Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի խորհրդի նիստը: 2004 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ ԱԺ նախագահի խորհրդական, խորհրդի աշխատանքները համակարգող Բորիս Շահնազարյանը: Նա նշեց, որ այդ ժամանակահատվածում փախստականների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են լուծվել. դատաիրավական մարմիններին են դիմել` իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, ընթացք է տրվել բազմաթիվ դիմում-բողոքների, արտագնա նիստեր են տեղի ունեցել մի շարք շրջաններում, համագործակցել են հասարակական կազմակերպությունների հետ, լուծվել են կենցաղային, սոցիալ-տնտեսական խնդիրներ: ԱԺ նախագահին ուղղված 1100 դիմումներից բացի 915 փախստականների հետ անհատական հանդիպումներ են կազմակերպվել, ընթացք տրվել նրանց բողոքներին, որոնք, ինչպես ցույց են տվել ստուգումները, մեծ մասամբ արդարացի են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ փախստականների հիմնախնդիրների հետ կապված ինքը նույնպես ստացել է բողոքներ, իրավապահ մարմինների հետ փորձում է դրանց ընթացք տալ, վերականգնել արդարությունը` միաժամանակ նկատելով, որ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարը լիարժեք հաջողություն կարող է ունենալ իրավունքները ոտնահարված անձանց, հասարակական կազմակերպությունների, գործադիր եւ դատական իշխանությունների ակտիվության, ջանքերի համատեղման դեպքում:
Նիստում հնչեցին ելույթներ, նոր հարցադրումներ, օրենսդրության բարելավման հետ կապված առաջարկություններ: