«ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ անցկացվում է ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոն, որը նվիրված է հայ ազգային պոեզիային: Հայաստանի մարզերի, Ջավախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան 2000 դպրոցականներ արդեն մասնակցել են փառատոնի առաջին փուլին:
Հոկտեմբերի 20-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ մեկնարկեց փառատոնի երկրորդ փուլը: Արարատի, Արտաշատի եւ Մասիսի դպրոցների 28 ներկայացուցիչներ արտասանեցին Չարենցի, Իսահակյանի, Սահյանի, Սեւակի ստեղծագործություններից: Արարատի մարզային փուլի մասնակիցներից վեցը ճանաչվեցին հաղթողներ, որոնք ներկայացնում էին 11-13 եւ 14-17 տարիքային խմբերը: Մասնակիցներն ու հաղթողները պարգեւատրվեցին գրքերով ու ծաղիկներով: Արարատի մարզային փուլի հաղթողները կմասնակցեն փառատոնի եզրափակիչ փուլին, որը կկայանա դեկտեմբերին: