National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
02.10.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 9

Խորհրդարանը հոկտեմբերի 2-ի նիստում շարունակեց «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը, իրականացնելով Սահմանադրական իր լիազորությունը, համաներում հայտարարելու մասին առաջարկությամբ դիմել է Ազգային ժողովին:

Արդարադատության նախարարն ներկայացրեց համաներման ակտի կառուցվածքը, իրավական բովանդակությունը եւ այն պայմանները, որոնց հիմքով առաջարկվում է ընդունել համաներման մասին Ազգային ժողովի որոշումը: Ուստի, այդ ասպեկտներին ես չեմ անդրադառնա:

Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետությունում համաներումն ունի մարդասիրական, սոցիալական, իրավաքաղաքական կարեւոր նշանակություն, որը միտված է հասարակության մեջ համերաշխության, հանդուրժողականության ամրապնդմանը, բարոյա-հոգեբանական մթնոլորտի բարելավմանը:

Որպես Ազգային ժողովի նախագահ՝ ես բարձր եմ գնահատում Հանրապետության Նախագահի այս առաջարկությունը, որն, իմ կարծիքով, մեր հասարակության մեջ շատերի կողմից սպասված քայլ է:

Մեր քաղաքական գնահատականը համաներմանը միանշանակ դրական է, եւ մենք ողջունում ենք այս քայլը, որով պետությունն իր գթասրտությունն ու մարդասիրական վերաբերմունքն է դրսեւորում տարբեր հանգամանքների բերումով «սայթաքած» եւ նման իրավիճակում հայտնված քաղաքացիների նկատմամբ:

Հուսով եմ՝ իմ գործընկերները համակարծիք կլինեն ինձ հետ, որ այդ անձանց պետք է ուղղվելու եւ ճիշտ ճանապարհին կանգնելու, բնականոն կյանքին ժամ առաջ վերինտեգրվելու հնարավորություն ընձեռվի: Մանավանդ որ համաներումը քրիստոնեական հավատից եւ արժեհամակարգից բխող քայլ է:

Ընդհանրապես, եւ՛ մարդասիրական, եւ՛  բարոյական, եւ՛ քաղաքական տեսանկյունից մենք կարեւորում եւ ողջունում ենք այս քայլը, որը, վստահորեն կարելի է ասել, խթանելու է հանդուրժողականության, համերաշխության եւ միասնականության մթնոլորտի ամրապնդումը, իսկ դրանք մեզ համար կարեւորագույն առաջնահերթություններից են:

Համաներումը նաեւ սոցիալ-հոգեբանական եւ դաստիարակչական քայլ է, մարդասիրության դրսեւորում` ուղղորդիչ այն մարդկանց համար, ովքեր ազատության մեջ հայտնվելով, կկարողանան իրենց ուժերը ներդնել՝ ի նպաստ մեր երկրի, մեր պետականության զարգացման:

Հայտնի է նաեւ, որ շատ երկրներում համաներումը դիտվում է որպես զուտ քաղաքական քայլ` ուղղված բազմաթիվ ներքին խնդիրների լուծմանը եւ, իհարկե, հասարակության մեջ լարվածության թուլացմանը, որը բերում է նաեւ սոցիալական, հոգեբանական եւ այլ խնդիրների լուծում: Մեր երկրում համաներումը ներառում է թվարկածս գրեթե բոլոր խնդիրները` եւ՛ իրավաքաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ սոցիալ-հոգեբանական, սակայն ամենակարեւորը, իմ խորին համոզմամբ, քաղաքացիական համերաշխությունն է, որին ուղղված է այս քայլը:

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում թվով 10-րդ այս համաներումը, ինչ խոսք, իր դրական ազդեցությունը կունենա հասարակական մթնոլորտի եւ ներքաղաքական դաշտի, ինչու՞ չէ նաեւ տնտեսության զարգացումը խթանելու վրա:

Մինչեւ հարցի քվեարկությունը, ցանկանում եմ հիշեցնել, որ մեր երկիրը պետականաշինության մի շարք ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թեւակոխել եւ հետեւողականորեն իրականացնում է մեծ հեռանկարների միտված ծրագրեր: Եվ ինչպես Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյաննի խոսքում է նշված. « Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձեւավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, անխտրականությունը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը»:

Համաներման ակտի ընդունման արդյունքում պատժի կրումից ազատվող կամ դրա հետեւանքով վիճակը բարելաված քաղաքացիներին հորդորում եմ ամենայն բարեխղճությամբ մոտենալ պետության կողմից ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքին, կոչ եմ անում իրենց ուժերը ներդնել ի բարօրություն մեր երկրի, մեր պետականության, դառնալ հասարակության լիիրավ եւ օրինակելի անդամներ` նպաստելով մեր երկրի զարգացմանը:Համոզված եմ նաեւ, պարոն Թովմասյան, որ այս մարդասիրական կարեւոր քայլը կուղղորդվի անաչառությամբ եւ ձեզ հորդորում եմ, եթե կլինի հնարավորություն, առաջիկայում այդ հանձնաժողովում ներգրավել նաեւ մեր պատգամավորներին, որոնք, համոզված եմ, կներկայացնեն նաեւ հասարակությանը, հանրությանը այդ միջոցառման անաչառության մասին»:

Ամփոփելով քննարկումը՝ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ Հանրապետության Նախագահի կողմից համաներում իրականացնելու վերաբերյալ առաջարկությունը նպատակ չունի լուծելու քրեակատարողական համակարգի խնդիրները: Նախարարն առաջարկեց պատգամավորներին իրենց առաջարկները ներկայացնել գրավոր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «ՀՀ Վարչական դատավարության նոր օրենսգիրքը» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով՝ նոր օրենսգրքի ընդունման արդյունքում առավել ամբողջական եւ համապարփակ կկարգավորվեն վարչական դատավարության ընթացքում ծագող իրավահարաբերությունները, վարչական դատարանը կձերբազատվի բավականին մեծ ծավալի մեխանիկական աշխատանքից, ինչը կնպաստի մնացած վարույթներով դատավարության արդյունավետության էական բարձրացմանը: Ըստ Գրիգոր Մուրադյանի՝ նոր օրենսգրքի ընդունումը նաեւ կնպաստի բազմաթիվ հակասական դրույթների վերացմանը, վարչական դատավարության ինստիտուտների մանրամասն եւ հստակ կարգավորմանը:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանն ասաց, որ փաթեթը հանձնաժողովում մանրամասն քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն: Կարեւորելով Վարչական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը՝ պատգամավորը հույս հայտնեց, որ առաջինց երկրորդ ընթերցում կներկայացվեն հիմնարար առաջարկներ:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Վարդան Այվազյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող եւ համահեղինակ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին պարբերությունը շարադրվել է նոր խմբագրությամբ, այն է՝ մինչեւ 5000 քառակուսի մետր ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում, եւ կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում: Նշվեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագծի վերաբերյալ չեն ներկայացվել գրավոր առաջարկներ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի նպատակն է զարգացնել ՀՀ-ում խաղային բիզնեսի բնագավառը, ինչպես նաեւ ավելացնել պետական բյուջեի եկամուտները:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Պատգամավորը կարծում է, որ խաղային բիզնեսի բնագավառում տուրքի բարձրացումը չի խոչընդոտի ոլորտի զարգացմանը:

Ամփոփելով քննարկումը՝ հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ:

Հարցի քննարկումն ավարտվեց եւ ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստը տրամադրվեց պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին:


02.10.2013
ԱԺ փոխնախագահն ընդունեց Իրաքի եզդիների պատվիրակությանը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 2-ին ընդունեց Իրաքի Հանրապետությունից եւ Քուրդիստանի Ինքնավար Հանրապետությունից ժամանած եզդիների պատվիրակությանը, որի կազմում էին Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության պատգամավոր Միր Հազըմ Թահսին Սայիդը, Իրաքի քաղաքացիական հասարակության կապերի նախարար դոկտո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am