National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
30.06.2010
Երեւանում աշխատանքներն ավարտեց ՈՒՄՎ 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը
1 / 3
Հունիսի 30-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը  շարունակեց աշխատանքը  :

Ողջունելով եւ բացելով վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքը` ՈՒՄՎ վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը ներկայացրեց վեհաժողովի վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքը եւ ձեռքբերումները` անդրադառնալով ՈՒՄՎ կազմակերպական հարցերի եւ կարեւորելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը ու խորացումը:

Համաաֆրիկյան խորհրդարանի հետ ՈՒՄՎ համագործակցության կարեւորության վերաբերյալ ելույթ ունեցավ ՈՒՄՎ գլխավոր քարտուղար Ներանտզիս Անաստասիոսը: Նա կարեւորեց 17-րդ վեհաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը, քանի որ Հայաստանը քրիստոնեական հավատքի եւ արժեքների հնագույն կենտրոններից է: Պարոն Անաստասիոսը տեղեկացրեց, որ ՈՒՄՎ պատվիրակությունը ապրիլին մեկնել է Յոհանեսբուրգ եւ հանդիպել Համաաֆրիկյան խորհրդարանի նախագահի, մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ, ներկայացվել է համագործակցության համաձայնագրի նախագիծ:

Համաաֆրիկյան խորհրդարանում ՈՒՄՎ տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Իոաննիս Տսաֆտարիդիսը, ներկաներին փոխանցելով Համաաֆրիկյան խորհրդարանի ջերմ ողջույնները, կարեւորեց համագործակցության ընդլայնումը եւ խորացումը ՈՒՄՎ-ի եւ Համաաֆրիկյան խորհրդարանի միջեւ:

Այնուհետեւ քննարկվեց եւ հաստատվեց 2009-2010 թթ. ՈՒՄՎ ֆինանսական հաշվետվությունը եւ 2010-2011 թթ. գործունեության ծրագիրը: Կայացավ նաեւ ՈՒՄՎ անդամների ընտրությունը, որի արդյունքում առաջիկա երկու տարիների համար ձեւավորվեց ՈՒՄՎ ղեկավար կազմը, գլխավոր քարտուղարությունը, մշտական հանձնաժողովները, նշանակվեցին խորհրդականները: ՈՒՄՎ գլխավոր վեհաժողովի նախագահի միակ թեկնածու առաջադրվեց Սերգեյ Պոպովը, ում միաձայն ընտրեցին բոլոր խորհրդարանականները: ՈՒՄՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվեց հունական պատվիրակության ղեկավար Տելեմաքոս Խիտիրիսը:

Խորհրդարանականները քննարկեցին ՈՒՄՎ 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի բանաձեւերը, որոնք ներկայացրեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդական Վալերի Ալեքսեեւը: Նա տեղեկացրեց, որ առաջադրվել է բանաձեւերի երեք տարբերակ, որոնց հիման վրա կազմվել է վերջնական տարբերակը:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՈՒՄՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Մուհեյբեր Հասանը գտնում է, որ ՈՒՄՎ ամփոփիչ բանաձեւը եվրակենտրոնն  է: Ըստ նրա` այն երկրներում, ուր քրիստոնյաները փոքրաքանակ են, կա քրիստոնեության վերացման եւ ցեղասպանության վտանգ, ուստի բանաձեւում պետք է կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող դրույթ ներառել:

ՈՒՄՎ ղեկավարությունը ընդունելի համարեց կրոնական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված առաջարկը եւ այդ լրամշակմամբ խորհրդարանականները միաձայն ընդունեցին ՈՒՄՎ 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի «Ուղղափառության ավանդն արեւելաքրիստոնեական ավանդապաշտ  երկրների պետականության կայացման եւ զարգացման գործում»  ամփոփիչ բանաձեւը: Դրանում, մասնավորապես, արձանագրվում է, որ ՈՒՄՎ-ի գլխավոր վեհաժողովի անցկացումը Երեւանում պատահական չէ. Հայաստանը աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ մինչ այժմ էլ հավատարիմ է իր պատմական եւ հոգեւոր ընտրությանը: 17-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի մասնակիցները` հաշվի առնելով, որ Ուղղափառության դերն առավել արդիական է դառնում արեւելաքրիստոնեական ավանդապաշտ  երկրների պետականության զարգացման գործում, հռչակում են պատասխանատու քաղաքականությունը պետական կյանքի նորմ դարձնելու ուղղությամբ ազգային խորհրդարաններում անհրաժեշտ նախաձեռնությունների մշակմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին: Նաեւ հռչակվում է միջազգային կազմակերպություններում ավելի ակտիվ մասնակցության, հանուն մարդկության կայուն զարգացման եւ խաղաղարարության, քրիստոնեական բոլոր եկեղեցիների եւ այլ կրոնների հետ երկխոսության շարունակման, պետական ինստիտուտների ու արժեքների ամրապնդման անհրաժեշտության մասին:

Ուղղափառության միջխորհրդարանական 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը միաձայն ընդունեց նաեւ հայկական պատվիրակության նախաձեռնությամբ ներկայացված եւ քննարկումների ընթացքում մի շարք պատվիրակությունների առաջարկությունների հիման վրա լրամշակված «Տարածաշրջանում քրիստոնեական  հոգեւոր եւ մշակութային  հուշարձանների պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» բանաձեւը: Բանաձեւում դատապարտվում է քրիստոնեական հայկական արժեքների` եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանաքարերի, պատմա-մշակութային հուշարձանների եւ այլ սրբավայրերի պղծման եւ ոչնչացման գործողությունները, որտեղ էլ որ նրանք գտնվեն, ուշադրության է հրավիրվում երկրների իշխանություններին, որոնք ստորագրել են համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանության Կոնվենցիան, որ  պատասխանատվություն են կրելու քրիստոնեական հոգեւոր ու մշակութային պատմական հուշարձանների ոչնչացման համար: Բանաձեւը դատապարտում է ղարաբաղյան հիմանխնդիրը ուժային ճանապարհով լուծելու ռազմատենչ հայտարարությունները եւ պատերազմի սպառնալիքի վտանգը, ինչպես նաեւ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու փորձերը եւ սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան եւ հարգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ամփոփիչ ելույթում ՈՒՄՎ գլխավոր քարտուղար Տելեմաքոս Խիտիրիսը, շնորհակալություն հայտնելով գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնը իրեն վստահելու համար, հավաստիացրեց, որ իր անկողմնակալ գործունեությամբ կնպաստի ՈՒՄՎ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նորընտիր գլխավոր քարտուղարը կարեւորեց խորհրդարանական համագործակցության ընդլայնումը` նշելով, որ ՈՒՄՎ-ն տարբերվում է այլ միջազգային կազմակերպություններից նրանով, որ այս կառույցի անդամները եւ քաղաքական գործիչներ են, եւ ուղղափառներ, քաղաքական տարբեր համոզմունքներ ունեցող գործիչները վեհաժողովի շրջանակներում իրենց նպատակները համատեղում են եւ միասնական դարձնում: Պարոն Խիտիրիսը կարեւորեց ՈՒՄՎ-ի երկխոսությունը նաեւ մուսուլմանական պետությունների խորհրդարանների հետ: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին, հայ գործընկերներին վեհաժողովը Երեւանում կազմակերպելու իրենց ներդրման համար:

Ուղղափառության միջխորհրդարանական 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի նիստի աշխատանքները ամփոփելով` ՈւՄՎ գլխավոր վեհաժողովի  նախագահ,  ՌԴ պետական  Դումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը, անդրադառնալով վեհաժողովի գալիք աշխատանքներին, կարեւորեց հատկապես ՈՒՄՎ էլեկտրոնային կայքէջի թարմացումը, որը, ըստ նրա, տեղեկատվական հզոր ռեսուրս է: Պարոն Պոպովն առաջարկեց ՈՒՄՎ 17-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի ընթացքում հնչած բոլոր ելույթները տեղադրել կայքէջում, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի կատարված աշխատանքին: Ամփոփելով խոսքը` նա իր եւ վեհաժողովի անդամների անունից երախտիքի խոսք հայտնեց Հայաստանի խորհրդարանի նախագահին  եւ  Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանին` վեհաժողովը Հայաստանում արդյունավետ կազմակերպելու համար:

Առաջարկ եղավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հաջորդ` 18-րդ գլխավոր վեհաժողովն անցկացնել Ռումինիայում: Նշվեց, որ այս հարցում կան նաեւ այլ առաջարկներ, որոնք կքննարկվեն:

Երեւանում եռօրյա աշխատանքներն ավարտեց ՈՒՄՎ 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը: 
  
 Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ-ի) 17-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի եռօրյա աշխատանքները հունիսի 30-ին ամփոփվեցին մամուլի ասուլիսում:

Գլխավոր վեհաժողովի  նախագահ Սերգեյ Պոպովը նշեց, որ քննարկված հիմնական  թեման էր ուղղափառության ավանդը արեւելաքրիստոնեական ավանդապաշտ երկրների պետականության կայացման եւ զարգացման գործում: Եռօրյա աշխատանքների արդյունքում ընդունվել է երեք բանաձեւ. դրանցից առաջինը վերաբերվում է վեհաժողովի տարեկան  ծրագրին ու աշխատանքների կազմակերպմանը, մյուս երկուսում վեհաժողովն իր բողոքն է արտահայտում հայկական մշակութային ժառանգությունների ոչնչացման վերաբերյալ եւ հաստատում ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցություններում հանգուցալուծելու իր դիրքորոշումը` միջազգային սկզբունքներին համապատասխան եւ Ղարաբաղի ժոողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմամբ: Միաժամանակ ՈՒՄՎ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ հակամարտող կողմերին կոչ  է անում ակտիվացնել քայլերը բանակցությունների ուղղությամբ: Վերջին փաստաթղթում նաեւ դատապարտվում են ռազմատենչ հայտարարությունները եւ  մտահոգություն արտահայտվում հարցը ռազմական միջամտությամբ լուծելու հնարավորության վերաբերյալ: Բանաձեւերին անդրադարձավ նաեւ ՈւՄՎ-ում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ դրանք վեհաժողովի օրակարգում են ընդգրկվել հայկական կողմի առաջարկությամբ, եւ որ բանաձեւերն արտահայտում են  վեհաժողովի վերաբերմունքը ԼՂ հարցի եւ մշակութային արժեքների ոչնչացման նկատմամբ: Բանախոսները նկատեցին, որ ՈւՄՎ-ն քաղաքական կառույց է, եւ նրա ընդունած փաստաթղթերն ունեն քաղաքական նշանակություն: Դրանք տարածվում են այն բոլոր միջազգային կազմակերպությունների անդամ պետություններում, որոնց անադամակցում է  Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը` այդ թվում եւ ՄԱԿ-ի: Սկզբունքները հստակեցվել, բայց դեռեեւս վերջնական ձեւակերպում չի ստացել Կիպրոսի պատվիրակության առաջարկությունը ինչպես Հայոց, այնպես էլ  Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին:

Սերգեյ Պոպովը լրագրողներին տեղեկություններ փոխանցեց վեհաժողովի ղեկավարության ընտրության եւ կառույցների ձեւավորման արդյունքների մասին: ՌԴ  պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը վերընտրվել է ՈՒՄՎ  գլխավոր  վեհաժողովի նախագահի պաշտոնում, իսկ գլխավոր քարտուղար է ընտրվել հույն պատգամավոր Տիլեմաքոս Խիտիրիսը: Վերջինս   նկատեց, որ իրենք քաղաքական գործիչներ են, որոնք նպատակ ունեն միավորել ժողովուրդներին ու գտնել զարգացման նոր հեռանկարներ, բարոյական սկզբունքներն ներդնել քաղաքականության մեջ:  Հյուրերը Հայաստանի խորհրդարանին եւ իշխանություններին շնորհակալություն հայտնեցին աշխատանքները կազմակերպելու ու  իրենց աջակցելու համար`  երեւանյան հանդիպումը բարձր գնահատելով:


30.06.2010
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում  նա ներկայացրեց հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած  Արեւեւլյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթի» բյուրոյի ընդլայնված նիստի  արդյունքները: Ընդլայնված  նիստին մասնա...

30.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ` ծննդյան 56-րդ տարեդարձի առիթով, որտեղ ասվում է.   «Մեծարգո պարոն Նախագահ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 56-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս տարիները  Ձեր անձնական նվիրումի հսկայական պաշար են...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am