National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.10.2012
Ազգային ժողովը քննարկեց 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
1 / 8

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված  ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած «2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին» հաշվետվության քննարկումը:

Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

  Հարակից ելույթ ունեցավ նաեւ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: Նա  տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության տեսակետը հաշվետվության վերաբերյալ եւս դրական է: 
  

 «ՀԱԿ» խմբակցության անդամ Հրանտ  Բագրատյանը եւ «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը  բացասաբար գնահատեցին ներկայացված հաշվետվությունը` մասնավորապես նկատի ունենալով գնաճը զսպելուն ուղղված քայլերը, իրականացված  դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական շուկայի կարգավորման մեխանիզմները:

 «ՀԱԿ» խմբակցության  բացասական դիրքորոշումը  հաշվետվության վերաբերյալ ներկայացրեց  Հրանտ Բագրատյանը:  Վերլուծելով  նախագծում ներկայացված ցուցանիշները`  նա ասաց, որ «ՀԱԿ» խմբակցության կարծիքով `ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը խոչընդոտում է Հայաստանի տնտեսության զարգացմանը:

 Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ` խորհրդարանն սկսեց քննարկել «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»:   Մինչ հաշվետվութանն անդրադառնալը Տիգրան Սարգսյանը  շնորհակալություն հայտնեց խորհրդարանին` մշտական հանձնաժողովներում հաշվետվությունը մանրամասն եւ արդյունավետ քննարկելու համար:

  ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ 2011 թվականի պետական բյուջեի առանձնահատկությունը պայմանավորված է եղել ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային քաղաքականությամբ եւ միջազգային շուկաներում ձեւավորված իրավիճակով, որոնք  մեծ ազդեցություն են ունեցել ինչպես ֆինանսական հոսքերի, այնպես էլ արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության տեսակետներից:

 2011 թվականին առաջնային է համարվել տնտեսության աճի շարունակականության ապահովումը:

2009 թվականի համաշխարհային  ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մշակվել եւ իրականացվել է հակաճգնաժամային քաղաքականություն, որի նպատակն է եղել տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիայի ապահովումը եւ արդյունաբերական քաղաքականության իրականացումը: Արդյունքում` 2010 թվականին արձանագրվել է 2 տոկոս տնտեսական աճ,  իսկ արդեն 2011 թվականին այդ ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է եղել: Այս իմաստով  2011 թվականը կառավարության ղեկավարը բեկումնային համարեց:

 ՀՀ վարչապետը կարեւորեց, որ 2012 թվականին եւս այդ  քաղաքականությունը շարունակվում է. նշվեց, որ այսօր արդեն արձանագրվել է շուրջ 7 տոկոս տնտեսական աճ:

 Անդրադառնալով հաշվետու տարում արձանագրված բարձր գնաճային ցուցանիշներին` Տիգրան Սարգսյանն ասաց, որ դրանք պայմանավորված են եղել  ներքին եւ արտաքին գործոններով: Մասնավորապես, 2009 թվականին իրականացվել է ընդլայնողական քաղաքականություն` ավելացնելով պետական բյուջեի դեֆիցիտը, ներգրավելով ֆինանսական միջոցներ, որոնք առաջին հերթին ուղղվել են սոցիալական ոլորտում պարտավորությունների կատարմանը` չկրճատելով նպաստներն ու  թոշակները: Ավելին` դրանք ավելացվել են, որպեսզի ապահովվի բնակչության գնողունակությունը:

   Ըստ վարչապետի` հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ  հաշվետու տարում էապես կրճատվել է գնաճը` հասնելով թիրախավորված 4 տոկոսի : Տնտեսական աճի զարգացման նպատակով բարելավվել է բիզնես միջավայրը. ընդունվել են օրենքներ, բարեփոխվել է հարկային եւ մաքսային վարչարարությունը, պարզեցվել է լիցենզավորման գործընթացը, կրճատվել են բյուրոկրատական քաշքշուկները, ներդրվել է հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակը, որոնք միտված են նպաստելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը նկատեց, որ կառավարությունն իր ծախսերը կատարում է  թափանցիկ. յուրաքանչյուր ծախսի վերաբերյալ կա տեղեկատվություն, եւ յուրաքանչյուր հետաքրքրվող  քաղաքացի հնարավորություն ունի առցանց տեղեկանալու դրա մասին:

«ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» վերաբերյալ ֆինանսական ցուցանիշները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

 2011 թվականի պետական բյուջեով ծրագրվել էր ստանալ ավելի քան 852.4 մլրդ դրամ եկամուտներ, որից 796.4 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 56 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 30.7 մլրդ դրամով (3.6%-ով) եւ կազմել շուրջ 883.2 մլրդ դրամ, որից 818.5 մլրդ դրամը` սեփական եկամուտներից, 64.6 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհներից:  2011 թվականի փաստացի եկամուտները կազմել են  880.9 մլրդ դրամ:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,001.1 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրը ավելացվել է 40.9 մլրդ դրամով (4.1% ով) եւ կազմել շուրջ 1,042.0 մլրդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 986.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 94.7% կատարողական

 Գլխավոր գանձապետը նշեց, որ հարկային եկամուտների ամսական շարժի դիտարկումը հնարավորություն է տալիս դատողություններ անել այն մասին, որ հարկային եկամուտներն ունեցել են հիմնականում կայուն վարքագիծ. տարվա բոլոր ամիսներին արձանագրվել է մուտքերի աճ` տարվա ընթացքում ապահովելով ինչպես կառավարության կողմից եռամսյակային համամասնություններով սահմանված հարկային եկամուտների եռամսյակային ծրագրերը, այնպես էլ ամսական կանխատեսումները: Տեղեկացվեց, որ հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքը աճել են մոտ 60 մլրդ դրամով կամ 10.1 տոկոսով: 2011 թվականին պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 632 մլրդ դրամ հարկային եկամուտներ` 100 %-ով ապահովելով ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշի կատարումը եւ 10 %-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: 2010 թվականի համեմատ հարկային եկամուտների կազմում գրանցվել է ուղղակի հարկերի տեսակարար կշռի աճ. եկամտահարկի եւ շահութահարկի տեսակարար կշիռն աճել է 1.9 %-ային կետով եւ կազմել 28. 3 %: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` հաշվետու տարում պետական բյուջեն 22.4 մլրդ դրամի չափով համալրվել է պետական տուրքերի հաշվին` ապահովելով բյուջեի եկամուտների 2.5 %-ը: Նշվեց, որ նախորդ տարվա համեմատ պետական տուրքերի ցուցանիշը արձանագրվել է 2.3 մլրդ դրամով ավելի: Սոցիալական պարտադիր ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները հաշվետու տարում կազմել են 123.4 մլրդ դրամ` ապահովելով 100 % կատարողոկան: Գլխավոր գանձապետն նշեց, որ 2010 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 18.1 մլրդ դրամով: Հաշվետու տարում այլ եկամուտների հաշվին պետական բյուջեն համալրվել է 44 մլրդ դրամով:

Արթուր Ջավադյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին: Ըստ նրա` 2011 թվականին Հայաստանի տնտեսության զարգացումները բնութագրվել են տնտեսական ակտիվության արագացմամբ եւ մակրոտնտեսական կայունության բարելավմամբ: 2011 թվականի տնտեսական աճի ցուցանիշը կրկնակի անգամ գերազանցել է նախորդ տարվա 2.1 %-ի մակարդակը: Տեղեկացվեց, որ 2011 թվականին ՀՀ մակրոտնտեսական միջավայրի հիմնական զարգացումները պայմանավորված են եղել համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնմամբ եւ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ազդեցությունների դրսեւորմամբ: Հարկաբյուջետային քաղաքականությունը ուղեկցվել է պետական բյուջեի պակասուրդի կրճատմամբ, ինչը զգալիորեն նպաստել է մակրոտնտեսական կայունության բարելավմանը: Նշվեց, որ նման հարկաբյուջետային քաղաքականությանը զուգահեռ ՀՀ կենտրոնական բանկը տարեսկզբից խստացրել է դրամավարկային պայմանները: Տարվա երկրորդ կեսից գնաճային միջավայրի աստիճանաբար մեղմման պայմաներում ՀՀ կենտրոնական բանկը հիմնականում վարել է չեզոք դրամավարկային քաղաքականություն` անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ՀՀ տնտեսական աճի նախանշված մակարդակի ապահովումն անդրադարձել է նաեւ պետական բյուջեի եկամուտների վրա` նպաստելով պետական բյուջեի հարկային եկամուտների` տարվա համար ծրագրված մակարդակին համապատասխան հավաքագրմանը: Արդյունքում պետական բյուջեի տարեկան եկամուտների գծով արձանագրվել է 12.9 տոկոս աճ:

ՀՀ  վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը: Նա տեղեկացրեց,  որ ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությամբ` պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը: Լեւոն Յոլյանը նշեց, որ ՀՀ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության նպատակով անհրաժեշտ է, որ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին ամրագրված բոլոր բյուջետային միջոցները հաշվեգրվեն, շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով:

Հարակից ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ 2011 թվականի հետճգնաժամային երկրորդ տարում շարունակվեց տնտեսության վերականգնման գործընթացը, որը, ըստ հանձնաժողովի նախագահի, էական բարեփոխումներ արձանագրեց:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանն սկսվելու պատճառով  քննարկումն ընդհատվեց: ԱԺ պատգամավորները հարցի քննարկումը կշարունակեն հոկտեմբերի 4-ի նիստում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am