National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 19

3 մայիսի 2024

Ժամը 10:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

 

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Բարի լույս, հարգելի գործընկերներ, մինչև նիստն սկսելն առաջարկում եմ շնորհավորել մեր գործընկեր պարոն Անդրանիկ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Նաև ողջունում ենք այսօր Ազգային ժողով այցելած «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներին։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այժմ անցնենք մեր քննարկվող հարցերին։ Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ հիշեցնել, որ քննարկում ենք «2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը»։ Առաջարկում եմ գրանցվել։ Գրանցում։ Գրանցվել է 56 պատգամավոր, քվորում ունենք։ Այժմ մտքերի փոխանակության ընթացքում ենք:

Կենտրոնական ամբիոնի մոտ եմ հրավիրում Արթուր Խաչատրյանին։ Համեցեք։

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք. իրականում պետք է քննարկեինք ոչ թե զեկույցը, որը խորքի մեջ անդրադարձավ այն բոլոր խնդիրներին, որոնք մենք ունենք մարդու իրավունքների բնագավառում, այլ այդ պրոբլեմները ծնող պատճառները։ Այն, որ մենք կատարյալ ձախողում ենք արձանագրել անցյալ տարի, կարծում եմ՝ որևէ մեկը չի վիճի, կատարյալի մասով միգուցե կվիճեք, բայց այն, որ մենք հպարտանալու որևէ բան չունենք, ակնհայտ է, բացեք նայեք, օրինակ՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները, գնահատականները։ «Freedom House»-ը շատ հետաքրքիր է, ես, ճիշտ է, հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվել, բայց շատ հետաքրքիր է գնահատականը՝ 3,07։ 3-ը դիկտատուրա է, 2,999-ն իննսունինը դիկտատուրա է, այսինքն՝ ընդամենը 0,7 թիվ ենք վեր։ Ասել՝ դե, էդ է, վերև է, թվերն ինչ կարևոր են, 3,07՝ նշանակում է՝ մենք անցումային ժողովրդավարություն ենք։ Հիմա, որ թվերը կոմպոնենտների բաժանենք, կտեսնենք, որ էդ շեմը հատել են՝ 4,25, որովհետև ստացել է քաղաքացիական հասարակությունը։ Եթե 4,25-ը մի քիչ նվազեցնեք, կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետությունը, որն իրեն ոգևորության պահին հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումային դիկտատուրա է։

Ո՞ր բնագավառներն են միջազգային կազմակերպությունները, իրավապահները՝ տեղական և ոչ տեղական, հատկապես ընդգծել. ազատ խոսքի իրավունքը։ Դուք քրեականացրիք, այսպես կոչված, ծանր հանցագործությունը, ծանր հայհոյանքները, հետո հետ բերեցիք, հիմա դարձյալ քրեականացնում եք տարբեր, այլ անուններով, քրեականացնում եք։ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, ինչ հոդված էլ ուզում եք վրաները դրած լինեք, խորքի մեջ դա հայհոյանքի քրեականացումն է, և, որպեսզի մյուսներին դաս լինի, Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել՝ բռնի ուժ կիրառելով, ինչպես նաև մեր այլ հայրենակիցները։

Ի դեպ՝ բռնի ուժի կիրառումը ևս մի հարց է, որի վրա գոնե «Freedom House»-ը, ինչպես նաև Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն ուշադրություն է հրավիրել։ Մարդուն ձերբակալել եք, կանդալել եք, այլևս չի կարող դիմադրություն ցույց տալ, բայց սադիզմի ոգով տոգորված` ժողովրդական ոստիկանները կամ քննիչները, չգիտեմ, որպես կանոն, էդ բալակլավաներով են, չեն երևում, մարդկանց ստորացնում են։

Այն, ինչ տեղի ունեցավ երիտասարդի հետ, որը միջադեպ էր ունեցել հասարակական տրանսպորտում, կարծում եմ՝ սև խարան է այս իշխանությունների վրա։

Ուղեկցող ոստիկանները Զեյթունում դուրս են գալիս, իբրև թե, զուգարան, փողոցում, որը եկեք ընդունենք, որ բավականին հակաէսթետիկ և զզվելի է, և ի՞նչ է տեղի ունենում. դիմակավորված երեք անձինք կամ առարկաներ էդ տղայի նկատմամբ՝ ֆիզիկական բռնություն և ստորացում։ Գտել ե՞ք, իհարկե, չեք գտել, ո՞նց կարող է՝ գտնեք։

Մյուս խնդիրը՝ հավաքների ազատությունը։ Շնորհակալություն, տիկին Մանասյան, շատ ճիշտ նշեցիք հավաքների ազատության սահմանափակումները։ Պիտի ասեք՝ բա, էն ժամանակ՝ էլ տոնածառ, պլաստիկ շիշ … Բա, եթե էն ժամանակ վատ էր, դուք եկաք, որ լավացնեք։ Եթե էս ժամանակը համեմատում եք էն ժամանակվա հետ, նշանակում է՝ ընդունում եք, որ դուք կատարելապես ձախողել եք, բայց էն ժամանակ, ի տարբերություն այս ժամանակվա, կրկնում եմ՝ ոգևորության պահին ոչ ոք իրեն չէր կոչում ժողովրդավարության բաստիոն։

Հայտարարում եք, որ կալանավորումը պետք է լինի, կիրառվի բացառիկ դեպքերում։ Երեկ մարդու իրավունքների պաշտպանը սարսափելի վիճակագրություն ներկայացրեց. այսօր ազատությունից զրկվածների 50 տոկոսը կալանավորված է ոչ թե կա վերդիկտ, ոչ թե կա դատարանի վճիռ, այլ, ուղղակի, մարդիկ կալանավորված են դատական պրոցեսի ընթացքում և մինչդատական կալանքի տակ են։ Եվ հիմա դուք ուզում եք հիմնավորե, որ կալանքը պատիժ չէ։ Հիշեցնեմ Քննչական կոմիտեի նախագահի ռեպլիկը, կամ ռեպլիկ չասեմ, ելույթը Կառավարության նիստի ժամանակ։ Եթե կալանք չի կիրառվում, դատական պրոցեսները կարող են տևել տարիներ։ Դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ գործադիր մարմնի ղեկավարի հրահանգը դատական համակարգին. մեզ պետք են դատավճիռներ։ Եվ հիմա գալիս է դատավճիռներն արագացնելու քաղաքականությունը։ Խորքի մեջ դա ոչնչով չի տարբերվում Վիշինսկու՝ Սովետի ժամանակվա դատախազի տրամաբանությունից՝ ինքնախոստովանությունը մեղքի ապացուցման գագաթնակետն է։ Պարզ է, չէ՞, թե ինքնախոստովանությունը ոնց էին կորզում։ Հիմա դուք էդ ձևով ինքնախոստովանություն կորզում եք կալանքի միջոցով։ Երկար չխոսեմ, էլի առիթ կլինի։

Ասում ենք՝ էս մարդկանց, ուղղակի, ամփոփեմ, քաղաքական գործիչների վրա քրեական գործեր եք կարել։ Ասում եք՝ չէ, ճիշտ է, իրենք քաղաքական գործիչներ են, բայց հանցագործությունները, որոնցում իրենք մեղադրվում են, քրեական են: Բռավո։ Սովետական Միությունում Ստալինից հետո 58-րդ հոդվածը, որը հանեցին՝ ժողովրդի թշնամի, մինչև հիմա կա, Հայաստանում գործում է, ճիշտ է, ուրեմն, 58-րդ հոդվածից հետո բոլոր քաղաքական բանտարկյալները քրեական հոդվածներով էին գնում։ Չկար, Սովետի ժամանակ մի քաղաքական բանտարկյալ վերցրեք, Պարույր Հայրիկյանը՝ կենդանի վկա, այդ մարդուն հո չէի՞ն գրել՝ քրեական հանցագործ, ինչ-որ ախմախ քրեական հոդված էին դրել, էլի։ Հիմա էլ նույնը դուք եք անում, քաղաքական գործիչների վրա քրեական հոդված եք դնում։ Այսինքն՝ էս համակարգում Սովետն է, ոստիկանին ուզում եք՝ պարեկ կոչեք, ուզում եք՝ ոստիկան կոչեք, կարող եք հետ գնալ, անունն ինչ է, հրեշտակ կոչել, էդ մարդկանց մեծամասնությունն էությամբ միլիցիա է, ավելին ասեմ՝ մեծ մասն էությամբ թաղային միլիցիա է։ Մեծերին հարցրեք, կպատմեն, էստեղ, վերջապես, սեմինար չէ։ Թաղային միլիցիաներ են, և քանի դեռ դա չի փոխվել, մարդկանց հոգեբանությունը չի փոխվել, որևէ բան չի փոխվելու, ինչքան էլ գեղեցիկ բանտիկներ նկարեք, կպցնեք։

Եվ մի խնդիր էլ, տիկին Մանասյան. այո, արձագանքելը շատ կարևոր է, և, էլի եմ ասում՝ գնահատելի է այդ ամեն ինչը, բայց ես կարծում եմ, որ դուք պետք է մի քիչ ավելի խորքային քննարկում ունենաք այսօրվա քաղաքական իշխանությունների հետ այդ հանցավոր դրսևորումները ծնող պատճառների վերաբերյալ և դրանց վերացնելու, խորքից կտրելու վերաբերյալ, այլապես կգան, կարձագանքեն, կգնան։ Ի՞նչ տեղի կունենա. Տեղի կունենա էն, որ 35,000 հոգի հայկական անձնագրով անցյալ տարի մեր երկրից հեռացել է, 35,000 էլ էս տարի կհեռանա, 35,000 էլ մյուս տարի կհեռանա։ Բրիտանական Կառավարության հետ կբանակցեք, 50 միլիոն ֆունտի դիմաց Հայաստան ապօրինի ներգաղթյալներ բերելու համար: Վերջիվերջո, ինչքան էլ էստեղ թաքցնեք, գիտեք, չէ՞, թե էդ գործընթացն ինչու է կանգնել. կանգնել է, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատական հայց է սկսել բրիտանական Կառավարության դեմ, դա էս իշխանության հետ որևէ կապ չունի: Ինչքան էլ փորձեք քողարկել, պատճառը դա է։ Փառք Աստծո, հիմա վաղ քարե դարը չէ, ինտերնետ կա։ Ի դեպ՝ ինտերնետ 1996-ին էլ կար, ցանկացած բանական մարդ կարող է կարդալ Լիսաբոնի հայտարարությունը։

Ամեն դեպքում, խնդրում եմ ոգևորության պահին մի պահ դադար տվեք, նայեք իրականությանը և վերագնահատեք, թե արդյո՞ք Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն։ Շնորհակալություն։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Թագուհի Թովմասյան։

 Թ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, երեկ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասպատակեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոնում, խոսեց, իսկ ավելի շուտ, շտապաախոսեց հայերենով, բայց՝ անհասկանալի, որ սա միայն իմ կարծիքը չէ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը վերջերս փորձել էր մասնագիտական վերլուծության ենթարկել Անահիտ Մանասյանի հնչեցրած մտքերը և եկել էր այն եզրահանգման, որ հայերեն բառեր են հնչում, ուղղակի, խճողման են տանում խոսքը, որպեսզի ընկալում չլինի։ Ասում է՝ որ թվա, թե պատասխան կա, բայց պատասխան չկա։ Եվ, վերջապես, լեզվաբանը հանգել է եզրակացության, որ Հայաստանի օմբուդսմենը թաքնվում է շնչահեղձ անող իրավաբանական բառերի հետևում: Այո, իրականում Անահիտ Մանասյանը երեկ ներկայացրած իր զեկույցով, ապա հարց ու պատասխանով որքան էլ փորձեց բալանսավորված մտքեր արտահայտել, չստացվեց։ Նա չհնչեցրեց հստակ պարզաբանումներ և գնահատականներ կոնկրետ իրավախախտումների առնչությամբ և չասաց, թե մարդկանց խախտված իրավունքների վերականգնում եղել է, թե ոչ և ինչպիսի խոչընդոտների է հանդիպել այդ ճանապարհին։

Տիկին Մանասյան, ես ձեզ երեկ ասացի, որ ձեր աշխատակիցներին տեսել եմ ձերբակալվածներին պահելու վայրում ապրիլի 16-ին, և ասացի, որ ոստիկանների հսկողության տակ գտնվող երիտասարդ տղայի խոշտանգման խայտառակ դեպքին դուք գնահատական չեք տվել։ Էլի շնչահեղձ անողիրավաբանական մտքեր եք հայտնել՝ չտալով հստակ գնահատական: Անշուշտ, չարդարացնելով Սամվել Վարդանյանի վարքը հանրային տրանսպորտում Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ, պետք է փաստենք, թե պետության պահպանության տակ գտնվող քաղաքացուն խոշտանգելը, սեռական նսեմացման ենթարկելը, նրա վրա խմբակային թքելը ոստիկանների հանկարծակի առաջացած կարիքների բավարարման ճիշտ ճանապարհին, իրավաբանական ինչ գնահատականի է արժանի երևույթ է։ Չեք տվել ձեզանից ակնկալվող այդ գնահատականը և մի մեղադրեք, թե ձեր ֆեյսբուքյան էջը չեմ նայել: Հետևել եմ։ Ձեր այս վարքագծով ևս մեկ անգամ ամրապնդեցիք հանրության լայն շրջանում առկա տեսակետը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օմբուդսմենն եք, մինչդեռ պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, բայց դուք չասացիք, թե ինչ եք արել Սամվել Վարդանյանի իրավունքների վերականգնման համար և ո՞ւր է արդյունքը և ի՞նչ խոչընդոտների եք, ի վերջո, հանդիպել։ Սա է պատճառը, տիկին Մանասյան, որ ձեր լուսանկարները մարդիկ փակցնում են Երևանի տարբեր բնակավայրերում պատերի ու ծառերի վրա՝ գրելով, որ փնտրվում է օմբուդսմեն։ Իհարկե, մարդու իրավունքների խախտումներ տեղի են ունենում բոլոր երկրներում, բայց շատ կարևոր է, թե որ երկրում ինչպես են պայքարում խախտված իրավունքների համար, և եթե ընտրովի արդարադատություն է իրականացվում որևէ երկրում, ուրեմն, ժողովրդավարական արժեքներից խոսելը կեղծ է։

Հիմա կբերեմ անցած տարի տեղի ունեցած միջադեպերի մի քանի օրինակներ, որոնց բոլոր դեպքերում պատժվողներ չեն եղել, քանի որ ենթադրյալ կասկածյալները պետական պաշտոնյաներ են, իշխանության ներկայացուցիչներ կամ հովանավորներ։ Այսինքն՝ գործ ունենք խտրական կամ ընտրովի արդարադատության հետ։ Անցած տարի ապրիլի 3-ին տեղի ունեցավ խայտառակ միջադեպ, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հրահանգեց բռնել իրեն դավաճան անվանած քաղաքացուն և թքեց նրա դեմքին, դուք՝ որպես օմբուդսմեն, հստակ գնահատական չեք տվել այս դեպքին, և չեք ասել, թե ինչ եք արել քաղաքացու իրավունքների վերականգնման համար։ Դուք գնահատական չեք տվել նաև անցած տարվա ապրիլի 4-ին՝ հենց ձեր ընտրության օրը, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից հնչեցրած սպառնալիքներին՝ ձեր մրցակցի նկատմամբ՝ լեզուդ և ականջներդ կկտրեմ և այլն։ Ավելին, դուք դրանից հետո ժպիտով շարունակեցիք նիստը, տիկին Մանասյան, ասես, ոչինչ չէր եղել։

Ձեր գնահատականը չկա նաև 2023 թվականի սեպտեմբերի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վարքին, որը Եռաբլուրում հայհոյեց զոհված զինծառայողի ծնողին, ի պատասխան՝ ստացավ ապտակ, և զոհված զինծառայողի ծնողը կալանավորվեց։

Դուք գնահատական չեք տվել նաև անցած տարվա հոկտեմբերի 9-ի դեպքին, երբ հասարակական ակտիվ գործիչ, Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքները բացահայտող Արթուր Չախոյանի տան շքամուտքում դանակով զինված անձինք հարձակվեցին նրա վրա, ու մինչ օրս որևէ մեկը չի պատժվել այդ գործով։

Չեք խոսել դրանից մեկ տարի առաջ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վրա տեղի ունեցած հարձակման դեպքի մասին, էլի մինչ օրս պատժվածներ չկան։

Շնչահեղձ անող իրավաբանական նախադասություններով երկար խոսեցիք բանակում մահվան դեպքերի մասոնցքվին, որ զբաղվել եք, բայց չհասկացվեց, թե որն է գնահատականը և ինչ բացատրություն կա խաղաղ պայմաններում այսքան մահերին։ Հիշեցնեմ, որ 2021 թվականին զինված ուժերում մահացել է 58 զինծառայող, 2022-ին՝ 64, 2023-ին՝ 83։ Այս հարցին ինձ հոդաբաշխ բացատրություն չի տվել նաև պաշտպանության փոխնախարարը հենց այս ամբիոնից։

Երկար խոսեցիք հանրային հանդուրժողականությունից, ատելության խոսքից, համարեցիք անթույլատրելի, այո, անթույլատրելի է, բայց արդյոք դուք խոսակցություն ունեցե՞լ եք այս խոսքերի հեղինակի հետ ատելության ու անթույլատրելիության թեմայով։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց. «Ով ինձ կասի հող հանձնող եմ, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու, մատ էլ եմ թափ տալու, պետք կլինի, ուրիշ բան էլ թափ կտամ»: Իհարկե, ներողություն մեջբերումների համար։

Կամ Երևանի կենտրոնում հայտարարեց, «Մի հատ բախտներդ փորձեք, ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, այնքան հարուստ, որ բորդյուր լիզեք»։ Դուք դրանից առաջ ավելի լայն մասսաների սպառնացող ելույթներին չեք անդրադարձել. «Հունիսի 20-ին չագուճն իջնելու է ձեր դատարկ գլխին»։

Տիկին Մանասյան, դուք այս լոզունգներով, խոսույթով և ատելության խոսքի նման չափաբաժնով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ձևավորած քաղաքական ուժի կողմից ընտրված օմբուդսմենն եք, և այս դահլիճում հենց այս ուժի ներկայացուցիչներն են, իրար հերթ չտալով, ձեզ շնորհակալություն հայտնում։ Դուք, իսկապես, համարո՞ւմ եք, որ մարդկանց իրավունքներն եք պաշտպանում պետական պաշտոնյաներից կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներից։

Դուք ոչինչ չխոսեցիք նաև ապաքրեականացված հոդվածներով մարդկանց կալանավորման տանելու փաստի մասին, որի առնչությամբ իմ գործընկերը ելույթով հանդես եկավ։ Կալանավորվում են մարդիկ հաղորդում վարելու համար, քաղաքապետի ընտրություններում շատ ձայներ հավաքելու համար, մարդկանց կալանավորում են քաղաքական խոսույթի համար, այո, այս դեպքում խոսքը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասին է, բայց այս և աղաղակող շատ դեպքերի մասին ես ոչինչ չեմ լսել ձեր կողմից։

Ոչինչ չասացիք, թե հենց Ազգային ժողովում ինչպես են խախտվում կանանց իրավունքները, ինչպես խտրական վերաբերմունք է դրսևորվում այլախոհների նկատմամբ։ Հայկուհի Հարությունյանն էլ Կոռուպցիայի կանխարգելման անկախ մարմնի ղեկավարն էր, իր թեկնածությունն էր առաջադրել հենց այս դահլիճում, «Քաղաքացիական պայմանագրի» ողջ թիմը հարձակվել էր տիկնոջ վրա: Ո՞վ, եթե ոչ դուք, գոնե, պիտի դրա մասին խոսեիք և կնոջ իրավունքների մասին բարձրաձայնեիք։

Եվ, վերջապես, ինձ հետաքրքիր է, ճշտեցի՞ք թե հայրենիքի հանձման դեմ պայքարի դուրս եկած Բագրատ արքեպիսկոպոս սրբազանի ազատ տեղաշարժի իրավունքն ինչո՞ւ էր սահմանափակվել, ո՞ւմ հրամանով, ի՞նչ նպատակով, և ի՞նչ արեցիք դուք Տավուշի հոգևոր առաջնորդի իրավունքների վերականգնման համար։

Վերջում այս ամբիոնից ուզում եմ դիմել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին. սիրելի լրագրողներ, այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է, ինչի առիթով ես ձեզ շնորհավորում եմ և ցանկանում եմ, որ երբեք Հայաստանի օմբուդսմենի օգնության և միջամտության, աջակցության կարիքը չունենանք։ Շնորհակալ եմ։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Լիլիթ Ստեփանյան։

 Լ.ՍՏԵՓԱՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մինչ ելույթիս անդրադառնալը կցանկանայի Թովմասյանի մեկ-երկու խոսքին անդրադարձ կատարել։ Տիկին Թովմասյան, դուք մամուլի ներկայացուցիչ եք, և ես կարծում եմ, որ ինքներդ հրաշալի գիտեք, թե ինչ կարևոր են տերմինները։ Այս համատեքստում ուզում եմ նշել, որ հարձակվում են գազանները, թշնամին է հարձակվում որևէ երկրի վրա, բայց Ազգային ժողովում որևէ մեկը որևէ մեկի վրա չի հարձակվում, որովհետև էստեղ մարդիկ բանավիճում են, ինչը շատ նորմալ է պառլամենտական երկրի համար;

Եվ երկրորդը. որևէ մեկը չի ասում, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների տեսանկյունից բոլոր հարցերը լուծված են, այլևս անելիք չկա, հետևաբար՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության առիթն էլ չկա։ Կան, իհարկե, խնդիրներ, բայց, երբ մենք էստեղից, հատկապես այս ամբիոնից հրապարակային փորձում ենք պաշտպանել մեկին, պետք է դարձյալ ընտրենք այնպիսի տերմիններ, դարձյալ խոսենք այնպիսի ձևակերպումներով, որ էդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ չդնենք, որովհետև, այն ինչ հիմա այստեղից հնչեց, դա շատ նման էր տարիներ առաջ մարդու իրավունքների նախկին պաշտպանի կողմից Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ որոշ մանրամասների տեղեկացմանը, հանրային սեփականությունը դարձնելուն, որից հետո ես, օրինակ՝ մտածում էի, որ էդ գերիները, երևի, մտածում էին՝ ավելի լավ է՝ իրենք հետ չգային, քան թե հետ գային այն պարագայում, երբ արդեն այդքան ավելորդ ինֆորմացիա էր սփռվել և հասել էր հանրությանը։

Այժմ անդրադառնամ ելույթիս։ Շնորհակալ եմ, տիկին Մանասյան, կատարված աշխատանքի համար, քանի որ տարվա ընթացքում որևէ հանրային հնչողություն ունեցող դեպք կամ անհատ քաղաքացու խնդիր չի եղել, որ չարժանանա մարդու իրավունքների գրասենյակի կողմից պատշաճ արձագանքի և գնահատականի, ինչը հրաշալիորեն զետեղված է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ, այլ նաև միջանկյալ զեկույցներում։ Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով հետաքրքրված են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես կարծում եմ՝ հարկ են համարել՝ ինչ-որ չափով տեղեկանալու դրանց, տեղեկանալու ոչ միայն տրված գնահատականներին, այլ նաև բարձրաձայնվող խնդիրներին, ինչը հենց ձեր կողմից արվել է։ Ես զարմանում եմ, որ մարդիկ կան, որոնք համառորեն չեն փորձում դա նկատել։ Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք տեսնում են միայն վատը և չեն տեսնում կատարված աշխատանքը, նրանք, պարզապես, ուզում են տվյալ օրվա մամուլը լցնել կամ հրաշալի ամպագոռգոռ, լացակումած, լալահառաչ վերնագրերով, կամ մարդու իրավունքների պաշտպանությունը նրանց համար, պարզապես, ունի կենացային մակարդակ։

2023 թվականը թե՛ Հայաստանի Հանրապետության համար, թե՛ Արցախի Հանրապետության համար բավականին բարդ տարի էր, վատ առումով ճակատագրական տարի էր՝ 2023 թվականի սեպտեմբերյան հայտնի իրադարձություններով պայմանավորված։

Առիթից օգտվելով, տիկին Մանասյան, ես ուզում եմ ձեզ և ձեր թիմին շնորհակալություն հայտնել տարիներ, օրեր շարունակ Սյունիքի մարզի Գորիսում և Կոռնիձորում կատարած ձեր աշխատանքի համար, որովհետև նրանք, ովքեր հարկ են համարել և այդ օրերին գտնվել են Սյունիքում կամ Կոռնիձորում, վստահաբար՝ պետք է տեսած լինեին, թե ինչպես եք դուք աշխատում բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ՝ լինելով և՛ իրավաբան, և՛ հոգեբան, հանդես գալով և՛ որպես խորհրդատու, և՛ որպես փաստահավաք խմբի ղեկավար, որոնք հետագայում միջանկյալ զեկույցներում գրվել են։ Ես տեսել եմ, թե հանգստի այն փոքր ժամերը, որ դուք պետք է ունենայիք, ինչպես եք անգամ այդ րոպեները տրամադրել օտարերկրյա պաշտոնյաներին և դեսպաններին՝ ոչ միայն տեղում իրավիճակին ծանոթացնելու համար, այլ նաև այդ ընթացքում դարձյալ կարևոր տեղեկանքներ գրելու համար և աշխարհին այս ամենը ներկայացնելու համար։

Հիմա ցանկանում եմ խոսել հաղորդման մասին։ Բոլոր նրանք, ովքեր, դարձյալ, հետաքրքրված են մարդու և քաղաքացու իրավունքներով, կամ, իսկապես, ցանկանում են տեսնել, թե հասարակական համակարգի տարբեր ոլորտներում ինչ է տեղի ունենում, պետք է որ, անպայման, կարդան մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցները, և, ընդհանրապես, տարեկան հաղորդումները, և հասկանան, որ դա ունի ռեֆլեքսային նշանակություն և ևս մեկ հնարավորություն է, որպեսզի կոնկրետ օրենսդիր մարմինը ներկայանա և իր ընդունած օրենքների կամ, ընդհանրապես, երկրի վիճակի մասին կողքից ավելի օբյեկտիվ աչքերով նայելու հնարավորություն ունենա։

Շատ կարևոր եմ համարում, որ հաղորդման մեջ, բացի բարձրաձայնվող խնդիրներից, զետեղված են նաև տեղեկանքներ, որոնք գուցե թե ամբողջությամբ չեն լուծելու կամ չեն լուծում բարձրացվող պրոբլեմը, բայց հնարավորինս դրանց հետևելու դեպքում էականորեն կբարելավվի վիճակը։ Այս տեսանկյունից զեկույցն ունի մեթոդական, խորհրդատվական և իրավական նշանակություն, ինչի համար ևս շնորհակալություն ձեզ և ձեր թիմի կատարած աշխատանքին։

Անդրադառնամ որոշ խնդիրների, որոնք զետեղված են մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ։ Դրանցից ինձ համար ամենակարևորը, թերևս, կենսաթոշակառուների տեղաշարժման հարցն է, որոնք ամենատարբեր խնդիրներով պայմանավորված՝ չեն կարողանում օրենքով սահմանված կարգով ներկայանալ բանկ, որպեսզի կարողանան իրացնել իրենց կենսաթոշակային իրավունքի խնդիրը։

Հաղորդման մեջ դարձյալ անդրադարձ կա սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու վերաբերյալ խնդրին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդրին։ Առանձնացրել եմ այս երեքը, որոնք շահառուների ավելի մեծ բանակ ունեն։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ առաջիկայում ես և իմ գործընկերը հանդես կգանք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք այս խնդիրները հնարավորինս կլուծեն։

Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ որքան էլ տարեկան զեկույցներ լինեն, որքան էլ միջանկյալ զեկույցներ լինեն, որքան էլ մենք ունենանք ամենատարբեր օրենսդրական փոփոխություններ, միևնույնն է՝ մեր երկրում ամենատարբեր հարցերը չեն լուծվելու, քանի մենք՝ ինքներս մեր, մեր պետության, մեր թիրախ խմբերի, առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցողների նկատմամբ չդրսևորենք սրտացավություն և պատասխանատվություն։ Ցավոք, այս հարցը ոչ մի օրենք, ոչ մի որոշում կամ իրավական ակտ, ոչ էլ միջազգային լավագույն փորձ լուծելու հնարավորություն չունի, որովհետև մենք չունենք, մեզանում բացակայում է պարզ արժեքային համակարգը և մյուսների նկատմամբ պարզ ապրումակցման բանաձևը։ Սա օրենքով կարգավորելու հարց չէ, մենք պետք է աշխատենք ինքներս մեզ վրա և հեղափոխություն անենք, թերևս, մեր մտքում և մեր գլխում։

Բնականաբար, օրենքը, ինչպես նշված է հաղորդման մեջ, օրենքն արգելում է, ընդհանրապես, օգտագործել ժամկետանց սնունդ, բայց բանից պարզվում է, որ մեր մի շարք հաստատություններ և պատկան մարմիններ, օրինակ՝ մեծ հաճույքով ժամկետանց սնունդը հրամցնում են շուրջօրյա խնամքի կենտրոններում կամ հանրակրթական դպրոցների սաներին կամ անչափահասներին ամենատարբեր վայրերում։ Իհարկե, օրենքն արգելում է, բայց սրտացավության և պատասխանատվության կոմպոնենտը բացակայում է։

Որպես հաջողության գրավական՝ ես կավելացնեմ նաև, որ մեծ հաճույքով տեղեկացա, որ այս տարի ձեր հաղորդման մեջ տեղ չէին գտել այնպիսի հարցեր, ինչպիսին էին հանրակրթական դպրոցներում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչների աշխատավարձի հարցը, գործուղվող ուսուցիչների ճանապարհածախսի հարցը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մեր շահառուներին անվճար դեղերի տրամադրման հարցը, որոնք աշխատանքներ են, որոնք իրականացվել են, և այս աշխատանքները չտեսնել և միայն մատնացույց անել խնդիրները, որոնք ինքներս էլ ընդունում ենք, որ կան, անկեղծ ասած, այնքան էլ ազնիվ չէ և ճիշտ չէ։

Ձեր զեկույցում կարևոր տեղ է գրավել նաև դպրոցների և մանկապարտեզների շենքային պայմանների հարցը։ Այս համատեքստում ես կարևորում եմ մեր քաղաքական հանձնառությունը՝ կառուցելու 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Այս համատեքստում, երբ դուք մատնացույց եք արել, որ հատկապես թիրախավորված են գյուղական դպրոցները, այնտեղ չկան այն պայմանները, որոնք կան, օրինակ՝ մեծ քաղաքներում կամ Երևանում, ես կարևորում եմ՝ նշել Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքը, որը նույնպես այս մասին խոսում է, և խնդիրը դիտարկելով մարզերի համաչափ զարգացման մեջ, նշվում է, որ այն պայմանները, որ ունի Երևանի կենտրոնում սովորող ուսանողը, պետք է ունենա նաև ամենահեռու գյուղում սովորողը, որովհետև նրանք հավասարապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են Եվ մինչ ամենատարբեր շրջանակներ, ամենատարբեր հարթակներ օգտագործելով, ծաղրում են վարչապետի կողմից շենքային պայմանների կամ ու գույքի որակն ստուգելու մեթոդները, ապա ես ուզում եմ խորհուրդ տալ այդ շրջանակներին, որ ավելի լավ է՝ անդրադառնաք այն հարցերին կամ, գուցե թե, օգտագործելով հարթակները, խոսեք այն մասին, թե ինչու այսօրվա իշխանությունները, օրինակ՝ մանկապարտեզում մեկ խումբ բացելու փոխարեն ստիպված են մանկապարտեզ սարքել, թե ինչու, օրինակ՝ այսօրվա իշխանությունները դպրոցներին ամենատարբեր լաբորատորիաներով ապահովելու փոխարեն ստիպված են նոր դպրոցներ կառուցել. այն պարզ պատճառով, որ նախկին իշխանությունների ժամանակ մանկապարտեզները, մշակութային տները, արվեստի դպրոցները և, ընդհանրապես, հանրային նշանակության այլ օբյեկտներ, շենք-շինություններ կա՛մ մասնավորեցրել են, կա՛մ 99 տարով վարձակալության են տվել, կա՛մ Աստված գիտե, թե ինչ է կատարվել այդ շենքերի հետ։

Վերջում ուզում եմ ավելացնել եզրափակիչ խոսքով, որ մեզանից յուրաքանչյուրը տարեկան հաղորդման մեջ զետեղված խնդիրները և խախտումները դիտարկի ոչ թե որպես վիրավորանք կամ դիտարկում, կամ չարված աշխատանքներիբուռն քննադատություն, այլ այս ամենը դիտարկի որպես մեթոդական ձեռնարկ, թե ինչպես փոխել մարդու, քաղաքացու կյանքի որակը՝ պաշտպանելով նրա բնական, քաղաքական և քաղաքացիական իրավունքները։

Եվս մեկ անգամ շնորհակալություն, տիկին Մանասյան, ձեր կատարած աշխատանքի համար։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ի դեպ, քանի որ տիկին Թովմասյանը նշեց, որ այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է, ես էլ եմ ուզում միանալ շնորհավորանքներին, շնորհավորում եմ մեր լրագրող գործընկերներին։ Հետաքրքիր է, որ այսօր «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի զեկույցը, որով Հայաստանը 6 կետով կամ 6 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը, և նախորդ տարի 180 երկրների ցանկում 49-րդն էր, այս տարի 43-րդն է։ Կարծում եմ՝ սա առավել քան խոսուն է։ Գեղամ Նազարյան։

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհավորում եմ մեր լրատվական աշխարհին՝ մաղթելով ազատ և անվտանգ աշխատանք, մաղթելով, որ մի օր մենք քաղաքական գործիչները կստեղծեն այնպիսի միջավայր, որ նրանք զբաղվեն իրենց բուն գործով, և ոչ թե ստիպված լինեն արձագանքել մարդու իրավունքները ոտնահարող, աղաղակող էս կամ էն խախտումներին։ Ես երազում եմ էն ժամանակվա մասին, որ այստեղ, երբ մարդու իրավունքների պաշտպանը զեկույցով հանդես գա, մենք խոսենք էն մասին, որ դպրոցում երեխաները կրթություն չեն ստանում, որովհետև 30 և ավելի աշակերտ ունեցող դասարանում անհնար է կրթություն ստանալ, այսինքն՝ խախտվում է մարդու՝ կրթություն ստանալու իրավունքը։

Ես երազում եմ էն ժամանակների մասին, որ մենք էստեղ կքննարկենք էն մասին, որ Երևանի, մայրաքաղաքի ավտոճանապարհները երթևեկության համար են, և ոչ թե ավտոմեքենաների անիվ փոխելու, ավտոմեքենայի տարբեր մասեր նորոգելու համար օգտագործվող տարածք։ Ես կրկնում եմ՝ դա քաղաքի կենտրոնում։ Ես երազում եմ էն ժամանակների մասին, որ մենք ժամանակ կունենայինք և էնքան քիչ խնդիրներ կլինեին, որ մենք կխոսեինք էն մասին, որ մարդու իրավունքները խախտվում են յուրաքանչյուր խանութում, երբ մարդուն թվում է, թե պանիր է գնում, բայց իրականում պանրանման ինչ-որ առարկա է գնում, կամ, չգիտեմ, սնունդ է գնում։ Էսպես կարող եմ անդադար թվարկել, բայց, քանի որ մենք հայտնվել ենք այն ժամանակներում, երբ մարդու իրավունքները ոչ թե խախտվում են, այլ մարդու իրավունքները ոչնչացվում են, մարդու իրավունքներն սպանվում են։

Ես այսօր կրկին խոսելու եմ Կիրանցի մասին։ Չի կարելի մարդուն ասել, որ դու պետք է վատ ապրես, ոչ անվտանգ միջավայրում ապրես, որովհետև, եթե դու ապրես ոչ պաշտպանված, քո իրավունքները մի փոքր կամ շատ ոտնահարես, ամբողջ Հայաստանը դրանից շահելու է։ Եթե մի գյուղ չի շահում էս գործընթացից, Հայաստանը չի կարող շահել էս գործընթացից։ Չի կարելի մարդուն ասել՝ գնա, հանգիստ ապրիր, որովհետև պատ կշարենք, ծառ կտնկենք և դպրոցը հակառակ կողմից չի երևա։ Եթե այս գործընթացն արվում է ոչ թե մարդուն ավելի անվտանգ դարձնելու համար, ինչպես բոլորիդ է ասվում, որ էս պրոցեսն արվում է, որ մեր երկիրն ավելի անվտանգ դառնա, դե, եթե ավելի անվտանգ է դառնում, ինչո՞ւ է առաջանում ծառ տնկելու կամ պատ շարելու անհրաժեշտությունը, չէ՞, մարդու մոտ բնական կասկած է առաջանում։ Մարդու իրավունքները խախտվո՞ւմ են. խախտվում է, մարդը, ավելի ճիշտ, մարդը չէ, իր պապը տուն է սարքում Հայաստանի տարածքում, այն ժամանակ՝ խորհրդային Հայաստանի տարածքում, ստանում է թուղթ, որ ինքն իրավունք ունի՝ այդ տունը կառուցելու, սարքում է այդ տունը, հետո մի քանի սերունդ անցնում է, գալիս են, արդեն անկախ Հայաստանում ասում են. գիտե՞ս, ո՛չ քո պապը, ո՛չ էդ ժամանակվա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն իմացել, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, և հիմա գիտես, քո տունը հանուն Հայաստանի քաղաքացու անվտանգության պետք է անցնի հարևան հանրապետությանը։ Ես չեմ հասկանում, իրոք, մտածում եք, որ է՞ս ձևով են խաղաղության հասնում։ Մի հոգու, եթե անգամ էս պրոցեսում … Ընդ որում՝ էդ մարդը ոչ թե գնացել է, խորհրդային Ադրբեջանի տարածքում սովետական քարտեզներով տուն է սարքել, կրպակ է սարքել, ոչ, Հայաստանի Հանրապետության տարածքում։

Մի քանի օր առաջ իմ երևանյան հարևաններից մեկն ասում է՝ հա, դե, ինչ անենք, փոխհատուցում կտան, կամ էլ, ինչ անենք, թող մի քանի մետր այն կողմ ... Ասում եմ՝ հարգելիս, պատկերացրու, որ դու պատուհանը բացում ես և դիմացի շենքից քեզ նայում է ավտոմատավոր այլազգի զինվորը ... (Խոսակցություն դահլիճում:) Սիրելի ընկերներ, եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ ռագատկայով է զինված լինում, էդպես չէ, էլի։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, բանավեճի մի վերածեք։

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Ես առաջարկում եմ, չեմ ուզում բանավեճի մեջ մտնել, բայց ես ձեզ առաջարկում եմ գնալ հայ-թուրքական սահման և ուշադիր նայել, թե թուրք սահմանապահն ինչ զենքով է զինված և հայկական կողմից սահմանապահն ինչ զենքով է զինված։ Բա, սահմանապահը պետք է զինված լինի։

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Հայկական կողմից ռուս սահմանապահներ են Թուրքիայի սահմանին, պարոն Նազարյան։

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Հայ սահմանապահ՝ ռուսական համազգեստով։ Չէ, չէ, հիմա ... (Խոսակցություն դահլիճում։) Բայց ելույթս ընդհատվեց …

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, խնդրում եմ բոլորդ լռություն ապահովեք, պարոն Նազարյանին մի րոպե ավելացրեք: Շարունակեք, պարոն Նազարյան։

 Գ.ՆԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Ես ի՞նչ եմ ուզում ասել. մենք բոլորս խաղաղության կողմնակիցներ ենք, չեմ կարծում՝ էստեղ գտնվի մի բանական մարդ, որը պատերազմի և հավերժ լարվածության կողմակից լինի, բայց եկեք էդ խաղաղությանը հասնենք էնպես, որ Կիրանցի բնակիչն էս պրոցեսից բավարարված լինի և ոչ թե հոգեկան ցնցումների մեջ ընկնի։

Ես պարզ լուծում եմ առաջարկում, մարդու իրավունքների պաշտպանին էլ այս մասին ասում եմ, որ ինքը, իր աշխատակազմն այս օրերին պետք է լինի Կիրանցում, մարդկանց հետ աշխատելով, որ տարատեսակ չարակամներն այնպես չանեն, որ Կիրանցի բնակիչները հոգեկան այնպիսի ցնցումների մեջ ընկնեն, որ այլևս իրենց չպատկերացնեն ապրելիս այդ տարածքում, որտեղ ապրել են, ասում եմ՝ ամենահին հիշատակումը 4-րդ դարից է, բայց դա հիշատակում է, այդ բնակավայրն ավելի հին է, քան 4-րդ դարը։ Ես հիմա առաջարկում եմ, որ մենք ... Տեսեք, էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք մարդու իրավունքների պաշտպանին ենք մեղադրում մարդկանց իրավունքների խախտումների մեջ։ Չէ, իրականում էդպես չէ, մենք, ուղղակի, մարդու իրավունքների պաշտպանի մոտ թվարկում ենք իրավունքի այն խախտումները, որոնք արձանագրվում են այլ մարմինների կողմից, այլ մարդկանց կողմից, բայց հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք մեղադրանքները հասցեագրում ենք մարդու իրավունքների պաշտպանին։ Այդպես չէ։ Ես շատ լավ մի առաջարկ ունեմ, որ կիրանցեցին իրեն անվտանգ զգա, ես առաջարկում եմ, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում կայացնի և Տավուշի մարզկենտրոնն Իջևան քաղաքից տեղափոխի Կիրանց։ Դա կօգնի և՛ բնակավայրի զարգացմանը, մեծացմանը, կիրանցեցիներն էլ համոզված կլինեն, որ իրենք ապրում են այնպիսի մի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է Հայաստանի Հանրապետության Կառավարության մի մասը։ Ինձ թվում է՝ շատ խելամիտ առաջարկ է, և բնակավայրն էլ, ի դեպ՝ Մեծ հայքի ժամանակներում եղել է այդ ժամանակվա մարզի, գավառի կենտրոնը։

Մարդու իրավունքները Հայաստանում այնքան հեշտ են ոտնահարվում, ես Կիրանցից տեղափոխվեմ այլ բնակավայրեր։ Որևէ մեկի ուշադրությունն այս թոհուբոհի մեջ չի բևեռվում, որ մարդն այսօր անպաշտպան է, ինքն աշխատում է անպաշտպան, որովհետև երբ ցանկանան, կարող են իրեն զրկել աշխատանքից տարբեր պատճառներով, և նա չի կարող պաշտպանել իր իրավունքը, որովհետև մեծամասնությունը, հին ժամանակներից եկած, չգիտի անգամ, որ ինքն իրավունք ունի՝ պաշտպանելու իր աշխատանքի իրավունքը։ Երիտասարդ աղջիկներ, որոնք վաղը, մյուս օրը մայր պետք է դառնան, 10-12 ժամ ոտքի վրա կանգնած, ընդամենը 15 րոպե նստելու իրավունքով աշխատում են հսկա սուպերմարկետներում կամ հիպերմարկետներում, բայց նրանք հետո պետք է երեխա ունենան, ինչ-որ մեկը գնո՞ւմ է, ստուգո՞ւմ է։ Ես չեմ էլ ասում, թե ինչ աշխատավարձով են աշխատում։ Էնպես որ, էս մեր երկիրը, ինչպես մի անգամ ֆինլանդացի մի լրագրող լրագրողների հետ փորձի փոխանակման ժամանակ ասաց՝ ձեր լրագրողները դրախտում են ապրում, նյութերը փռված են ամեն քայլափոխի, ասում է՝ մենք քայլում ենք օրերով, ամիսներով, որ մի խնդիր գտնենք, որ այդ մասին գրենք։ Դրա համար մի փոքր ավելորդ է այս մասին խոսելը։

Ես, ուղղակի, ուզում եմ անդրադառնալ նորից այն հարցերին, որոնցից սկսվում են այդ խնդիրները։ Արդեն մի քանի օր է՝ ես անընդհատ հիշում եմ Մամիկոն Ասլանյանին։ Ես ձեզ կոչ եմ անում՝ որպես մարդու իրավունքների պաշտպան՝ քաղաքական բոլոր մարմիններից, իրավապահ բոլոր մարմիններից, չգիտեմ, բոլորից ճշտեք, թե ի՞նչ պատահեց, որ էդ մարդը, որին մի հանցանք են վերագրում, որի համար առավելագույնը կարող է երեք, թե չորս տարի ազատազրկման դատապարտեն, 2,5 տարի փակ կալանավայրում տառապում է և կտտանքների է ենթարկվում։ Այ, հենց Մամիկոն Ասլանյանի հարցն ինչ-որ ձևով լուծեք, հայտարարությամբ հանդես գաք, իմ տրամադրությունը փոքր կբարձրանա, որ Հայաստանն ինչ-որ դրական տեղաշարժ է ապրում, և ոչ թե, ինչպես Արթուր Խաչատրյանը նշեց, սլանում է դեպի դիկտատուրա։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Էլինար Վարդանյան։

 Է.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, մինչ երեկվանից այս դահլիճում շնորհակալություններ են հնչում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման համար, և լուրջ դեմքերով քննարկվում է, թե ինչքան կարևոր է մարդը, նրա իրավունքները, մեզանից երկու ժամ հեռավորության վրա Տավուշում մոռացության է տրվել, որ մարդը բարձրագույն արժեք է, որ մարդու արժանապատվությունն անքակտելի է, որ մարդու իրավունքները պետք է հարգվեն և պաշտպանվեն։ Տավուշում մարդուն ասում են՝ մոռացիր արժանապատվության մասին, մենք գնում ենք լեգիտիմ սահմանազատման։ Ի դեպ՝ մյուս կողմը նման բան չի ասում։ Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն, քո ձայնը, բայց այսօր քո տունը, քո հողը, պատմությունը, հիշողությունները սակարկելու և հանձնելու առարկա են։ Ի՞նչ էիք ասում էդ մարդկանց 2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավին, ի՞նչ էիք խոստանում, չէ, անկեղծ, էլի, ի՞նչ եք ասել: Ասել ե՞ք, որ 2024 թվականին նրանց սպասում է ադրբեջանցու ուղիղ նշանառություն, ասում էի՞ք, թե նրանց ինչ է սպասվում 2024-ին: Էդ մարդիկ հավատում էին ձեզ։

Հիմա, եթե խոսենք տավուշցիների իրավունքների մասին, սահմանների հարցը չի կարելի սահմանազատել մարդուց, դրա առանցքում մարդու անվտանգ կյանքն ու իրավունքների իրացումն է։ Ի՞նչ է լինելու վաղը. վտանգի տակ է դրվելու մարդկանց կյանքի իրավունքը։ Ադրբեջանական դիրքերն ամրացնելու են մարդկանց անվտանգության հաշվին։ Եվ էստեղ պետք է խնդրեմ սահմանապահների մասին երազանքները որպես հակափաստարկ չբերել, էլի, ձեր վարչապետն է ասում, որ չկա երաշխիք, որ հարձակում, պատերազմ չի լինելու։ Կիրանցում մարդիկ զրկվելու են ազատ տեղաշարժի իրավունքից, քանի որ գյուղը զրկվելու է իր հիմնական ճանապարհից։ Գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։

Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապարհով չի սահմանափակվելու, Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շատերն ստիպված են լինելու լքել իրենց տները, բնակավայրը, խախտվելու է մարդկանց սեփականության իրավունքը, ազատ և արժանապատիվ կյանքի իրավունքը, երեխաների կրթության իրավունքը, ու այստեղ դպրոցների շուրջը ծառերը վստահաբար հարցի լուծում չեն լինելու։ Այսօր տավուշցին պայքարում է հենց այս իրավունքների և նվիրական երազանքների համար: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը։ Երեկ, օրինակ՝ անհամաչափ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկում 24 քաղաքացու, այդ թվում՝ երեխաների, ու էս դահլիճում իշխանական պատգամավորները համոզում էին մարդու իրավունքների պաշտպանին, որ ասի՝ չէ, բռնություն չի եղել։ Պարզվեց որ պատգամավորները, որոնք նաև փորձագետներ են, լրատվամիջոցների նյութերը շատ ուշադիր նայել են, բայց բռնություն չեն տեսել, չեն լսել նաև, որ ոստիկաններին հորդորում են խփելով աշխատել, բայց սա իշխանության համար բնական գործելաոճ է, դա ի՞նչ է որ։ Այս իշխանությունն անցնում է բոլոր կարմիր գծերը։

Գործընկերս խոսեց, ձերբակալված Սամվել Վարդանյանին, կրկնում եմ՝ ձեր-բա-կալ-ված, որի համար պատասխանատուն և երաշխավորը պետությունն է, ձերբակալվածների պահման վայրեր տեղափոխելիս դաժան ծեծի են ենթարկում, արժանապատվությունը նվաստացնում են դիմակավոր անձինք։ Սա է մարդու իրավունքների իրական վիճակը, արդեն դիմակավորված բանդաներն են հարցեր լուծում և դա անում են իրավապահների թողտվությամբ։

Խոսում ենք 2023 թվականին մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին, 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգության ժամանակ, հավաքներին մասնակցելու համար էլի բռնության կիրառմամբ 700 քաղաքացի էին բերման ենթարկել, 70-ից ավելի մարդու ձերբակալել էին, այդ թվում՝ անչափահասների, մեծ մասին էլ՝ կալանավորել։ Այ, այսպես խորը և համապարփակ հարգանքով են վերաբերվում հավաքների ազատության իրավունքին։

Ի դեպ՝ կալանքի մասին։ Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդման մեջ 14 էջի շրջանակներում անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային, վերլուծել է վիճակագրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը, միջազգային պրակտիկան։ Շատ լավ է։ Եվ այսպես, 2022 թվականին ներկայացվել է կալանքի խափանման միջոց կիրառելու 2,032 միջնորդություն, որից բավարարվել է 1,633-ը, 2023 թվականի ընթացքում արդեն ներկայացվել է 2,802 միջնորդություն, որից բավարարվել է 2,301-ը։

Նույն հաղորդման մեջ տեսնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2,471 ազատազրկված անձ, որից 1,317-ը կալանավորված անձինք են, այսինքն՝ ընդհանուր, ազատությունից զրկված անձանց 53,29 տոկոսը, սրանք լուրջ թվեր են կամ սրանք, պարզապես, թվեր չեն, այս թվերի հետևում մարդկային կյանքեր ու ճակատագրեր են։ Էս տարբերակով դուք մարդկանց, պարզապես, պատժում եք, պաշտպանն էլ շատերիս նման մտահոգիչ է համարում այլընտրանքային խափանման միջոցների համեմատությամբ նշված խափանման միջոցը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու լայն տարածում ունեցող պրակտիկան, ու մինչ պաշտպանը մտահոգվում է, այլընտրանքային խափանման միջոցների առկայության պայմաններում կալանքին նախապատվություն տալու պրակտիկայով, քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում կալանքի տակ պահվող Արմեն Աշոտյանին, Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին, Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին միացան Տավուշում իրենց իրավունքների համար պայքարող ևս 5 քաղաքացի։ Այսպես են պաշտպանված մարդը և նրա իրավունքները։

Գիտե՞ք, անվերջ կարելի է շարունակել մարդու իրավունքների ոտնահարումներին, կոպտագույն խախտումներին վերաբերող օրինակների ցանկը, բայց կարծում եմ, որ պաշտպանն էլ լավ գիտի, թե ամեն օր ինչ կարմիր գծեր են հատվում։ Եվ, երևի թե, իրավիճակը մի փոքր այլ լիներ, եթե հնչեին ճիշտ և հասցեական գնահատականներ։

Եվ վերջում, սիրելի հայրենակիցներ, որպեսզի մի փոքր ավելի լավ պատկերացնեք, թե որքան պաշտպանված եք դուք, իսկ եթե ավելի լուրջ, որքան վտանգված են մեր բոլորիս իրավունքներն ու ազատությունները, թե ինչպես ենք մենք բոլորս այլևս հավասարապես անպաշտպան իրավական կամայականություններից, անօրինականություններից, կարդացեք նաև «Human Rights Watch»-ի, «Freedom House»-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության, իսկ ավելի ճիշտ՝ անպաշտպան լինելու մասին։ Գիտեք, քանի դեռ իշխանություն ես, շատ հեշտ է խաղալ մարդկային կյանքերի և ճակատագրերի հետ, բայց մի օր գալիս է պատասխան տալու ժամանակը, հաստատ, գալու է։ Մարդկության պատմության մեջ սա անխուսափելի նորմ է, բոլոր երկրներում և ժողովուրդների մոտ այդպես է։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Թագուհի Ղազարյան։

 Թ.ՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն, հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ներողություն, հարգելի աշակերտներ, նախորդիվ հնչած ելույթների համար, ես կփորձեմ մի քիչ ավելի բարեկիրթ լինել։

Պարոն Խաչատրյան, թանկագին պարոն Խաչատրյան, երբ դուք հղում եք անում Պետդեպարտամենտի զեկույցին, բարի եղեք ամբողջությամբ հղում անել, չեք կարող վերցնել մի հատված, ասել` այ, տեսեք, այստեղ խնդիր ունեք, և հետո ասել, որ քաղաքական բանտարկյալներ կան Հայաստանում։ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, և դա Պետդեպարտամենտի զեկույցի նախադասություն է։

Տիկին Թովմասյան, ցավում եմ, որ մի քիչ բարդ, ստորադասական նախադասություններն արդեն անհասկանալի են դառնում ձեր համար, և, երևի, հստակ գնահատականը «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածների այն հստակ գնահատականներն են, երբ 13-ամյա աղջնակին բռնաբարած 72-ամյա տղամարդուն արդարացնելու համար մեջբերում եք, որ աղջիկը չէր փայլում իր վարքով, երևի, էդ է հստակ գնահատականը։ Ցավում եմ, որ դա է հստակ գնահատականը։

Անցնենք զեկույցին։ Տիկին Մանասյան, շատ շնորհակալ եմ զեկույցի և նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքի համար։ Երբ մենք ձեզ ընտրում էինք, ես ձեզ առաջին անգամ էի հանդիպում ֆրակցիայի նիստում և ծանոթանում, իհարկե, այնքան պարզ չէր, որ այսքան լավ է լինելու աշխատանքը։ Ես ուրախ եմ, որ էդ ընտրությունը կատարել եմ, որ այդ որոշումը կատարել եմ և ընտրել եմ ձեզ։ Ես ուրախ եմ, որ դուք չեք խուսափում ոչ պոպուլյար թեմաներից, չեք վախենում թիրախավորվել և լիարժեքորեն իրականացնում եք ձեր մանդատը, այդ թվում՝ չեք վախենում քաղաքական ուժերի կողմից թիրախավորվել, որովհետև դա շատ կարևոր է։

Տիկին Մանասյան, այստեղ բազմիցս հղված Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության պետական կառույցների մասին, և հատկապես մարդու իրավունքների պաշտպանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասին, որի մասին ասված է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատասխանատու է՝ բոլոր մակարդակի պետական մարմինների չարաշահումներից պաշտպանելու ցանկացած անհատի, որն իրացնում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել առանձին գործերով։ Սա նույնպես հղում է, պարոն Խաչատրյան։

Ուրախ եմ՝ արձանագրելու, որ երեկ, կարծես թե, պարոն Մինասյանի խոսքից իմ տպավորությամբ՝ խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ նույնպես կիսում են այդ գնահատականը, ուրախ եմ նաև արձանագրել, որ արտախորհրդարանական գործընկերներն էլ են կիսում այդ գնահատականը, մասնավորապես, նախորդ տարի Ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ գործով ձեր կայացրած որոշման, որոշում է, կոչվում, չէ՞, այդ ակտը, որոշման հետ կապված, կարծեմ, գոհունակության արձագանքներ կային։ Այսինքն՝ դուք վստահելի գործընկեր եք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի համար, և, որ ամենակարևորն է, դուք վստահելի գործընկեր եք միջազգային գործընկերների համար, որովհետև միջազգային հարթակներում հղվում են ձեզ՝ որպես վստահելի աղբյուրի, և դա Հայաստանի համար չափազանց կարևոր է։ Ես ուզում եմ հորդորել ձեզ, որ դուք շարունակեք չվախենալ՝ թիրախավորվել, չվախենալ՝ ոչ պոպուլյար լինել, որպեսզի շարունակեք վստահելի մնալ, որովհետև դա Հայաստանի համար է, ոչ թե այս կամ այն դերակատարի, քաղաքական ուժի կամ խմբերի։

Մի քանի հարց կա, որոնց մասին կուզենամ հասցնել անդրադառնալ, որը նաև նշվում է միջազգային զեկույցներում։ Խնդիրը պատժի անխուսափելիության մասին է, տիկին Մանասյան։ Իրավապահների դաշտում գտնվող էն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, կարծես թե, սրանից են բխում։

Հայաստանում չկա պատժի անխուսափելիություն, այսինքն՝ մարդիկ իրենց արարքների համար պատժի չեն ենթարկվում, և «Freedom House»-ը որպես ցցուն օրինակ նախորդ տարվա երկու գործ է բերում` նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը, որը կարճվել է, և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, որն էլի կարճվել է՝ վաղեմության ժամկետը հիմք ընդունելով, և այս օրինակների վրա ցույց է տալիս, որ Հայաստանում մեղադրական դատավճիռներ, ըստ էության, դժվարությամբ են կայացվում, և դա բերում է պատժի անխուսափելիության, ինչի հետևանքով տեղի են ունենում ոչ ինստիտուցիոնալ պատժի ձևեր։ Ինձ թվում է, իմ տպավորությամբ, տիկին Մանասյան, ես կխնդրեմ, որ դուք էլ այդ մասին խոսեք, գուցե դատախազն էլ էդ մասին խոսի, կալանքի այս ահռելի քանակը, որ կա, 50%-ից ավելի, երբեմն օգտագործվում է որպես պատժի միջոց, որովհետև դատավճիռներ չեն կայացվում։ Չի կարող մի երկրում որպես ընթացիկ հայցի ապահովման միջոց կալանքն ավելի շատ լինել, քան, ասենք՝ ձերբակալված հանցագործները, դա նոնսենս է, և քանի որ իրավապահ համակարգը չի կարողանում մեղադրական եզրակացությունների հասնել, այսպիսի իրավիճակների ենք հասնում։

Այլ խնդիրներ էլ կան, նաև «Freedom House»-ն իր զեկույցում նշում է լավ օրենքների ընդունման, բայց դրանց ոչ հետևողականորեն իրականացման պատճառով երկրում օրենսդրական կարգի խնդիրների մասին, այլ կերպ ասած, մենք կարող ենք էստեղ լավագույն օրենքները քննարկել և ընդունել, բայց եթե իրավակիրառ պրակտիկայում դրանք լավ չեն վերահսկվում և իրականացվում, էստեղ արդեն պետության ինստիտուտների նկատմամբ վստահությունn ամբողջությամբ խաթարվում է, այդ թվում՝ մեր նկատմամբ, որովհետև մենք ենք էդ օրենքներն ընդունում։ Ես երկու օրինակ կարող եմ բերել, հիմա մտքովս անցավ, մեկը` էդ ծխախոտի հայտնի օրենքը, եթե չեք նկատել, բացօթյա սրճարաններում մարդիկ շարունակում են ծխել, և միգուցե այս պարագայում ավելի ճիշտ է մեղմ կարգավորումներ դնել, որովհետև փակ տարածքներում այդ կանոնը պահվում է։ Ես չգիտեմ, թե ինչ պետք է անենք, բայց խաթարվում է նաև օրենքի հեղինակության հարցը։

Պարոն Հովհաննիսյան, հիշեցի, որ նախորդ տարի ձեր նախաձեռնությամբ մենք չնույնականացված աղբյուրներին հղում տալու մասին օրենք ենք ընդունել, կարծեմ, երբեմն շարունակվում է էդ պրակտիկան, և. կարծեմ, դրա հետ կապված որևէ հետևանքներ չեն լինում, ուրեմն, միգուցե ավելի լավ է էդ բանն ազատ թողնել և միգուցե ավելի լավ կլինի, եթե կարգավորումները բխեն նաև հանրային ընդհանուր միջավայրից։

Ատելության հիմքով բռնության կոչերի քրեականացումից հետո, տիկին Մանասյան, կուզեմ, որ սրան էլ անդրադառնաք, հիմնականում քաղաքական ատելության հիմքով գործերը, հիմնական չէ, բոլոր գործերը, քաղաքական հայացքներով պայմանավորված ատելության հիմքով են հարուցվել, մինչդեռ իրականում մենք ունենք թե՛ էթնիկ պատկանելիության հիմքով, թե՛ բնակության հիմքով ատելության խոսքի, բռնության կոչեր, թե՛ սեռի հիմքով, սեռական ինքնության հիմքով և այլն։ Այդ հիմքերը նույնպես առկա են և պետք է ուշադրություն դարձնել։ Ոնց որ, լավ օրենք ենք ընդունել հերթական անգամ, բայց իրավակիրառ դեպքում դա միայն քաղաքական իմաստով է օգտագործվում։

Հավաքների ազատության մասին խոսեց տիկին Վարդանյանը։ Այստեղ ուզում եմ մի նախադասություն մեջբերել էլի Պետդեպարտամենտի զեկույցից, հետևյալը. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողություններից հետո Երևանում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք մինչև սեպտեմբերի 30-ն աստիճանաբար թուլացան, սա այն ցույցերն էին, որոնց մասին հղում էիք տալիս և ասում, որ խայտառակ ձևով խախտվել են մարդու իրավունքները»։ Հաջորդ նախադասությունը հետևյալն է. «Մի քանի դեպքերում ընդդիմադիրների կողմից առաջնորդվող և, ըստ հաղորդումների՝ օտարերկրյա դերակատարների հրահրմամբ գործող ցուցարարներն ագրեսիվ վարքագիծ ու բռնություն հանդես բերեցին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը և փորձ անելով ներխուժել կառավարական շենք, որտեղ աշխատում է վարչապետը։ Ոստիկանությունն արձագանքել է ուժի սահմանափակ կիրառմամբ և կիրառել է ձայնային նռնակներ, որոնք, ըստ էության, համարվում են համաչափ, և, ինչպես հասկացաք, արտաքին դերակատարների կողմից հրահրված»։

Խոսքի ազատության մասին պարոն Ռուբինյանը նշեց, չեմ ուզում շատ երկար կանգ առնել, բայց մի նախադասություն էլ մեջբերեմ՝ սրա հետ կապված. «Լրատվամիջոցները քաղաքականապես բևեռացված էին, իսկ ֆինանսական կախվածությունը շարունակում է խոչընդոտել խոսքի ազատությանը, մասնավոր անհատները և խմբերը, որոնք, ըստ հաղորդումների՝ կապ ունեին նախկին իշխանությունների կամ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ, շարունակում էին սեփականատիրական բաժնեմաս ունենալ բազմաթիվ հեռարձակվող լրատվամիջոցներում և լրագրերում, որոնք հակված էին արտացոլել իրենց սեփականատերերի քաղաքական դիրքորոշումներն ու ֆինանսական շահերը»։ Այ, քեզ բան։

Տիկին Մանասյան, ես կուզենամ, որ դուք նաև միգրանտների հետ կապված վատ վերաբերմունքի դեպքերի և դրա հետ կապված զարգացումների մասին խոսեք, որովհետև նախորդիվ մենք ունեցել ենք տենց դեպքեր։

Եվ վերջում, իհարկե, շատ ասելիք կա, բայց կուզեմ, որ դուք ձեր եզրափակիչ ելույթում անդրադառնանք նաև մի հարցի։ Ես գիտեմ, որ դուք փորձել եք ձեր ադրբեջանցի կոլեգայի հետ կապ հաստատել, արդյո՞ք ստացվել է, առաջընթաց կա՞ և հնարավո՞ր է, որ մենք կարողանանք առաջխաղացում գրանցել մարդասիրական հարցերում, ձեր ոլորտին վերաբերող հարցերում երկկողմ ձևաչափերով, ինչպես քաղաքական հարցերում է ստացվում, որովհետև դա զգալիորեն կմեծացնի փոխվստահության մթնոլորտը երկու երկրների միջև, եթե, օրինակ՝ գերիների հետ կապված հարցում առաջընթաց լինի, կխնդրեմ, սրան էլ անդրադառնալ: Շնորհակալություն։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Արծվիկ Մինասյան։

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգելի հայրենակիցներ, քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության հաղորդումը։ Բավականին հետաքրքիր և, ըստ էության, իրականությունն արտացոլող գնահատականներ կան զեկույցի մեջ, որոնցից մեկի մասին նաև իմ գործընկերները խոսեցին։ Խոսքը վերաբերում է կալանավորված անձանց, այլ կերպ ասած, ազատությունից զրկված անձանց, և այդ թիվն անբնական և չափազանց մեծ լինելու փաստն է արձանագրված այն առումով, որ ազատությունից զրկված անձանց 50%-ից ավելին կալանավորված անձինք են։ Սա հենց փաստում է այն մասին և ուղիղ է փաստում այն մասին, որ, ըստ էության, կալանքը կիրառվում է, այո, որպես պատժիչ գործիք, այլ ոչ որպես հանցավորության դեմ պայքարի կամ կատարված ենթադրյալ հանցանքը բացահայտելուն ուղղված արդյունավետ միջոց: Նաև դիտարկելով ցանկն այս գործողությունների մասով, ակնհայտ է դառնում, որ անխուսափելի է այն գնահատականը, որ, այո, քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են, և դա արդեն իմ գործընկերները թվարկեցին, նշեցին անունները։ Հակառակի որևէ հիմնավորում չի ներկայացվում։

Ասեմ ավելին, մեծամասնության ներկայացուցիչներն այս ամբիոնից անընդհատ ասում են, որ Հայաստանում չկան քաղաքական կալանավորներ, իսկ դուք կարո՞ղ եք վկայակոչել որևէ երկրի որևէ ժամանակաշրջանի իշխանություն, որն ընդունում է, որ իր կառավարման շրջանում կան քաղաքական բանտարկյալներ։ Չկա այդպիսին, և դա բնական է, որովհետև իշխանությունը միշտ հերքում է, միշտ փորձում է հակառակը պնդել, բայց իրականությունն այլ է. Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան, Նարեկ Մալյան, Վազգեն Սաղաթելյան, հիմա էլ, այո, գումարվեցին Տավուշի այս ընդվզման շրջանակներում կալանավորված անձինք, որոնցից երկուսի վերաբերյալ շատ կուզենամ ներկայացնել հենց էս ամբիոնից, որովհետև երբ անձամբ ծանոթացա, թե ինչ հիմքերով են էս մարդիկ կալանավորվել, ուղղակի, ապշել կարելի է։ Նրանցից մեկը՝ Արմեն Ալավերդյանը, որի հայրը երկրորդ խմբի հաշմանդամ է և հաշմանդամության պատճառը 1992 թվականին պաշտպանական դիրքերում ստացած վնասվածքն է եղել։ Արմենը նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 18-ը զորակոչվել է և իրականացրել է իր մարտական ծառայությունը, նաև 25-օրյա վարժական հավաքներին է մասնակցել։ Գիտե՞ք, թե Արմենին ներկայացվող, էսպես ասած, «մեղադրանքը» որն է. հայտնի տեսանյութում երևում է, որ «Երկրապահ» կամավորական ջոկատի ամենագնաց մեքենան մխրճվում է քաղաքացիների մեջ և ոստիկանների հայացքի ներքո, այսպես, անկողմնակալ դիտորդի կարգավիճակում հայտնված ոստիկանների մոտ, երբ մխրճվում է դեպի քաղաքացիները, Արմենը մեկ անգամ բռունցքով հարվածում է մեքենայի դիմացի հատվածին, այսինքն՝ այդ շարժիչի մոտ, առանց որևէ բանի։ Հետաքրքիրն այն է, որ Արմենին կալանավորում են, քննիչը, ոչ ավելի, ոչ պակաս, ներկայացնում է երկու ամիս, դատարանը, իբր, լավություն է անում և մեկ ամիս է տալիս։ Արմեն Ալավերդյանը, որն ունի անչափահաս երեխաներ, իր խնամքի տակ հաշմանդամ հայր, որ հայրենիքի պաշտպանության համար է ստացել էդ հաշմանդամությունը, բացի այն, որ էդ արարքում որևէ հանցակազմ չկա, ուղղակի, աբսուրդ է նման հիմքով անձին անազատության մեջ պահել կալանքի տեսքով։

Երկրորդ դրվագը վերաբերում է Հովհաննես Ղուկասյանին: 2002 թվականի ծնունդ է Հովհաննեսը, որը զորակոչվել է բանակ 2020 թվականի օգոստոսին, և անմիջապես սկսվել է 44-օրյա պատերազմը։ Հովհաննեսը դիպուկահար է և աշխատել ու ծառայել է սեպտեմբերի 27-ից, ըստ նաև պաշտոնական տված տեղեկատվության է այն, ինչ ասում եմ, մինչև նոյեմբերի 10-ը մարտական գործողությունների է մասնակցել։ Հովհաննեսը դրանից հետո էլ, երբ զորացրվել է, նորից ներգրավվել է ծառայության մեջ։ Հովհաննեսին ներկայացվող մեղադրանքն արդեն այն է, որ երկու անգամ է նույն տեղին խփել, աբսուրդ է, Հովհաննեսին էլ են կալանավորել, էլի, քննիչը միջնորդել է 2 ամիս, դատավորը 1 ամիս է տվել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ, երբ կարդում ես Հովհաննեսի բնութագիրը, որը տրված է գյուղից, և երբ անձամբ զրուցում էի նրա հետ, և շատ հետաքրքիր բան կա, որի մասին երեկ մարդու իրավունքների պաշտպանն էլ էստեղ խոսեց, որ 44-օրյա պատերազմից հետո բնավորությամբ դարձել է զգայուն և հուզական, և երբ մարդու իրավունքների պաշտպանը խոսում էր Տավուշում էմոցիոնալ ֆոնի, զգայուն, հուզական ֆոնի պայմանների մասին, էս ամեն ինչը, իմ խորին համոզմամբ, քաղաքական մեծամասնության անտարբեր հայացքի ներքո է կատարվում։ Փոխանակ պետությունն իր սուրբ պարտականությունը կատարի, հոգեբանական աջակցություն ցուցաբերի հատկապես այն երիտասարդներին, որոնք 18 տարեկանում զորակոչվում են և անմիջապես մտնում են մարտական գործողությունների մեջ, իր պարտականությունը թողած՝ մեղադրանք է ներկայացնում, որ կատարել է նույնիսկ Ոստիկանության պարտականությունը, չի թողել, որ մարդկանց վրաերթի ենթարկի այդ մեքենան։ Սրա՞նք են մեծամասնության կողմից հիմնավորված, այո, իրավաչափ կալանավորման դեպքերը։

Ես բերեցի 2 օրինակ, այսպիսիք բազմաթիվ են։ Ես հույս ունեմ, շատ հետաքրքիր է, որ մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի զեկույցներն իրար հաջորդում են: Սա արդեն գլխավոր դատախազի իրավասության ներքո հարց է, որը կարող է փոխել խափանման միջոցը։ Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը լսում է հիմա, կամ, առնվազն, լսում են և փոխանցում են նրան, այս գործողությանը կգնա, կփոխի խափանման միջոցը։ Չի կարելի, ուղղակի, էն պատճառով, որ որևէ մեկն ապօրինի կերպով շրջափակում է գյուղ մտնող ճանապարհները, էդ որևէ մեկ ասվածը, էսպես կոչված, ոստիկանությունն է, կամ «Երկրապահ» համարվող կառույցը, հանցավոր վարքագիծ դրսևորելով, մեքենան վարում է դեպի մարդիկ, էդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց տանել և փակել։

Ի դեպ՝ լեգիտիմ սահմանի մասին է խոսվում, սահմանագծման մասին։ Քանի որ մարդու իրավունքների հարցերը համակարգային բնույթի են, էս սահմանազատման վերաբերյալ ես հույս ունեմ, տիկին Մանասյան, որ դուք ակնհայտորեն չեք տարբերի, չէ՞, ձեզնից առաջ եղած մարդու իրավունքների պաշտպանի, ձեր՝ որպես ինստիտուտի, հարաբերությունը պետական այլ կառույցների հետ։ 2020 թվականի դեկտեմբերին արտաքին գործերի նախարարությունը մարդու իրավունքների պաշտպանին պատասխանում է սահմանազատման հարցերում։ «Պետական սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան հաջորդաբար իրականացվող երկկողմ, միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների ու բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը …» Եվ բավական երկար թվարկված է։

Ֆրակցիայի ելույթում ավելի մանրամասն կներկայացնեմ նաև այս հարցը։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Արուսյակ Ջուլհակյան։

 Ա.ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

-Շնորհակալ եմ։ Հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Երեկ և այսօր մենք մեր ընդդիմադիր գործընկերների կողմից լսեցինք մի շարք ապոկալիպտիկ ձևակերպումներ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Մասնավորապես, հարգարժան գործընկերս՝ տիկին Գալստյանը, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարծրացող բռնապետություն է։ Մյուս հարգարժան գործընկերս՝ պարոն Խաչատրյանը, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունն անցումային բռնապետություն է, երրորդ հարգարժան գործընկերս՝ պարոն Նազարյանը, հայտարարեց, որ մենք սլանում ենք դեպի բռնապետություն։ Ես ուզում եմ արձանագրել, մեր ընդդիմադիր գործընկերների խոսույթն այս առումով նկատելիորեն փոխվել է, մենք ունենք առաջընթաց, քանի որ 2021 թվականի ընտրություններից անմիջապես հետո մեր ընդդիմադիր գործընկերները հենց նույն այս ամբիոնից, հենց նույն տիկին Գալստյանը՝ իմ կողմից շատ հարգված, հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ կարծրացած բռնապետություն է, ավելին՝ ոստիկանաբռնապետություն։ Իհարկե, միաժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները չէին փորձում բացատրել կամ իրենք գոնե հասկանալ, թե ինչպես է ստացվել, ինչպես են իրենք հայտնվել այստեղ, եթե Հայաստանի Հանրապետությունը կարծրացած բռնապետություն է, բայց դա թողնենք մի կողմ։

Պարոն Խաչատրյանն իրավամբ հայտարարում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել այն բանի համար, որ երկրում տեղի ունենան փոփոխություններ, միաժամանակ հայտարարում է, որ փոփոխություններ, ցավոք, չեն արձանագրվել երկրում, և Հայաստանի Հանրապետությունն ինչպես կար բռնապետություն իրենց իշխանության օրոք, այնպես շարունակում է մնալ բռնապետություն, այս անգամ արդեն՝ մեր իշխանության օրոք, բայց ես պարոն Խաչատրյան, ուզում եմ արդեն իսկ արձանագրել, որ որոշ բաներ, այդուհանդերձ, փոփոխության ենթարկվել են մեր երկրում։ Մեր ընդդիմադիր գործընկերները հասկացել են, որ մարդը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք է։

Մեր գործընկերը՝ տիկին Էլինար Վարդանյանը, այստեղ, ամբիոնից շատ լալահառաչ ձևով ասաց. մարդը բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում, մոռանալով, սակայն, որ այն ժամանակ, երբ այս նույն Ազգային ժողովում ինքը զբաղեցնում էր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մարդու իրավունքները սիստեմատիկ կերպով բռնաբարվում էին, բայց ես այս ամբիոնին չեմ մոտեցել դա ձեզ հիշեցնելու համար։

Մեկ այլ փոփոխություն։ Ընդդիմադիր գործընկերները, վերջապես, սկսել են կարդալ միջազգային կազմակերպությունների զեկույցները մարդու իրավունքների վերաբերյալ, ժողովրդավարության վերաբերյալ։ Սա լուրջ փոփոխություն է, հարգելի գործընկերներ։ Ես ուզում եմ արձանագրել, որ այս զեկույցները գրվում են ոչ թե ընդդիմադիրների համար, այս զեկույցներն իրականում քաղաքական մեծամասնության համար են, և քաղաքական մեծամասնությունն է, որ պարտավոր է այդ զեկույցները մանրամասն կարդալ, ուսումնասիրել, այդ զեկույցներում վերհանված խնդիրներն ուսումնասիրել, այդ զեկույցներում վերհանված խնդիրների լուծման շուրջ գործուն քայլեր ձեռնարկել։ Ես պետք է արձանագրեմ, որ այն ժամանակ, երբ դուք էիք իշխանություն, դուք այդ զեկույցներն անտեսել եք և որևէ փոփոխություն այդ զեկույցներում արձանագրված լրջագույն խնդիրների վերաբերյալ չեք իրականացրել: Չնայած, այն բանին, պարոն Խաչատրյան, որ դուք նշեցիք, թե իշխանություններն ալերգիկ քոր ունեն «Freedom House»-ի զեկույցի նկատմամբ, ես պետք է ասեմ՝ ոչ միայն ալերգիկ, այլ, առհասարակ, որևէ քոր որևէ զեկույցի նկատմամբ իշխանությունները չունեն, հակառակը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները հատուկ այս զեկույցների ուսումնասիրման և այդ զեկույցներում վերհանված խնդիրների լուծման համար միջգերատեսչական աշխատանքային խումբ են ստեղծել, մանրամասն կարդում են բոլոր զեկույցները, թե՛ այդ զեկույցներում նշված դրական փոփոխություններին են արձագանքում, թե՛, առավել ևս, բացասական փոփոխություններին, են արձագանքում։ Գուցե դա ձեզ համար այդքան տեսանելի չէ, որովհետև չենք հայտարարում, որ էսինչն անում ենք, որովհետև էս զեկույցում էսինչ բանը սխալ էր, բայց էդ ամեն ինչը մեր ուշադրության կենտրոնում է և մենք այդ խնդիրների լուծման շուրջ քայլեր ենք կատարում։

Ժողովրդավարության մասին. դուք դժգոհում եք, պարոն Խաչատրյան, ժողովրդավարացման տեմպերի մասին և ասում եք, որ մարդու իրավունքները շարունակում են խախտվել։ Ես նույնպես պետք է կիսեմ դժգոհությունը, որ ժողովրդավարացման տեմպերը Հայաստանի Հանրապետությունում ինձ նույնպես չեն բավարարում, բայց միաժամանակ պետք է արձանագրեմ, որ ժողովրդավարությունը չի կարող մոնտաժված լինել։ Չի կարող մեկ օր տեղի ունենալ հեղափոխություն, հաջորդ օրը մենք զարթնենք և տեսնենք, որ այս երկրում … 5 տարում էլ չի կարող … Ես խնդրում եմ, մի ընդհատեք, խոսքս շարունակեմ։ 4 տարի առաջ, այո, բայց ճիշտ եք ասում, շարունակում է մնալ բաստիոն՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ։ Հիմա. ժողովրդավարությունը չի կարող լինել մոնտաժված և մեկ օրում, ոչ էլ 1 տարում, ոչ էլ 5 տարում մենք չենք կարող ասել, որ այլևս մենք խոսում ենք կայացած ժողովրդավարության մասին, ժողովրդավարությունը պրոցես է, ժողովրդավարության հաստատման ուղղությամբ ամեն օր է պետք աշխատել, անկախ նրանից, թե այս պահի դրությամբ որևէ զեկույցում ինչպիսի գնահատական է արձանագրված, դա պետք է լինի շարունակական պրոցես։ Ժողովրդավարության հաստատման համար կարևոր դերակատարություն ունեն ժողովրդավարական ինստիտուտները։ Ժողովրդավարության հաստատման համար քաղաքական կամքը բավարար չէ, անհրաժեշտ է, բայց, ցավոք, բավարար չէ, քանի որ ժողովրդավարության ուղղությամբ ժողովրդավարական ինստիտուտներ պետք է աշխատեն, իսկ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով բռնաբարվել են։ Մենք անկախացել ենք, ստեղծել ենք ինստիտուտներ, այդ ինստիտուտների կայացման փոխարեն սկսել ենք այդ ինստիտուտները բռնաբարել։ Եվ երբ դու ունես կատարելապես բռնաբարված ինստիտուտներ, հետո չես կարող ասել, որ այդ ինստիտուտը ձեռքի այսպիսի մի շարժումով չսկսեց հրաշալի կերպով աշխատել։ Դա է պատճառը, որ այս պահի դրությամբ դուք դեռ խոսում եք այն մասին, որ մենք որոշ դեպքերում ունենք ոչ թե ոստիկան, այլ, ցավոք սրտի, միլիցիա, այո, դա այդպես է. և դրա պատճառն այն է, որ այդ միլիցիան, որը պետք է դառնար ոստիկան, 20 տարի բռնաբարվել է և այդպես էլ չի դարձել։ Հիմա, այո, մենք ունենք թե՛ ոստիկաններ, թե՛ միլիցիաներ, և պետք է շարունակենք աշխատել այն ուղղությամբ, որ միլիցիաներն իրենց տեղը զիջեն անկախ պետության իրավակարգն ապահովող ոստիկանների։

Խոսքի ազատության մասին խոսեցիք։ Կարծում եմ՝ երեսպաշտություն է Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության մասշտաբները քննադատելը, Հայաստանի Հանրապետությունում ով ինչ ուզում՝ ասում է՝ թույլատրելի, անթույլատելի, բոլոր հնարավոր սահմաններն անցնելով, չանցնելով, բոլորը, թե՛ մենք, այո, ընդունում եմ, թե՛ դուք, հենց անձնապես ձեզ չեմ ասում, նկատի ունեմ՝ այս երկու ճամբարները, բոլորը, ում մտքով ինչ ասես անցնում է, և դա միշտ չէ, որ լավ է, որովհետև խոսքի ազատությունը չի կարող լինել բացարձակ։ Ինչևէ։

Գործընկերս՝ պարոն Ռուբինյանը, խոսեց նաև մասին, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այսօր հրապարակած զեկույցի մասին, որտեղ հերթական անգամ արձանագրվել է խոսքի ազատության բնագավառում Հայաստանի Հանրապետության դիրքի աճ։

Հավաքների ազատության մասով. հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունում հավաքների ազատությունն այն մակարդակի է, որ դուք ամեն աշուն, գարուն գնում եք, փողոցներ եք գրավում, հետո խնդրում եք, որ ձեր նկատմամբ բռնություն կիրառվի, որ երես ունենաք՝ այդ փողոցից հեռանալու, այդ բռնությունը չի կիրառվում։ Այո, խնդրում եք, որ ձեր նկատմամբ այդ բռնությունը կիրառվի, որ դուք արժանապատիվ կերպով հեռանաք փողոցից, այդ բռնությունը չի կիրառվում, բայց, այդուհանդերձ, նորից ուզում եմ, քանի որ այդքան շատ եք սիրում Պետդեպարտամենտի զեկույցին հղում արել, ուզում եմ նորից հիշեցնել, որ Պետդեպարտամենտն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարվա սեպտեմբերին հավաքները, այդ խաղաղ հավաքների ազատությունը փորձ է արվել իրականացվել ագենտուրայի միջոցով։ Դուք տեղյա՞կ եք, թե էդ ինչ ագենտուրա է, ժողովուրդ։ Իհարկե, Պետդեպարտամենտն այդպես չի ձևակերպել, այո, ուղիղ այդպես չի ձևակերպել, բայց, կարծում եմ՝ ոզնուն էլ պարզ է, որ Պետդեպարտամենտը նկատի է ունեցել դա։

Հաջորդը՝ քաղբանտարկյալների մասին։ Հայտարարում եք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և ազատ խոսքը լռեցվում է։ Ինձ կարո՞ղ եք ասել, պարոն Խաչատրյան, իսկ դուք ինչո՞ւ քաղբանտարկյալ չեք, բավարար ազատ չէ՞ ձեր խոսքը, բավարար քաջ չե՞ք խոսում, բավարար չե՞ք քննադատում մեզ, ինչո՞ւ քաղբանտարկյալ չեք դուք։ Ո՞նց է պատահում, որ մեկը քաղբանտարկյալ է, մյուսը քաղբանտարկյալ չէ։

Նորից ուզում եմ հիշեցնել Պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ հստակ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան։ Եվ, քանի որ խոսում ենք Պետդեպարտամենտի մասին, ուզում եմ հիշեցնել նրա վերջին հայտարարությունը, որտեղ նշված էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ապագայի վերաբերյալ։

Ցավոք, ես չհասցրի անդրադառնալ, տիկին Մանասյան, ձեր զեկույցին, և կարճ, ընդամենը, միայն շնորհակալություն կհայտնեմ բոլոր խնդիրների վերհանման համար, և հույս հայտնեմ, որ մենք միասին կաշխատենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում։ Շնորհակալություն։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Այժմ արտահերթ ելույթով ես հանդես կգամ։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը: Զեկույցի քննարկման ընթացքում հնչեցին մտքեր, որոնց ուզում եմ առանձին անդրադառնալ։

Խոսվեց Կիրանցի ճանապարհի փակման ժամանակ հայտնի դեպքի մասին, երբ «Երկրապահ»-ի մեքենայի դիմապակուն հարվածներ են հասցվել և կոտրվել են, Հետաքրքիր է, պարոն Մինասյանը նկարագրում էր, թե ինչ է տեղի ունեցել, ասում էր, որ մեքենան մխրճվում է մարդկանց բազմության մեջ։ Սիրելիներս, երբ մեքենան մխրճվում է մարդկանց մեջ, կադրերում դա երևում է, էլի, պետք չէ գալ այստեղ, ապոկալիպտիկ ինչ-որ բաներ նկարագրել։ Ակնհայտորեն երևում է, որ ինչ-որ երիտասարդներ ոգևորվել են և կոտրում են այդ մեքենայի ապակիները։ Ես ասեմ ձեզ, որ սրա նախադեպերն էլ են եղել, Երևանի կենտրոնում մարդկանց, քաղաքացիների մեքենաների վրա հարձակվում էին, ասենք՝ դիմապակիներ էին կոտրում։ Նենց տպավորություն է, ոնց որ դուք դիմապակիների դեմ պատերազմ հայտարարած լինեք, սիրելիներս, պետք չէ քաղաքացիների մեքենաները կոտրել, պետք չէ կոտրել։ Հետո պետությանը մեղադրում եք, որ էդ մարդկանց, որոնք մեքենայի վրա են հարձակվել, չգիտես ինչու կոտրում են մեքենան, բան են արել, տարել են, գործ են հարուցել, դատավորն էլ կալանք է դրել։ Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է՝ դա նրանից է, որ դուք, ես մի անգամ այս ամբիոնից ասել եմ՝ ես կիրանցեցիների հույզերը հասկանում եմ, ես սահմանամերձ մեր բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ և խնդրել եմ այստեղից, որ մի փոքր վստահություն և համբերություն ունենանք, և մենք էս ճանապարհը միասին անցնենք։ Հարցը դրանում չէ, ես հասկանում եմ՝ հույզերն ինչ են, հարցը նրանում է, որ կարո՞ղ է՝ նրանից է, որ դուք այնքան եք, և որոշ քաղաքական գործիչներ այնքան ստեր են ասում, որ ամեն օր ասում են՝ Հայաստանից տրվեց, գյուղերը տրվեցին, թուրքը եկավ, մեր բարձունքները գրավեց և այլն, այնքան եք խոսում, մարդկանց հույզերի վրա այնքան եք ազդում, որ, օրենքով արգելված, անթույլատրելի նման բաներ են անում։

Հիմա պետության դերի մասին խոսենք, էլի։ Ի՞նչ է պատահել, քաղաքացիների մի հատվածը, հիմա չեմ ուզում ասել, թե որ հատվածը, ովքեր, ոնց, էնտեղ մեր քաղաքացիներ էլ կան, ովքեր, իսկապես, մտահոգված են, շատ չեն, բայց կան, փակել են ճանապարհը, ես չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհը փակելը հարց լուծելու ձև չէ և չի կարելի նման բան անել, էն մյուս հատվածն էլ, մեկն էլ ուզեցել է անցնել մեքենայով այդ ճանապարհով, այսինքն՝ նրա իրավունքն այդ մեքենայով ճանապարհն անցնելն է, էն մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում։ Հիմա, էս մյուս մարդիկ, որոնք այդ ճանապարհը փակել են, հարձակվել են այդ մեքենայի վրա, կոտրել են էդ մեքենան։ Հիմա, պետության դերը ո՞րն է, որ դուք գալիս եք աստեղ, մեղադրում եք, թե մեքենան գալիս է, նրանք կոտրում են, և իրավապահները քայլեր են ձեռնարկում։ Բա, ի՞նչ պետք է անեն, պետք է թողնեն, որ երկու քաղաքացիներն իրար հետ սկսեն հաշվեհարդա՞ր տեսնել, պետք է այդ ամեն ինչն օրենքին համապատասխան ձևով կասեցնել, չէ՞, ոնց որ հրաշալի արել են և արել են նաև անցած տարի Երևանի կենտրոնում և ճիշտ են արել։ Չի կարելի, անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրագործելիս սկսեն մեկը մյուսի մեքենաներն կոտրել։ Եվ այն, որ դա «Երկրապահ»-ի մեքենա է, ուզում ձեզ հիշեցնել, որ «Երկրապահ»-ն ինքը պետական կառույց չէ, և պետական կառույցի պատկանող մեքենա չէ այդ մեքենան։ Մեքենան քաղաքացիների մեքենա է, մի կազմակերպության մեքենա է, որն իր անվանը և առաքելությանը համապատասխան ծառայություն է իրականացնում, այդ թվում նաև՝ պետության պատվերով, այդ թվում նաև՝ պետության համար։

Ես անթույլատրելի եմ համարում նման պահվածքն արդարացնող որևէ խոսույթ, դա անթույլատրելի է, չի կարելի մեքենաներ կոտրել, չի կարելի մարդկանց ահաբեկել, չի կարելի ստեր խոսելով՝ ծայրահեղություններն արդարացնել, չի կարելի, ուղղակի։ Ես ուզում եմ կոչ անել, որ այս գործելաոճից հրաժարվեք, ավարտեք, չի կարելի։

Ես ուզում եմ ևս մեկ բան ասել։ Այս ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի ոչ թե ուղղորդող, որ էլի ծայրահեղություններ տեղի ունենան, այլ բալանսավորող, որպեսզի դրանք տեղի չունենան։ Ես կառաջարկեմ, այն խոսույթները, որոնցով առաջնորդվում եք, և այն ստերը, որոնք հյուսում եք, դադարեցնեք, չազդեք մարդկանց հույզերի վրա: Մենք այս բարդ ճանապարհը պետք է միասին անցնենք։

Եվս մեկ անգամ ուզում եմ կոչով դիմել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին և խնդրել, որ մենք փոխվստահությամբ անցնենք այս ճանապարհն իրար հետ։ Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որևէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ։ Մենք պիտի էս ճանապարհն անցնենք։ Շնորհակալություն եմ հայտնում։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հաջորդ ելույթը չեմ հայտարարի, որովհետև չենք հասցնի, ընդմիջում 30 րոպե։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am