National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
26.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր
1 / 16

Հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզ էր մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հովհաննես Սահակյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարեն Սարիբեկյանը, Էդմոն Մարուքյանը, Արկադի Համբարձումյանը,  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

Առաջին կանգառը  Սանահին համայնքում էր: Նշենք, որ գյուղում առաջին անգամ ջրամատակարարման համակարգ է կառուցվել պետական բյուջեից տրամադրված գումարներով, աշխատանքի ծավալը կազմել է շուրջ 25 մլն դրամ: Ջրի խնդիրը մշտապես եղել է, նախկինում գյուղացիները օգտվել են աղբյուրների ջրերից: Նոր համակարգի ներդրման արդյունքում գյուղում շուրջօրյա ջրամատակարարում կլինի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հյուրընկալվելով Երիցյանների ընտանիքում, շնորհավորեց նրանց ջրի խնդիրը լուծվելու կապակցությամբ:

Այնուհետեւ ԱԺ նախագահն այցելեց Սանահինի վանական համալիր: 10-րդ դարի այս կառույցում վերականգնողական աշխատանքներ սկսվել են դեռեւս անցած տարվանից: Նշենք, որ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշում է կայացվել գումարներ հատկացնել Սանահինի եկեղեցական համալիրի վերականգնման համար: Աշխատանքների մի փուլն ավարտվել է. վերանորոգվել է վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Շինարարական աշխատանքների համար ամեն տարի լրացուցիչ գումարներ են հատկացվում: Հովիկ Աբրահամյանը շրջայց կատարեց վանքում, տեսավ կատարված աշխատանքը: Պարոն Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ շինարարական աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե ընդհանուր նախագիծ ներկայացվի, ոչ թե խնդիրներին փուլային լուծումներ տրվեն: Նա ասաց, որ այս հարցը կքննարկի ոլորտի պատասխանատու նախարարի հետ: ԱԺ նախագահն առաջարկեց ջրահեռացման համակարգեր տեղադրել, որպեսզի անձրեւաջրերի եւ ձնհալի պատճառով շինության հիմքը չվտանգվի: Շրջայցից հետո Սանահինի վանքում Ալավերդու եւ տարածաշրջանի հոգեւոր հայր Տեր Միքայել քահանա Շաղոյանը երկրի եւ ժողովրդի բարօրության համար տերունական աղոթք ասաց:

Սանահին վանքում իրականացված աշխատանքներին ծանոթանալուց հետո խորհրդարանի ղեկավարն այցելեց նաեւ Միկոյան եղբայրների թանգարան: Նա ծաղիկներ դրեց Անաստաս եւ Անուշավան Միկոյանների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, որից հետո պարոն Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները շրջեցին թանգարանով:

Նույն օրը ԱԺ նախագահը, փոխնախագահները եւ պատգամավորները այցելեցին Հաղպատի վանական համալիր: Վանքի հոգեւոր առաջնորդը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի աջակցությամբ համալիրի Սուրբ Նշան եկեղեցում տեղադրվել է ջահ:

Այնուհետեւ ԱԺ նախագահը ներկա գտնվեց Հաղպատ համայնքի հիմնանորոգված մշակույթի տան բացման արարողությանը, շրջեց կենտրոնի տարածքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, տվեց որոշ հանձնարարականներ: Նշենք, որ ԱԺ նախագահի աջակցությամբ է վերանորոգվել Հաղպատ համայնքի մշակույթի տունը եւ  այժմ համայնքը ունի բարեկարգ մշակութային կենտրոն: Մշակութային կենտրոնի հիմնանորոգման համար «Մարզերի համաչափ զարգացման ծրագրի» շրջանակներում պետական բյուջեից հատկացվել է 60 մլն դրամ գումար:

Անցած տարի Հաղպատ կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր նաեւ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ, ովքեր խնդրել էին խորհրդարանի ղեկավարին հնարավորության դեպքում աջակցելու դպրոցի վերանորոգմանը: Այսօր ԱԺ նախագահի աջակցության արդյունքում Հաղպատի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ.-ի ապրիլին: Դպրոցը նախատեսված է 192 աշակերտի համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վերջին կանգառը Լոռու մարզում՝ Վանաձորն էր: Խորհրդարանի ղեկավարը մարզի գլխավոր քաղաքի համար 22 հիմնական  դպրոցում  ներկա գտնվեց «2013 ԱԺ գավաթի» խաղարկության եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը: Մեկնարկը տրվեց պետական օրհներգի հնչյունների ներքո: Նշենք, որ մրցապայքարին մասնակցել էին թիմեր Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից՝ ընդհանուր 144 երեխա, յուրաքանչյուր թիմում՝ 12 մարզիկ: Պայքարն ընթացել էր մի քանի մարզաձեւում՝ վազք, գնդակի նետում եւ թռիչք-բարձրություն: Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Սյունիքը, երկրորդը՝ Կոտայքը, իսկ երրորդ տեղին արժանացավ Գեղարքունիքի մարզի թիմը: Օրենսդրի ղեկավարը  առաջին տեղը զբաղեցրած թիմին անձամբ հանձնեց ԱԺ գավաթն ու մեդալները: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գավաթով ու մեդալներով պարգեւատրեց Կոտայքի թիմին: Իսկ 3-րդ տեղը գրաված Գեղարքունիքի թիմին, գավաթ ու մեդալներ հանձնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շնորհավորելով հաղթողներին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ նման միջոցառումների անցկացումը կլինի շարունակական, քանի որ դրանք ապագայում հայաստանյան մարզական կյանքի հաջողություններում անպայման կունենան իրենց դերակատարումը: Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով աշխատանքային այցը  Լոռու մարզ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկայում, ինչպես եւ խոստացել է, անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով կապահովվի Հաղպատի մշակույթի տունն ու վերակառուցվող դպրոցը:


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am