National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
01.10.2013
ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը
1 / 12

Հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեց ավագ սերնդի ներկայացուցիչներին. «Ազգային ժողովի անունից ցանկանում եմ շնորհավորել մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ոչ միայն իրենց ծանրակշիռ ավանդն ունեն մեր հաղթանակների ու ձեռքբերումների մեջ, այլեւ այսօր էլ շարունակում են ներդրում ունենալ պետական ու հասարակական կյանքում: Շնորհավորենք նրանց եւ մաղթենք առողջություն, երկարակեցություն ու բարեկեցություն»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գործընկերներին տեղեկացրեց, որ առավոտյան տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստ, որտեղ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկության մասին որոշման նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց նախորդ օրն ընդհատված հարցի քննարկումը՝ լսելով ԱԺ խմբակցությունների դիրքորոշումները ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված Գեւորգ Կոստանյանի թեկնածության վերաբերյալ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դրական վերաբերմունք ունի առաջադրված թեկնածուի անձի նկատմամբ, սակայն դեմ է քվեարկելու, քանի որ համոզված են, որ անհատն անկարող է բարեփոխել արմատացած համակարգը եւ բարձրացնել հանրության կորսված վստահությունը արդարադատության նկատմամբ:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատեց, որ խմբակցությունը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ, քննարկվել են համակարգում առկա, լուծում պահանջող խնդիրները, անդրադարձել բարեփոխումների անհրաժեշտությանը: Աղվան Վարդանյանը նշեց, որ խմբակցության անդամները քվեարկելու են իրենց խղճի մտոք:

«ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ արդարադատության համակարգում առկա բացասական երեւույթներին, չբացահայտված քրեական, Եվրադատարան ուղարկված գործերին: Նա, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի ելույթին, նշեց, որ այնտեղ որեւէ խոսք չկար՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության հարցին:Նրա խոսքով` խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

«ՀՀԿ» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա, ի նկատի ունենալով հնչած կարծիքները, նշեց, որ դրական վերաբերմունք է նկատել խմբակցությունների կողմից: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ արդարադատության համակարգում ընթացող բարեփոխումներում առաջադրված թեկնածուն ընտրվելու դեպքում դրական ազդեցություն կունենա:

Քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Դիմելով գործընկերներին՝ ԱԺ նախագահն անդրադարձավ խորհրդարանի կողմից նշանակվող կառույցներին, խորհրդարան-դատախազություն հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ազգային ժողովը նշանակում է մարդու իրավունքների պաշտպանին, ով ԱԺ-ի նիստում ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին զեկույց, Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը եւս, որին նշանակում է ՀՀ Նախագահը, Ազգային ժողովին է ներկայացնում հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը: Վերահսկիչ պալատը խորհրդարանին է ներկայացնում բյուջետային տարվա ավարտից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում տարեկան հաշվետվություն, որը քննարկվում է Աժ-ում՝ առանց որոշում ընդունվելու: Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 1-ը, ԱԺ է ուղարկում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Պարոն Աբրահամյանը փաստեց, որ ըստ «ԱԺ կանոնակարգ» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքների՝ գլխավոր դատախազը միշտ Ազգային ժողով է ներկայացրել գրավոր հաղորդում: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ գլխավոր դատախազի թեկնածուն իր դրական վերաբերմունքն է արտահայտել նաեւ Ազգային ժողովի նիստում հաղորդում ներկայացնելու առաջարկի վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում ՀՀ Նախագահի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ ընդհանուր առմամբ որեւէ լուրջ բացասական հիմնավորում չի եղել: Հովիկ Աբրահամյանը կողմնակից է երեւույթները ճիշտ գնահատելուն եւ կարծում է, որ պետք է ապագա գլխավոր դատախազին հնարավորություն տալ: Անդրադառնալով ԱԺ-դատախազություն համագործակցությանը՝ խորհրդարանի նախագահը նշեց, որ ապագայում կլինեն փոփոխություններ եւ հստակեցումներ օրենքներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կարեւոր է իրավապահ մարմինների նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը: Նրա համոզմամբ` օրենքի առջեւ բոլորը պետք է լինեն հավասար: Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ ԱԺ-ի կողմից նշանակվելու դեպքում գլխավոր դատախազը իր աշխատանքով դրական փոփոխություններ կիրականացնի համակարգում:

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ հնչեցված տեսակետներին եւ հարցերին, տվեց պարզաբանումներ:

ԱԺ Կանոնակարգի համաձայն՝ տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր: Բացելով քվեատուփը՝ հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը:

Հաջորդ հարցը, որին անդրադարձավ խորհրդարանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկությունն էր:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ Հանրապետության Նախագահի կողմից համաներում իրականացնելու վերաբերյալ առաջարկությունը, որի նպատակը մարդասիրությունն է, տարածվելու է ոչ ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված անձանց վրա:

ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ անկախությունից ի վեր իրականացվել է մոտ մեկ տասնյակ համաներում, պատժի կրումից ազատվածների մոտ 4,8 տոկոսն է կրկին հանցագործություն կատարել: Ըստ նրա՝ համաներման արդյունքում կթեթեւանան որոշ գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներ:

Նախնական տվյալներով՝ համաներումն անմիջապես տարածվելու է 500-ից ավելի դատապարտված անձանց վրա: Մասնավորապես, առաջարկվում է պատժից ազատել մինչեւ 3, կամ 5 տարով դատապարտված անձանց, 60 տարին լրացած անձանց, հղի կամ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող անձանց, հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել:

Առաջարկվում է պատժի կրումից ազատել Հայրենական Մեծ պատերազմի , ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցողներին, ովքեր նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն եւ այլն :

Առաջարկվում է պատժի չկրած մասը 6 ամսով կրճատել որոշ ծանր հանցագործությունների՝ թրաֆիկինգի, մարդկանց շահագործման, ոչ դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս հասցնելու, ՄԻԱՎ-ով այլ անձանց վարակելու համար դատապարտված անձանց պատժաչափերը:

Համաներումը չի տարածվելու ծանր հանցագործությունների՝ սպանության, բռնաբարության, մինչեւ 16 տարեկան անձանց նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման, իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, լրտեսության, բանդիտիզմի, ահաբեկչության, դիվերսիայի, ցեղասպանության եւ այլ, մարդկության դեմ ուղղված, ծանր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաեւ՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա:

Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:

Որոշումը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:

ԱԺ գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Սահակյանը:

ԱԺ պատգամավորները հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողին, եղան առաջարկներ: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը, ԱԺ Կանոնակարգի համաձայն, հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am