National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.10.2012
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
1 / 7

Հոկտեմբերի 19-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մասնավորապես նշեց, որ հանձնաժողովի կարեւորագույն գործառույթներից է լինելու կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը` ելնելով սպառողների եւ կարգավորվող անձանց իրավունքների պաշտպանության ու շահերի հավասարակշռման, մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, կարգավորվող ենթակառուցվածքներում արդյունավետ ներդրումների խրախուսման եւ կարգավորման դաշտի թափանցիկության ապահովման առաջնահերթություններից: Էներգետիկայի բնագավառում մատակարար-սպառող հարաբերություններում առաջացած խնդիրների կարգավորման եւ սպառողների սպասարկման որակի բարելավման նպատակով մի շարք փոփոխությունների են ենթարկվել էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները: Այս ոլորտներում հանձնաժողովը կշարունակի մատակարար-սպառող հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքները նաեւ 2013 թվականին:

ԱԺ պատգամավորների այն հարցադրմանը, թե մատակարարի եւ սպառողի միջեւ կնքված պայմանագրերում պարտավորությունների ու պատասխանատվության մասերով հավասարակշռված են արդյոք հարաբերությունները, պարոն Նազարյանը տեղեկացրեց, որ դրանց կազմման համար հիմք են ընդունվել օրինակելի պայմանագրերի հատուկ ձեւերը, բայց եւ միաժամանակ պատրաստակամություն հայտնեց քննարկելու դրանք, եւ եթե կան հիմնավոր դիտողություններ ու առաջարկներ, հանձնաժողովը պատրաստ է վերանայելու պայմանագրի ձեւերը՝ ներառելով առաջարկները: Հանձնաժողովը որոշեց սպառող-մատակարար հարաբերությունները կարգավորող փաստաթղթերը ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ ձեւավորել:

Հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակ Հակոբ Հակոբյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը նպատակ ունեն հստակեցնելու ստուգումների կազմակերպման գործընթացը: Մասնավորապես առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ վերստուգումներն իրականացնել այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծը կարեւորում է վիճակագրության ոլորտում ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայացուցչականության ավելի բարձր աստիճանի ապահովումը (ներկայումս ներկայացվածությունը համագործակցության հարաբերություններում ապահովվում է բաժնի պետի մակարդակով), ինչի վերաբերյալ բազմիցս առաջարկներ են եղել նաեւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրոստատի փորձագետների կողմից:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինս ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը: Համաձայն օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը ներկայացրեց «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Դրանց ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցների որակավորման նոր` «5-աստղանի Դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությունից: 5-աստղանի որակավորման կարգը գերազանցող «5- աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրումը եւ դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաեւ առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:

ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց նախագծի համահեղինակ Միքայել Մելքումյանը: Ըստ բանախոսի՝ ստեղծվել են անհավասար պայմաններ արտոնագրային վճար վճարողների շրջանում, մասնավորապես? թեթեւ մարդատար մեքենաներով ուղեւորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մինչեւ 6 մլն դրամ տարեկան շրջանառություն, ինչպես նաեւ գործող օրենքի հավելված 1-ով եւ հավելված 2-ով սահմանված գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, արտոնագրային վճարը շարունակում են վճարել նվազագույնը եռամսյա ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով այն, որ արտոնագրային վճարը պետք է վճարվի միանվագ? նախքան արտոնագրի ստանալը, տնտեսվարող սուբյեկտների հիմնական մասը պատրաստ չէ 3 ամիսներին բաժին ընկնող արտոնագրային վճարը միանվագ ձեւով կատարելուն: Հետեւաբար արտոնագրային վճար վճարող փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի բազմաթիվ սուբյեկտներ հայտնվել են ոչ բարենպաստ մրցակցային իրավիճակում: Հեղինակի գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխություններն ընդունելով? կձեւավորվեն հավասար մրցակցային պայամաններ արտոնագրային վճար վճարող տնտեսվարող սուբյեկտների շրջանում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովի 2013 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ըստ պարոն Շաբոյանի, հիմք ընդունելով տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը, բացահայտված հիմնախնդիրները, կուտակած փորձը, սահմանել է այն միջոցառումների ցանկը, որոնք ուղղված են մրցակցային պայմանների ապահովմանը, բարելավմանը եւ երկրի տնտեսական բնագավառի բարեփոխումների արդյունավետ խթանմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացրեց դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար, իսկ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրա հետ կապված այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը դրական եզրակացություն ստացավ միայն նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի հեղինակած «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» օրինագծերը դրական եզրակացություն չստացան:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն երեք անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Առաջարկվող փոփոխությամբ կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատման խնդիրը, ինչպես նաեւ ապահովվում է այդ երիտասարդների վերադարձը հայրենիք: Դրա համար առաջարկվում է 1-ին հոդվածում «2011 թվականի մայիսի 1» բառերը փոխարինել «2012 թվականի նոյեմբերի 1» բառերով:

Հանձնաժողովը քննարկեց եւ փոփոխություն կատարեց նաեւ հանձնաժողովի կանոնակարգի մեջ:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Տաճատ Վարդապետյանի նախագահությամբ քննարկեց «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Նա նշեց, որ ներկայացված օրենքի նախագծով կարգավորվում են անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու պայմանները, ապահովվում են դրանց կենսաբանական, անհատական եւ տեսակային առանձնահատկություններից բխող կարիքները, առողջությունը եւ կյանքի անվտանգությունը, ինչպես նաեւ բացառվում է պահելու վայրից կենդանիների փախուստը:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նա նշեց, որ «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նպատակն է կարգավորել բուծողի իրավունքի տրման եւ դրա պահպանության հետ կապված հասարակական հարաբերությունները: Օրենքի ընդունումը թույլ կտա անդամակցելու բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) կոնվենցիային:

Գրիշա Բաղիյանը ներկայացրեց նաեւ «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետություն սերմեր ներկրելու համար տնտեսական օգտակարության փորձարկումներ կատարելու եւ ՀՀ տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում գրանցելը կկատարվի կամավոր սկզբունքով:

Հանձնաժողովը օրինագծերին դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նա նշեց, որ թեեւ նախագծերի փաթեթը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, փաթեթի ընդունումն իրավական հիմքեր կստեղծի այդ քաղաքականության խորացման եւ զարգացման համար: Նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ Սահմանադրության դրույթների իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար բարձրացնել պետական ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:

Հանձնաժողովը օրինագծին դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշեց մինչեւ մեկ տարով հետաձգել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

Օրենսգրքի 109-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 14-18 տարեկան հասակում հանցագործություն կատարած անչափահասներն իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրելու հնարավորություն ունենան նույն հիմնարկում մինչեւ նշանակված պատժի վերջը, եւ նրանց հետ տարվող ուղղիչ-դաստիարակչական աշխատանքները չընդհատվեն այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով, այլ շարունակվեն նույն աշխատակիցների կողմից:

Օրինագծում առաջարկվող լրացումներով նախատեսվում է դատարանի որոշման հիման վրա որոշակի ժամկետով սահմանափակել դատապարտյալի նամակագրության գաղտնիությունը: Հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանը, Էդմոն Մարուքյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություն հայտնեցին՝ կապված դատապարտյալների նամակագրության գաղտնիության սահմանափակումների եւ դատապարտյալների՝ որոշակի տարիքի հասնելուց հետո անչափահաս դատապարտյալների հետ նույն վայրում պատիժը կրելու վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին առաջարկեց, հաշվի առնելով պատգամավորների առաջարկները, վերամշակել օրինագիծը:

ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի եւ ՀՀ քրեական օրենսգրքի՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի համապատասխանաբար մանր եւ զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերին վերաբերող հավելվածները՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթերով նախատեսված ցանկին:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է 2005 թվականի հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում արտացոլելու անհրաժեշտությամբ: Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:

Համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, զեկուցելով նախագծի վերաբերյալ, նշեց, որ վարկերի տրամադրման մասին գովազդներում ներկայացվում են հայտարարություններ, առաջարկներ եւ պայմաններ, որոնք ոչ միշտ են արտացոլում վարկի տրամադրման, օգտվելու եւ մարման փաստացի արժեքը, ինչը վարկառուին զրկում է իր նախնական հաշվարկները կատարելու, իրեն հարմար բանկ կամ վարկային կազմակերպություն ընտրելու հնարավորությունից:

Նախագծով առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ պարբերությամբ. «Եթե վարկի տրամադրման, օգտվելու կամ մարման վերաբերյալ գովազդային ծառայությունները (հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր եւ այլն)` անկախ գովազդի տեղադրման վայրից, պարունակում են վարկի արժեքի վրա ազդող թեկուզ մեկ պայման` տոկոսների չափի կամ վարկի տրամադրման ու մարման հետ կապված որեւէ այլ վճարի կամ ծախսի մասին, ապա այդպիսի գովազդը պետք է պարունակի բոլոր մնացած պայմանները, որոնք որոշում են վարկի փաստացի արժեքը (վարկի ընդհանուր գումարը, տոկոսը, այն ստանալու եւ մարելու համար կատարվող ծախսերը), ընդ որում, այն դեպքում, երբ հնարավոր չէ ողջամիտ ձեւով հասու դարձնել վարկի փաստացի արժեքը, ներկայացվում է դրա հաշվարկման կարգը կամ վարկի տարեկան փաստացի արժեքի առավելագույն չափը»:

Օրինագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ֆինանսական եւ վարկային ծառայությունների ոլորտում գովազդի մասին օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել ՀՀ կենտրոնական բանկին? մասնագիտական եւ կազմակերպչական նկատառումներից ելնելով:

Հանդես գալով հարակից զեկուցմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ նախագծի ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ լրացումները քաղաքացիների համար կարելի է կիրառել, իսկ ընկերությունների դեպքում դա դեռեւս ռիսկային, տեւական եւ ծախսատար գործընթացի հետ է կապված:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:


19.10.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծե...

19.10.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Ողջունելով դեսպանին եւ հաջողություններ մաղթելով նրան իր դիվանագիտական առաքելության մեջ ` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ուղղությունն...

19.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲԸՄ ներկայացուցիչներին
 Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀԲԸՄ ներկայացուցչական պատվիրակության հանդիպումը տեղի ունեցավ խորհրդարանի նիստերի դահլիճում: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահն ասաց. ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am