Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր
հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգով նախատեսված էր, որ մարտի 1-ին կեսօրից հետո տեղի ունեցած դեպքերի մասին որոշ պարզաբանումներ կներկայացնի փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը: Սակայն հանձանժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ վատառողջության պատճառով Աֆյանը նիստին չի ներկայանա: Ըստ պարոն Նիկոյանի, հանձնաժողովը փոխոստիկանապետին կլսի այս շաբաթվա ընթացքում:
Նիստի օրակարգի հաջորդ հարցով ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը եւ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրին «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Հովհաննես Բաբայանին կատարած այցելության արդյունքները: Նրանց խոսքով` Հովհաննես Բաբայանը մեղադրվում է խարդախության եւ դրամաշորթության հոդվածներով: Ինքը` Բաբայանը ասել է, որ ակտիվ մասնակցություն է ունեցել նախընտրական եւ հետընտրական գործընթացներում, եղել է Արմավիրի ՀՀՇ երիտասարդական թեւի ակտիվիստներից: Նա զղջացել է ընդդիմությանը միանալու համար` գիտակցելով, թե ինչ վտանգավոր շրջադարձ կարող են ունենալ ընդդիմության գործողությունները եւ այդ պատճառով որոշել է համագործակցել իրավապահ մարմինների հետ: Հովհաննես Բաբայանին այցելած հանձնաժողովի անդամների խոսքերով, նա իրավապահ մարմիններին որոշակի փաստեր է հաղորդել եւ կոնկրետ անուններ ասել թե կազմակերպիչների, թե ֆինանսավորողների մասով: Արծվիկ Մինասյանի խոսքով` հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը իր հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է, որ Բաբայանի որոշ ցուցմունքներ իրականությանը չեն համապատասխանում:
Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը, ով մասնակցել է ընդդիմադիր Մուշեղ Սաղաթելյանի դատավարության ընթացքին: Պարոն Հարությունյանի խոսքով` նա նկատել է, որ դատավարության ընթացքում որպես վկա ցուցմունք տված երեք ոստիկանների ցուցմունքները համընկնում են եւ երկու վկաները դատական նիստի ընթացքում ասել են, որ ոչինչ չեն հիշում: Պարոն Հարությունյանը նկատել է որոշ հակասություններ եւ ըստ նրա` դատավարությունը իրեն վստահություն չի ներշնչել:
Այնուհետեւ հանձնաժողովականները այցելեցին ոստիկանության զորքերի թիվ 10/ 33 զորամաս, որտեղ ծառայել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ վիրավորված եւ 40 օր անց մահացած զինծառայող Տիգրան Աբգարյանը: Հանձնաժողովի անդամների հետ զորամաս այցելեց նաեւ զոհված զինծառայողի
մայրը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքով` զորամաս այցելելու նպատակը զորամասի հրամանատարական կազմի եւ զինվորների հետ հանդիպելն է` պարզելու համար զինծառայողի մահվան հանգամանքները:
Զորամասի հրամանատար Արսեն Գալստյանը հանձնաժողովի անդամներին մանրամասն ներկայացրեց իր հրամանատարությամբ դեպքերին մասնակցած ջոկատի թվաքանակը, սպառազինության հիմնական միջոցները, ցուցարարների եւ զինծառայողների գործողությունների ընթացքը: Նշվեց, որ մարտի 1-ի առավոտյան 7-ի կողմերը զորամասի 200 զինծառայողից կազմված ջոկատը տեղակայվել է օպերայի տարածքում, երբ արդեն տարածքը ազատված է եղել ցուցարարներից: Զինծառայողները զինված են եղել միայն անհատական պաշտպանիչ միջոցներով` ռետինե մահակներով, հակահարվածային վահաններով, պլաստմասե սաղավարտներով: Նրանց սպառազինության մեջ եղել են նաեւ հատուկ քիմիական միջոցներ` գազային նռնակով փամփուշտներ` «Չերյոմուխա -4», «Չերյոմուխա -7» եւ «Սիրեն -6» եւ 2 կարաբին հրացան «ԿՍ-23», որոնք նախատեսված են գազային նռնակների կրակելու համար: Որոշ ժամանակ անց հրաման է ստացվել շարժվել դեպի Մաշտոցի պողոտա եւ Ֆրանսիայի դեսպանատան տարածք: Անդրադառնալով հատուկ քիմիական միջոցների կիրառման հարցին, պարոն Գալստյանը նշեց, որ «Չերյոմուխան» կիրառվել է միայն անկյան տակ: Հրամանատարը շեշտեց, որ իրենց գործողությունները կրել են միայն պաշտպանական բնույթ:
10/33 զորամասի շտաբի նախկին պետ Արմեն Անտոնյանը նշեց, որ երեկոյան 19-ի մոտ Մաշտոցի պողոտայում տեղակայվելուց որոշ ժամանակ հետո հրաման է ստացվել շարժվել դեպի Գրիգոր Լուսավորիչ եւ Պարոնյան փողոցների խաչմերուկ: Այդ ընթացքում զինվորների նկատմամբ սադրիչ գործողություններ են կատարել` հարվածել են քարերով, մետաղաձողերով, վառվող շշերով, հնչել են վիրավորանքներ: Նրա խոսքով` 4-5 զինծառայող թունավորվել են նրանց նկատմամբ կիրառված հատուկ միջոցներից: Զինծառայողներից ոմանք ստացել են բեկորային վնասվածքներ: Ցուցարարները այրել են զորամասի շտապօգնության մեքենան` որտեղ գտնվելիս են եղել վիրավոր զինվորները: Երեկոյան 9-10-ի կողմերը, երբ փորձել են փշալարով փակել ճանապարհը, ամբոխը հարձակվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի վրա, զինվորներին ծեծելով հանել ավտոմեքենայի միջից, առգրավել այն, որով եւ հետագայում վրաերթի են ենթարկել Գեւորգ Թեւանյանին: Ցուցարարների ճնշումը մեծ է եղել եւ ջոկատը, պարոն Անտոնյանի խոսքով, նահանջել է Լեոյի փողոց: Ջոկատը երկու շարքով պատ է կազմել եւ մնացել այդտեղ: Նրանց վրա նռնակ է շպրտվել ցուցարարների կողմից, որը, բարեբախտաբար ընկել է պատի եւ տեղակայված 2 ավտոմեքենաների արանքում. մեքենաները ամբողջությամբ վնասվել են: Այդտեղ բեկորային վնասվածք է ստացել սպաներից մեկը: Պարոն Անտոնյանի խոսքով` քիչ անց անսպասելի վայր է ընկել առաջին շարքում կանգնած զինծառայող Տիգրան Աբգարյանը: Պարզվել է, որ նա դիմահար հրազենային վնասվածք է ստացել պարանոցի շրջանում: Քանի որ զորամասի շտապօգնության մեքենան այրվել է, ապա հնարավոր չի եղել անմիջապես բուժօգնություն ցույց տալ վիրավոր երիտասարդին: Նա որոշ ժամանակ անց տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց:
Այնուհետեւ հանձնաժողովի անդամները առանձնազրույցներ ունեցան ականատես զինծառայողների հետ: