Մայիսի 23-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Տելեմանսի հետ: Պարոն Տելեմանսի բնորոշմամբ` Հայաստանը այն երկիրն է, որ կապող օղակ կարող է դառնալ Եվրոպայի ու Ասիայի միջեւ` ներշնչված լինելով եվրոպական արժեքներով: Նրա կարծիքով ժողովրդավարությունը նշանակում է ազատություն, եղբայրություն, հավասարություն` եւ այդ ընդհանրության գիտակցմամբ էլ կառուցվում են բելգիա-հայկական հարաբերությունները:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարոն Տելեմանսին փոխանցեց Երեւանի քաղաքապետի ողջույնները եւ Երեւան այցելելու հրավերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ իրականացվելիք սոցիալական ծրագրերի հարցեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց բուժքույրների վերապատրաստման, հաշմանդամների հասարակության մեջ ինտեգրման եւ այլ խնդիրների մասին:
Բելգիայի թագավորության Սենատի նախագահ Անն Մարի Լիզինի հետ հանդիպման առանցքում տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր էին: Սենատի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանի տեսակետը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության, հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ` Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ժողովրդավարության զարգացման դիրքերից եւ բոլոր հարեւանների հետ ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ: Հայաստանը դեմ չէ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցմանը, բայց գտնում է, որ երկակի ստանդարտներ չպիտի կիրառվեն: Թուրքիայի վարչապետի` հանձնաժողով ստեղծելու եւ ցեղասպանության խնդիրը քննարկելու առաջարկի վերաբերյալ իր դիրքորոշման հարցին ի պատասխան Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ցեղասպանություն եղել է, թե չի եղել հարց գոյություն չունի, այլ խնդիր է, որ հանձնաժողով կարող է ստեղծվել` քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները` դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: Տիկին Անն Մարի Լիզինը առաջարկե կազմակերպել Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպում Բրյուսելում` նշված խնդիրների համատեղ քննարկման համար: Արթուր Բաղդասարյանը ընդունեց առաջարկը:
Քննարկվեց նաեւ հայկական ատոմակայանի ճակատագրի հարցը, նշվեց, որ միջազգային փորձագետների գնահատականով ատոմակայանը մինրեւ երկու հազար տասնվեցթվականը անխաթար կարող է գործել: կարեւորվեց այլընտրանքային էներգամատակարարման հնարավորությունների ստեղծումը:
Տիկին Լիզինը պատրաստակամություն հայտնեց նպաստել նաեւ երկու երկրներիռեգիոնների եւ քաղաքների միջեւ համագործակցության կայացմանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց երկու խորհրդարանների հովանու ներքո կոնֆերանսի կազմակերպման մասին, որտեղ կքննարկվեն զբոսաշրջության, մշակույթի ու գիտության ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Եվրախորհրդարանի նախագահ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպումն անցավ ջերմ բարեկամական փոխըմռնումի մթնոլորտում: Պարոն Բորելը նշեց, որ Եվրախորհրդարանը իր ուշադրությունը կենտրոնացնում է Հարավային Կովկասի խնդիրների վրա` ձգտելով իբրեւ մերձավոր ու հեռավոր հարեւաններ ունենալ կայուն ու կանխատեսելի զարգացումներով բնորոշվող պետությունների: Պարոն Բորելը նշեց, որ Եվրամիության անդամակցել ձգտող Թուրքիայի առաջ դրված են մի շարք հստակ խնդիրներ, այդ թվում` Հայաստանի հետ սահմանի բացումը, ցեղասպանության ճանաչումը: Նա կառուցողական որակեց Հայաստանի վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններին, որը դեռ համարժեք արձագանք չի ստացել Թուրքիայի կողմից: Եվրախորհրդարանի նախագահը կարեւորեց աշխարհի յուրաքանչյուր անկյունում ժողովրդավարության խրախուսումը, քանի որ ժողովրդավարությունը աշխարհին խաղաղ զարգացման երաշխիքներ է տալիս: Եվրոպայի պատմությունը ապացուցում է, որ պատեազմներով հարցեր չեն լուծվում: Խաղաղություն, տնտեսական զարգացում, ապա` համագործակցություն, այս ճանապարհն են անցել Եվրամիության անդամ երկրները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ Եվրախորհրդարանի աջակցության հարցը Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը, որը մեծապես կարող է նպաստել տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Պարոն Բորելի խնդրանքով Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների նպատակներն ու ընթացքը: Խորհրդարանի նախագահը պարոն Բորելին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան եւ հրավերը սիրով ընդունվեց:
Մայիսի 24-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էնեո Լանդաբուրուի հետ:
Պարոն Լանդաբուրուն նշեց, որ Եվրոպական հանձնաժողովում մշակվում է Եվրամիության նոր հարեւանության ծրագիրը եւ առաջնահերթություն է տրվում Հարավային Կովկասին ու Բալկանյան երկրներին: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այդ ծրագրերը Հայաստանի համար հատկապես կարեւորվում են եվրոպական ընտանիքին լիարժեք ինտեգրվելու համար, կարեւոր է, որ այդ ծրագրերը վերաբերվեն ամբողջ տարածաշրջանին եւ հաշվի առնեն յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները: Խորհրդարանի նախագահը պարոն Լանդաբուրուին իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների մասին եւ կարեւորեց Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը այդ գործընթացներին: Նշվեց,որ եվրաընտանիքին ինտեգրվելու համար պիտի հաղթահարվեն ռեգիոնալ կոնֆլիկտները եւ մշակվեն որոշակի ծրագրեր յուրաքանչյուր երկրի համար: Այդ ծրագրերը կարող են ընդգրկել կրթական համակարգը, էներգետիկան, տրանսպորտը, ժողովրդավարական ու օրենսդրական բարեփոխումները: Հայաստանը ձգտում է ակտիվ համագործակցության եւ պատրաստ է բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալ, այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի: Տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար ԱԺ նախագահը կարեւորեց Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը, որին կարող է աջակցել եւ Եվրահանձնաժողովը:
Պարոն Լանդաբուրուն նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում կարեւորեց ընդհանուր արժեքային համակարգի ու սկզբունքների առկայությունը` հիմնված ժողովրդավարության վրա: Նա լիակատար պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին` արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտներում` նշելով, որ 2006-2013 թթ. բյուջեն է մշակվում եւ այդ շրջանակներում անպայման կներառվեն Հայաստանին վերաբերվող ծրագրեր:
Հանդիպում եղավ Բելգիայի պետական նախարար Ֆրանսուա Խավիեր դե Դոնայի հետ եւ Բելգիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ, քննարկվեցին Հայաստանին շտապ օգնության մեքենաներ եւ ավտոբուսներ տրամադրելու, քաղաքների միջեւ համագործակցությունը զարգացնելու, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության հարցեր: