Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հենկ Յան Օրմելի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ հարկի ներքո` խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ-նիդեռլանդական միջխորհրդարանական համագործակցությունը: Նա մասնավորապես կարեւորեց այդ երկրի խորհրդարանի «Արեւմուտք-Արեւելք» միջխորհրդարանական համագործակցության ծրագիրը, որի շրջանակներում 2008թ. արդեն իրականացվել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Նիդեռլանդներ:
Պարոն Հ.Յ. Օրմելը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Նիդեռլանդների խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները: Զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել երկու խորհրդարանների համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի եվրոպական ինտեգրման եւ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու վեհ նպատակների:
Այնուհետեւ պարոն Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` պատասխանելով իր հյուրերի բազմաթիվ հարցերին:
Հանդիպմանը նաեւ մասնակցեց Ազգային ժողովի պատգամավոր Վոլոդյա Բադալյանը: