Մայիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Բելգիայի արտգործնախարարի հատուկ բանագնաց, ԵԱՀԿ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Բերտրան դե Կրոմբրուգին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարոն Կրոմբրուգին իրազեկեց Հայաստանում կատարվող բարեփոխումների մասին, որոնց կատարման ընթացքում կարեւորվեց համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Նշվեց, որ Հայաստանը սահմանված ժամանակացույցով կատարում է իր պարտավորությունները` արդեն իսկ խորհրդարանում քննարկվում են սահմանադրական բարեփոխումները, սկզբունքային համաձայնություն է ձեռքբերված Ընտրական օրենսգրքի շուրջ: Հատկապես կարեւորվեց ընդունված օրենքների կատարումը` Հայաստանի հետագա ժողովրդավարացման գործընթացում: Անդրադարձ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին, որի գործուն մեխանիզմ է ԱԺ Վերահսկիչ պալատը` իր տարբեր ոլորտներում կատարած ուսումնասիրություններով: Տարածաշրջանային համագործակցության խնդիրների շրջագծում կարեւորվեց Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, նորմալ հարաբերությունների հաստատումը հարեւանների հետ: Իբրեւ տարածաշրջանային խնդիրների լուծման լավ մեխանիզմ նշվեց Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության վերաճումը խորհրդարանական վեհաժողովի, որը իբրեւ , մշտապես գործող կառույց երեք երկրների խորհրդարանականներին տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական խնդիրների քննարկման հնարավորություն կտա:
Պարոն Կրոմբրուգը, իբրեւ 2006-ին ԵԱՀԿ նախագահող երկիր, պատրաստակամություն հայտնեց աջակցելու այս ծրագրերի իրականացմանը` նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում եւ լավ հնարավորություններ ունի ծանոթանալու Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքին ու զարգացումների հեռանկարներին:
Ազգային ժողովում Բելգիայի արտգործնախարարի հատուկ բանագնաց, ԵԱՀԿ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Բերտրան դե Կրոմբրուգը հանդիպեց նաեւ ԱԺ խմբակցութունների եւ խմբի անդամներին. հանդիպմանը մասնակցում էին Գալուստ Սահակյանը (ՀՀԿ), Լեւոն Մկրտչյանը (ՀՅԴ), Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Մկրտիչ Մինասյանը («ԺՊ»), Կորյուն Առաքելյանը («ԱՄ»):
Հայ պատգամավորները կարեւորեցին ԵԱՀԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության, խաղաղության ու կայունության պահպանման հարցում: Նշվեց, որ Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական տարբեր հայացքներ ունեցոց կուսակցություններ, բայց նրանք բոլորը միասնական են Լեռնային Ղարաբաղի հարցում եւ գտնում են, որ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ընթացքում: Կարեւորվեց` ԼՂ հարցի քննարկումը ԵԱՀԿ շրջանակներում, որտեղ լավագույնս պատկերացում կա խնդրի մասին եւ մտահոգություն հայտնվեց հարցի քննարկումը այլ կառույցներ` մասնավորապես ԵԽԽՎ տեղափոխելու առնչությամբ: Հայ պատգամավորները կարեւորեցին նաեւ ԵԱՀԿ փորձագետների մասնակցությունը Հայաստանի օրենսդրական բարեփոխումներին եւ ընդունվող օրենքները եվրոպական չափանիշներին ներդաշնակելը: