Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ստեպան Սուխորենկոյին:
Դեսպանն Աժ նախագահին փոխանցեց Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախկին նախագահների շնորհավորական ուղերձները` իրազեկելով, որ Բելառուսում խորհրդարանական նոր ընտրությունների արդյունքում երկու պալատների նախագահներն էլ փոխվել են: Իր կողմից էլ շնորհավորելով Աժ նախագահին` պարոն Սուխորենկոն վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններն այսուհետ առավել արդյունավետ կզարգանան` նոր որակ ձեռքբերելով:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց դեսպանին Հայաստանում նշանակման առիթով ու հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում` նշելով, որ նա մշտապես կունենա խորհրդարանի ու անձամբ իր աջակցությունը: Կարեւորելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը` Աժ նախագահը նշեց ընտրությունների պատճառով հետաձգված միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կայացման կարեւորությունը: Նա իր շնորհավորանքները փոխանցեց Բելառուսի Հանրապետության խորհրդի նորընտիր նախագահ Բորիս Բատուրային եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին: Կարեւորելով փոխայցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման համար` Աժ նախագահը նրանց պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ կարեւորեցին առեւտրատնտեսական, գիտակրթական ու մշակութային կապերի զարգացումը, որոնց կարող են մեծապես նպաստել միջխորհրդարանական հարաբերությունները: