Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Թոմաս Լուքին:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց դեսպանին` նշանակման առիթով եւ վստահություն հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում:
Հայաստանում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուքը, շնորհավորելով ԱԺ նախագահին իր բարձր պաշտոնում ընտրության առիթով, վստահեցրեց նրան, որ Էստոնիան ցանկանում է Հայաստանի հետ հնարավորինս զարգացնել հարաբերությունները, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն: Էստոնացիները շատ լավ գիտեն Հայաստանի պատմությունը, անցյալն ու ներկան եւ լինելով փոքր պետություն` շահագրգիռ են օժանդակել մեկ այլ փոքր պետության առաջընթացին: Պարոն Լուքը որպես Հայաստանի դեսպան հանձն առավ նպաստել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` նշելով, որ մի քանի փոխայցերից հետո Էստոնիայի խորհրդարանում նախատեսվում է քննարկում Հայաստանի հետ կապերի խորացման հարցի շուրջ: Էստոնիան պատրաստ է ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում նպաստել Հայաստանի եվրաինտեգրմանը, նաեւ Հայաստանի հետ երկկողմանի կապերի զարգացումն է համարում փոխշահավետ:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Էստոնիայի փորձը, որպես Եվրամիության անդամ երկիր եւ Էստոնիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին: Նշվեց, որ Էստոնիայի ու Մերձբալթյան երկրների փորձը Հայաստանում իրականացվող բարեփոխումներում միշտ գնահատվել եւ օգտագործվել է` տեղական առանձնահատկությունների հաշվառումով: Նա անդրադարձավ նաեւ առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերի զարգացմանը, որի բոլոր հնարավորությունները կան: Պարոն Աբրահամյանը պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Էստոնիայի խորհրդարանի նախագահին` նշելով, որ փոխայցելությունները մեծապես նպաստում են կապերի ամրապնդմանը: Աժ նախագահը կարեւոր նշանակություն է տալիս նաեւ միջազգային կառույցներում երկու խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցությանը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Աժ նախագահը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, նշելով, որ հարաբերությունների նորմալացմանն էր ուղղված ՀՀ նախագահի հրավերը Թուրքիայի նախագահին Երեւանում ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու: Այնուհանդերձ` որեւէ գործնական առաջարկ Թուրքիան դեռ չի արել սահմանների բացման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման առնչությամբ կարեւորվեց Մոսկվայում երեք նախագահների ստորագրած հռչակագիրը, որը հաստատում է հարցի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծման անհրաժեշտությունը:
Հայաստանում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուքի գնահատականով եւս ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ դեր ունի հակամարտության հաղթահարման գործում եւ Էստոնիան էլ պատրաստ է նպաստել այդ գործընթացներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: