National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն

Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ էր :

Ողջունելով ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին ` Չեխիայի արտգործնախարարը կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու առումով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա կարեւորեց Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը եւ նշեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը: Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց սաֆարովյան հարցում Չեխիայի ԱԳՆ դիրքորոշման եւ խիստ գնահատականի համար: Նա բարձր գնահատեց Կարել Շվարցենբերգի` խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոհնիշի` Սաֆարովի արտահանձման եւ ներում շնորհելու վերաբերյալ հարցին նրա հնչեցրած գնահատականը: /Հիշեցնենք, որ նիստի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Չեխիան տվյալ հարցում Հայաստանի կողմն է եւ այդ քայլերը վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ: Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հարցն է: Դրա մասին է վկայում միջազգային հանրության արձագանքը: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Դրականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու իր ցանկությունը: Այժմ կարեւոր է կանխել իրավիճակի հետագա սրացումը: Չեխիայի Հանրապետությունը սատարում է կողմերի միջեւ բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»/:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է եւ Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Նա կարեւորեց Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, որոնց մասն է կազմում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի ստեղծումը: Ավարտվել են Ասոցացման եւ վիզային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունները:

Հայ-չեխական փոխգործակցության խթանման եւ ակտիվացման առումով` Աժ նախագահը կարեւորեց ՀՀ քաղաքացիներին Չեխիա մուտքի արտոնագրի տրամադրումը Հայաստանում գործող ՉՀ դիվանագիտական ներկայացուցչությունում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց առեւտրատնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում կապերի զարգացումը, ինչի համար լավ նախադրյալներ կան:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական հարցերին, առաջիկա նախագահական ընտրություններին, արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի հետ էր : Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը եւ արձանագրելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` տիկին Նեմցովան բարձր գնահատեց խորհրդարանի նախագահի այցը Չեխիա` հայ-չեխական կապերը խորացնելու եւ միջխորհրդարանական գործակցությունը ակտիվացնելու առումով: Ներկայացուցիչների պալատի նախագահը անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների զարգացումը նաեւ տնտեսության, մշակույթի, գիտության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրա պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ համագործակցությանը եվրոպական կառույցներում: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները հատուկ կարեւորություն են տալիս ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին եւ ակտիվորեն մասնակցում են դրա իրականացմանը: Պարոն Աբրահամյանը նույնպես կարեւորեց տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջեւ` նշելով, որ նոյեմբերին Երեւանում անցկացվելու է հայ-չեխական գործարար ֆորում, որը, նրա համոզմամբ, կխթանի տնտեսական փոխգործակցությունը: Կարեւորելով տնտեսական հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ տիկին Նեմցովայի առաջարկը` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված ներդրումների համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, սաֆարովյան գործին, Սիրիայում ստեղծված իրավիճակին եւ տարածաշրջային խնդիրներին առնչվող այլ հարցերի: Կողմերը կարեւորեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձեւաչափում` ընգծելով պատերազմի վերսկսման եւ զենքի կիրառման անթույլատրելիությունը: Պարոն Աբրահամյանը վերստին նշեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանի համար կարեւոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը:

Տիկին Նեմցովան պատրաստակամություն հայտնեց միջպետական հարաբերությունները զարգացնել նաեւ Եվրամիության շրջանակներում, ինչը պետք է բխի Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության ձեւաչափերից: Նա նշեց, որ Չեխիան եւ Եվրամիության երկրները հարեւանների հետ կոնֆլիկտների խաղաղ, քաղաքական բանակցությունների ճանապարհով լուծման կողմնակից են եւ այս առումով ողջունում են Հայաստանի դիրքորոշումը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, նախանշվեցին հետագա համագործակցության ուղղությունները:

Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի գրքում:

Նույն օրը Պրահայի առաջնորդարանում ԱԺ նախագահը հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորեց Հայ առաքելական եկեղեցու եւ չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը` ուրախությամբ փաստելով արդյունավետ համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովվության եւ Չեխ կաթոլիկ եկեղեցու միջեւ: Նա շնորհակալությամբ ընդգծեց, որ 7 տարի շարունակ Չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների եւ պատարագների անցկացման համար: Իր խոսքում ԱԺ նախագահը անդրադարձավ նաեւ սաֆարովյան գործին, տարածաշրջանային խնդիրներին:

Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը` Կարդինալ Դուկան կարեւորեց ԱԺ նախագահի այցը Չեխիայի Հանրապետություն: Որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ, նա ընդգծեց հայ-չեխական բարեկամության ամրապնդման եւ խորացման անհրաժեշտությունը: Կարդինալ Դուկան անգնահատելի համարեց հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգեւոր եւ մշակութային ժառանգության մեջ, մասնավորապես բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Աստվածաշնչի առաջին թարգմանությունը եղել է հայերեն: Պրահայի արքեպիսկոպոսը պատրաստակամություն հայտնեց աջակցել Չեխիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ նպաստել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք օգտակար կարող են լինել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:

Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Պրահայի առաջնորդարանում, եղան ներկայացուցչությունների սրահում:

Նույն օրը ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները այցելեցին Վիտկովի Ազգային հուշահամալիր, ծաղիկների դրեցին Անհայտ զինվորի շիրիմին եւ շրջայց կատարեցին Վիտկովի Ազգային հուշահամալիրում:


31.10.2012
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները քննարկեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորման հայտեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am