Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով Ազգային ժողովում էին Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` ծանոթանալու օրերս խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին, որոնք անմիջականորեն առնչվում են ազգային փոքրամասնություններին:
Ներկայացնելով հանդիպման նպատակը, Արմեն Աշոտյանն ասաց, որ առաջարկվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխել ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվող հաղորդումների ժամաքանակը եւ ամրագրել հեռուստատեսային հաղորդումների համար շաբաթական մինչեւ 2 ժամ սահմանագիծը, ռադիոյի համար` օրական մինչեւ 2 ժամ սահմանագիծը: Նա նշեց, որ հեռարձակվող հաղորդումները կլինեն պարտադիր եւ կուղեկցվեն հայերեն լուսագրերով:
Օրենքում նախատեսված փոփոխություններն արժանացան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հավանությանը եւ այդ կապակցությամբ առաջարկություններ կամ դժգոհություններ չեղան: Փոխարենը հյուրերը խոսեցին այլ` կրթամշակութային, սոցիալական, վարչատարածքային ոլորտներին առնչվող խնդիրներից: Հանձնաժողովի նախագահն առաջարկեց կրթամշակութային խնդիրներին առնչվող հարցերը ներկայացնել գրավոր: Հյուրերն անդրադարձան նաեւ հեռուստառադիոհաղորդումների պատրաստման հարցերում առկա խնդիրներին, որոնց լուծման նպատակով Արմեն Աշոտյանն առաջարկեց քննարկում կազմակերպել նաեւ իրավասու անձանց հետ:
Այս օրինագծից բացի, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին առաջարկվեց ծանոթանալ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վիկտոր Դալլաքյանի, Հեղինե Բիշարյանի եւ Լիլիթ Գալստյանի հեղինակած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որը եւս առնչվում է ՀՀ ազգային փոքրամասնություններին: