National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
28.06.2010
ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի բացման հանդիսավոր արարողությունը
1 / 7

ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի բացման հանդիսավոր արարողությունը,  որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում են 16 երկրների  շուրջ 70 պատվիրակներ:

Մինչեւ վեհաժողովի  բացման արարողությունը մասնակիցները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը բացեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը վեհաժողովի մասնակիցներին փոխանցեց ՀՀ ԱԺ-ում ՀՀ Նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը.

«Ողջունում եմ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի  17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի կազմակերպիչներին,  մասնակիցներին, հյուրերին:

Խորհրդանշական է, որ վեհաժողովը որոշում է ընդունել իր տարեկան նիստը գումարել այստեղ` քրիստոնեական դավանանքի եւ քրիստոնեական արժեքների հնագույն կենտրոններից մեկում: Որպես քրիստոնեությունն աշխարհում պետական կրոն հռչակած առաջին ժողովրդի ներկայացուցիչ` մեծապես արժեւորում եմ այս միջոցառումը թե` հոգեւոր, թե` մշակութային եւ թե` հասարակական-քաղաքական առումներով:

Դարերի ընթացքում,  հատկապես պետականության բացակայության պայմաններում, մեր կրոնը եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին լավագույնս նպաստել են  մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանմանը` միեւնույն ժամանակ մեզ ինտեգրելով համաեվրոպական արժեքային համակարգին:

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ  աշխարհի ժողովուրդներն ու պետությունները կանգնած են քաղաքական, տնտեսական, միջէթնիկական, բնապահպանական եւ այլ նոր մարտահրավերների առջեւ: Փորձը ցույց է տալիս,  որ դրանց հաղթահարումը հնարավոր է միայն համագործակցության, փոխօգնության,  ջանքերի համադրման պարագայում:

Հայ ժողովուրդը, իր քրիստոնեական ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է կարեւոր մի պատգամով` խաղաղությունն է մարդկանց համախմբող, դեպի համագործակցություն  եւ բարեկեցություն առաջնորդող գլխավոր գործոնը, առանց որի անիրականանալի են մարդկային բոլոր ձգտումները:

 Այս վեհաժողովը խորհրդանշում է նաեւ քրիստոնեական համերաշխության եւ ընդհանուր մշակութային արժեքների համախմբման գաղափարները: Ժամանակակից էկումենիզմի` եկեղեցիների միությանը նպաստող երկխոսության ձեւաչափում հստակորեն ուրվագծվում է թե` աշխարհի քրիստոնյաների եւ թե` համաշխարհային կրոնների համախմբումը համընդհանուր եւ համամարդկային վեհ գաղափարների շուրջ:

Մարդասիրական համընդհանուր արժեքների եւ սկզբունքների հիման վրա իր գործունեությունը ծավալող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն իր հիմնադրումից ի վեր ծառայում է ժողովուրդների համագործակցությանը եւ գոյություն ունեցող մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործին: Մշակույթների երկխոսությանը, մարդկային անկանխակալ շփումների եւ հարաբերությունների ապահովմանը, ծայրահեղ ազգայնամոլության, կրոնական եւ էթնիկական անհանդուրժողականության հաղթահարմանն ու մարդկային առաջնահերթ իրավունքների պաշտպանությանն ուղղված ամեն մի գործունեություն դրվատանքի եւ ամենայն օժանդակության է արժանի, իսկ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն իր գոյության 17 տարիների ընթացքում մեծապես նպաստել է հենց այս նպատակների իրականացմանը: Դա է վկայում նաեւ այն, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում ընդլայնվել են կազմակերպության գործունեության շրջանակներն ու արդյունավետությունը` ընդգրկելով նորանոր երկրների խորհրդարանականների: Ուրախալի է, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն անցել է Եվրոպա մայր ցամաքի սահմաններից անդին եւ հանդես է գալիս որպես համաշխարհային կազմակերպություն:

Լիահույս եմ, որ երեւանյան նիստը նոր լիցք կհաղորդի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը: Մարդկությանը հուզող ամենաարդիական խնդիրներին` փոխըմբռնման, համերաշխության եւ համագործակցության ձեւավորմանը, հանդուրժողականությանը եւ խաղաղ գոյակցության հաստատմանն ուղղված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը մաղթում եմ հետագա հաջողություններ եւ բեղմնավոր աշխատանք»:

Վեհաժողովի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Վեհափառ Տեր,

Ուղղափառության միջխորհրդարանական

վեհաժողովի հարգարժան նախագահ,

Գլխավոր քարտուղար,

Վեհաժողովի հարգելի մասնակիցներ,

Հարգարժան դեսպաններ,

Հարգելի հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եմ ձեզ քրիստոնեության բնօրրանը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում:

Ուրախ եմ, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը անցկացվում է Երեւանում:

Քրիստոնեական աշխարհն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման եւ համամարդկային արժեքային համակարգի ստեղծման գործում: Հայաստանը, որն առաջինն է հռչակել քրիստոնեությունը որպես պետական կրոն, այսօր էլ հավատարիմ  մնալով հանդուրժողականության եւ համերաշխության գաղափարներին, պատրաստակամ է միջկրոնական ամենալայն երկխոսության,  համատեղ աշխատանքի` ի նպաստ   խաղաղության եւ ժողովուրդների բարօրության:

Այստեղ մեզ բոլորիս միավորում է այդ սկզբունքների վրա հիմնված հավատքը` իր բարոյական եւ էթիկական չափանիշներով: Նույն այդ սկզբունքներն արտացոլված են մեր մշակույթում ու ավանդույթներում: Համոզված եմ, որ հատկապես այդ ընդհանուր հոգեւոր եւ մշակութային արժեքներն են ի զորու մերձեցնել պետություններին եւ ժողովուրդներին: Այդ գործընթացում ավանդաբար նշանակալի դերակատարություն ունեցել է եւ շարունակում է ունենալ եկեղեցին:

Ես հպարտությամբ եմ ընդգծում, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ուրույն տեղն ունի ոչ միայն մեր ազգի միասնականություն ամրապնդման եւ ազգային ինքնության պահպանման գործում, այլ նաեւ դարեր շարունակ նպաստել է հարեւան ժողովուրդների ու կրոնների հետ արդյունավետ մշակութային հարաբերությունների հաստատմանը, նրանց հոգեւոր եւ պատմամշակութային արժեքների ընկալմանն ու պահպանմանը:

Իր կազմավորման առաջին իսկ օրվանից լինելով հայոց պետականության հուսալի հենարանը, իսկ դրա բացակայության ժամանակ` ազգային կյանքի կազմակերպիչը, Հայոց եկեղեցին իր անգնահատելի նպաստն է բերել մեր ժողովրդի միասնության ամրապնդման գործում: Նշանակալի է նրա դերը նաեւ մշակույթի,  հայոց գրի եւ գրականության, արվեստի ու գիտության, կրթության եւ ազգային ինքնագիտակցության զարգացման ու պահպանման մեջ: Ի դեպ, 405 թվականին մեծն Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո առաջին գիրքը, որ թարգմանվեց մայրենի լեզվով, Աստվածաշունչն էր:

Հայաստանը առաջնայնություն է տալիս նաեւ մշակութային արժեքների պահպանմանը, հատկապես այն մշակութային արժեքների, որոնք իրապես համաշխարհային նշանակություն ունեն: Մշակութային բազմազանությունը եւ հուշարձանների պահպանումը եւ պաշտպանությունը հատկապես կարեւոր են այն ժողովուրդների համար, որոնց պատմամշակութային հուշարձանները գտնվում են նաեւ իրենց այսօրվա պետական սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում:

Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունում քրիստոնեական հուշարձանները գտնվում են պետական հոգածության ներքո, նույնը չի կարելի ասել մեր մյուս հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին: Ողբերգական է, որ  այդ երկրներում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները, չնայած Հայաստանից եւ միջազգային կառույցների ամբիոններից հնչող մշտական ահազանգերին:

Մասնավորապես Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով ամեն ինչ արվում է, որպեսզի վերացվեն դարեր շարունակ հայերով բնակեցված տարածքների մասին հինավուրց վկայությունները: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային եղեռն:

Տարիներ շարունակ հայկական հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է նաեւ նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը:

Միջազգային հանրությունը պարտավոր է խստիվ դատապարտել նման բարբարոսական քայլերը: Դրոնք ուղղված են ոչ միայն հայկական, այլ նաեւ համաքրիստոնեական հոգեւոր արժեքների ոչնչացմանը:

Առավել ցավալի է, երբ հայկական պատմամշակութային կոթողներ են ոչնչացվում հավատակից երկրներում, մինչդեռ կարծում ենք, պիտի լիներ հակառակը, ինչպես դա արվում է շատ պետություններում, որտեղ այդ արժեքները ոչ միայն պահպանվում են, այլեւ հնարավորություն է տրվում ստեղծել նորերը:

Դատապարտելի են նաեւ Ադրբեջանի ռազմական ծախսերի հարաճուն չափն ու իշխանությունների կողմից հնչող` Լեռնային Ղարաբաղի խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ռազմատենչ հայտարարությունները: Ադրբեջանական վերջին սադրանքը, որի հետեւանքով եղան մարդկային ցավալի կորուստներ, վկայում է, որ ռազմատենչ հայտարարությունները կարող են  իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար:

Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ոգով շարունակելու համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ այդ իրավունքի իրացումը:

Կովկասը էթնոմշակութային ու կրոնական բազմազանություններով   տարածաշրջան է, եւ այս ամենով հանդերձ,  ունի լավ ներուժ` վերածելու այդ բազմազանությունը համագործակցության բազմակողմանի հնարավորությունների: Կարծում եմ` այս վեհաժողովն իր կառուցողական նպաստը կբերի այդ գործընթացին:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել բոլորիդ Հայաստանում եւ մաղթել արդյունավետ ու հետաքրքիր աշխատանք: Հուսով եմ, որ հաճույքով կծանոթանաք նաեւ մեր երկրի տեսարժան վայրերին եւ պատմամշակութային հինավուրց արժեքներին»:

Վեհաժողովի աշխատանքները ողջունեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը.

 «Հարգելի խորհրդարանականներ,

 Մենք ուրախ ենք ողջունելու ձեզ Հայոց հինավուրց հողում, քրիստոնեական առաջին երկրում, որը Տիրոջ խաչի առջեւ խոնարհվել է դեռեւս 301 թ.: Սա միայն հյուրընկալության ուրախություն չէ, այլեւ` ուրախությունն այն գիտակցումի, որ տեղի է ունենում հանդիպում ի Քրիստոս եղբայրների եւ արդիական շատ հարցերում համախոհների: Մենք հավատում ենք, որ այս հանդիպումը որպես շարունակություն Աթենքում, Սո?ֆ?իայում, Երուսաղեմում եւ Պատմոս կղզում կայացած նման ժողովների եւս օգտակարություն կունենա ներկա աշխարհի համար վճռորոշ հարցերի պատասխանների փնտրման ճանապարհին:

 Պետական գործիչների` մասնավորաբար օրենսդիրների համար արդիական կարեւորագույն խնդիրներից մեկն առնչվում է աշխարհիկ պետության գաղափարի հետ: Այսօր եկեղեցու պետությունից տարանջատվածության հասկացությունը հաճախ ընկալվում է երկու հաստատությունների` միմյանց  բացառման սկզբունքով, ինչը հանգեցնում է կրոնական հաստատություններից պետական կառույցների եւ որ ավելի ցավալի է, պետական  գործիչների օտարացմանը: Ավելին, իշխանության մարմինների, ինչպես եւ իշխանությունը կրող անձանց մեջ հիշյալ միտումը հանգեցնում է հոգեւոր կրոնական հարցերի նկատմամբ անտարբերության ձեւավորմանը: Հարցերի, որոնք ծագում են ամեն քայլափոխի վրա եւ այսպես, թե այնպես գտնվում են հետնախորքում այն խնդիրների, որոնք պետությունը փորձում է լուծել: Մենք համոզված ենք, որ անհնար է աշխարհիկ հարցերի լիարժեք վճռումը, երբ պետությունն ու նրա ծառայողները բաժանված են այն կրոնական հիմքից, որը ձեւավորել է հոգեւոր աշխարհը եւ նկարագիրը ժողովրդի, ում կյանքի ուղին նրանք կոչված են որոշելու եւ ում ձգտումները նրանք պետք է իրագործեն: Այդ պատճառով Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ Համաժողովը միավորել է այն քաղաքական գործիչներին, ովքեր անտարբեր չեն կենսական այդ խնդիրների հանդեպ ոչ միայն պետության համար ավանդական եղող քաղաքական, տնտեսական, ընկերային եւ այլ համարժեք ասպարեզներում, այլեւ` հոգեւոր ասպարեզում: Գնահատելի է, որ Համաժողովը միավորել է խորհրդարանականների, ովքեր մեկտեղում են քաղաքականությունը եւ հավատքը, օրենսդրական գործունեությունը եւ աստվածահաճո ջանքը` իրենց երկրների գերագույն օրենսդիր մարմիններում հոգեւոր աշխարհընկալման ներդրման եւ քրիստոնեական ավանդական արժեքների ամրապնդման:

Անգնահատելի է Համաժողովի գործունեությունը քրիստոնյա հնավանդ ժողովուրդների միավորման հարցում: Տարբեր երկրների խորհրդարանականների հաղորդակցումը Համաժողովի շրջանակներում, արդեն նախադրյալ է, գուցե եւ` նույնիսկ երաշխիք խաղաղության եւ եղբայրության համար այդ երկրների միջեւ, ուրեմն եւ` նշանակալի ներդրում ողջ մարդկության` վիթխարի հոգեւոր տարածության մեջ: Կարծում ենք նաեւ, որ այսպիսի հանդիպումներն ու փոխադարձ շփումները պիտի նպաստեն մեր ժողովուրդների միջեւ անհասկացողությունների եւ թյուրընկալումների հետեւանքով երբեմն առաջացող լարվածությունների ու տարաձայնությունների հաղթահարմանը: Այս առումով Մեր խոսքը վերաբերում է հայ- վրացական եկեղեցական փոխհարաբերություններին ի մասնավորի` Վրաստանի հայոց թեմին իրավաբանական պատշաճ կարգավիճակ տրամադրելու եւ հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդիրներին, ինչպես նաեւ հույն եւ հայ պատրիարքությունների միջեւ Երուսաղեմում պարբերաբար ծագող անհասկացողություններին, որոնք վստահ ենք, եւս հնարավոր պիտի լինի հարթել երկխոսության եւ փոխադարձ հասկացողության եղբայրական ոգով:

Հայ Առաքելական Եկեղեցուն մեծապես հուզող խնդիրներից է նաեւ քրիստոնեական ավանդական արժեքների հասարակական լայն շրջանակներում ներգրավվածությունը, այն է աշխարհում հոգեւոր գործոնի դերակատարության բարձրացումը, մշակույթում եւ ամենօրյա կյանքում քրիստոնեական ընկալումների ամրապնդումը, կրոնական ?մոլեռանդության հաղթահարումը, համաշխարհայնացման համահարթեցնող վտանգների դիմագրավումը: Մեզ հավասարապես հուզող խնդիրներից է նաեւ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանությունը, որոնք տարբեր կերպով արտահայտված են Սերբիայի, Կիպրոսի եւ այլ հարցերում Համաժողովի պաշտոնական փաստաթղթերում: Հիշյալ դիրքորոշման հետ է կապված այն իրողությունը, որ 1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովը առաջինն էր, որ Աթենքի կոն?ֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը:

Անհնար է թերագնահատել Համաժողովի որոշումը` դուրս գալ Եվրոպայի աշխարհագրական սահմաններից եւ ներառնել իր կազմում  Ասիայից, Ավստրալիայից, Ա?ֆրիկայից պատգամավորություններ, որոնք մասնակցում են Համաժողովի աշխատանքներին 2001 թվականից: Այդ որոշումը թելադրված է գիտակցությամբ, որ Համաժողովի համար առաջնահերթ խնդիրները համամարդկային են, եւ որ դրանց լիարժեք վճռման համար անհրաժեշտ է ներառնել նաեւ այդ շրջանների քրիստոնեական եկեղեցիները, ինչպիսիք` Ասորական, Եթովպիական, Ղպտի, Մալանկարա Եկեղեցիները, որ միավորված են Հայ Առաքելական Եկեղեցու հետ Հին կամ Արեւելյան ուղղափառության ընտանիքում: Մեր նպատակների նույնության մասին վկայում է եւ այն, որ Մեր եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի կողմից այս տարվա մարտին ստորագրված Համատեղ հռչակագրում հատկապես ընդգծված է կարեւորությունը քրիստոնեական հավատքի եւ նրա վրա հիմնված արժեքների տարածման, կարեւորությունը աշխարհի համար վճռորոշ միջքրիստոնեական եւ միջկրոնական հաղորդակցության զարգացման, անհրաժեշտությունը ջանքերի համատեղման` դիմակայելու քրիստոնեական ավանդական երկրներում կեղծ կրոնական շարժումների ներխուժմանը, կանխելու համար վնասաբեր եւ քայքայող գործողությունները տարբեր աղանդների:

Վերստին արտահայտելով Մեր ուրախությունը այսօրվա հանդիպման առիթով, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համաժողովի անդամներիդ, մաղթելով, որ Աստված աջակից լինի ձեզ` պսակելու ձեր աշխատանքները նոր ձեռքբերումներով եւ առաջընթացով: Մեր աղոթքներն ենք առաքում առ Բարձրյալը հայցով` հուշելու ուղիներ եւ առաջնորդելու այդ աշխատանքներն Իրեն հաճելի, ուրեմն եւ` միակ ճշմարիտ ուղղությամբ»:  

 ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց վեհաժողովի կազմակերպիչներին եւ ՀՀ ԱԺ ղեկավարությանը ընձեռված հնարավորության համար: Պարոն Ղուլյանի խոսքով` մեր երկիրը ավելի քան 1700 տարի  դավանում է քրիստոնեություն, որը եղել է իր նախնիների ընտրությունը եւ որի ճշմարտացիությունը ապացուցել է պատմությունը: «Մեր տարածաշրջանը պատմականորեն հանդիսանում է դժվար երկխոսության եւ քաղաքակրթությունների բախման թատերաբեմ, բայց մեզ մշտապես հաջողվել է պահպանել ազգային ինքնատիպությունը, հավատը, լեզուն եւ քաղաքական ինքնակազմակերպման ինստիտուտները»,- իր ելույթում նշեց պարոն Ղուլյանը:

Նա մտահոգություն արտահայտեց  հայ ժողովրդի` նախկին Ադրբեջանի տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանման հարցի առնչությամբ: Հայկական քրիստոնեական հուշարձանները Ադրբեջանում ոչնչացվում են: Պետական մակարդակով պատմությունը աղավաղելու  Ադրբեջանի ձգտումը, ըստ Աշոտ Ղուլյանի, անընդունելի է: Նման քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում եւ նոր դրսեւորումներ է ստանում:  Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սրտացավորեն պահպանում է այլ ժողովուրդների մշակութային արժեքները: Նա նշեց, որ օրերս ԼՂՀ մայրաքաղաքում` Ստեփանակերտում, անցկացվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու հիմնադրմանը նվիրված տոնակատարություն, իսկ Շուշիում վերակառուցվում է մզկիթ: Նա անդրադարձավ նաեւ ադրբեջանաղարաբաղյան շփման գոտում 10 օր առաջ տեղի ունեցած  ողբերգական միջադեպին, որը մարդկային զոհերի պատճառ դարձավ եւ եւս մեկ անգամ ակնհայտ դարձրեց մեր հարեւանի նպատակները` օգտագործել բանակցությունը որպես քող խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու համար: «Իմ երկիրը հասել է պետական կազմակերպվածության այնպիսի մակարդակի, որը եթե բարձր չէ, ամեն դեպքում ցածր էլ  չէ հետխորհրդային տարածաշրջանի պետություններից»,- նշեց պարոն Ղուլյանը:

Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ՈՒՄԽՎ գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Անաստասիոս Ներանտզիսը:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինի ուղերձը ընթերցեց  Մոսկվայի պատրիարքարանի  քարտուղարության ղեկավար արքեպիսկոպոս Մարկ Եգորեւսկին: Ուղերձներ էին հղել նաեւ Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը, Հունաստանի խորհրդարանի  նախագահ Ֆիլիպ Պետսալնիկոսը,  Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ  Վլադիմիր Լիտվինը,  Տիեզերական պատրիարք Նորին Սրբություն Վարֆոլոմեյը, ՍԾՏՀ ԽՎ անունից ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գոգուաձեն եւ այլք:
 
 
 
 
 


  
  
  
  
  
  
  
 


28.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Սենատի անդամ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանին
Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Սենատի անդամ, Սենատի ֆինանսների եւ էկոնոմիկայի մշտական հանձնաժողովի նախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց նրա դերն ու ներուժը հայ- ռո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am