National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.11.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի համատեղ մամլո ասուլիսը
1 / 1

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի պաշտոնական այցը Հայաստան նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում ամփոփվեց  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի համատեղ մամլո ասուլիսով:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը Հայաստան  պաշտոնական այցի արդյունքների մասին ասաց.

-Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին Հայաստան` իմ նախնիների հողն այցելելու հրավերի համար: Իմ այցը եւս մեկ անգամ վերահաստատում է այն գերազանց կապերը, որ կան երկու խորհրդարանների միջեւ, ընդգծում է մեր երկկողմ ցանկությունը` ավելի ընդլայնել եւ խորացնել հարաբերությունները: Նախագահ Աբրահամյանի հետ համաձայնության ենք եկել հնարավորինս իրականացնել այն հուշագիրը, որ ստորագրվել է մեր նախորդների օրոք: Աժ նախագահի պաշտոնական այցի ժամանակ Կիպրոսում կստորագրենք միջխորհրդարանական համագործակցության ընդլայնված հուշագիր, ուր կընդգրկվեն այն ոլորտները, որոնք նախորդում չկային: Ավելի հաճախական կդառնան երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների փոխադարձ այցերը: Արդեն Աժ-ի Կիպրոսի հետ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները հրավիրվել են Կիպրոս: Մենք ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը եւ տեղեկատվության փոխանակումը միմյանց հետ միջազգային ատյաններում, աշխատակազմերի մեջ էլ անպայման փոխանակումներ կլինեն: Կիպրոսն իբրեւ Եվրամիության անդամ` պատրաստ է գործնականում աջակցել Հայաստանին, որպեսզի իրականացվեն ծրագրեր ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ շատ գործնական հանդիպումներ ունեցանք, քննարկեցինք նաեւ Կիպրոսի խնդիրը եւ ներկա իրադրությունը: Ես հնարավորություն ունեցա տեղեկանալ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնություններին: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կայացմանը, Լեռնային Ղարաբաղի հետ կապված վերջին իրադարձություններին, պետք է նշեմ, որ բոլոր կետերով փոխադարձ համաձայնություն ունենք: Քննարկված բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը շարունակում է վարել միջազգային սկզբունքների վրա հիմնված քաղաքականություն, նույնն է Կիպրոսի քաղաքականությունը Հայաստանին վերաբերող հարցերում: Կա երկկողմ ցանկություն ավելի խորացնել եւ ընդլայնել տնտեսական հարաբերությունները Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ու մշակութային ոլորտներում,  մեծ հնարավորություններ կան նաեւ երկու երկրներում ներդրումների համար: Իմ հանդիպումները շատ գործնական էին եւ համարձակվում եմ ասել, որ մի նոր էջ է բացվում Կիպրոսի ու Հայաստանի միջեւ գոյություն ունեցող գերազանց հարաբերությունների զարգացման համար: Իմ այցը պաշտոնական էր, բայց առաջին պահից, երբ ոտքս դրեցի Հայաստան, չեմ կարծում, որ սոսկ արարողակարգով ենք գործել, մենք զգում էինք, որ մի մեծ ընտանիք ենք: Այդ հանգամանքը օգնեց, որ այցը հաջող ու ներդաշնակ անցնի: Շնորհակալություն ԱԺ նախագահ Աբրահամյանին ու Հայաստանի Ազգային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին, մեր բոլոր գործընկերներին ու լրագրողներին, որ լուսաբանել են իմ այցը: Եվ շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց ելույթ ունենալ Հայաստանի Ազգային ժողովում, ինձ համար դա անմոռաց օր էր, իմ տպավորությունները ես կփոխանցեմ  երեխաներիս, որ նրանք հպարտ լինեն իրենց ազգային ծագման համար ու Կիպրոսի քաղաքացի լինելու համար:    

ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց.

-Մենք պարոն նախագահի հետ առաջին իսկ պահից շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, թերեւս իր դերն ունեցավ նաեւ նրա հայկական ծագումը: Ես համոզված եմ, որ 2003 թ., 2004 թ. երկու խորհրդարանների նախագահների փոխայցելությունները եղել են շատ արդյունավետ: Մենք պայմանավորվեցինք պարոն արոյանի հետ 2009 թ. Կիպրոսի Հանրապետություն նախատեսվող այցելության ժամանակ համագործակցության համաձայնագիրը նորացնել եւ որոշ կետեր ավելացնել: Մեր հարաբերությունները շատ ջերմ են Կիպրոսի Հանրապետության հետ, քանի որ կան նաեւ ճակատագրական նմանություններ: 2004 թ. մայիսից  Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության լիիրավ անդամ է եւ մեծ դերակատարություն ունի Հայաստանի եվրոպական կառույցներում ինտեգրման գործում: Փորձը ցույց է տալիս, որ Կիպրոսի Հանրապետության պատգամավորները հաճախ են աջակցել Հայաստանի Հանրապետության պատգամավորներին միջազգային կառույցներում: Մենք չենք կարող չնշել, որ 1982 թ. Կիպրոսն առաջիններից  մեկն է ճանաչել  ցեղասպանությունը: Չենք կարող չասել, որ 2008 թ. մայիսի 28-ին Կիպրոսում բացվել է հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, չենք կարող չնշել Կիպրոսի իշխանության ջերմ վերաբերմունքը հայ համայնքի անդամների նկատմամբ: Իբրեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ` ես տրամադրված եմ ամեն ինչ անել, որ մեր հարաբերությունները սերտանան Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի  հետ: Ես համոզված եմ, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի նաեւ մյուս բոլոր բնագավառներում  հարաբերությունների զարգացմանը:

Երկու խորհրդարանների նախագահները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. Դուք նշեցիք, որ տնտեսական ոլորտում համագործակցության մեծ հնարավորություններ կան, նաեւ` ներդրումների ոլորտում, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, կոնկրետ ի՞նչ հնարավորություններ կան:

ՄԱՐԻՈՍ ԳԱՐՈՅԱՆ.
Տնտեսական ոլորտը զարգացնելու շատ մեծ հնարավորություններ ունենք: Ինձ հետ պատվիրակության կազմում Հայաստան են եկել կիպրացի գործարարներ եւ արդեն հանդիպումներ են ունեցել հայ գործարարների հետ: Հայաստան գալուց առաջ ես հանդիպում եմ ունեցել Կիպրոսի գործարարների միության նախագահի հետ, նա եւս շեշտել է Հայաստանում ներդրումներ անելու եւ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու ցանկությունը: Կիպրոսի գործարարները եւ ցանկանում են, եւ հնարավորություն ունեն համագործակցել հայ գործարարների հետ`  կատարելով նաեւ  ներդրումներ: Ինչ վերաբերում է մոտ ժամանակներս իրականանալիք որեւէ ծրագրի, համոզված եմ` գործարարները քննարկած եւ համաձայնություն ձեռք բերած կլինեն, եւ մենք կկարողանանք ներկայացնել կոնկրետ ծրագիր: Ուսումնասիրելով վիճակագրական տվյալները մինչ Հայաստան գալս, կարծում եմ` մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության մակարդակը բավականին ցածր է: Դուք շուտով տնտեսական ոլորտում աշխուժացման ականատես կլինեք:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. 2007 թվականին 2006-ի համեմատ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 5 անգամ, 2006-ին եղել է 1 մլն դոլարի ապրանքաշրջանառություն, 2007-ին` 5 մլն դոլարի: 2008 թվականի տվյալները կունենանք տարեվերջին:  Իրոք` կոնկրետ ծրագրերի իրականացման առումով դեռ որեւէ լուրջ քայլ չի արվել, բայց մենք փորձելու ենք եկող տարի մեզ հետ տանել գործարարներ, տեղում պայմանագրեր կնքել, քննարկումներ ծավալել: Այդ մասին արդեն պայմանավորվածություն կա Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ:

ԱԶԳ. Արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցության ի՞նչ խնդրներ եք տեսնում:

ՄԱՐԻՈՍ ԳԱՐՈՅԱՆ. Երկու երկրները վարում են անվտանգության, խաղաղության եւ կայունության քաղաքականություն, ամբողջովին ենթարկվում են միջազգային օրենքներին եւ գործում են ԵՄ սկզբունքների շրջանակում: Մենք բոլորս քաջ հասկանում ենք, որ Հայաստանի ցանկությունն է` Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն տեսնել, որը հիմնված կլինի միջազգային նորմերի վրա:  Կիպրոսի Հանրապետությունն ամբողջովին համամիտ է հայկական դիրքորոշման հետ, որովհետեւ մենք էլ համամիտ ենք, որ աշխարհի այսպիսի շատ կարեւոր տարածաշրջանում, որն աստիճանաբար ձեռք է բերում աշխարհաքաղաքական եւ ռազմավարական լուրջ նշանակություն ամբողջ քաղաքական աշխարհի համար, պետք է լինի խաղաղություն: Մենք էլ Կիպրոսում քննարկումների միջոցով ցանկանում ենք լուծել Կիպրոսի խնդիրը: Նախագահ Քրիստո‎ֆիասի նախաձեռնությամբ սկսվել է բանակցությունների նոր շրջան հունակիպրոսցիների եւ թուրքական հատվածի հետ: Մենք ցանկանում  ենք հնարավորինս արագ լուծում գտնել, որը Կիպրոսի համար արդարացի ու ընդունելի կլինի, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի բանաձեւերի, ԵՄ սկզբունքների, միջազգային օրենքի վրա: Հայաստանն իր հերթին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փորձում  է խաղաղ ճանապարհով վերականգնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ցանկանում է, որ բացվի հայ-թուրքական սահմանը, որը նաեւ հիմնված է միջազգային օրենքների  եւ սկզբունքների վրա, որ պետք է գործեն բոլոր հարեւանների միջեւ:  Բազմաթիվ հարցերում մեր երկու պետությունների տեսակետները համընկնում են: Մի կողմ թողնելով բոլոր պատմական կապերը, որ կան երկու պետությունների միջեւ, պատմությունը մեզ դրել է այն փաստի առջեւ, որ մենք այսօր ընդհանուր հակառակորդ ունենք: Անհասկանալի են Թուրքիայի ընդլայնվելու ցանկությունները, անհասկանալի են դիրքորոշումները եւ ցանկությունը` շրջանցել միջազգային իրավունքը եւ ոտնահարել ԵՄ սկզբունքները եւ արժեքները: Դա ասել եմ երեկ եւ այսօր կրկին շեշտում եմ. Թուրքիան բռնագրավել է Կիպրոսի 37 տոկոսը 1974 թվականից մինչ օրս, 45 հազարանոց բանակ է պահում այդ տարածաշրջանում, Թուրքիայի Անատոլիայի շրջանից Կիպրոս  է տեղափոխել  175000  մարդ, ամեն օր ոտնահարում է մարդու իրավունքները, եւ ցանկանում է Կիպրոսում պահել իր ուժերը, զուգահեռ փորձում է իր կանոնները դնել ԵՄ անդամ մի երկրի եւ ՄԱԿ-ի անդամ մի երկրի առջեւ: Խոսուն է Հայաստանի օրինակը. 1915 թվականին տեղի է ունեցել հայ ժողովրդի ցեղասպանություն, բայց Թուրքիան այնպես է պահում իրեն, իբր ոչինչ  չի եղել: Դա ինչքա՞ն է համընկնում այն դեմքի հետ, որ Թուրքիան ցուցադրում է ամբողջ աշխարհին, իբր խաղաղության ձգտող երկիր է, երբ անփոփոխ է թողնում իր դիրքորոշումը եւ փորձում  ներկայացնել, որ 1915 թվականին չեն սպանվել 1,5 մլն մարդիկ, որոնք ոչ մի մեղք չունեին, ոչ մեկին վատություն չէին արել, մի ժողովուրդ, որն այդքան շատ բան է  տվել մարդկությանը, համաշխարհային մշակույթին, որը միայն խաղաղության է ձգտում: Այդ ամենն ինչպե՞ս կարող է համադրվել: Մի երկիր, որն ուզում է  իր դեմքը ցույց տալ իբրեւ խաղաղության ձգտող երկիր, որը իբր թե ցանկանում է Կասպյան տարածաշրջան խաղաղություն բերել` առաջարկելով ստեղծել պլատֆորմ, որը փորձում է բոլորին համոզել, որ խաղաղության է ձգտում եւ անվտանգություն է ցանկանում բոլոր ժողովուրդների համար: Եզրափակելով ասեմ` եթե Թուրքիան իրոք այդ ցանկանում է,  պետք է դուրս բերի իր զորքը Կիպրոսից, վերադարձնի ապօրինի այնտեղ տեղափոխած մարդկանց, եւ համաձայնության գա, որ Կիպրոսի հարցում լինի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Եթե այն ամենը, ինչ ասում է Թուրքիան այսօր, իրականություն է,  պետք է վերսկսի իր հարաբերությունները Հայաստանի հետ, պետք է բացի սահմանները, եւ պարտավոր է ճանաչել հայերի ցեղասպանությունը, ոչ թե որովհետեւ մենք ուզում ենք պատժել Թուրքիային, այլ դա իրենց պարտքն է:

ԱԶԳ.Հայկական սփյուռքին եւ մեզ հետաքրքրում է Կիպրոսի Մելքոնյան վարժարանի հետագա ճակատագիրը: Եթե տեղեկացված եք, խնդրում եմ` խոսեք այդ մասին:

ՄԱՐԻՈՍ ԳԱՐՈՅԱՆ. Մեզ համար էլ շատ վատ է, որ վարժարանն այս իրավիճակում է հայտնվել, մենք համաձայն չենք այդ գործընթացի եւ դիրքորոշման հետ: Իմ զբաղեցրած նախորդ պաշտոնում համագործակցելով համայնքի հետ` փորձում էինք այս գործընթացի դեմն առնել եւ կփորձենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Մելքոնյան  վարժարանը, որը հայ ժողովրդի դեսպանորդն էր ամբողջ աշխարհի համար, կրկին կարողանա գործել: Շատերն են գնացել ԱՄՆ եւ այլ պետություններ, եւ հուսով եմ` այն մարդիկ, ովքեր պատասխանատու են,  ճիշտ որոշում կկայացնեն  վարժարանի ապագայի համար եւ այն չի փակվի: Դա հայ համայնքի եւ մեր բոլորի ցանկությունն է:

ՆԻԿՈՍ ՊԱՏԿԻԴԻՍ.Պարոնայք նախագահներ, հարցը ուղղում եմ երկուսիդ, ասացիք` կաշխատեք, որ հարաբերություններն ավելի սերտանան, մեծանա պատվիրակությունների փոխանակումը խորհրդարանների միջեւ, իսկ այլ քայլեր  նախաձեռնու՞մ եք երկկողմ հարաբերությունները խորացնելու` օրինակ Հայաստանում բացել Կիպրոսի Հանրապետության դեսպանություն: 

ՄԱՐԻՈՍ ԳԱՐՈՅԱՆ. Սա մի հարց է, որ մտահոգում է երկու կառավարություններին եւ, իհարկե, արտաքին գործերի նախարարություններին: Եւ ես, եւ Ազգային ժողովի նախագահը կցանկանայինք, որպեսզի Հայաստանում գործի Կիպրոսի Հանրապետության դեսպանություն եւ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Տեղյակ եմ, որ երկու երկրների  արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս հանդիպում պետք է ունենան, ինչպես նաեւ մյուս տարի նախատեսվում է Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Հայաստան, հուսով եմ, որ մինչ այդ ժամանակ դրական զարգացումներ կունենանք  այդ բնագավառում:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. Համամիտ եմ իմ գործընկերոջ հետ եւ ուզում եմ ավելացնել, որ  Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը համատեղում է Կիպրոսի Հանրապետության դեսպանի պաշտոնը,  ուղղակի մենք Կիպրոսում դեսպանատուն չունենք: Ես էլ եմ գտնում, որ դեսպանատան առկայությունը շատ կօգնի մեր կապերի ամրապնդմանը Կիպրոսի Հանրապետության հետ:

ՊԱՆԱՅՈՏԻՍ ԿԱՊԱԴԻՍ. Կցանկանայի առաջին հարցը ուղղել ՀՀ ԱԺ նախագահին` ի՞նչ է սպասում այսօր Հայաստանը Եվրամիությունից, եւ երկրորդ հարցը ուղղել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին` ինչո՞վ կարող  է Կիպրոսը աջակցել այս բնագավառում Հայաստանին, ինչպես եք վերաբերվում է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:
 
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. Մենք  որդեգրել ենք եվրաինտեգրման քաղաքականություն եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկիրը` Հայաստանի Հանրապետությունը, իր տեղը գտնի աշխարհում` բոլոր ժողովրդավարական երկրների շարքում: Մենք սերտորեն համագործակցում ենք Եվրախորհրդի եւ Եվրամիության հետ, Եվրամիության հետ երկու տարի առաջ համագործակցության ծրագիր ենք ստորագրել` նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ես ուզում եմ մեկ հարցի մասին էլ նշել,  որի մասին խոսեց իմ գործընկերը` Թուրքիայի Հանրապետության մասին, որը ջանք չի խնայում, որպեսզի դառնա Եվրամիության անդամ, ես չեմ  պատկերացնում, որ արժեքային կայուն համակարգ ունեցող  Եվրամիությունում կարող է մի երկիր ընդգրկվել,  որը իր սահմանները փակում է հարեւանների առջեւ: Իմ կարծիքով` Եվրամիության բարձր արժեքները պետք է պահպանեն անդամ բոլոր երկրները, որոնցից մեկը Կիպրոսի Հանրապետությունն է:

ՄԱՐԻՈՍ ԳԱՐՈՅԱՆ. Հնարավորություն ունեցա Եվրամիության հետ հարաբերությունները քննարկել ինչպես ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, այնպես էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Կիպրոսի Հանրապետությունը, որպես Եվրամիության անդամ պետություն, հնարավորություն ունի գործնական դերակատարություն ունենալ Հայաստան-Եվրամիություն կապերի խորացման գործում: Կիպրոսի Հանրապետությունը կարող է Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հատուկ ծրագրեր մշակել:  Կիպրոսի Հանրապետությունը ցանկանում է խորացնել կապերը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, նպաստել Հայաստանի  բոլոր ծրագրերի իրականացմանը: Եւ այդ ամենին մենք կարող ենք հասնել Եվրոպայի հարեւանության քաղաքականության միջոցով: Ինչպես շատ ճիշտ նշեց պարոն Աբրահամյանը` Հայաստանը արդեն երկու տարի է, որ հատուկ ծրագիր է ստորագրել Եվրամիության հետ, մենք որպես Եվրամիության  անդամ երկիր, պատրաստ ենք աջակցել այդ ծրագրերին:  Կապի մեջ ենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի առաջ մղենք այդ  ծրագրերը: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Եւրամիության հարաբերություններին,  մեր ցանկությունն է, որ Թուրքիան վերափոխվի եւ նոր քաղաքականություն վարի, որը համապատասխան կլինի Եվրամիության որդեգրած արժեքներին ու սկզբունքներին: Մենք համաձայնություն տվեցինք Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների սկզբին, բայց դա ուներ երեք նախապայման` առաջինը, որ կճանաչի Կիպրոսի Հանրապետությունը, երկրորդը, որ հարաբերություններ կսկսի Կիպրոսի Հանրապետության հետ, երրորդը, որ կիրագործի Անկարայի պայմանագիրը, ինչը  նշանակում է, որ պետք է բացի օդանավակայանները եւ նավահանգիստները Կիպրոսի օդանավերի եւ նավերի համար,  եւ` աջակցի, որպեսզի Կիպրոսի հարցում գտնվի մի լուծում, որը կլինի ընդունելի երկու կողմից: Մինչ այսօր Թուրքիան  ոչ մի նախապայման չի կատարել:  Մենք կաշխատենք, որ Թուրքիան կատարի բոլոր նախապայմանները, որ ստանձնել էր Կիպրոսի Հանրապետության եւ Եվրամիության առջեւ, եւ վարի մի քաղաքականություն, որը հիմնված կլինի Եվրամիության սկզբունքերի ու արժեքների վրա, ինչը նշանակում է, որ պետք է Թուրքիան սովորի հարգել նաեւ հարեւանններին, որոնցից մեկը Հայաստանն է: Եւ քաղաքական տեսակետից եւ բազմաթիվ տեսակետներից Կիպրոսի Հանրապետությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության կողքին:
 
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. Հայաստանի Հանրապետությունը եւս պաշտպանում է Կիպրոսի Հանրապետության դիրքորոշումը եւ Ձեր կողքին է, պարոն նախագահ: Մենք գտնում ենք, որ Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի երկհամայնք, երկզոնալ դաշնային կառույցի վրա` մեկ ընդհանուր իշխանությամբ եւ քաղաքացիությամբ:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». Պարոն Աբրահամյան, Դուք ասացիք, որ Թուրքիայի նման երկիրը, որ փակ է պահում սահմանները հարեւանների հետ, չի կարող ընդգրկվել Եվրամիության կազմում: Ես, որքան տեղյակ եմ, ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չկա նման հարց, որպեսզի մենք նախապայմաններ դնենք Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հարցի վերաբերյալ, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ինչ- որ բա՞ն է փոխվել:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. Ես նման ձեւակերպում չեմ արել: Մենք ԵՄ անդամ չենք, ուղղակի կարող ենք մեր երկրի կարծիքը հայտնել: Հայաստանի  երկրորդ եւ երրորդ նախագահները բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց որեւէ գործնական արձագանք չկա: Ես ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել իմ ասածը, որ չեմ պատկերացնում, որ հարեւանների առաջ փակ սահմաններ պահող որեւէ երկիր կարող է դառնալ ԵՄ անդամ::   


13.11.2008
ՀՀ 2009 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվեցին Ազգային ժողովի արտահերթ նիստում
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին գումարվեց ԱԺ արտահերթ նիստ` շարունակելու «ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, շարունակելով ներկայացնել...

13.11.2008
Խորհրդարանը քննարկեց «2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը
Ազգային ժողովի նոյեմբերի 13-ի նիստում շարունակվեցին «2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հարակից զեկույցում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով ԿԲ եզրակացությունը քննարկվող նախագծի վերաբերյալ, նշեց, որ 2009 թ. պետական բյուջեի կատարման հենասյունը 2008 թ-...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am