National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.12.2008
Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ  Ազգային ժողովն սկսեց ԱԺ չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը: Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները ձեռնամուխ եղան երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը:

Պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց  համահեղինակ Արտյուշ Շահբազյանը, նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ստացվել:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գագիկ Աբրահամյանը:

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  կառավարության օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Նա տեղեկացրեց, որ օրինագծում ավելացվել են հոդվածներ, որոնցով առաջարկվում են մասնավորեցման ցանկում ներառել նաեւ Արմավիրի մարզում գտնվող «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ն, Երեւանում գտնվող «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն, Մարտունիում գտնվող «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն, Երեւանում գտնվող «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, Երեւանում գտնվող «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 2,35 տոկոսը եւ «Ստեփանավան» օդանավակայան ՓԲԸ-ն: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն  օրինագծին տվել է դրական եզրակացություն: Ավելացված հոդվածները քննարկվեցին առաջին ընթերցմամբ, ապա օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցման ընթացակարգով:
 
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը` նշելով, որ ստացված 20 առաջարկների մեծ մասն ընդունվել է, չընդունվածների առնչությամբ տրվել են պարզաբանումներ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին տեղեկացրեց Զարուհի Փոստանջյանը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Օրինագծում ամրագրված մի դրույթով սահմանվում է, որ «ՀՀ կառավարությունը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համաձայնությամբ` քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր»: Այս դրույթն անընդունելի համարեց «Ժառանգություն» խմբակցությունը, որի անունից ելույթ ունեցավ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւ տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու  օրինագծին, քանի որ նման մոտեցումը կարող է «վարակիչ լինել»:

Եզրափակիչ ելույթում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հավաստիացրեց, որ քաղաքացիների իրավունքներին եւ պարտականություններին առնչվող ցանկացած պայմանագիր եւ համաձայնագիր կներկայացվի նաեւ հայերեն:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկեցին ՀՀ նախագահի կողմից առաջարկված «Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի կանոնադրությունը հաստատելու մասին» պայմանագիրը, որը ստորագրվել է 2007 թվականի մայիսի 11-ին:  Դրա նպատակը, ինչպես նշեց նախարարը, սպորտի զարգացումն է եւ եվրոպական երկրների հետ համագործակցության ամրապնդումը:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց  Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Օրինագծով սահմանվում է, որ մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի չափանիշ: Այսօր քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են` հիմնականում բավարարելով աշխատանքային ստաժի վերը նշված չափանիշը: Նախագծով նախատեսվում է նշված ժամկետը երկարաձգել` չսահմանափակելու համար քաղաքացիների մասնակցությունը քաղաքացիական ծառայության համար անցկացվող մրցույթներին: Բացի այդ, հստակեցվում են նաեւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող դրույթները, որոնք վերաբերում են կարգապահական տույժերի նշանակմանը, կիրառմանը եւ ատեստավորման գործընթացին:  Պարոն Բադալյանը տեղեկացրեց, որ «2009 թվականի հունվարի 1-ը» ժամկետն առաջարկվում է փոխարինել «2015 թվականի հունվարի 1-ը»-ով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը բարձրաձայնեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս շահույթ ստանալու նպատակով գյուղացիական ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են ստեղծել իրավաբանական անձ կամ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, ինչը  առաջացնում է բյուրոկրատական քաշքշուկներ եւ ժամանակի կորուստ:  Նախագծով բերված փոփոխությունները, ըստ հիմնական զեկուցողի, գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց իրավունք կտան զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` առանց անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ իրավաբանական անձ կազմավորելու: Իր ելույթում պարոն Դանիելյանը նշեց նաեւ, որ գյուղացիական տնտեսությունները կարող են ստեղծվել բացառապես կամավորության սկզբունքով եւ չսահմանափակելով որեւէ անձի իրավունքները:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտյուշ Շահբազյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցավ պատգամավոր Արծվիկ Մինասյանը. ըստ նրա, ներկայացված օրինագծի որոշ դրույթներ լարվածություն կառաջացնեն հասարակության մեջ, հստակեցված չէ նաեւ, թե ինչ է գյուղացիական տնտեսությունը: Լարիսա Ալավերդյանը, խոսելով մասնավորեցման գործընթացի օգուտներից եւ վնասներից, նշեց, որ անհեռանկար է գյուղատնտեսական գործունեությունը մասնատված հողատարածքների վրա: Տիկին Ալավերդյանի համոզմամբ` կա գյուղացիական տնտեսությունների զարգացման միջոցով սահմանամերձ համայնքների ուժեղացման խնդիր: Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ կառավարությունը շտապողականություն է ցուցաբերում օրենսդրական փաթեթի ընդունման հարցում: Ըստ նրա` փաթեթի ընդունումը գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին հաշվառելու նպատակ է հետապնդում: Դավիթ Հարությունյանը եւս շտապողականություն է նկատում փաթեթի ընդունման հարցում: Նրան մտահոգում էր` համատեղ գործունեության պայմանագիրը չհաշվառելը կենթադրի արդյո՞ք սահմանված կարգի խախտման համար նախատեսված տուգանքներ: Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում արդեն իսկ կարգավորված է համատեղ գործունեության պայմանագրի կնքումը, իսկ այս նախագծով հստակ չէ, թե պայմանագրի հնարավոր մասնակից երրորդ անձը ում հետ պետք է ճշտի իր իրավահարաբերությունները: Ըստ պարոն Հարությունյանի` նախագիծը նման ձեւակերպմամբ ընդունելի չէ: Վարդան Այվազյանին եւս հետաքրքրում էր համատեղ գործունեության պայմանագիրը չհաշվառելու իրավական հետեւանքները, նա առաջարկում է գտնել կազմակերպաիրավական  արդյունավետ ձեւ, որը կկարգավորի գյուղացիական տնտեսությունների միջեւ հարաբերությունները:
 
«Ժառանգության»  տեսակետը ներկայացնելով Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց գործընկերներին դեմ քվեարկել օրենսդրական փաթեթի ընդունմանը, իսկ կառավարությանը` ետ վերցնել այն. նշվեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում համանման եւս մեկ օրինագիծ կա: Պատգամավորն առաջարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպել գյուղացիական տնտեսությունների համար հարկային պարտավորություններ սահմանող նախագծերի քննարկման նպատակով:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, անդրադառնալով պատգամավորների հարցադրումներին, նշեց, որ փաթեթը ամիսներ շարունակ քննարկվել է եւ  կառավարությունը պատրաստ է նախագծերը քննարկել շահագրգիռ կողմերի հետ:

Կառավարության ներկայացրած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմամբ, քաղաքական որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության ապահովմամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցմամբ: Օրինագծով պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար կարող է անցկացվել հանրաքվե ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ ՀՀ նախագահի համաձայնությամբ: Նախարարն ընդգծեց, որ անցկացվելու է խորհրդատվական հանրաքվե:

Պատգամավորների հարցադրումները վերաբերում էին խորհրդատվական հանրաքվեի անցկացման միջազգային փորձին եւ կիրառման արդյունավետությանը, հանրաքվեի իրավական հետեւանքներին, քաղաքացիների` հանրաքվե նախաձեռնելու իրավունքին եւ այլն:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի դեկտեմբերի 2-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am