարակությանը: Բարեփոխումների ընթացքին անդրադառնալով` խորհրդարանի նախագահը նշեց, որ դրանք, բնականաբար, հեշտ չեն ընթանում: Ոչ թե իշխանությունը պիտի սահմանափակի մարդկանց իրավունքները, այլ իրավունքը պիտի սահմանափակի մարդկանց իշխանությունը:
Տարածաշրջանային հարաբերությունների հարցին ի պատասխան Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը կողմ է բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալուն: Եվ խորհրդարանների ներդրումը այդ հարցում կլինի Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը` արդեն գործող Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության հիման վրա, դա կդառնա մի կառույց, որտեղ կարող են քննարկվել տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու գիտամշակութային կապերի հաստատման ու զարգացման հնարավորությունները: Նշվեց նաեւ, որ կոնֆլիկտների կարգավորումը հիմնական հարցն է, եթե ուզում ենք, որ տարածաշրջանը լիարժեք ինտեգրվի եվրաընտանիքին: Այդ հարցը վերաբերում է Հարավկովկասյան բոլոր երեք պետություններին էլ, որովհետեւ տարածաշրջանը դիտվում է իբրեւ միասնական շուկա: Եվ հարցի լուծումը պայմանավորված է ժողովրդավարության արմատավորմամբ:
Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ նշվեց, որ Հայաստանը կողմ է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի լուծմանը` փոխզիջումների միջոցով: Խորհրդարանի նախագահը կարեւորեց հասարակության տարբեր տարբեր խավերի մասնակցությունը:
Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը նշեց, որ Ղարաբաղի ժողովուրդը իր պայքարը սկսել է Ադրբեջանից անկախանալու համար եւ օգտագործել է միջազգային օրենքներին համապատասխան բոլոր իրավունքները, ուստի այլ կարգավիճակ չի կարող ակնկալվել: Իսկ փոխզիջումներն անհրաժեշտ են, որովհետեւ ընթացքում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել. եղել է պատերազմ, առաջացել է փախստականների, տարածքների հարցը` այդ շրջանակում կարող են լինել փոխզիջումները: Պատգամավորը անհրաժեշտ համարեց հասարակական քննարկումները հարցի շուրջ:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Ստրասբուրգում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենտ Առինչի հետ հանդիպումը, որ առաջինն էր նման ձեւաչափով, վկայում է, որ կողմերն ունեն միմյանց հետ խոսելու, քննարկելու հնարավորություն եւ դա միակ ճանապարհն է հաղթահարելու կուտակված տարաձայնությունները` բոլոր խնդիրների շուրջ: Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը սահմանի բացման խնդիրը վերստին կապեց այն հարցի հետ, որ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանները եւ իբր իր Սահմանադրության մեջ անդրադարձ ունի Արեւմտյան Հայաստանին: Աժ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի Սահմանադրության մեջ նման ոչ մի հիշատակում չկա եւ դրանում դժվար չէ համոզվել` Սահմանադրությունը տեղակայված է ինտերնետում: «Մենք կարծում ենք, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները պիտի բարելավենք առանց նախապայմանների եւ ապրենք խաղաղության մեջ, մենք պետք է առաջ նայենք եւ մտածենք մեր ժառանգների մասին» ասաց Աժ նախագահը` նշելով, որ Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, բայց գտնում է, որ երկակի ստանդարտներ չպիտի գործեն:
Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների քննարկման ժամանակ բարձրացվեց ընդդիմության բոյկոտի պատճառների հարցը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ ընդդիմությանը քանիցս առաարկվել է մասնակցել օրենքների քննարկումներին եւ մասնավորապես սահմանադրության դեպքում ընդդիմադիր դաշինքը հայտարարել էր, որ եթե ընդունվեն Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, Սահմանադրական փոփոխություններն իրենց համար ընդունելի կլինեն, բայց առաջարկները ընդունվել են, իսկ ընդդիմությունը շարունակում է իր բոյկոտը: Թեպետ այդ բոյկոտը մասնակի է, որովհետեւ սահմանադրության բարեփոխումների քննարկվող տարբերակներից մեկն էլ ներկայացրել է դաշինքի անդամ պատգամավոր Արշակ Սադոյանը:
Արամ Սարգսյանը ընդդիմության բոյկոտը պայմանավորեց այն խնդիրների լուծված չլինելով, որոնց պատճառով հայտարարվել էր բոյկոտը:
Քննարկվող խնդիրներին անդրադառնալով ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ պառլամենտարիզմի զարգացումը կարեւորագույն խնդիր է ժողովրդավարության զարգացման համատեքստում: Կարեւորվեց խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը, որը նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին: Պատգամավորը կարեւորեց քաղաքացիական հասարակության ձեւավորումը, որը հնարավորություններ կստեղծի առաջընթացի համար:
Նույն օրը պատվիրակության անդամները եղան Անտվերպենի ադամանդագործության կենտրոնում, ապա հանդիպեցին հայ ադամանդագործների հետ: