National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.11.2013
Ազգային ժողովը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը
1 / 11

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչներին, այնուհետեւ ներկայացրեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք հաստատվեցին ԱԺ պատգամավորների քվեարկությամբ:

ԱԺ նախագահը ողջունեց նաեւ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում օրենսդիր մարմնում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Վանաձորի մի շարք միջնակարգ հաստատությունների աշակերտներին ու ուսուցիչներին:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, վավերացրին քննարկված երեք միջազգային պայմանագրերը եւ ավարտեցին նախորդ նիստում ընդհատված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Խորհրդարանը քննարկեց նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ, Ազգային ժողովի կողմից՝ վեց տարի ժամկետով, եւ տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահը այդ պաշտոնում նշանակվելու համար երկրորդ անգամ առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին՝  իր թեկնածությունը կրկին առաջարկելու  համար, ապա  ներկայացրեց իր ծրագրային  մոտեցումները՝ տեղեկացնելով, որ դրանք հանգամանորեն քննարկվել են նաեւ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումների ժամանակ: Նա հետայսու եւս  հրապարակային աշխատելու պատրաստակամություն հայտնեց: Իշխան Զաքարյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին  խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը: Նա ՀՀ վերահսկիչ պալատի՝ նախորդ տարվա  հաշվետվության մեջ արձանագրված չարաշահումների փաստերը միանգամայն ընդունելի ու տեղին համարեց, իսկ ՎՊ նախագահի ցուցաբերած անհետեւողական կեցվածքը՝ անընդունելի: Ըստ պատգամավորի` «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնող Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ ձեւավորված համակարգի, որը գուցե հնարավոր է շտկել հակակշիռների ու զսպումների հստակ մեխանիզմներ սահմանող սահմանադրական նոր փոփոխություններով: Ըստ նրա` խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ Հովհաննես Մարգարյանը արձանագրեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի դերակատարումը մեծացել է, նրա գործունեությունը՝ ակտիվացել, եւ իրենց խմբակցությունը շարունակելու է համագործակցել վարահսկողական գործառույթ իրականացնող մարմնի հետ: Միաժամանակ նա նշեց, որ անելիքներ դեռ շատ կան, որոնք հետեւողականորեն պետք է իրականացնել.  դրանցից են նոր լծակների տրամադրումը, բացահայտումների հասցեականության ապահովումը, կանխարգելիչ միջոցառումների մեջ արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Պատգամավորը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու առաջադրված թեկնածուին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ ՎՊ-ի ներկայացրած հաշվետվության մեջ լուրջ աշխատանքներ էին կատարված, սակայն Իշխան Զաքարյանը հրաժարվեց հետագայում եզրակացություններ հրապարակելուց: Նրա տեղեկացմամբ՝ խմբակցությունը թեեւ դեմ է Իշխան Զաքարյանի թեկնածությանը, բայց չի մասնակցելու քվեարկությանը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը՝ փորձելով նոր լիազորություններ տալ նրան, որպեսզի պետական բյուջեի չարաշահումների փաստերը արձանագրվեն եւ դրանք շտկելու հնարավորություններ ստեղծվեն: Ըստ նրա՝ սա է անկախ մարմինների ձեւավորման ճանապարհը:

 Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ Իշխան Զաքարյանի թեկնածությունը պետք է պաշտպանել, քանի որ նա ամրացրեց կառույցը, իսկ ՀՀ նախագահի քննադատությունը եւ միաժամանակ նույն անձին առաջադրելը պետք է ուրախացնի, քանի որ կա արդյունքի ճշմարիտ գնահատական: Նրա համոզմամբ՝ Իշխան Զաքարյանը շարունակելու է իր բացահայտումները եւ ոչ մեկը չի խանգարելու նրան: Ինչ վերաբերում է իշխանության կամ ՀՀ վերահսկիչ պալատի վերաբերյալ քննադատություններին, խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ դրանք լիովին ընդունելի են, եթե տեղի են ունենում բարեկրթության սահմաններում եւ ոչ թե ժողովրդահաճության նպատակ են հետապնդում՝ խախտելով էթիկայի բոլոր սահմանները: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն գոհ է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատանքից եւ պաշտպանելու է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

Եզրափակիչ ելույթում Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ թերությունների ու բացթողումների մասին բարձրաձայն խոսող իշխանությունը ամենից շատ է շահագրգռված իրավիճակը շտկելու մեջ: Նրա հավաստիացմամբ՝ ինքը շարունակելու է աշխատել նույն ոգով՝ բաց ու թափանցիկ՝ մատնացույց անելով առկա չարաշահումները, որոնք վերացնելու համար ժամանակ է պետք:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ փակ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 12.15-ից մինչեւ 13.00-ն:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը» եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

ՀՀ  արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ, կանոնակարգի համաձայն, առաջին ընթերցմամբ կքննարկվեն նոր ներառված 115 եւ 116 հոդվածները, ինչպես նաեւ օրենքի 5-րդ բաժինը:

Ազգային ժողովը օրինագծերի փաթեթի քննարկումը կշարունակի նոյեմբերի 12-ի նիստում:
 


11.11.2013
Բաց դաս Ազգային ժողովում
 Նոյեմբերի 11-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Վանաձորի մի շարք դպրոցների, Եվրոպական քոլեջի,  Պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի եւ «Էվրիկա» քոլեջի սաներին: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտակա...

11.11.2013
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի» լրամշակված տարբերակը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am