Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԺ նախագահին առընթեր առողջապահության խորհրդի նիստը` օրակարգում ունենալով «Առողջապահության մասին օրենքի» նախագծի քննարկումը: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ առողջապահության մասին օրենքն անհրաժեշտություն է ոլորտի օրենսդրական բազայի ձեւավորման եւ բարեփոխումների իրականացման համար: Այս օրենքի հիման վրա կստեղծվեն առողջապահության նեղ մասնագիտական ոլորտների գործունեությանը վերաբերող օրենքներ եւս: Խորհրդարանի նախագահը ասաց, որ արդեն աշնանը խորհրդարանը կընդունի «Դեղագործության մասին» ՀՀ օրենքը, որի շահագրգիռ քննարկումը արդեն եղել է առողջպահության խորհրդի նիստում: Իսկ առողջապահության մասին օրենքի ընդունումը հնարավորություն կտա պետական քաղաքականություն մշակել ոլորտում, որը առաջնահերթ խնդիրներից է:
Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց «Առողջապահության մասին օրենքի» նախագիծը` բնորոշելով իբրեւ բնակչության առողջության պահպանման պետական քաղաքականության սկզբունքների, բժշկական օգնության եւ սպասարկման համակարգի կազմակերպական, տնտեսական, իրավական, ֆինանսական խնդիրները կանոնակարգող փաստաթուղթ:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ խորհրդի անդամները բազում հարցեր ուղղեցին փոխնախարարին: Մասնավորապես խորհրդարանի նախագահին հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է բուժօգնությունը մատչելի դարձնել սոցիալապես խոցելի խավերին, ինչպես են օրենքում լուծված մարզային առողջապահության խնդիրները, ինչպես է օրենքն անդրադառնում բժշկական կրթության բարեփոխումների վրա, ինչ իրավունքներ ունեն բուժաշխատողները: Խորհրդի անդամների առաջադրած հարցերը վերաբերում էին այն խնդիրներին, որ օրենքի նախագծում ներառված չեն, օրինակ` ինֆեկցիոն վերահսկողությանը, բոլոր հիվանդանոցների համար ընդհանուր կլինիկական կենտրոնի ստեղծմանը, վիրաբուժության մասին առանձին օրենքի անհրաժեշտությանը, որը ինչպես արտասահմանյան շատ երկրներում, ենթադրում է երկրորդ բժշկի ներկայություն վիրահատարանում, բժիշկների որակավորմանհամար պատասխանատվությանը, երիտասարդ բժիշկների մասնագիտական որակների խորացմանը եւ այլ խնդիրների:
Առողջապահության փոխնախարարը պատասխանեց առաջադրված հարցերին, բայց խնդիրներն այնքան շատ էին, որ խորհրարանի նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկեց օրենքի նախագծի քննարկման նպատակով խորհրդարանական լսումներ կազմակերպել եւ բժշկական հաստատություններում` մասնագետների հետ օրենքի նախագիծը քննարկումներով կատարելագործելուց հետո ներկայացնել խորհրդարան: