National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.11.2008
Խորհրդարանը քննարկեց «2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը
Ազգային ժողովի նոյեմբերի 13-ի նիստում շարունակվեցին «2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

Հարակից զեկույցում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով ԿԲ եզրակացությունը քննարկվող նախագծի վերաբերյալ, նշեց, որ 2009 թ. պետական բյուջեի կատարման հենասյունը 2008 թ-ի համեմատ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 0,4 տոկոս աճի ապահովումն է: Տեղեկացվեց, որ 2009 թ. պետական բյուջեի ծախսերի աճը կազմելու է 15 տոկոս, նկատվելու է ՀՆԱ-ում սոցիալական բնույթի ծախսերի 2008 թ-ին նախատեսված մակարդակի պահպանում: Ըստ հաշվարկված ցուցանիշի` հարկաբյուջետային հատվածը համախառն պահանջարկի վրա կունենա 0,5 տոկոս ազդեցություն, ընդ որում հարկաբյուջետային հատվածի համար գնահատված զսպող ազդակը համահունչ է 2009 թ. դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություններին: Պարոն Ջավադյանը ընդգծեց, որ սպառողական շուկայում 2008 թ-ին գների աճի միտումների շարունակության պարագայում մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից ավելի է կարեւորվում հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների համակարգումը:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով բյուջեի նախագծի վերաբերյալ իր ղեկավարած հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշեց, որ բյուջեի նախագիծը կազմվել է ՀՀ կառավարության` Հայաստանի Հանրապետության 2009-2011 թթ. միջնաժամկետ ծախսերի եւ կայուն զարգացման ծրագրերի հիման վրա` նպատակաուղղված լինելով տնտեսական աճի բարձր եւ կայուն տեմպերի ու մակրոտնտեսական կայունության պահպանմանը, տարածքային համաչափ զարգացմանը, աղքատոթյան հաղթահարմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Պարոն Մինասյանն իրազեկեց, որ 2009 թ-ին պետական բյուջեում ծրագրվել է անվանական ՀՆԱ` շուրջ 4.2 տրիլիոն դրամ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4200 ԱՄՆ դոլար: Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 905 մլրդ դրամ, ծախսերը` 945 մլրդ դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ: Կարձանագրվի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության 21.7 տոկոս, ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության` 22.7 տոկոս: Տեղեկացվեց, որ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 30.000 դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է 2008 թ-ին նախատեսվածից: ագիկ Մինասյանը նշեց, որ «2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման հիման վրա` բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական ոլորտների ֆինանսավորման: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը միտված է լինելու բնակչության խոցելի խմբերի պաշտպանությանը եւ աղքատության կրճատմանը, էներգետիկայի բնագավառում` էներգետիկ անվտանգության շարունակական բարձրացմանը: Ըստ նրա` «2009 թ. պետական բյուջեի մասին» նախագիծն իրատեսական է, կառուցված է ծրագրային բյուջետավորման սկզբունքներով: 2009 թ-ին նախատեսվում է բարձր տնտեսական աճ, ցածր գնաճ: Նրա համոզմամբ` իշխանություններն ունեն վճռականություն եւ քաղաքական կամք` 2009 թ. պետական բյուջեի կատարումն ապահովելու համար:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտի հատկացումներն ուղղված են բնակչության խոցելի խմբերի արդյունավետ պաշտպանությանը, աղքատության եւ եկամտային անհավասարության կրճատմանը: Ուշադրության կենտրոնում են հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը, բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացման, արժանապատիվ աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության, սոցիալական իրավունքի իրացման պայմանների ստեղծման, սոցիալական աջակցության հասցեականության, կենսաթոշակների եւ նպաստների շարունակական աճի ապահովման խնդիրները: Սոցիալական պաշտպանության ծրագրերի միջոցով կշարունակվի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Սոցիալական պաշտպանության ոլորտի միջոցառումներն ուղղված են բնակչության սոցիալական ապահովության քաղաքականության հիմնական եւ գերակա ուղղությունների, պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, աշխատանքի, բնակչության զբաղվածության, փախստականների սոցիալական խնդիրների լուծման, օրենսդրության կատարելագործման եւ իրականացման ապահովմանը, անհատական ծածկագրային համակարգի ներդրման գործընթացի շարունակությանը: Պարոն Հակոբյանը իրազեկեց, որ 2009 թ-ի բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի համար նախատեսված 249.4 մլրդ դրամը կազմում է ՀՆԱ-ի 6 տոկոսը` անցած տարվա համեմատ աճը կազմելով 15.5 տոկոս: Նա նշեց, որ պետությունը կարողացել է 2009 թ. բյուջեի նախագծով օգնել 80 ծրագրերում ընդգրկված շուրջ 800.000 անձանց:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Իշխան Խաչատրյանը տեղեկացրեց, որ բյուջեի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, կարեւորելով սոցիալ-տնտեսական զարգացման դրական միտումները, տեղեկացրեց, որ վերջին 9 տարիներին բյուջետային եկամուտներն ավելացել են 5 անգամ, իսկ ծախսերը 4 անգամ, վերջին 7 տարիներին արձանագրվել է ՀՆԱ-ի երկնիշ ցուցանիշ: Պարոն Այվազյանը փաստեց, որ աղքատությունը Հայաստանում կրճատվել է 25 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատությունը` 6 տոկոսով: Վարդան Այվազյանը տնտեսության զարգացման հարցում կարեւորեց տեղական արտադրողի իրավունքների պաշտպանությունը, կայուն տնտեսական զարգացման ապահովումը:  Ըստ նրա` համահայկական բանկի ստեղծումը կխթանի ներքին արտադրությունը: Նա ողջունեց գերավճարների վերադարձման կառավարության քաղաքականությունը. 2008 թ-ին վերադարձվել է 20 մլրդ դրամ, իսկ 2009-ին նախատեսվում է վերադարձնել 26 մլրդ դրամ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ողջունելով ոլորտի հատկացումների աճը, բարձրաձայնեց նաեւ բնագավառի խնդիրները եւ սպառնալիքները: Նա խոսեց բարձրագույն կրթության նկատմամբ պետության ոչ համարժեք վերաբերմունքից: Ըստ նրա` կառավարությունը, հռչակելով գիտելիքահեն հասարակություն, գիտելիքահեն տնտեսություն գաղափարը, պետք է նպաստի գիտելիքների ստեղծման եւ փոխանցման համակարգի արդյունավետ գործունեությանը, մինչդեռ բարձրագույն կրթությանը հատկացված 7,7 մլրդ դրամը չի համապատասխանում կառավարության հռչակած գիտելիքի գերակայությանը: 7,7 մլրդ դրամը կազմում է բուհերի տարեկան բյուջեի 12 տոկոսը, ծախսերի 88 տոկոսը բուհերն են հոգում, ինչը, Արմեն Աշոտյանի համոզմամբ, ազդում է կրթության որակի վրա: Պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն առաջարկել է կառավարությանը մշակութային եւ մարզական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը տարեցտարի ավելացնելով` հավասարեցնել հանրակրթական դպրոցի ուսուցիչների աշխատավարձին: Պարոն Աշոտյանը անդրադաձավ հուշարձանների պահպանության հիմնահարցին: Նշվեց, որ «Երիտասարդության մասին» օրինագծի ընդունմամբ բյուջեում պետք է արձանագրվի որակական եւ քանակական թռիչք: Անդրադարձ եղավ նաեւ կրոնի ոլորտի ու մարզային մամուլի բյուջետային հատկացումներին:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ներկայացնելով ոլորտի ֆինանսական հատկացումները, տեղեկացրեց, որ նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 282 մլն դրամ: Գլոբալ բնապահպանական մարտահրավերների պայմաններում նա կարեւորեց բնապահպանական խնդիրների ուսումնասիրումը եւ լուծման արդյունավետ  ճանապարհների որոնումը: Նշվեց, որ օրինագծով նախատեսվում է մի շարք բնապահպանական ծրագրերի իրականացում: Սեւանա լճի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար հատկացումները վեց անգամ ավելացել են նախորդ տարվա համեմատ, նախատեսվել են ավելացումներ բնության հատուկ նշանակության տարածքների պահպանության, պարենային անվտանգության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության մոնիտորինգի անցկացման համար: Պարոն Հարությունյանին մտահոգում է Խոսրովի արգելոցի պահպանման հատկացումների կրճատումը: Նրա կարծիքով` անհրաժեշտ է ներդնել տեղական արտադրությունը պաշտպանելու համակարգ, ինչը կխթանի տեղական արտադրությունը եւ նախադրյալներ կստեղծի արտահանման համար: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` գյուղատնտեսական ապրանքների մեծածախ շուկայի առկայությունը թույլ կտա խթանել մանր ու միջին բիզնեսի զարգացումը:

Բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: Արա Նռանյանն անդրադարձավ համաշխարհային ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսական խնդիրներին: Նրան մտահոգում է 2008 թ-ի համեմատ   տեղական արտադրության աճի անկումը: Պարոն Նռանյանը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է նվազագույն աշխատավարձը 40.000 դրամ նախատեսող օրենսդրական փաթեթ: Վիկտոր Դալլաքյանը բյուջեի նախագիծը դիտարկեց իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության եւ Հայաստան-Ադրբեջան մրցակցության համատեքստում: Ըստ նրա` իշխանությունների նկատմամբ վստահության պակասը պետք է վերականգնել պատասխանատվության ենթարկելով մարտի 1-2-ի մեղավորներին, Հայաստանում համաներում հայտարարելով, երկրում ժողովրդավարության հաստատման համար իրական քայլեր ձեռնարկելով, ազատ տնտեսական մրցակցություն ապահովելով: Լիլիթ Գալստյանը ողջունեց մանկավարժների աշխատավարձերի բարձրացումը, ծնելիության խրախուսումը, սակայն, ըստ նրա, «լուսանցքային» վիճակում է մշակույթի ոլորտը: Նա գտնում է, որ մշակույթի ոլորտն օպտիմալացման, մշակութային ռազմավարության հստակեցման, բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման խնդիրներ ունի: Նա առաջարկում է թատերահամերգային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը բարձրացնել 30 տոկոսով: Տիգրան Թորոսյանի գնահատմամբ` քննարկվում է պետական քաղաքականությանը վերաբերող տնտեսական եւ քաղաքական կարեւոր փաստաթուղթ: Պարոն Թորոսյանն անդրադարձավ արտաքին առեւտրի ոլորտի ֆինանսական հատկացումներին, արտահանման նվազեցման տնտեսական վնասակարությանը: Նա գտնում է, որ աղետալի եւ ամոթալի երեւույթ է, երբ ակադեմիական ինստիտուտի բաժնի վարիչն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան պետական համակարգում աշխատող վարորդը: Վարդան Բոստանջյանը, ողջունելով «2009 թ պետական բյուջեի մասին» նախագիծը,  խոսեց սակագնային քաղաքականությունից, հակաճգնաժամային ծրագրի հիմնադրույթներից, տնտեսական մրցակցության ինստիտուտից: Հերմինե Նաղդալյանը տնտեսության զարգացման համար մատնանշեց երեք հիմնարար բաղադրիչ` շուկաներ, ֆինանսական ռեսուրսներ եւ կառավարում: Նրա համոզմամբ` ֆինանսական ռեսուրսների ապահովմանն է միտված համահայկական բանկի ստեղծումը, ֆինանսական միջոցների ներգրավման համար պետական աջակցությունը: Անդրադառնալով տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը` պատգամավորը կոչ արեց բոլոր հնարավոր ծրագրերում նախապատվություն տալ տեղական արտադրությանը: Էռնեստ Սողոմոնյանը ներկայացրեց նախագծի լեզվական եւ տերմինաբանական սխալների վերաբերյալ լեզվի պետական տեսչության մեկնաբանությունը: Ըստ Գոհար Ենոքյանի` արդյունաբերության ոլորտի հատկացումները բավարար չեն բնագավառի վերականգնմանը: Նա նկատեց, որ տարեցտարի ավելանում է արտաքին ապրանքաշրջանառության բացասական ազդեցությունը: 

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` կառավարության անդամներն ունեն արտահերթ ելույթի իրավունք: Այդ իրավունքից օգտվելով` ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը անդրադարձավ ԱԺ պատգամավորների առաջարկներին եւ դիտողություններին: Անդրադառնալով բարձրագույն կրթության եւ բուհերի ֆինանսավորման վերաբերյալ պատգամավորների առաջարկությանը` նախարարը նշեց, որ բարձրագույն կրթության առանձնահատկությունը Բոլոնյան համաձայնագրին ինտեգրվելն է, որի նպատակը որակյալ կրթության ապահովումն է: Ըստ նրա` պետական հատկացումներին չի վերաբերում բուհերի բարեփոխումների խնդիրը: Նրա գնահատմամբ` գիտելիքահեն տնտեսություն ունենալը չպետք է պայմանավորել լոկ գիտության ոլորտին տրվող գումարներով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը ներկայացրեց 2009 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության բնագավառում նախանշված թիրախները եւ նպատակները: Նա տեղեկացրեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում 2009 թվականը լինելու է նոր հայեցակարգային մոտեցումների ստեղծման եւ ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ժամանակահատված:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ անկայուն, ինքնակազմակերպվող եւ ճգնաժամերով ուղեկցվող ժամանակաշրջանում նման բյուջեն չի կարող որակվել կայուն զարգացման բյուջե:

ՕԵԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա ողջունեց ավանդների վերադարձման համար նախատեսված բյուջետային հատկացումների ավելացումը, անվճար ծննդօգնությունը, երրորդ երեխայի ծնվելու դեպքում անկախ ընտանիքի սոցիալական վիճակից միանվագ նպաստի տրամադրումը:
 
Հարցի քննարկումն ընդհատվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքն ավարտվելու պատճառով: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի արտահերթ նիստում` նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին:

13.11.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի համատեղ մամլո ասուլիսը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի պաշտոնական այցը Հայաստան նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում ամփոփվեց  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի համատեղ մամլո ասուլիսով: Կիպր...

13.11.2008
ՀՀ 2009 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվեցին Ազգային ժողովի արտահերթ նիստում
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին գումարվեց ԱԺ արտահերթ նիստ` շարունակելու «ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, շարունակելով ներկայացնել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am