Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինին:
Խորհրդարանի նախագահը նշեց, որ ԱՄՆ-ը աշխարհում մեծ առաքելություն է կատարում ժողովրդավարության ամրապնդման գործում, նպաստում է քաղաքական բազմակարծության զարգացմանը, Արթուր Բաղդասարյանը կարեւորեց անկախության տարիներինՀայաստանին հատկացված 1,5 միլիարդ դոլարի աջակցությունը, որը մեծապես նպաստել է երկրի զարգացմանը: Նշվեց, որ Հայաստանը կանգնած է նոր ու կարեւոր բարեփոխումների առջեւ եւ այս առումով երկրի համար շատ կարեւոր է միջազգային ասպարեզում ճիշտ ընկալված լինելը: Աժ նախագահը նշեց, որ իր առաջիկա այցը ԱՄՆ անպայման կընդգրկի նաեւ երկու երկրների միջեւ պառլամենտական կապերի զարգացումը: Տարածաշրջանային խնդիրների լուծման շրջագծում կարեւորվեց Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը, որը պառլամենտական դիվանագիտության միջոցով լավ մեխանիզմ կարող է դառնալ ընդհանուր խնդիրների քննարկման ու լուծումներ գտնելու համար:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինը կարեւորեց քաղաքականության մեջ առաջ նայելու ու ապագայի ծրագրեր կազմելու կարողությունը, նրա կարծիքով ժողովրդավարության զարգացումը Հայաստանում առաջընթացի միակ հնարավորությունն է, որին ԱՄՆ-ն մշտապես պատրաստ է աջակցել: Պարոն Դինը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ԱՄՆ այցի շրջանակներում հրավիրեց Կոնգրես` համատեղ քննարկելու համագործակցության հետագա խնդիրները:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինը Ազգային ժողովում հանդիպեց նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ իր կուսակցությունը մշտապես ամուր կապեր ունի ԱՄՆ-ի հայ համայնքի հետ եւ կարեւորում է հայկական շահերի պաշտպանությունը Կոնգրեսում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոն Դինը Հայաստանի համար կարեւորեց Ղարաբաղի հարցի լուծումը, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումն ու սահմանի բացումը եւ ցեղասպանության ճանաչումը` ընդգծելով, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը պատրաստ է այդ բոլոր խնդիրների լուծումներում աջակցել Հայաստանին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը Ազգային ժողովի անունից շնորհակալություն հայտնեց պարոն Դինին` անկախության հաստատումից հետո Հայաստանին ցույց տրված աջակցության ու հայկական հարցերը Կոնգրեսում արծարծելու համար` նա հույս հայտնեց, որ համագործակցությունը ԱՄՆ-ի թե քն Դեմոկրատական, թե Հանրապետական կուսակցության հետ մի օր կարող է կոնկրետ արդյունք արձանագրել` ցեղասպանության ճանաչման փաստաթղթի տեսքով:
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը Հայաստանում հիմնական խնդիր համարեց ժողովրդավարացման եւ եվրաինտեգրման տեմպերի արագացման կարեւորությունը: Նա նշեց, որ Հայաստանի թե իշխանությունները, թե ընդդիմությունը մեծ սպասելիքներ ունեն ԱՄՆ-ից` հատկապես տարածաշրջանային հարցերի լուծման առումով` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի ուծման, ժողովրդավարական արժեքների արմատավորման շրջանակներում:
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով կարեւորեց ԱՄՆ-ի դերը իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման առումով` նշելով, որհակամարտությունների հաղթահարումը զարգացումների նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: Նա անդրադարձավ նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության ընդլայնմանը:
«Արդարություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ստեփան Զաքարյանը նշեց, որ ԱՄՆ-ի ու Դեմոկրատական կուսակցության նկատմամբ Հայաստանում մեծ հարգանք կա նախեւառաջ ժողովրդավարության ջատագով լինելու համար: Եվ Հայաստանի ընդդիմությունը շահագրգիռ է երկրում ժողովրդավարության խորացման գործընթացներով, բայց դեմ է դրանց իմիտացիոն բնույթին:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւս կարեւորեց ցեղասպանության ճանաչումը եւ ԼՂ հարցի լուծմանը նպաստելը:
Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ Հայաստանի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին,պառլամենտական դիվանագիտության զարգացման անհրաժեշտությանը, ԱՄՆ-ի նահանգների պառլամենտների հետ պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծմանը եւ այլ խնդիրների: