Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
Փոխնախարարի խոսքով` օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի որոշումից, եւ դրա ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի եւ որակի ջրով քաղաքացիների եւ տնտեսության պահանջների բավարարմանը, մակերեւութային եւ ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը:
Փաթեթով սահմանվել են հիմնական հասկացություններ եւ ամրագրվել կարգավորումներ:
Մասնավորապես, սահմանվել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում հասկացությունը, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկը բոլոր առաջադեմ երկրների կողմից իրականացվող ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման սկզբունքն է եւ այդ սկզբունքին անցնելը: Սահմանվել են նոր հասկացություններ, մասնավորապես, մակերեւութային ջրային մարմին, ստորերկրյա ջրային մարմին, խիստ փոփոխված ջրային մարմին, ջրային ռեսուրսների ինքնամաքրում, կլիմայի փոփոխման նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն եւ հարմարվողականություն եւ այլ կարեւոր հասկացություններ:
Ամրագրվել է մակերեւութային ջրերի որակի հինգ կարգավիճակ` «ջրային մարմնի գերազանց կարգավիճակ», «ջրային մարմնի լավ կարգավիճակ», «ջրային մարմնի միջակ կարգավիճակ», «ջրային մարմնի վատ կարգավիճակ», «ջրային մարմնի ցածր կարգավիճակ»` կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչներից: Ամրագրվել են դրույթներ ջրի գերազանց եւ լավ վիճակի պահպանման վերաբերյալ, համաձայն որոնց` պետք է ձեռնարկվեն միջոցներ գերազանց կամ լավ վիճակում գտնվող մակերեւութային ջրային ռեսուրսը պահպանելու համար: Կանոնակարգվել են ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության վերանայման հետ կապված իրավահարաբերությունները:
Ամրագրվել է ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովվելու սկզբունքը, որը կապահովի հավասար հասանելիություն անձանց համար:
Հստակեցվել են ջրօգտագործման թույլտվության 3 տարի անընդմեջ չօգտագործման օրինական հիմքերը: Առանց դրանց առկայության` ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:
Ելույթում ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, կարեւորելով ներկայացված փաթեթի անհրաժեշտությունը, նշել է, որ սա այն հարցն է, որը պետք է երկար քննարկվեր նաեւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Նրա խոսքով` քննարկմանը պետք է նախորդեին լսումներ. «Սա այն հարցն է, որը մենք ինքնուրույն չպետք է լուծենք, առանց ճշտելու համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների վերաբերմունքը, այդ թվում` համայնքների»: Պատգամավորն առաջարկել է խուսափել նմանօրինակ հարցերը հրատապ քննարկելուց:
Եզրափակիչ ելույթում փոխնախարարն ընդգծել է, որ վերոնշյալ նախագիծը համապատասխան գերատեսչություններում շրջանառվել է 1,5 տարի, եղել են բազմաթիվ ներքին քննարկումներ, քննարկվել է նաեւ Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովներում, եղել են նաեւ հանրային լսումներ: