National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 24

17 դեկտեմբերի 2025

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, բարև ձեզ։ Հարգելի պատգամավորներ, հանձնաժողովը դեռ նիստը շարունակում ա, այսինքն՝ նիստ կա, ինչպես նաև մի հատ էլ հանձնաժողով ունենք, որը միանգամից նիստ ա սկսելու։ Ուստի լրացուցիչ կոչնակով կհրավիրենք նիստի, էս պահին հանձնաժողովը նիստը չի ավարտել, որպեսզի մենք կարողանանք շարունակենք օրակարգը։ Լրացուցիչ կոչնակով կհրավիրենք, եթե ինչ, ուշադիր խնդրում եմ։

Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ զբաղեցնել տեղերը և նախապատրաստվել գրանցման։ Գրանցում՝ 73 պատգամավոր, քվորում կա, ուստի կշարունակենք լրացուցիչ կոչնակով տեղեկացվելուց հետո։

Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք նիստը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը ես լավ լուր ունեմ բոլորիս համար՝ մեզ են այցելել երկու տարբեր դպրոցների սաներ։ Ձախ կողմից մենք ունենք էսօր հյուրընկալած Գեղարքունիքի մարզի Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համար մեկ հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Հա, աջն ա, ինձ սխալ տվեցին, կներեք, փոխեմ տեղը, բարև ձեզ, բարի գալուստ։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողները և դասախոսները։ Բարի գալուստ Ազգային ժողով։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հարգելի պատգամավորներ, քննարկում են Կառավարության ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին»» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Տեղեկացնեմ, որ հարցերի քանակը բավականին քիչ է և մենք շատ կարճ ժամանակահատված հետո, ամենայն հավանականությամբ, կունենանք քվեարկություններ։ Խնդրում եմ պատգամավորներին վերադառնալ դահլիճ։

Իսկ հիմնական զեկույցով հանդես կգա Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։ Համեցեք։

 Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104 օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ նախագծերը։ Փաթեթի ընդունումը պայմանավորված է դրանցում ներառված օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ։ Հիշեցնեմ, որ այդ օրենքների փոփոխությունները վերաբերում էր չվճարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման նոր համակարգին, պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգին և դրոշմանիշային վճարների հաշվառման համակարգին։ Հաշվի առնելով որոշ տեխնիկական և ընթացակարգային խնդիրները՝ առաջարկում ենք 6 ամսով հետաձգել օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը։ Խնդրում եմ ընդունել, հաստատել։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պարոն Սահակյան, քանի որ գրավոր առաջարկներ չեն եղել, պատգամավորները հարցեր չեն կարող տալ, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարակից զեկույցով հանդես կգա տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Համեցեք, պարոն Թունյան։

 Բ.ԹՈՒՆՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի աշակերտներ, հանձնաժողովը քննարկել է, տվել է դրական եզրակացություն։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել, փոփոխություններ չեն եղել, խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Դահլիճում լռություն։ Շնորհակալություն պարոն Թունյան։

Մտքերի փոխանակության համար գրանցում։ Մի հատ ելույթ ունեմ, չգիտեմ, երեխաների մոտ չեմ ուզում տպավորությունը փչացնել, սպասենք երեխաները գնան... (խոսակցություն դահլիճում) կարող է և չտեսնեն, հույս ունեմ՝ չեն տեսնի։ Շնորհակալություն։ Հերթագրված պատգամավորներ չկան։

Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Հարգելի պատգամավորներ, այժմ քննարկում ենք Կառավարության ներկայացրած ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունց։ Համեցեք։

 Տ.ԴԱԴՈՒՆՑ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քանի որ նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է՝ շատ կարճ ներկայացնեմ ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք՝ թվայնացման աշխատանքներով պայմանավորված դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև կապուղիների ներդրման ժամկետը վերանայել և միևնույն ժամանակ անցումային դրույթներով հստակեցնել կատարողական ծախսերի գանձման հետ կապված հարցերը՝ կապված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված և դրանից առաջ հարուցված կատարողական վարույթների հետ։

Նախագծերի հետ կապված առաջարկ ենք ներկայացրել՝ անցումային դրույթներում այս կարգավորումը հստակեցնելու և խմբագրելու առումով ոչ բովանդակային, այլ հստակեցման տեսանկյունից։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել՝ հարցեր չեն կարող լինել։

Հարակից զեկույցով հանդես կգա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը։ Համեցեք, տիկին Ղազարյան։

 Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն։ Այս պահին նախագիծը ներկայացված է լրամշակված տարբերակով, խնդրում եմ կողմ քվեարկել լրամշակված տարբերակին։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Մտքերի փոխանակության համար գրանցում։

Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումը նույնպես ավարտվեց։

Այժմ քննարկում ենք Կառավարության ներկայացրած ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունց։ Համեցեք։

 Տ.ԴԱԴՈՒՆՑ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ այս փաթեթով մենք ամբողջացնում ենք 2021 թվականի մայիսի 16-ին ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» նոր օրենքով սահմանված բարեփոխումները և սրա արդյունքում մենք համայնքներում գործող քաղաքացիական սպասարկման գրասենյակներն արդեն առաջարկում ենք բերել արդարադատության նախարարության ներքո, դրա վերահսկողության տակ և այնտեղ ներդնել քաղաքացիական ծառայություն։ Ըստ էության, այս փաթեթը քննարկվել է բովանդակային հանձնաժողովի նիստում և առաջարկ էր հնչեցվել մեր կողմից, որպեսզի անցումային դրույթներում լրացումներ կատարվեն, հստակեցումներ՝ կապված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերի ընդունման հետ և առաջարկել ենք ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետը կապել օրենքի ընդունման հետ, որպեսզի հասցնենք իրականացնել սեղմ ժամկետում։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարցեր չեն կարող լինել։ Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը։

Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյան։ Համեցեք, տիկին Քլոյան։

 Ա.ՔԼՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն։ Կոչ եմ անում պատեհ պահին նախագծին կողմ քվեարկել։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար գրանցում։

Եզրափակիչ ելույթի կարի՞ք։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումը նույնպես ավարտվեց։

Քննարկում ենք Կառավարության ներկայացրած ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան։ Համեցեք։

 Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր հավանությանն ենք ներկայացնում փոփոխությունների մի փաթեթ, որը ոչ թե պարզապես սոցիալական վճարների վերանայում է, այլ հստակ քաղաքական ուղերձ երեխա ունեցող ընտանիքներին։ «Պետական նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանում ենք ամսական նպաստի նոր տեսակ, որով ընդլայնում ենք երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվող պետական երաշխիքների շրջանակը։ Մասնավորապես՝ ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մինչև երեխայի 6 տարին լրանալն ընտանիքը կունենա կայուն և կանխատեսելի պետական աջակցություն։ Սա կարևոր շրջափուլ է երեխայի զարգացման և ընտանիքի սոցիալական կայունության տեսանկյունից, և պետությունը հենց այս փուլում ուժեղացնում է իր ներկայությունը։ Միևնույն ժամանակ մենք վերանայում և համահարթեցնում ենք ծննդյան միանվագ նպաստը՝ այն դարձնելով հավասար բոլոր երեխաների համար անկախ կարգաթվից։ Արդյունքում՝ միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 հազար դրամ՝ ներկայում գործող 300 հազար դրամի փոխարեն, առաջին և երկրորդ երեխաների դեպքում։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Տիկին Բադալյանը... Ներողություն, շարունակեք։

 Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Այս փոփոխությունների արդյունքում տարեկան շուրջ 24 հազար ընտանիք կստանա ավելի բարձր և ավելի արդար պետական աջակցություն և, ըստ էության, մենք փոխում ենք մոտեցումը՝ անցնելով հատվածական աջակցությունից դեպի համակարգային, երկարաժամկետ և կանխատեսելի սոցիալական քաղաքականություն։ Թեև 3-րդ և ավելի բարձր կարգաթվով երեխաների համար տրվող նպաստը ներկայումս ավելի բարձր է, սակայն պարբերական նպաստի նոր տեսակն էականորեն ավելի մեծ երաշխիքներ է բերելու ընտանիքներին։

Ներկայացվող նախագիծը ներդրում է Հայաստանի մարդկային կապիտալում, ընտանիքի կայունության, ծնելության խթանման և սոցիալական համերաշխության ամրապնդման գործում։ Այս նախաձեռնությունը համահունչ է մեր ռազմավարական նպատակներին և ժամանակի պահանջներին։ Միևնույն ժամանակ առաջարկվող փոփոխությունների փաթեթի շրջանակում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկում ենք լիազորել Կառավարությանը՝ սահմանելու կենսաթոշակների և նպաստների վճարման եղանակը։ Ըստ այդմ՝ 26 թվականի ապրիլի 1-ից վճարումները կկատարվեն անկանխիկ եղանակով՝ Կառավարության կողմից սահմանված հստակ և վերահսկելի մեխանիզմներով։ Այս որոշումը միտված է համակարգի թափանցիկության բարձրացմանը, վճարումների անվտանգությանը և շահառուների համար ավելի հարմար ու կանխատեսելի միջավայրի ձևավորմանը։ Այսպիսով՝ անցում ենք կատարում ժամանակակից ֆինանսական գործիքների լիարժեք կիրառմանը՝ միաժամանակ պահպանելով սոցիալական պաշտպանության համակարգի վստահելիությունը։

Ավելին՝ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից տրվող հետվճարի չափը կսահմանվի 20 տոկոս ներկայիս 12 տոկոսի փոխարեն, ինչը կենսաթոշակառուների և նպաստառուների համար ավելի մեծ հնարավորություն կստեղծի իր վարքագծով բարձրացնել իր կենսաթոշակը կամ նպաստը։

Հարգելի խորհրդարան, այսպիսով՝ ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ ձեր կողմ ձայնը տալով մեր բարեփոխումների փաթեթին։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Գրավոր առաջարկներ չեն եղել, հարցեր չեն կարող լինել։

Հարակից զեկույցով հանդես կգա աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը։ Համեցեք, տիկին Բաթոյան։

 Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախագծերի փաթեթը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալ եմ։

  Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Մտքերի փոխանակության համար գրանցում։ Լիլիթ Ստեփանյան։ Համեցեք, տիկին Ստեփանյան։

 Լ.ՍՏԵՓԱՆՅԱՆ

-Սիրելի սովորողներ, հարգելի գործընկերներ, և, հարգելի հայրենակիցներ, երեկ և այսօր մենք շարունակաբար խոսում ենք նախագծի շրջանակներում անկանխիկ վճարումների կարևոր արտոնության մասին, և և՛ երեկ, և՛ այսօր ես ֆեյսբուքյան մեր գրառումների տակ բազմաթիվ ստատուսներից առանձնացրել եմ երեք հիմնական խումբ, որ կարծում եմ՝ նաև Կառավարության գործընկերներին պետք է հետաքրքրի։ Առաջին մեծ խումբը վերաբերում է, հիմա քաղաքացիները շատ են խնդրում, որպեսզի հատկապես ջեռուցման սեզոնին հետվճարը տարածվի նաև կոմունալ վճարումների վրա։ Ես կարծում եմ՝ սա քննարկման առարկա է և կարելի է այս մասին խոսել։

Երկրորդ հիմնական խնդիրը վերաբերում է Հայաստանի բանկերում գործող մեկ բանկի, որի սպասարկման քարտի հետ կապված կան խնդիրներ և հետվճարը չի փոխանցվում։ Ես կարծում եմ՝ կարելի է նաև ներկայացնել քաղաքացիներին, որ կարելի է բանկը պարզապես փոխել և օգտվել այս հնարավորությունից։

Եվ երրորդը. քաղաքացիները դժգոհում են, որ Կառավարությանը, օրինակ՝ հետվճարի ծրագիր է իրականացնում, բայց քանի գնում ենք դեպի Ամանոր, քանի, այսպես ասած, տոներն են մոտենում, այնքան շատ տնտեսվարողներ, օրինակ՝ տարբեր հանգամանքներով պատճառներով պայմանավորված պոստերմինալների հետ խնդիրներ են առաջացնում, հնարավոր է նաև արհեստական, որպեսզի չսպասարկեն քաղաքացիների քարտերը։ Դրանք վերաբերում են գեղեցկության սրահներին, մթերքի խանութներին, հագուստի խանութներին, ծաղկի սրահներին և այլն։ Եվ ես կարծում եմ՝ էստեղ մեծ գործ ունեն անելու մեր ՊԵԿ գործընկերները և, այո, ինքս էլ փորձել եմ՝ որոշ խանութներում այս օրերին ընդհանրապես պոստերմինալները չեն սպասարկում, և ես կարծում եմ, որ մենք առաջ ենք գնում այն նշանաբանով, որ պետք է պայքարենք ստվերի դեմ և առաջարկում ենք քաղաքացիներին, հատկապես այս օրենքի շրջանակներում, դառնալ Կառավարության գործակիցը, ապա կարծում եմ, որ այլ մարմիններ նույնպես պետք է լրացուցիչ ջանք գործադրեն, որպեսզի իսկապես մենք կարողանանք այդ 20 տոկոսը, այսօր, իհարկե, գործող 12 տոկոսն անպայման հասցնել մեր քաղաքացիներին և իսկապես պայքարենք ստվերի դեմ։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Քննարկում ենք Կառավարության ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Կադաստրային կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյան։ Համեցեք։

 Ս.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում 2021 թվականի դեկտեմբերի 26-ին «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ Եվ, ըստ էության, երեկ հնարավորություն ունեցա մանրամասն ներկայացնել հարցը, բայց այսօր էլ որոշակի հարցեր են հնչեցվել, և կփորձեմ նաև ներկայացնել այդ հարցերի պատասխանները։

Բովանդակային առումով 2021 թվականի փոփոխություններով մենք սահմանեցինք ինքնակամ կառույցների օրինականացման համար հաշվառման ընթացակարգ և այս հաշվառման ընթացակարգի համար սահմանեցինք սահմանված ժամկետներ յուրաքանչյուր համայնքների կամ համայնքների խմբերի համար և նշեցինք, որ այդ ժամկետներում ինքնակամները պետք է ներկայացվեն հաշվառման, որպեսզի հետագայում հնարավոր լինի դիմել համայնքներին օրինականացման։ Այնուամենայնիվ, որոշ քաղաքացիներ, կամ տեղյակ չլինելով, կամ որոշակի խնդիրներ ունենալով, չէին կարողացել հաշվառումն իրականացնել և բովանդակային առումով բաց էին թողել այն ժամկետը, որով հնարավորություն էր տրվում իրենց հաշվառեին ինքնակամ շինությունները։ Այս օրենքի տրամաբանությունը բացարձակապես համապատասխանում է այն լոգիկային, որ մենք մեր քաղաքացիների համար, այն քաղաքացիների համար, ովքեր բաց էին թողել ժամկետը, ստեղծում ենք նոր հնարավորություն՝ այդ բաց թողնված ժամկետը վերականգնելու և ինքնակամ կառույցները հաշվառելու համար։ Այս շրջանակում հարցեր են հնչել այն տրամաբանությամբ, որ արդյոք այս հաշվառումը նշանակում է ինքնակամ կառույցի օրինականացում։ Հարգելի քաղաքացիներ, օրենքով նման կարգավորումներ տրված չեն և ինքնակամ կառույցի հաշվառումը դա այն առաջին քայլն է, որը ստեղծում է իրավական հիմքեր, որպեսզի քաղաքացիները կարողանան դիմել այն համայնքների ղեկավարներին, որտեղ գտնում է ինքնակամ կառույցը՝ հետագայում օրինականացման հարցերը քննարկելու համար։ Եվ արդեն համայնքի ղեկավարներն իրենց քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերի հիման վրա, իրենց գոտևորման նախագծերի վրա կկարողանան քննարկել այդ հարցը և որոշումներ կայացնել օրինականացնելու կամ օրինականացման դիմումները մերժելու համար։ Սա արդեն հաջորդ ընթացակարգն է և հաջորդ քայլն է, որ մեր հարգելի քաղաքացիները պետք է կարողանան իրականացնել հետագայում։ Նաև կարծիք է հնչել 2022 թվականից հետո կառուցված ինքնակամների համար։ Սրա վերաբերյալ ես ուզում եմ տեղեկացնել, որ կարգավորումները մինչև այդ պահը և այդ պահից հետո բովանդակային տարբեր կարգավորումներ է եղել, և այս օրենքը չի անդրադառնում 22 թվականից հետո կառուցված ինքնակամներին, այլ սահմանում է ժամկետի բացթողման խնդրի կարգավորումը։ Եվ միևնույն ժամանակ պետական և համայնքային այն գույքերը, որոնք հանդիսանում են հանրային սեփականություն, դրանց համար սահմանվում է լիազորություն Կառավարության համար, որպեսզի Կառավարությունը սահմանի այդ գույքերի ցանկը, որոնք հետագայում նաև օրինականացման ենթակա կլինեն։

Բովանդակային նախագիծը սա է, շնորհակալ եմ, կխնդրեմ կողմ քվեարկել։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցեր չեն կարող լինել։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը հանդես կգա հարակից զեկույցով։

 Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, նախագիծը քննարկվել է այսօր ևս հանձնաժողովում և պետք է նշեմ, որ այս նախագիծն ուղիղ մեր քաղաքացիների դիմումների, պահանջների ուղիղ հասցեագրումն էր և այս նախագծով ևս մեկ և վերջին անգամ հնարավորություն է տրվում մեր քաղաքացիներին հաշվառել իրենց ինքնակամ գույքը։ Եվ էս առումով պետք է հորդորեմ, որ ևս մեկ անգամ շատ ուշադիր լինեն, որպեսզի հետագայում էլի խնդիրներ չունենանք այս առումով և նորից հարցը չբարձրացվի, քանի որ այս հնարավորությունը տրվում է վերջին անգամ։ Եվ նաև է ուզում եմ նշել, որ այս նախագծի վերաբերյալ նաև թյուր կարծիք կար, թե նախընտրական պրոցեսում բերված պոպուլիստական նախագիծ է։ Պետք է նշեմ, որ այս նախագծի հիմքով կոնկրետ ես գոնե երեքից ավել դիմում-պահանջեմ ունեցել քաղաքացիներից և միանշանակ մենք էն Կառավարությունը չենք, որ նախընտրական շրջանում որոշենք ինչ-որ գործունեություն իրականացնենք, որպեսզի կարողանանք որևէ քվե ունենալ։ Մեր աշխատանքը ներկայացնելու մենք խնդիր ունենք, բայց ես կարծում եմ՝ մեր աշխատանքները մենք կազմակերպում ենք էնպես, որ մեր աշխատանքներն իրապես տեսանելի են։

Այս նախագիծն էն կարևոր նախագծերից է, որը, իրոք, սպասված է և ես կոչ եմ անում գործընկերներիս կողմ քվեարկել նախագծին։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի համար փոխանակություն, մտքերի փոխանակության համար գրանցում։

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Ալեն Սիմոնյան։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Սիրելի երեխաներ, ես ուզում եմ շատ կարճ ձեզ ծանոթացնել, օրինակ՝ երկու պատգամավորի հետ, որոնք այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում են։ Օրինակ՝ մեկը Հակոբ Արշակյանն է, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված և լավ անձնավորություն է։

Եվ երկրորդ անձնավորությանը ուզում եմ ծանոթացնել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականն իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ՝ քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից և մեկնաբանել է՝ լափել, լափել մինչև վերջ, Ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում. ես առաջարկում եմ՝ Տարոն Մարգարյանն իր օգնականին վերցնի ու գնա իր տուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը որն ա լինում, տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը միայն փող է պահանջում։ Կարա տանի Սերժ Սարգսյանենց տուն կամ Սերժ Սարգսյանի փեսու տուն, կամ էլ մյուս փեսու տուն, կամ ախպոր տուն, որ էդ օգնականն իմանա լափելը որն ա։ Ուրեմն, ուշադիր, բոլորին ա վերաբերում, էս բացակայող «Հայաստան» դաշինքին, ՊՈՒ-ին, էն ավել-պակաս խոսացող ֆեյսբուքյան չգիտեմ ակտիվիստներին, դերասաններին, կապիկներին, փող վեկալող մարդկանց՝ այո, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ, հանկարծ չսխալվեք՝ բոլորդ ձեր պատասխանն օրենքի սահմանում ստանալու եք, հանկարծ չսխալվեք։ Մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք, ես բոլորի անունից ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասել, կրկնում եմ, նախընտրական պրոցես է սկսվում, հանկարծ չսխալվեք։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն բարի խոսքերի համար։

Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք, տիկին Ղազարյան, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք քննարկումները։

Հաջորդ հարցի քննարկումն է։ Քննարկում ենք Կառավարության ներկայացրած ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյան։ Համեցեք։

 Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, քննարկման եմ ներկայացնում առաջին ընթերցմամբ ընդունված «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնցով մասնավորապես առաջարկվում է ներքին գործերի նախարարության կառուցվածքում ձևավորել օպերատիվ կառավարման մեկ միասնական գրասենյակ մեկ միասնական՝ 112 հեռախոսահամարով։ Գրասենյակի հիմնական գործառույթները կհանդիսանան օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակներով ստացած տեղեկությունների ընդունումը և օպերատիվ արձագանքի կազմակերպումը, արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ տարբեր արձագանքող ուժերի ներգրավման կազմակերպումը, բնակչության ազդարարման ու իրազեկման, ինչպես նաև հանրային միասնական հաղորդակցության ապահովումը, ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ տեղեկությունների մասնագիտացված վերլուծությունների իրականացումը և այլն։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել են օրենսդրության որոշակիացման միտված փոփոխություններ, համաձայն որոնց՝ ներքին գործերի նախարարը լիազորվել է գրասենյակում փրկարար ծառայողներ ևս նշանակելու իրավասությամբ, ինչպես նաև սահմանել ոստիկանության ծառայողների համազգեստի նկարագիրը։

Կխնդրեմ կողմ քվեարկեք։ Նախագծերի փոփոխությունները քննարկվել են և դրական եզրակացություն են ստացել հանձնաժողովում։ Շնորհակալություն, այսքանը։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցեր չեն կարող լինել, որովհետև գրավոր առաջարկներ չեն եղել։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հանդես կգա հարակից զեկույցով։

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարցը քննարկվել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն։ Խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Շնորհակալություն։

Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Մնաց ևս մեկ հարց, որից հետո տեղի կունենա քվեարկություն։ Խնդրում եմ պատգամավորներին, ովքեր դեռ դահլիճում չեն, վերադառնան։

Քննարկում ենք Կառավարության ներկայացրած ««Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ««Անկանխիկ գործառույթների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան։ Համեցեք, պարոն Խաչատրյան։

 Հ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն նախագահ։ Հարգելի գործընկերներ, երեկ Ազգային ժողովը քվեարկեց առաջին ընթերցմամբ ներկայացված փոփոխությունները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում և «Կրիպտոակտիվների մասին» օրենքում։ Այսօր գլխադասային հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում և՛ քննարկման արդյունքում, և՛ դահլիճից էլ պատգամավորների կողմից հնչեցված հարցերին, և՛ պատգամավորները մասնակցել են հանձնաժողովի նիստին, և՛ տիկին Վարդանյանն իր կողմից մի քանի առաջարկություններով հանդես եկավ, և ես կներկայացնեմ վերջնական տարբերակը, որով երկրորդ ընթերցմամբ պետք է քվեարկվի։

Ուրեմն, 2026 թվականի հունվարի 1-ից նախատեսվում էր գործող օրենքով՝ անկանխիկի օրենքով, որ բոլոր կրպիտոակտիվներով գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ Փոփոխությունների արդյունքում առաջարկվում է սահմանել 2 տարի ժամանակահատված՝ 2026 և 2027 թվականների համար, որ 300 հազար դրամը չգերազանցող գործարքներն իրականացվեն կանխիկ եղանակով։ Հետագայում էդ ռեժիմի պահպանման նպատակահարմարությունը հնարավորություն կունենանք քննարկելու։ Ինչի՞ էդ ժամանակահատվածը, որովհետև ամբողջ 26 թվականի ընթացքում տեղի է ունենալու լիցենզավորման գործընթաց։ Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսին, բայց ենթաօրենսդրական ակտերի համար տրված էր 6 ամիս ժամանակ, որն ավարտվում է, մենք էլ հրապարակում ենք, ավարտում ենք բոլոր ենթաօրենսդրական ակտերը։ 26 թվականի ընթացքում ընկերությունները կլիցենզավորվեն։ 27 թվականի ընթացքում՝ արդեն որպես լիցենզավորված ընկերություններ, գործունեությունը կծավալեն ու էդ ընթացքում մենք իրական կյանքում կարգավորելով ոլորտը, ծանոթանալով վիճակագրության հետ՝ հարցին կանդրադառնանք անհրաժեշտության դեպքում։

300 հազար դրամը չգերազանցող գործարքները, այնուամենայնիվ, անպայման պետք է նույնականացված լինեն։ Նույնականացման պահանջները վերաբերում են գործարք իրականացնող անձին՝ անուն–ազգանուն, անձնագրային տվյալներ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, որոնք ծառայություն վարձող ընկերությունները պարտադիր պետք է ստուգեն։

Եվ երրորդ պայմանն այն է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջը պետք է էդ ընկերությունները Կենտրոնական բանկում ցուցակագրվեն որպես գործող՝ օրենքի ընդունման պահի դրությամբ գործող, կրիպտոակտիվների ծառայություն մատուցող ընկերություններ, որպեսզի իրենց անցումային շրջանի իրավունքներից օգտվեն և ծառայություններ մատուցեն։ Այսքանն էր։

Եվ խմբագրական բնույթի փոփոխություններ էլ են եղել նախագծում, որոնք ուղղակի սրբագրական բնույթի են։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցեր չեն կարող լինել։ Միայն Ծովինար Վարդանյանը, եթե տիկին Վարդանյանը... (խոսակցություն դահլիճում) հա, բարի, ուղղակի օրենքով դուք իրավունք ունեք նաև հարցով դիմել, նաև կարող եք որպես հարակից զեկուցող հանդես գալ։ Համեցեք, տիկին Վարդանյան։

Տիկին Վարդանյանը ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի լավագույն նախագահներից մեկն է։ Խնդրեմ։

 Ծ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն նախագահ։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, պետք է նշեմ, որ էս օրենքի նախագիծը, որ ներկայացվել է էս պահին մեր դատին, ենթադրում է անցումային ժամանակահատված, որի ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող կազմակերպությունները հնարավորություն պետք է ունենան՝ որոշ անցումային ավելի մեղմ դրույթներով անցում կատարել դեպի հետագա, այսինքն՝ հիմնական օրենքի պահանջները համապատասխանելուն։ Ի՞նչ է սա ենթադրում. սա ենթադրում է, որ, քանի որ լիցենզավորման գործընթացը որոշ ժամանակ է պահանջում, էս ընթացքում էս կազմակերպությունները, մինչև հունվարի վերջ՝ 31-ը, կարող են դիմել Կենտրոնական բանկին առ այն, որ նրանք պատրաստվում են լիցենզավորվել և էս ընթացքում, մինչև լիցենզավորումը, օրինական համարվեն՝ օրինական կրիպտոարժույթներով ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ Ինչպես նաև Կենտրոնական բանկը ներկայացրել էր դրույթ, որով թույլ է տրվում մինչև 300 հազար դրամ մեկ տարի ժամկետով կանխիկով գործառնություններ կատարելը, ինչը հանձնաժողովում քննարկման արդյունքում երկարաձգվեց մինչև 2 տարի և դրա հիմնական պատճառն այն էր, որ մեկ տարին բավարար չէ հասկանալու համար՝ արդյոք կանխիկով գործառնությունները ռիսկային են, թե ոչ։ Հետևաբար` էդ տվյալները մեկ տարի ունենալուց հետո մենք կարող ենք ուսումնասիրել և հասկանալ և գուցե էս ժամկետն ընդհանրապես կարիքը չկա ժամկետի կամ հակառակը կարիք կա սահմանափակելու։ Բայց այն ամենակարևորը, ինչի մասին կուզենայի խոսել էս օրենքի քննարկման շրջանակում, դա այն է, որ ակնհայտ է, որ տվյալ դաշտը նոր է Հայաստանի Հանրապետության համար, և կարգավորումները, որոնք որ էս պահին դրված են սեղանին և գործող օրենքում, դրանք դեռ փոփոխությունների ենթակա են։ Եվ իմ գործընկեր պատգամավորների հետ էլ քննարկումների արդյունքում մենք եկանք եզրահանգման, որ ճիշտ կլինի առաջարկություն ներկայացնել Կառավարությանը, ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ նաև ներկայացված պետք է լինի Ազգային ժողովը և բոլոր շահառու մարմինները, այդ թվում՝ Կենտրոնական բանկը և ԲՏԱ նախարարությունը, որպեսզի էդ հանձնաժողովը շատ օպերատիվ կերպով հսկի էս անցումային շրջանում բոլոր էն առկա խնդիրները, որոնց հետ բախվում է թե՛ պետությունը, թե՛ տնտեսվարողը։

Թերևս այսքանը։ Էս տեսքով հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, խնդրում եմ նաև դուք դրական եզրակացություն տաք։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ (Ի՞նչ ես կարդում)։ Համեցեք, տիկին Բաթոյան։

 Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, օգտվելով առիթից, որ Կենտրոնական բանկ...

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Դահլիճում լռություն։ Տիկին Ջուլհակյան։

 Զ.ԲԱԹՈՅԱՆ

-Օգտվելով առիթից, որ Կենտրոնական բանկի մեր գործընկերներն են էստեղ, ես մեկ այլ թեմայով եմ ուզում խոսել։ Մենք այսօր արդեն կընդունենք «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքները, նախագծերը, որոնցով սահմանվում է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր նպաստների և կենսաթոշակների վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով, իհարկե, կարգը կսահմանի Կառավարությունը, բայց ես ուզում եմ հույս հայտնել, որ կա ընդհանուր ընկալում, որ մենք պետք է մեր բոլոր քաղաքացիների համար ապահովենք ծառայությունների հասանելիություն և մատչելիություն, բանկային ծառայությունների, անկախ նրանց առողջական վիճակից, տարիքից կամ ֆիզիկական դժվարություններից, որովհետև մենք, ցավոք, գրանցել ենք այդ դժվարությունները և գիտենք դրանց մասին և քանի որ մեր քաղաքականությունն է՝ նպաստել անկանխիկ գործարքներին, այսինքն՝ մենք, ըստ էության, էսպիսով բոլոր կենսաթոշակների, նպաստների վճարումն էդպես պետք է իրականացնենք, ես ուզում եմ հույս հայտնել, որ Կենտրոնական բանկը ևս իր աջակցությունը կցուցաբերի՝ այս ծառայությունները, ինչպես արդեն նշեցի, մատչելի և հասանելի դարձնելու մեր բոլոր քաղաքացիներին։ Շնորհակալ եմ։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Սկսում ենք քվեարկությունները, հարգելի պատգամավորներ, մեծարգո պարոն Եղոյան, հիմա քվեարկություններ են տեղի ունենալու, խնդրում եմ բոլորն ուշադիր լինեն։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 64

Դեմ՝ 2

Ձեռնպահ՝ 5

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Ազգային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 64

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 64

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 64

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 63

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 8

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 64

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։ Տիկին Հակոբյան, մի խանգարի պարոն Սուքիասյանին։ Ի՞նչ բան է, ես չեմ հասկանում։

Կողմ՝ 63

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 8

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 64

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։ Պարոն Եղոյան։

Կողմ՝ 66

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 5

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 66

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 5

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։ (Առողջություն)

Կողմ՝ 64

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։ Եվ այս տարվա քվեարկվող վերջին օրենքը։

Քվեարկության է դրվում...ա՜, կներեք։

Կողմ՝ 63

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 8

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության ներկայացրած ««Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ՝ 63

Դեմ՝ 1

Ձեռնպահ՝ 7

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, կհանդիպենք հաջորդ տարի։ Շնորհակալություն բոլորին։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am