Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության եւ սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք բնագավառներում:
«Օրինագծով նախատեսվում է վերոնշյալ բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշները սահմանելու լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը»: Այս մասին նշել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ հուլիսի 6-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ:
Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով կապահովվի նաեւ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: