Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը ներկայացրեց «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ մասնակցել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքին: Առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ` փորձելով քննարկել հայ ռազմագերիներին առանց որեւէ նախապայմանի եւ անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը: «Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են»,- նշեց պատգամավորը:
Խորհրդարանը հաստատված օրակարգով սկսեց աշխատանքը: