National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.11.2008
Խորհրդարանական ճեպազրույցները
Նոյեմբերի 14-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար ԱԺ աշնանային  նստաշրջանի հերթական քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին ԼՂ հիմնահարցում մադրիդյան սկզբունքների կիրառմանը, Արցախի ազատագրված յոթ շրջանների հանձնման վերաբերյալ հայտարարություններին,  «2009 թ. պետական բյուջեի մասին» նախագծին:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցում մադրիդյան սկզբունքների կիրառմանը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ Ղարաբաղյան խնդրում չի տեսնում վտանգավոր իրողություն հատկապես Մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո, որը բազում խնդիրներ է լուծում հետագա բանակցային գործընթացի համար: Ըստ նրա` հռչակագիրը պատմական փաստաթուղթ է: Նա նշեց, որ նման փաստաթուղթ ստորագրվել է 1994 թ. հրադադարի կապակցությամբ, որը պայմաններ է ստեղծել Հայաստանում սոցիալ-տնտեսական քաղաքականության ակտիվացման համար: Նրա համոզմամբ` Մոսկովյան հռչակագիրը պատերազմը բացառող փաստաթուղթ է, որը ակտիվ կայունության ժամանակաշրջան կընձեռի մեր պետությանը:

ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցն ասաց, որ հայկական կողմը բազմիցս հաստատել է, որ Հայաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը վախենում է ռազմական միջամտությունից: Նա նշեց, որ գերադասելի է հարցի բանակցային կարգավորումը: Ըստ նրա` Մոսկովյան հռչակագիրը պարտադիր իրագործման կետ չունի: Մոսկովյան հռչակագիրը հաստատում է, որ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական կամ բանակցային ճանապարհով: Պարոն Ադոնցի կարծիքով` մադրիդյան սկզբունքներ չկան, կան մադրիդյան  առաջարկություններ: Սկզբունքները կլինեն, երբ կսկսվի բանակցություններ մադրիդյան առաջարկությունների հիման վրա, իսկ սկզբունքների ձեւավորմանը Ղարաբաղյան կողմի ներկայությունը եւ մասնակցությունը պարտադիր է: Նա գտնում է, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը ամենաարդյունավետն է պահպանելու համար ԼՂ բանակցային գործընթացը: Նրա խոսքով` հակամարտությունը պետք է կարգավորվի համագործակցության միջոցով: Պարոն Ադոնցը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որը չի ապահովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բնակչության անվտանգությունը, Հայաստանի հետ կապը: 
  
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ մադրիդյան սկզբունքների վրա պետք է հիմնվի որոշումը, ուստի տագնապալի տրամադրության պատճառ չկա, քանի որ որոշման մասին չէ խոսքը, այլ սկզբունքների: Մադրիդյան սկզբունքներում ՀՅԴ-ն դեմ է տարածքներ հանձնելուն: Պարոն Հովհաննիսյանը կարեւորեց հայ փախստականների` սեփական տարածքում սեփական տուն ունենալու իրավունքը եւ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը: 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը կողմ է փոխզիջումներին: Ըստ նրա` վաղ է խոսել ազատագրված յոթ տարածքների հանձնման մասին, քանի որ բանակցային սեղանին դրված չէ որեւէ տարածքի անուն. երբ կսկսվեն քննարկումները, այդ ժամանակ կտրվի գնահատական: Տիկին Բիշարյանը ԼՂ հարցում կարեւորեց ժողովրդի հավաքական գնահատականը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» մտահոգություն է հայտնել Մոսկովյան հռչակագրի որոշ դրույթների վտանգավորության վերաբերյալ. 14 տարվա ընթացքում առաջին փաստաթուղթն է, ուր ԼՂ ստորագրությունը բացակայում է: Ըստ նրա` եթե հռչակագիրը ողջունում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, ապա տարօրինակ է, որ հռչակագրի տակ Մինսկի համանախագահ երկրներից միայն Մոսկվայի ստորագրությունը կա: Պարոն Սաֆարյանի համոզմամբ` դա բանակցային գործընթացի ձեւաչափի ձեւախեղումների հնարավորություն է ընձեռում այն դեպքում, երբ Հայաստանը ԼՂ հիմնահարցի լուծման լավագույն տարբերակը պաշտոնապես հռչակել է Մինսկի ձեւաչափը: Խմբակցության քարտուղարը մադրիդյան սկզբունքներին տեղյակ է ոչ պաշտոնական աղբյուրներից: Ըստ Ստյոպա Սաֆարյանի` եթե իշխանությունները «Ժառանգություն» խմբակցության մտահոգությունները մադրիդյան սկզբունքների վերաբերյալ անհիմն են համարում, ապա պետք է պաշտոնապես հրապարակեն այդ սկզբունքները, որոնք անհրաժեշտ են, դրական ու ողջունելի եւ հիմք են ծառայում բանակցությունները շարունակելուն:
 
Խոսելով «2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագծից` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ բյուջեի նախագծում հնարավոր չէր ամբողջապես ներառել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձի հիմնադրույթները: ՀՀ վարչապետը պահուստային եւ գործող բազմաթիվ ծրագրեր է մատնանշել, որոնք նախագծում չկային, բայց ուղերձում արտացոլված էին: Այդ ծրագրերը պետք է ապահովեն երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության կայունությունը:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու «2009 թ. պետական բյուջեի մասին» նախագծին: Նշվեց, որ խմբակցության պատգամավորները իրենց մտահոգություններն արտահայտել են բյուջետային քննարկումների ժամանակ: Ըստ նրա` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայեցակարգային ելույթ ներկայացրեց բյուջեի նախագծի վերաբերյալ, այդուհանդերձ մտահոգություններ կան միջազգային ֆինանսական ճգնաժամի առնչությամբ: Տիկին Զոհրաբյանը  հույս հայտնեց,  որ «զարգացող բյուջե» որակումը ճգնաժամի արդյունքում չի վերածվի հակաճգնաժամային բյուջեի: Նա փաստեց, որ ներկայացվել են միջազգային  ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա կանխող մեխանիզմներ:
 
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ ՀՀ վարչապետի ծանրակշիռ եւ հիմնավոր ելույթը հիմնված էր այժմեական մտահոգությունների վրա, ինչը, սակայն, բյուջեում արտացոլված չէ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ չորսօրյա ընդմիջումից հետո ակնկալվում է կառավարության պատասխանը պատգամավորների առաջարկությունների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա վերջնական որոշման կայացման համար: Տիկին Բիշարյանը դրական է գնահատում բյուջեի նախագծով բազում հիմնախնդիրների լուծումը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ 2009 թ. պետական բյուջեի նախագծին «Ժառանգությունը» ձեռնպահ կքվեարկի, իսկ վերջնական որոշում կկայացնի, երբ պարզ կդառնա, թե կառավարությունն ինչպես է արձագանքել պատգամավորների առաջարկներին: Նա եւս գտնում է, որ ՀՀ վարչապետի ուղերձը ԱԺ նիստում աղերսներ չունի բյուջեի նախագծի հիմնադրույթների հետ: Ըստ նրա` նախագծում մատնանշված չեն վերահսկողության եւ կառավարման մեթոդներ, որոնք հնարավորություն են տալու գոյատեւումից անցնել զարգացման ծրագրերի:

14.11.2008
Լատվիայի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպան Նիլս Յանսոնին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նա իր նպաստը կբերի երկու երկների եւ խորհրդարանների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահը կարեւորեց...

14.11.2008
ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:...

14.11.2008
Էստոնիայի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Թոմաս Լուքին: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց դեսպանին` նշանակման առիթով եւ վստահություն հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, ինչն էլ իր հե...

14.11.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 14-ին կայացավ 2008 թ.  մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ընթացքում մարտի 1-ի եւ 2-ի  իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների մասին պարզաբանումներ ներկայացր...

14.11.2008
Էստոնիայի Հանրապետության դեսպանը հանդիպեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նոյեմբերի 14-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Թոմաս Լուքի հետ:Պարոն Լուքը տեղեկացրեց, որ Վրաստանում Էստոնիայի դեսպանատունը բացվել է  2 տարի առաջ, եւ այժմ համատեղման կա...

14.11.2008
Քննարկվեցին փախստականների խնդիրները
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային: Հանդիպմանը ներկա էր  ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Աժ նախագահը կարեւորեց ՄԱԿ-ի գրասենյակի հետ ջերմ հարաբերությո...

14.11.2008
Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ստեպան Սուխորենկոյին:Դեսպանն Աժ նախագահին փոխանցեց Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախկին նախագահների շնորհավորական ուղերձները` իրազեկելով, որ Բելառուսում խորհրդարանական նոր ընտրությունների արդյուն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am