National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.10.2005
Սկսվեց «Ռոուզ-Ռոթ» 61-րդ սեմինարը
Հոկտեմբերի 6-ին սկսվեց   ՆԱՏՕ-ի ԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ-ի կազմակերպած «Ռոուզ-Ռոթ» 61-րդ եռօրյա սեմինարը «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակություններ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Չեխիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Գերմանիայից, Լատվիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,  դիտորդներ ՆԱՏՕ-ից:

Բացելով սեմինարի աշխատանքները`  ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը կարեւորեց սեմինարի անցկացումը եւ  նշեց, որ   քննարկվելու են     Հարավային Կովկասի   կայունությանը, զարգացմանը վերաբերող հարցեր:   

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով ներկաներին` վստահություն հայտնեց, որ քննարկումների արդյունքում արդյունավետ եզրակացություններ կարձանա գրվեն Հարավային Կովկասում կայունության, անվտանգության զարգացման համար։- «Իմ կարծիքով, ժողովրդավարության ամենակարճ ու արդյունավետ  ճանապարհը մեր տարածաշրջանի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելն է։ Ժողովրդավարությունը կարող է հիմնական կռվանը լինել, որի զարգացումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը, այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որի առկայության պայմաններում մենք կարող ենք համատեղ աշխատել, քննարկել առկա խնդիրները։ Կարծում եմ՝ համագործակցության զարգացմանը միտված այս սեմինարը կարեւոր նշանակություն կունենա, որովհետեւ մենք պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, ունենանք այնպիսի տարածաշրջան, որը նայում է ապագային։ Շատ կարեւոր է, որ այդ ապագան կառուցված լինի համագործակցության վրա»։

ԱԺ նախագահը նշեց, որ Հարավային Կովկասում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհին կարող են կարեւոր առաքելություն ստանձնել ՆԱՏՕ-ի ԽՎ-ն եւ միջազգային այլ կազմակերպություններ։ Նա ասաց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ գլխավոր քարտուղարի հետ քննարկել են գալիք տարի Երեւանում ահաբեկչության դեմ պայքարի թեմայով միջազգային կոնֆերանս կազմակերպելու հարցը։ 
 
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով ՆԱՏՕ-ն կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցում, նպաստել Կովկասի պետությունների միջեւ կառուցողական երկխոսության ծավալմանը։ Սեմինարի  թեման շատ արդիական է եւ համընկնում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ՆԱՏՕ-ի հետ կապերի հնարավորինս սերտացմանը։
 
Նախարարը նշեց , որ Հայաստանը  սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ վերջնական տեսքի բերելու անհատական համագործակցության ծրագիրը։ Ծրագրով  փորձ է արվում երեք խնդիր լուծել՝ ինստիտուցիոնալացնել երկխոսությունն ու համագործակցությունը: ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության լայն օրակարգ կա, որը ներառում է միջազգային պայքարն ահաբեկչության դեմ, սպառազինությունների  հսկողությունն ու զենքերի չտարածումը, սահմանների անվտանգությունն ու կառավարումը, մարդկանց թրաֆիքինգը, քաղաքացիական արտակարգ իրավիճակների համար նախապատրաստությունը։
 
Ըստ նախարարի,  երկրորդ խնդիրը, որ փորձ է արվում լուծել, մեր երկրի պաշտպանական համակարգի բարեփոխումն է։ Մեր զինված ուժերը բարեփոխումների կարիք ունեն, եւ դրանց հիմքում հարկավոր է դնել մեր բանակի քաղաքացիական հսկողության սկզբունքը։ «Դա նաեւ մեր ժողովրդավարացման գործընթացի բաղադրիչ է, եւ մենք կարծում ենք՝ ՆԱՏՕ-ի հետ կարող ենք լուծել այս խնդիրը։ Մենք  հասկանում ենք, որ դա հեշտ չի լինի, մեծ քաղաքական կամք կպահանջվի, բայց պետք է խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ջանքերը գործադրենք։ Երրորդ խնդիրն այն է, որ փորձում ենք ապահովել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի վարած օպերացիաներին։ Հայաստանն այսօր մասնակցում է խաղաղարար գործունեությանը Կոսովոյում։ Կցանկանայինք ընդարձակել նման օպերացիաներին մեր մասնակցությունը»։
 
Վարդան  Օսկանյանը նկատեց, որ «անվտանգություն» հասկացությունը վերջին մի քանի տարիներին փոխվել է։ Եթե ժամանակին այն ավելի շատ հասկանում էին ավանդական իմաստով, այսօր ավելի լայն իմաստ է ձեռք բերել եւ միայն «ազգերի միջեւ պատերազմ» հասկացությունը չէ, ներառում է նաեւ պայքարն ահաբեկչության, զենքերի տարածման դեմ պայքարը, բազմաթիվ այլ առանձնահատկություններ ունի։ Հայաստանը ներգրավված է նշված բոլոր ուղղություններում։ Ավանդաբար Հայաստանն անվտանգության առումով շատ գիտակից է եւ մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության հարցերին։ Հաշվի առնելով իր պատմության ներկան ու անցյալը՝ Հայաստանը աշխատում է ամրապնդել անվտանգության միջոցառումները եւ համակարգերը։ Մեր անվտանգության մտածողությունը գաղափարախոսական չէ, այլ՝ ռազմավարական, ոչ քաղաքական։ Անվտանգության մասին խոսելիս Հայաստանը չի մտածում, թե այն ով է ապահովում կամ ինչպիսի գաղափարախոսություն է դրված դրա հիմքում՝ ռուսների՞ հետ իրականացնել դա, ԱՄՆ-ի՞, ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի՞, ՆԱՏՕ-ի՞ շրջանակում։ Հայաստանն անվտանգության լուրջ կապեր ունի Ռուսաստանի հետ, Հայաստանում ռուսական ռազմաբազաներ կան, ՀԱՊ անդամ է, ակտիվ ներգրավված է սպառազինությունների հսկողության եւ զենքերի չտարածման կոնվենցիաների եւ միջոցառումների շրջանակում: Մեր երկիրը սերտացնում է կապերը ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանն անգամ ցանկանում է անհատական ծրագիրը կնքելուց հետո հաջորդ քայլը կատարել՝ խորացնել կապերն այլ պետությունների հետ։ Կարեւոր գործընկեր է Հունաստանը, ԱՄՆ-ը վերջերս կրկին նպաստում է Հայաստանի, մեր տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը։ Հայաստանը պատրաստ է ընդունել անվտանգությանն օժանդակելու ցանկացած երկրի օգնությունը, քանզի Հայաստանն անվտանգության առումով շատ խոցելի է, մեր տրանսպորտային միջոցները սահմանափակ են, մեր տնտեսությունը կախված է էներգառեսուրսների ներկրումից։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ առկա հակամարտությունները՝ մեզ համար բնակչության անվտանգությունն ապահովելը խիստ կարեւոր է։
 
Այլ մարտահրավերներից ԱԳ նախարարը  առանձնացրեց Հայաստանի՝ երկու հարեւանների հետ խնդիրները. Ադրբեջանի պարագայում առկա է հակամարտություն, որը Հայաստանը փորձում է լուծել։ Այդ հակամարտությունը որոշ հետեւանքներ է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա. «Մենք կցանկանայինք խզել կապն այդ երկուսի միջեւ, բայց դա մինչ օրս հնարավոր չի եղել։ Անհրաժեշտ է խոսել Թուրքիայի հարցի մասին, քանզի այն այսօր շատ արդիական է ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ վերջերս ԵՄ-ի՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշման լույսի ներքո։ Հայաստանը, մասնակցելով ՆԱՏՕ-ի ծրագրերին, հույս ուներ, որ կօգտվի այն փաստից, որ ՆԱՏՕ՟-ի անդամ պետության անմիջական հարեւանն է։ Թուրքիան տարածաշրջանում միակ պետությունն է, որ հարեւան է Հարավային Կովկասի երեք պետություններին եւ ՆԱՏՕ-ի անդամ է։ Դա նրա վրա մեծ պատասխանատվություն եւ պարտավորություններ է դնում՝ խաղալ այն դերը, որը, իրենց պնդմամբ, պատրաստ են կատարել՝ կամուրջ դառնալ Արեւմուտքի եւ Արեւելքի, Կովկասի եւ ՆԱՏՕ-ի, Կովկասի եւ ԵՄ-ի միջեւ, բայց Թուրքիան ի վիճակի չի բավարարել այդ ակնկալիքը, դեռ չի հասել այդ մակարդակին։ Թուրքիան հավասարակշիռ եւ արդար վերաբերմունք չի կիրառում տարածաշրջանի երեք պետությունների հանդեպ, իսկ եթե դա չլինի. Հայաստանը չի կարող ՆԱՏՕ-ի հետ լավագույն արդյունքների հասնել։ Մենք հուսով ենք, որ հատկապես այսօր ԵՄ-ն Թուրքիայի վրա պատասխանատվություն կդնի կառուցողական աշխատել տարածաշրջանի երեք պետությունների հետ։ Մենք կփորձենք եվրոպական տարբեր կառույցների միջոցով Թուրքիային հասցնել ուղերձը, որ անհրաժեշտ է փոխել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ բացել սահմանները, մի կողմ դնել նախապաշարմունքները եւ իրականացնել կառուցողական երկխոսություն»։
 
ՆԱՏՕ-ի ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանը նշեց, որ սեմինարի կազմակերպ ումը Հայաստանում վկայում է, որ ՆԱՏՕ-ն կարեւորում է Հարավային Կովկասն ու Հայաստանը, նաեւ՝ որ Հայաստանի խորհրդարանն ավելի ակտիվ է մասնակցում ՆԱՏՕ-ի աշխատանքներին։ Գլխավոր քարտուղարը ներկայացրեց ԽՎ նպատակը` նպաստել խորհրդարանական երկխոսության ծավալմանը, ինչպես նաեւ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի նախաձեռնման նպատակն ու մինչ օրս արձանագրված արդյունքները. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը նոր հեռանկարներ ու նոր մարտահրավերներ է բերել, քանի որ անկայուն տարածաշրջաններն ավելի մոտ են դարձել մեր սահմաններին, ուստի ՆԱՏՕ-ի ուշադրությունն արդեն ընդգրկում է նաեւ Բալկանյան թերակղզու տարածքը, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, ընդլայնված Մերձավոր Արեւելքը։ Դրան միանում է «Միջերկրածովյան երկխոսությունը» եւ վերջին շրջանի «Ստամբուլյան համագործակցության նախաձեռնությունը»։ ՆԱՏՕ-ի համագործակցության եւ գործընկերության ծրագրի ընդլայնումն առաջացնում է ԽՎ-ի՝ զուգահեռ աշխատանքների անհրաժեշտությունը։ Հատկապես կարեւոր է սուր խնդիրների առկայությամբ երկրների հետ աշխատանքը։ Այն տարածաշրջանների համար, որտեղ քաղաքական տարբերությունները խորն են, հակամարտությունների հիմքում դրված են չհամադրվող ազգային, կրոնական կամ էթնիկ տարբերություններ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ն կարող է չեզոք ֆորում դառնալ կարծիքների ազատ փոխանակման համար, օգնել, խորհրդարանական օժանդակություն նախապատրաստել հաշտեցման համաձայնության հասնելու համար։ Այսպիսի հանդիպումները ժամանակի ընթացքում կնպաստեն երկրների միջեւ վստահության ամրապնդմանը»։
 
Միացյալ Թագավորության՝ Հարավային Կովկասի  հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի խոսքով՝ իր գործը արհեստավարժներին փոխարինելը չէ, այլ ուրիշ մակարդակներով աջակցելը ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ նաեւ երկկողմ հարաբերությունների կառուցման ճանապարհով։ «Մենք Մինսկի խմբի անդամ չենք, չենք ուզում խանգարել Մինսկի գործընթացը։ Բրիտանիայի կառավարությունը դեռ Հարավայիբ Կովկասում հատուկ ներկայացուցիչ չի նշանակել, որովհետեւ մենք նախատեսում ենք այլ քաղաքականություն վարել, քան մեր դաշնակիցները, սակայն օբյեկտիվորեն կայուն, խաղաղ, զարգացող եւ ժողովրդավար Հարավային Կովկասը  բոլորիս նպատակն է, եւ դրան հասնելու համար անհրաժեշտ է համատեղել երկրների ջանքերն ու հնարավորությունները, ոչ վերջին հերթին՝ նաեւ Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան համագործակցության խորհրդի, այլ միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների։ Մեր ջանքերն ավելի են բարձրացնում հակամարտությունները՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի, ԼՂ-ի։ Արեւմուտքում՝ դրանք հայտնի են որպես սառեցված հակամարտություններ, ինչը հեշտ է բացատրել։ Եթե 10 տարի ետ գնանք՝  այս հակամարտություններն առանձնացել էին բարձր լարվածությամբ եւ պատերազմով։ Այժմ կան զոհեր, բռնի տեղահանվածներ, բայցեւ կա հրադադար եւ այն պահպանելու մեխանիզմներ, եւ կարող ենք հուսալ, որ գլխավոր պատերազմների ժամանակն արդեն անցյալում է։ Մյուս պատճառն այն է, որ ամեն ինչ հարթ չէ հրադադարի ռեժիմի մեջ, որի շրջանակում դիվանագետները փորձում են կարգավորել հակամարտությունը։ Չմոռանալով Մոսկվայի եւ Վաշինգտոնի ազդեցությունը նշված երկրների վրա՝ ես չեմ կարծում, թե Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ստիպված կլինեն երկուսի միջեւ ընտրություն կատարել»։ 
 
Սեմինարի առաջին նիստը սկսվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ միջազգային հանրության դերը հակամարտության լուծման գործում» թեմայի քննարկումներով:  ՀՀ ԱԳՆ ԵԱՀԿ բաժնի վարիչ Վարուժան Ներսիսյանի խոսքով՝ բոլոր տարբերակները քննարկելի են, բայց հայկական կողմի համար ընդունելի է մեկ հանրաքվեի անցկացումը։ Այն, որ մարդիկ խոսում են մինչեւ հակամարտությունը ԼՂ-ում  բնակվող ժողովրդի շրջանում հանրաքվե անցկացնելու մասին, արդեն լուրջ փոխզիջում է. «Կարեւորն այն է, որ պետք է լինի ԼՂ տարածքում ներկայումս կամ՝ մինչ հակամարտությունը բնակվող ժողովրդի ինքնորոշում, դրանից հետո հստակ կլինի, թե նրանք ինչպիսի ապագա են ուզում։ Երկու հանրաքվեի տարբերակը ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի համար ընդունելի չէ»։
 
Սաբին Ֆրեիզերը (Ճգնաժամերի միջազգային խումբ), անդրադառնալով ԼՂ՟-ում հանրաքվե անցկացնելու խնդրին, նշեց, որ դա զգայուն հարց է եւ առայժմ մանրակրկիտ չի քննարկվել։ «Ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ որեւէ հանրաքվե չի կարող անցկացվել, եթե դա համազգային չէ։ Եթե ԼՂ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացվի, ապա դա պետք է արվի ողջ Ադրբեջանում։ Այսինքն՝ հանրաքվեի վերաբերյալ մեծ իրավական խոչընդոտ կա։ Կան նաեւ շրջանառվող այլ գաղափարներ, այն է՝ հանրաքվե անցկացվի միայն ԼՂ-ում, բայց հարցն այն է, թե ով պետք է քվեարկի։ Սա բարդ հարց է։ Հայկական կողմի առաջարկած գաղափարն այն է, որ հանրաքվեն պետք է անցկացվի ԼՂ-ում՝ հետեւյալ հարցով՝ «Անկախություն ցանկանո՞ւմ եք, թե՞ ոչ»։ Ադրբեջանցիները քննարկելի են համարում նաեւ երկու հանրաքվե կազմակերպելու գաղափարը՝ Ղարաբաղի հայերի եւ Ղարաբաղի ադրբեջանցիների շրջանում։ Սա անընդունելի է հայկական կողմի համար»։

Շարունակվող հակամարտությունը ծանր գին ունի երկու երկրների համար կարծում է ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ։ Ամեն տարի 35 մարդ է մահանում շփման գծում, շատերը հաշմանդամ են դառնում։ Կան հարյուր  հազարավոր փախստականներ ու ներքին տեղահանված անձինք։ Հայաստանն ու Ադրբեջանը, նորանկախ պետությունները կառուցելու փոխարեն իրենց քաղաքական եւ այլ էներգիան կենտրոնացնում են հակամարտության վրա։ Խնդրի լուծումն այդ էներգիան կուղղի ավելի օգտակար բաների։ Անհրաժեշտ է հասկանալ, որ շարունակվող հակամարտությունը ծանր գին ունի երկու երկրների համար»,- ասաց ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը։  Զեկուցողը կարեւորեց հայացքը ոչ թե անցյալին, այլ՝ ապագային ուղղելը։ Ցավոտ անցյալը չպետք է խանգարի ապագան կերտելու գործին, չպետք է կանգնի լուծում գտնելու ճանապարհին։Գորան Լենմարկերը նկատեց, որ հակամարտության պատճառները խորն են։ Հայաստանի հիմնականհոգսն իր ժողովրդի անվտանգությունն ապահովելն է։ Ադրբեջանում պետք է հասկանան, որ դա հայերի կողմից բարձրացված օրինական հարց է։ Ադրբեջանական կողմն էլ զգացողություն ունի, թե ագրեսիայի զոհ է, եւ արդարություն պետք է լինի։ Դա էլ պետք է հասկացվի Հայաստանում ու Ղարաբաղում։«Այս մտահոգությունները հնարավոր է լուծել, դրանք մեկը մյուսին չեն խանգարում։ Հակամարտությունը կարելի է լուծել՝ բավարարելով այս պահանջները։ Այդ առումով հակամարտությունը դիտարկելիս ես լավատես եմ»։ Պարոն Լենմարկերի խոսքով՝ անհրաժեշտ է ընդարձակել հակամարտության հեռանկարները։ Այս համակարտությունը երկու երկրների ապագայի հարցն է. նրանք պետք է միասին ապրեն նույն տարածաշրջանում։ Հայաստանի ապագան պետք է ձեւավորվի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ նույն համատեքստում, ավելի ընդարձակ հեռանկարում՝ գուցեեւ ԵՄ հետ նույն համատեքստում։ Հնարավոր է հարցի այնպիսի լուծում գտնել, որով երկու կողմն էլ կշահեն։ Չի կարելի այնպիսի լուծման հանգել, որի դեպքում մի կողմը տանուլ է տալիս, այլապես հաջորդ սերունդը հաջորդ պատերազմը կսկսի։ Երկու երկրները կարող են օգտագործել ՆԱՏՕ-ի՝ անվտանգության հարցում ունեցած մեծ ներդրումը։

Գորան Լենմարկերը, կարեւորելով ԵԽ-ի եւ ԵՄ-ի ակտիվ հետաքրքրությունը Հարավային Կովկասի հանդեպ, նշեց, որ առաջարկվող ծրագրերը կօգնեն տարածաշրջանային ապագա ձեւավորել Հարավային Կովկասի համար։-Բանակցություններն սկսվել են Մինսկի խմբի ձեւաչափով։ «Մենք պետք է աջակցենք դրան, նոր շունչ հաղորդենք, բայց չենք կարող փոխարինել Մինսկի խմբին։ Այժմ մենք տեսնում ենք, որ խմբի առաքելությունը հուսադրող է եւ կարող է ավարտվել»,-ասաց պարոն  Լենմարկերը։

Նա սեմինարի պատվիրակներին առաջարկեց իրենց երկրների կառավարություններին հորդորել իրենց ուսերին առնել ականապատված տարածքների ականազերծման խնդիրը։

Գորան Լենմարկերը չմոռացավ շեշտել Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակական կարծիքի ձեւավորման անհրաժեշտությունը. «Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են. դրանց ընթացքում չպետք է Հայաստանի հանդեպ ատելության ճառեր հնչեն, քանզի խորհրդարանականները պատասխանատվություն ունեն խաղաղության գործընթացում ապահովել հասարակության աջակցությունը, ոչ թե հակամարտությունն օգտագործել սեփական կուսակցության համար վարկանիշ ձեռք բերելու նպատակով»։



06.10.2005
Հնդկաստանի փոխնախագահը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի հետ:Քննարկումների առանցքում  հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահությո...

06.10.2005
Ազգային ժողովի քառօրյա նիստերն ավարտվեցին
Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովը շարունակվեց քննարկել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:  Աժ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am