National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.06.2010
Սկսվեց ԱԺ արտահերթ նստաշրջանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության  70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 23-ին գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան:

 ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին արտահերթ նստաշրջանի ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշումը, որից հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ազգային ժողովը շարունակեց քննարկել նախորդ  քառօրյա նիստում ընդհատված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Իրենց տեսակետները ներկայացրեցին ԱԺ խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը օրինագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրեց Անահիտ Բախշյանը: Նա առաջարկեց 1-ին հոդվածի առաջին բաժնից հանել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» արտահայտությունը եւ 3-րդ բաժինն ամբողջությամբ: Խմբակցությունը երկլեզվյան կրթությունը ընդունելի է համարում միայն ավագ դպրոցում: Տիկին Բախշյանի գնահատմամբ` միջազգային չափանիշների մի քանի «էլիտար» դպրոց ունենալով` հնարավոր չէ բարձրացնել հանրակրթության որակը:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Նա առաջարկեց օտար լեզվով ուսուցմամբ դպրոցների քանակը նվազեցնել: Նման դպրոցներ ունենալու նպատակահարմարությանն ակնհայտ է. դա հնարավորություն կստեղծի ոչ թե դրսում, այլ հենց Հայաստանում ստանալ բարձրակարգ կրթություն: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա եւ սիրի իր մայրենի լեզուն, իսկ այլընտրանքային դպրոցները չեն կարող խաթարել այդ սերն ու նվիրվածությունը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար  Վահան Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանում գիտելիքը արժեք չունի եւ չի գնահատվում: Հարց է առաջանում. այլընտրանքային այդ դպրոցների շրջանավարտը եթե անգամ բարձրակարգ գիտելիք ստանա, որտեղ պետք է կիրառի դա : Ոչ ոք դեմ չէ բարձրակարգ դպրոցներին եւ լեզուների խորացված ուսուցմանը, բայց «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ավելորդ է. պետք է խուսափել դրանից` նվազեցնելով հետագա վտանգների հնարավորությունը: Եթե առաջարկը չընդունվի, խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ խմբակցության նիստը նոր է ավարտվել, եւ վերահաստատվել է խմբակցության դիրքորոշումը: Պարտադիր կրթությունը Հայաստանում 9 տարի է. այդ ընթացքում աշակերտը պետք է գիտելիք ստանա մայրենի լեզվով: Ավագ դպրոցում կարելի է փորձարարական քայլեր կատարել` չվնասելու պայմանով: Խմբակցությունը դեմ չէ, որ միջազգային երկու դպրոցներ ստեղծվեն Դիլիջանում եւ Ջերմուկում` պայմանով, որ դրանք հետագայում չպետք է մասնաճյուղեր ունենան: Կարեւոր է, որ այլընտրանքային դպրոցներում սովորեն նաեւ փող չունեցող օժտված երեխաները: Խմբակցության տեսակետը նույնն է մնացել, եւ եզրափակիչ ելույթից կախված կլինի իրենց խմբակցության դիրքորոշումը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ ինչ փոփոխություն էլ որ լինի, հայ ազգային դպրոցի գաղափարը չի կարող շրջանցվել: Խմբակցությունը պատրաստ է մինչեւ 2-րդ  ընթերցում հարցը նորից քննարկել քաղաքական ուժերի եւ մասնագետների հետ, իսկ այժմ խմբակցությունը առաջարկում է նախատեսվող դպրոցների քանակը կրճատել` դարձնելով 11-ը, որից 9-ը ավագ դպրոցների հիմքի վրա, իսկ 2-ը մասնավոր դպրոցներ կլինեն, որտեղ օտար լեզուներով ուսուցումը կսկսվի 7-րդ դասարանից:

Եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց մինչեւ երկրորդ ընթերցում լսել եւ ընթացք տալ այն առաջարկներին, որոնցում իրավաբանորեն կհիմնավորվի առանց «լեզվի մասին» օրենքում փոփոխության հարցի լուծումը: Իսկ մինչ այդ նա առաջարկեց կողմ քվեարկել օրինագծին: Պարոն Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ կառավարությունը կողմ է նախատեսված 15 դպրոցների քանակը կրճատելուն` դարձնելով 11 դպրոց, որից երկուսը կլինեն ոչ պետական հաստատություններ, որտեղ օտար լեզուներով ուսուցումը կսկսվի 7-րդ դասարանից: Դրանք տեղաբաշխված կլինեն Դիլիջանում եւ Ջերմուկում, իսկ մնացյալ 9-ը կգործեն ավագ դպրոցի հիմքի վրա:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» եւ մի քանի տասնյակ  օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը:

 Բանախոսի գնահատմամբ`  նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայամանավորված է գործող պետական կենսաթոշակային համակարգի եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հիմքում դրված մոտեցումների ու սկզբունքների անհամապատասխանությամբ, ինչպես նաեւ ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով եւ Կայուն զարգացման ծրագրով պետական կենսաթոշակային համակարգում նախատեսվող փոփոխություններով, եւ նպատակ ունի պետական կենսաթոշակային համակարգի գործունեության սկզբունքները համապատասխանեցնել կենսաթոշակային ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը:

ՀՀ կենսաթոշակային գործող համակարգը սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող բաշխողական համակարգ է: Գործող օրենքի համաձայն` պետական կենսաթոշակային համակարգը ընդգրկում է պետական (պարտադիր) կենuաթոշակային ապահովագրությունը եւ պետական կենսաթոշակային ապահովությունը: Վերջին տարիներին պետական կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման սկզբունքների եւ կենսաթոշակային ոլորտի կառավարման համակարգի  փոփոխությունների արդյունքում օրենքի հիմքում դրված մոտեցումները ամբողջությամբ կիրառելի չեն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունումը բխում է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի ներդրման, դրա կառավարման եւ պետական կարգավորման անհրաժեշտությունից: ՀՀ-ում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, որը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից: Միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները, նպատակ ունենալով դրանք հասցնել արժանավայել մակարդակի: Սույն օրենքով ներդրվող համակարգը միջազգային պրակտիկայում կիրառվող լավագույն փորձի օրինակ է, որի կիրառմամբ անմիջական կապ է ստեղծվում մարդու եկամուտների եւ կենսաթոշակի միջեւ: Միեւնույն ժամանակ կուտակային կենսաթոշակային համակարգը ապահովում է մարդու աշխատունակ տարիքում եկամտի եւ կենսաթոշակային տարիքում կենսաթոշակի միջեւ էական տարբերության բացառումը: Այն քաղաքացիները, ովքեր 40-ից  բարձր տարիք ունեն, կամավոր մասնակցություն կարող են ունենալ կուտակային կենսաթոշակային ձեւին: Կուտակային ամսական վճարը կկազմի աշխատավարձի 10 տոկոսը, որի 5 տոկոսը կիրականացվի պետական մասնակցությամբ, եթե դա չի գերազանցում 25 հազ. դրամը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ ժողովրդագրական անբարենպաստ միտումներով` ծնելիության կրճատմամբ, 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքով, ինչպես նաեւ այն փաստով, որ «Ծնելիության Բումի» սերունդն առաջիկա տարիների ընթացքում համալրելու է կենսաթոշակառուների բանակը: Հարկ է նշել, որ կյանքի սպասվող միջին տեւողությունը ավելանալու միտում ունի: Այս փաստերի համադրության դեպքում կարելի է տեսնել, որ միջին եւ երկարժամկետ ապագայում պետության համար բավականին բարդ կլինի ապահովել կենսաթոշակների արժանավայել մակարդակը եւ պարբերական աճը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել մի համակարգ, որը միջին եւ երկար ժամկետում կապահովի կայուն եւ ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ` ապահովելով աշխատողների եւ կենսաթոշակառուների կյանքի որակի ճեղքվածքի նվազումը, ինչպես նաեւ կստեղծի տնտեսությունում երկարաժամկետ ներդրումների համար հիմք:

Հարակից զեկուցմամբ հանդես գալով` խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն անդրադարձավ կենսաթոշակային բարեփոխումների եւ կուտակային համակարգի հիմնական սկզբունքին: Նոր համակարգի ներդրմամբ` քաղաքացու եկամուտը եւ սոցիալական վճարումները ուղղակի կապ  կունենան նրա կենսաթոշակի հետ, քաղաքացին հնարավորություն կունենա ընտրելու իր միջոցների կառավարման քաղաքականությունը եւ ազդելու իր կենսաթոշակի չափի վրա: Բանախոսի համոզմամբ` կուտակային վճարը հարկատեսակ չէ, պետությունը քաղաքացուց վերցնում է վճար  իր իսկ երաշխավորությամբ հետագայում այն կենսաթոշակի տեսքով նրան վերադարձնելու պայմանով:

Հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական է: Հակոբ Հակոբյանը նշեց, որ, չնայած բազմաթիվ քննարկումներին եւ լրամշակումներին, առաջին ընթերցմամբ ընդունմանը կհետեւեն տարբեր ձեւաչափերով քննարկումներ հասարակության հետ:

Փաթեթի մասին տեսակետ հայտնեց 6 պատգամավոր:

Նրանց ելույթներում հնչեցին այսօրինակ մեծածավալ եւ արմատական փոփոխություններով փաթեթը արտահերթ նստաշրջանում անցկացնելու` կառավարության մոտեցման վերաբերյալ մտահոգություններ: Պատգամավորներից ոմանք խոսեցին խորհրդային տարիներին ավանդների կուտակման նախադեպի մասին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք չփոխհատուցվեցին համարժեքորեն, եղավ աջակցություն սոցիալական որոշ խմբերի: Փաթեթը վերաբերվում է սերունդներին, հետեւաբար մեծ է պատասխանատվությունը նրա նկատմամբ, բարձրաձայնեցին օրենսդիրները խորհրդարանի ամբիոնից:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը առաջարկեց  նախ կիրառել կամավոր կուտակային կենսաթոշակի մոդել, այն էլ` փորձնականորեն: Վահան Հովհաննիսյանը տեսնում է այս  խնդրի մասին հասարակության կարծիքն իմանալու անհրաժեշտություն եւ առաջարկեց անցկացնել հանրաքվե` հաշվի առնելով խնդրի կարեւորությունը եւ ներքին կյանքի բոլոր ոլորտների վրա դրա ազդեցությունը: Խմբակցության ղեկավարը համաձայնեց կառավարության հետ հարցում, որ կենսաթոշակային համակարգը լուրջ բարեփոխվելու անհրաժեշտություն ունի: Նա  կուտակային կենսաթոշակի մոդելի համար ռիսկային գործոններ համարեց ֆինանսական եւ աշխատանքնային շուկաների փոփոխությունները:

Եզրափակիչ ելեույթում Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց, որ 2011 թվականից է գործելու  կենսաթոշակի կուտակային կամավոր տարբերակը, իսկ պարտադիրը նախատեսվում է կիրառել միայն 2014 թ-ից սկսած: Նա հանձնաժողովի անունից պատգամավորների առաջարկությունները եւ մտահոգությոնները լսելու եւ քննարկելու պատրաստակամություն հայտնեց:

Պատգամավորները եզրափակիչ մյուս` կառավարության ներկայացուցչի ելույթը կլսեն արտահերթ նստաշրջանի հաջորդ նիստում` հունիսի 24-ին:
 


23.06.2010
Հանդիպում ԵԽԽՎ նախագահի մոտ
Հունիսի 22-ին, ինչպես եւ ծրագրված էր, Ստրասբուրգում  ԵԽԽՎ նախագահի մոտ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ:  Նախորդ հանդիպման ժամանակ հայկական կողմի առաջարկության համաձայն հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմով` երկու կողմից էլ մա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am