National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.06.2010
ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի քննարկումները Ազգային ժողովում
1 / 3
Հունիսի 18-ին  ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման խոսքում ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագիրը հավանության է արժանացել Վիեննայի ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ծրագիրը շատ ընդգրկուն է եւ ներառում է կառուցվածքային, կազմակերպչական, հակակոռուպցիոն, կրթական, ճանապարհային երթեւեկության անվտանգության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, քաղաքացիություն ստանալու, ոստիկանության նկատմամբ բնակչության վստահության, ոստիականության աշխատողների սոցիալական ու իրավական պաշտպանության ոլորտների բարեփոխումներին առնչվող խնդիրներ:

Պարոն Կարապետյանը նշեց նաեւ, որ ծրագիրն իրականացնելու համար  մոտ 20 օրինագծերի եւ կառավարության մի շարք որոշումների ընդունման անհրաժեշտություն կառաջանա: Բանախոսի գնահատմամբ` որքան էլ ծրագիրը մանրակրկիտ մշակված լինի, նրա հաջող իրականացումը պայմանավորված կլինի հասարակության լայն շերտերի  ակտիվ մասնակցությամբ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը բարձր գնահատեց ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը, ինչը, նրա գնահատմամբ, հավակնոտ է ու համարձակ: ԵԱՀԿ-ն սատարում ու իր աջակցությունն է հայտնում այս ծրագրին, որի հաջողությունը պայմանավորված կլինի նախ եւ առաջ համակողմանի ու ներդաշնակ բարեփոխումներով ու հասարակության վստահության մակարդակով: Նա կարեւորեց ծրագրի շրջանակներում համայնքային ոստիկանության ներդրումը, ոլորտի կրթական բարեփոխումները, ոստիկանության եւ ԶԼՄ-ների միջեւ ակտիվ ու անկաշկանդ հարաբերությունների ձեւավորումը, թափանցիկությունը: Պարոն Կապինոսը համոզմունք հայտնեց, որ ՀՀ քաղաքացիների համար այս բարեփոխումները միանգամայն ընդունելի կլինեն եւ նրանք պատրաստ կլինեն նոր ձեւով մտածելու այս ոլորտի դերի ու նշանակության ու նրան աջակցելու մասին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ ոստիկանության ոլորտում բարեփոխումների հիմք է դարձել ՀՀ նախագահի` 2009 թ. մայիսի 6-ի կարգադրությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացման համատեքստում ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ: Այնուհետեւ ուսումնասիրվել է եվրոպական երկրների, մասնավորապես Դանիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի փորձը, եւ բազմաթիվ առաջարկների հաշվառումով աշխատանքային խումբը  ծրագիր է ներկայացրել: Մոտ 2 ամիս է, որ այն սկսվել է եւ նախատեսվում է ավարտել 2 տարում: Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը բխում ոստիկանության ոլորտի բարեփոխումների եւ Հայաստանի զարգացման տրամաբանությունից. դա նախ եւ առաջ մեր երկրի խնդիրն է, ուստի շատ-շատերի նման գիտակցումն էլ դառնալու է ծրագրի բարեհաջող իրականացման հիմք:

Նա տեղեկացրեց, որ կառուցվածքային ու կազմակերպչական բարեփոխումներով նախատեսվում է համայնքային ոստիկանության ստեղծում: Նման երկու հենակետեր արդեն ստեղծվել են Արաբկիր համայնքում: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր հենակետ պետք է սպասարկի 20-30 հազ. բնակչի: Սրանք ոչ միայն տեղեկատվական ծառայություններ պիտի իրականացնեն, այլեւ արագ արձագանքման խնդիրներ լուծեն: Նա կարեւորեց նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության ներդրումը ոլորտում, կրթական, ճանապարհային երթեւեկության անվտանգության բարեփոխումները, քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիային, ինտերնետային հանցագործությանը, թմրամիջոցների դեմ պայքարին, ոստիկանի իրավական, սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրների արդյունավետ լուծումը:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բաբկեն Ոսկանյանը ներկայացրեց բարեփոխումների ծրագրի ստեղծման պատմությունը ու ծրագրի իրականացման առաջին քայլերը: Նա հավաստիացրեց, որ Ազգային անվտանգության խորհուրդը, որը 2009 թ. հոկտեմբերին հավանության է արժանացրել ծրագիրը, շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել եւ սատարելու է նրա արդյունավետ իրականացմանը:

«Ազգային իրավական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիրաբ Խաչատրյանը ծանոթացրեց իրենց կազմակերպության` մարզերում իրականացրած ուսումնասիրության արդյունքներին, որոնք վերաբերում էին ոստիկանության մարմինների եւ ԶԼՄ-ների փոխհարաբերություններին: Նրա գնահատմամբ` ոստիկանության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համագործակցությունն ու փոխվստահությունը պետք է մեծացնել եւ դաշտը դարձնել ավելի թափանցիկ:

ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հավաստիացրեց, որ ՀՀ ոստիկանության բարեփոխումներին վերաբերող այս լսումները վերջինը չեն լինի. ավելին` հանձնաժողովը պարբերաբար կանդրադառնա ծրագրի իրականացման առանձին փուլերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am