«Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում: Նրանցից մեկը՝ 8-ամյա Մերին, նշում է. «Բախտներս բերեց, որ կիրակի էր, թե չէ որ գնայինք դպրոց, շատ վատ կլիներ , քանի որ եթե դպրոց գնացած լինեինք, դժվար թե կենդանի մնայինք...»: Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, որն ակնհայտ աջակցություն էր ստացել Թուրքիայի կողմից, բազմաթիվ վիրավորներ բժշկական օգնության կարիք ունեին, ինչի հետեւանքով Հայաստանի եւ Արցախի առողջապահական համակարգերը հայտնվեցին աննախադեպ ճնշման տակ: Սա հարկադրեց COVID-19-ի բուժման հարցով մասնագիտացված կենտրոններին վերափոխվել եւ հարմարվել նոր իրավիճակին: 150.000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում մինչեւ Ադրբեջանի հարձակումը կովիդով 300 հիվանդ էր բուժում ստանում, սակայն բազմաթիվ ավերածությունների եւ տեղահանության հետեւանքով անհնար դարձավ հետագայում վիճակագրություն ունենալ համավարակի վերաբերյալ: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց առկայությունն ապաստարաններում համավարակի տարածումը դարձրեց անկառավարելի:
Ժնեւի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ արձանագրության համաձայն՝ «Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից եւ ապահովվում է նրանց պաշտպանությունն ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից...», սակայն դա ընդհանրապես կիրառություն չունեցավ Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի հետեւանքով երեխաները տուժել են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեպես: Նրանցից շատերը կորցրել են իրենց ծնողներին, իրենց տունը, նորմալ կյանքը եւ հարկադրված էին նայել մահվան աչքերին: Ներկայացնեմ մի կարճ վիճակագրություն. ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում 71 դպրոց եւ 14 մանկապարտեզ ավերվել են: Համավարակով ուղեկցվող ագրեսիայի հետեւանքով ավելի քան 8000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Այսպիսով, համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում եւ Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր՝ ստեղծելով բազմաթիվ առողջական եւ հոգեբանական խնդիրներ ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ կարեւոր զեկույցի համար: Ես անհրաժեշտ համարեցի, որ եւս մեկ անգամ բոլորս ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մինչ միջազգային ամբողջ հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ»,-ասել է Տաթեւիկ Հայրապետյանը: