ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադիլ Ախմետովը եւ Հակասեմականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչների այցը Հայաստանի խորհրդարան՝ հավաստիացնելով, որ մեր երկիրը եւս նվիրված է այն արժեքներին, որոնց հետամուտ է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքները երկար տարիների պատմություն ունեն եւ, եթե անգամ փոքրաթիվ են, միեւնույն է, իրենց զգում են ինտեգրված, իսկ նրանց ներկայացուցիչներն ապրում են ՀՀ քաղաքացու լիարժեք կյանքով:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, հանդիպումը գնահատելով լավ հնարավորություն՝ քննարկելու համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նկատեց, որ մեծ է ԵԱՀԿ-ի դերը մարդու իրավունքների զարգացման, ժողովրդավարության խորացման գործում: Ինչպես նշեց Էլինար Վարդանյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են ազգային փոքրամասնությունների խնդիրները, եւ դրանք անպայման հաշվի են առնվում նաեւ օրենսդրական նախաձեռնություններ մշակելիս:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հակասեմականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը տեղեկացրեց, որ իրենց աշխատանքն անմիջականորեն առնչվում է տարաբնույթ խտրականությունների խնդրին, եւ ԵԱՀԿ-ն մեծ աշխատանք է կատարել այս երեւույթների դեմ պայքարելու համար: Նա նշեց, որ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքների հետ եւ խնդրելու են ներկայացնել իրենց փորձը: Հայաստանի մասին ներկայացվելիք զեկույցի մեջ տեղ են գտնելու նաեւ ՀՀ կառավարության եւ խորհրդարանի դիրքորոշումները խտրականությանն առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը ներկայացրեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության փորձը: