National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.11.2013
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 4

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցան   ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր Էլինար Վարդանյանը, առաջին ընթերցումով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Հեղինե Բիշարյանը նշեց, որ հասարակության շրջանում «գենդեր» բառը տարաբնույթ ընկալումների եւ տարաձայնությունների պատճառ է դարձել, ուստի  անհրաժեշտություն է առաջացել քննարկվող օրենքում «գենդեր» բառը փոխարինել «սեռ» կամ նույնաբովանդակ հայերեն այլ բառով:

Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ կառավարությունը դեմ է օրենքի նախագծին: Նա անընդունելի համարեց «գենդեր» բառի փոխարինումը «սեռ» բառով: Փոխնախարարի գնահատմամբ՝ ի տարբերություն «գենդեր» եզրույթի՝ «սեռ» եզրույթը սոցիալական ուղղվածություն չունի:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հարակից ելույթում կարծիք հայտնեց, որ «սեռ» եւ «սեռային» ձեւակերպումները չեն կարող փոխարինել «գենդեր» եզրույթին, քանի որ տարբեր հասկացություններ են: Ըստ նրա՝ օրենքում «գենդեր» բառի սահմանումը պետք է հստակ լինի՝ տարակարծություններից խուսափելու համար:

Քննարկվող օրինագիծը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը ամփոփեց «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկվեց 2014 թ. պետական բյուջեում «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ապահովման ծախսեր» ծրագրում արագ արձագանքման խմբի աշխատանքի ապահովման համար 10 մլն դրամի ավելացման հարցը: Հանձնաժողովի անդամները կողմ արտահայտվեցին առաջարկին:

Որոշվեց առաջիկայում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ զորամասերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվեց 2013 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ պայմանագրով Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ը կտրամադրի 5 մլն եվրո գումարի չափով վարկ՝ նպատակ ունենալով նվազեցնել Երեւանի մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքը, բարելավել թունելների վիճակը, բարձրացնել տեխնիկական սպասարկումը եւ դրանց համար ապահովել երկարաժամկետ ծառայություն:

Սուրեն Կարայանը ներկայացրեց նաեւ 2013 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի նպատակն է ՀՀ-ը տրամադրել 7 մլն դոլար գումարի չափով վարկ՝ բարելավելու Երեւանի ջրամատակարարումը՝ վերակառուցելով ջրամատակարարման ցանցը, փոխարինելով ճնշման պոմպերը եւ բնակարաններում առանձին միացումները: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը վարկը տրամադրում է 15 տարի ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» 2004 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Ըստ հիմնական զեկուցողի՝ արձանագրության նպատակն է 2004 թ.-ի հունիսի 18-ին ստորագրված  համաձայնագրում կատարել փոփոխություններ:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Պատգամավորներն ամփոփեցին «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները :

Նույն օրը Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Փաթեթի առաջին նախագծով հստակեցվում են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտում ընդգրկված կազմակերպությունների շրջանակները, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրմանն ու հետագա կիրառությանն առնչվող այլ հարցեր:  Ըստ նախարարի՝ փաթեթի ընդունումը կնպաստի նաեւ խոշոր կազմակերպությունների կողմից վարչական իրավախախտումների կանխարգելմանը, հարկային մարմինների կողմից վարչարարության իրականացման համար անհրաժեշտ պայմանների կատարելագործմանը:

ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց նաեւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրինագիծը, որով սահմանվում են ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորվում են հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող հիմնական եւ այլ հարաբերությունները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի վերաբերյալ? նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Պատգամավորները նաեւ քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացրած՝ 2013 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին եւ 2013 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրին:

  Մինչեւ մեկ տարով հետաձգվեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արտարժույթի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին? առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

             ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը գումարեց հերթական նիստը: Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ քննարկվեցին «ՀՀ 2014 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների ծախսերն ու ծրագրերը:

        ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբիելյանը նշեց, որ  ըստ 2014 թ.-ի պետական բյուջեի նախագծի՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներին հատկացվում է 15 միլիարդ 660 միլիոն դրամ: Նա նշեց, որ բյուջեի միջոցները հատկացվելու են երեք ուղղության՝ գազաֆիկացման ենթակառուցվածքների ծրագրեր, «Հայկական միրգ» ծրագիր, այգեգործական տնտեսությունների վարկավորման ծրագիր: Վաչե Գաբրիելյանն ավելացրեց, որ ծրագրերն ունեն ֆինանսավորման չորս աղբյուր: Նա հանգամանորեն պատասխանեց հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:

         ՀՀ ԳՆ սննդամթերքի  անվտանգության պետական  ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը նշեց, որ սննդի անվտանգության ոլորտին հատկացվել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ: Նա մանրամասնեց, թե որ ծրագրերին են ուղղվելու բյուջեի հատկացումները: Աբրամ Բախչագուլյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Հանձաժողովն ամփոփեց քննարկումը եւ դրական եզրակացություն տվեց «ՀՀ 2014 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:
 


07.11.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի փոխվարչապետին
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ  փոխվարչապետի նախորդ այցը  էական նշանակություն ունեցավ երկկողմ հարաբերությունների, հատկապես առեւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am