National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
24.10.2013
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստին ներկա Երեւանի Համբարձում Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Պատգամավորները շարունակեցին իրենց տեսակետները հայտնել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ: Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ աշխատավարձի նման բարձրացումը ավելացնելու է սոցիալական լարվածությունը եւ գնաճի պատճառ է դառնալու: Նա առաջարկեց աշխատավարձերի բարձրացման համալիր լուծումներ: Դավիթ Հարությունյանը գտնում է, որ օրենսդրական փաթեթը միայն աշխատավարձերին չի վերաբերում, այն քաղաքական փաստաթուղթ է, որն արտացոլում է, թե ով ինչպիսի դերակատարում պետք է ունենա երկրում, առաջին հերթին՝ որոշումներ կայացնելու ու պատասխանատվության տեսանկյունից: Անդրադառնալով աշխատավարձերի սանդղակի կազմման մեթոդաբանությանը՝  պարոն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ դրա հիմքում պետք է դրվի համադրման սկզբունքը: Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ օրենսդրական փաթեթը աշխատավարձերի խնդրի լուծմանը համալիր մոտեցում ցուցաբերելու փորձ է, սակայն նման մեթոդով աշխատավարձի բարձրացումը կարող է գնաճի պատճառ դառնալ: Պարոն Մելքումյանը գտնում է, որ ԱԺ խմբակցություններին պետք է օրենսդրական փաթեթով փորձագիտական որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն տրվի: Ստեփան Մարգարյանը չի կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը գնաճի առաջացման պատճառ կարող է դառնալ, քանի որ աշխատավարձի էական բարձրացում չի լինի: Նա անդրադարձավ ՀՀ Սահմանադրության եւ աշխատավարձերի սահմանման սանդղակի միջեւ եղած հակասությանը եւ առաջարկեց վերանայել օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունները: Վահրամ Բաղդասարյանը կարեւորեց օրենսդրական փաթեթը: Նա գտնում է, սակայն, որ աշխատավարձերի բարձրացման նման մեթոդը կնպաստի գնաճի առաջացմանը, գործազրկության ավելացմանը, մասնավոր հատվածում առաջ կբերի աշխատատեղերի կրճատում: Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ ողջունելի նախագիծ է, որը թեեւ ուշացած, բայց նախատեսում է պետական ծառայողների վարձատրության կարգավորում եւ աշխատավարձերի բարձրացում, ինչը Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից է: Նա առաջարկեց վարձատրության նոր կարգի ընդունումը ժամանակավորապես հետաձգել: Կորյուն Նահապետյանը եւս գտնում է, որ փաստաթուղթը քաղաքական է, որում ամրագրված սկզբունքները լիարժեք եւ ամբողջապես ներկայացված չեն, մեթոդաբանությունը խնդրահարույց է: Ըստ նրա՝ պետք է համադրելի եւ միասնական համակարգ ներդնել հանրային ծառայության վարձատրության ոլորտում: Էդմոն Մարուքյանն աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց անդրադարձավ պատասխանատվության մեխանիզմների կիրառման կարեւորությանը: Նա ողջունեց կառավարության նախաձեռնությունը՝ նշելով, որ սա քաղաքական փաստաթուղթ է, եւ աշխատավարձերը սահմանելիս պետք է հաշվի առնել քաղաքական պատասխանատվության չափը ու քաղաքական հիերարխիան: Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց բարձրաստիճան պաշտոյաների աշխատավարձերի բարձրացմանը: Նա գտնում է, որ տոկոսային առումով բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձը չի կարող ավելին լինել հաշմանդամի կամ թոշակառուի նպաստից: Լեւոն Մարտիրոսյանը կարեւորեց օրենսդրական փոփոխությունները եւ նշեց, որ մեծածավալ աշխատանք է կատարվել հեղինակների կողմից: Նա անդրադարձավ փաթեթի մեթոդաբանությանն առնչվող մի քանի խնդիրների:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ թեպետ հասարակության լայն խավերին է առնչվում օրինագիծը, սակայն քաղաքացու համար կենսամակարդակի էական բարձրացում չի ակնկալվում: Նշվեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է օրենսդրական փաթեթին:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ գնաճն ավելի շատ է լինում, երբ աշխատավարձի որոշման եւ բարձրացման ժամկետը երկար է լինում: Խմբակցությունը գտնում է, որ աշխատավարձի բարձրացումը չի լուծելու քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման եւ բարեկեցության բարելավման հարցերը:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը կարեւորեց օրենսդրական փաթեթի ընդունումը՝ նշելով, որ ոլորտում աշխատավարձի բարձրացման տեմպերը մինչ այժմ թույլ են եղել, եւ հիմա աշխատավարձերի միասնական համակարգի ներդրմամբ համակարգային խնդիրներ են լուծվելու: ՕԵԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու առաջարկվող փոփոխություններին՝ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնելով առաջարկներ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք լրջագույն խնդիրներ են տեսնում այս օրինագծում, ուստի առաջին ընթերցմամբ անցնելու դեպքում դեռ կհասցնեն քննարկել եւ առաջարկությունները ներկայացնել: Նա եւս այն համոզմունքը հայտնեց, որ փաստաթուղթը լուրջ քաղաքական ենթատեքստ ունի:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը աշխատավարձերի բարձրացումը դիտարկեց միջազգային ատյաններում պետության վարկանիշի բարձրացման համատեքստում: Նա ընդգծեց, որ կառավարությունը մեթոդաբանությամբ եւ քաղաքական նշանակությամբ կարեւոր նախաձեռնություն է ներկայացրել: Պարոն Սահակյանը հստակեցրեց, որ փոփոխությունների շուրջ տեւական ժամանակ աշխատել են կառավարությունում, Ազգային ժողովում, ընդդիմադիր դաշտում: Խմբակցության ղեկավարը հորդորեց խնդիրը չանձնավորել, քանի որ այն վերաբերում է մոտ 160.000 քաղաքացու: Նա ընդգծեց, որ սա քաղաքական փաստաթուղթ չէ, աշխատավարձի բարձրացում է, որը քաղաքական լուրջ հետեւանքներ է ունենալու՝ դրական իմաստով: Պարոն Սահակյանը համոզված է, որ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացվեն առաջարկներ, եւ կկատարվեն համապատասխան շտկումներ:

Ամփոփիչ ելույթներում հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեցին պատգամավորներին հետաքրքրող հարցերին, անդրադարձան առաջարկներին: Նրանք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց  «2012 թ-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ Հայաստանի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ  Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` Եվրոպական միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրությունը: Արձանագրությամբ ՀՀ-ին հնարավորություն  է ընձեռվում մասնակցություն ունենալ Եվրոպական միության այն բոլոր ընթացիկ եւ հետագա ծրագրերին, որոնք բաց են Հայաստանի մասնակցության համար՝ համաձայն այդ ծրագրերի հաստատման վերաբերյալ համապատասխան դրույթների: Արձանագրության համաձայն՝ Հայաստանը ֆինանսական պարտավորություններ է ստանձնում՝ կատարելու ներդրում Եվրոպական միության ընդհանուր բյուջեում  կոնկրետ ծրագրերին համապատասխան, որոնց ինքը մասնակցում է՝ հիմք ընդունելով տվյալ ծրագրի կողմից հաստատված չափանիշները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

Զոհրաբ Մնացականյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց  «2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ եւ  Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիների՝ 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով`  ԵՄ տարածքում գտվելու համար: Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 9-ին արդեն վավերացրել է համաձայնագիրը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ներկա պայմանագրով մեր քաղաքացիները  արդեն իսկ   ունեն մեծ առավելություններ ճամփորդելու  շենգենյան երկրներում: Զոհրաբ Մնացականյանը նշեց նաեւ այն խմբերը, ովքեր  կարող են ավելի դյուրացված վիզային ռեժիմով այցելել եվրոպական երկրներ, մասնավորապես` գիտնականներ, ուսանողներ, բուժվելու նպատակող եվրոպա այցելող քաղաքացիներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ եւ այլք: Նախատեսվում է նաեւ  մուտքի արտոնագրի վճարը կիսով չափ նվազեցնել`  60 եվրոյից դարձնելով 35, իսկ որոշ խմբերի համար այն դարձնել անվճար` թոշակառուների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց  եւ այլոց: Հիմնական զեկուցողի  խոսքով` այս համաձայնագիրը առաջին հերթին կարեւոր է այն առումով, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ:

Հարակից զեկույցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը եւս նշեց, որ համաձայնագիրը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ այն բխում է մեր պետության շահերից:

Պատգամավորները քննարկեցին նաեւ  «2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ  եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը, որը  ներկայացրեց ՀՀ տարածքային նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա նշեց, որ մինչ այսօր ՀՀ-ը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ  իրականացնել միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:

Ֆինանսների նախարար Դավիթ  Սարգսյանը առաջին ընթերցմամբ  պատգամավորների քննարկմանը ներկայացրեց  «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել նպաստավոր պայմաններ երաշխիքային ֆոնդի գործունեության համար:

Խնդիրը այն է, որ 2013 թվականի ընթացքում նախատեսվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով երաշխիքային ֆոնդին միանվագ երաշխիքային վճարների կատարում, ինչը նշանակում է, որ 2013 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար այդ գումարների մասով երաշխիքային ֆոնդի մոտ շահութահարկ հաշվարկելու եւ  վճարելու պարտավորություն կառաջանա:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:


24.10.2013
Բաց դաս Ազգային ժողովում
   Հոկտեմբերի 24-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Հ. Գալստյանի անվան համար 83 ավագ դպրոցի աշակերտներին: Ողջունելով երեխաներին խորհրդարանում՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներ...

24.10.2013
Լատվիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հոկտեմբերի 24-ին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտեւը, Ինեսե Լիբինա-Էգներեն եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլան Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am