National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
17.09.2009
Ազգային ժողովը հերթական եւ արտահերթ նիստերում քննարկեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը

Սեպտեմբերի 17-ին  Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որից հետո  մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը շարունակեց իր գլխավորած հանձնաժողովի պատրաստած զեկույցի ներկայացումը, որն սկսվել էր սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստում:

Սամվել Նիկոյանն անդրադարձավ մարտյան իրադարձությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցներին:  Նշվեց, որ «Չերյոմուխա-7» գազային փամփուշտների  օգտագործման հետեւանքով զոհվել է երեք քաղաքացի, վեցը վիրավորվել են: Հանձնաժողովն այս հատուկ միջոցի կիրառման իրավաչափությունը պարզելու նպատակով դիմել է ՌԴ մասնագետներին եւ ստացել պատասխան, ըստ որի` դրա օգտագործումը  չի արգելվում նաեւ  բաց տարածքում, սակայն մարտյան իրադարձությունների ժամանակ սխալ է եղել կիրառումը: Այս հարցում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը եզրահանգել է, որ «Չերյոմուխա-7-ի» կիրառումը եղել է ոչ իրավաչափ:

Հանձնաժողովը նաեւ կարծում է, որ ոստիկանությունը պատրաստ չի եղել նման իրավիճակի եւ չի կարողացել կանխատեսել իրադարձությունների նման զարգացում: Հանձնաժողովը եզրակացրել է, որ ոստիկանությունում պետք է ծառայեն միայն պրոֆեսիանալ ոստիկաններ:  Հանձնաժողովի եզրակացության մեջ  անդրադարձ կա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «տնային կալանքին» եւ այն հարցին, ըստ  որի` ՀՀ պետական պահպանության ծառայությունը չի երաշխավորել նրա անվտանգությունը: Այս կապակցությամբ հանձնաժողովը կարծում է, որ այդ դեպքերի ժամանակ քաղաքապետարանի շրջակայքում անհնարին էր երաշխավորել որեւէ մեկի անվտանգությունը, սակայն համոզված է, որ ստեղծված իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը բարոյական առումով պարտավոր էր չենթարկվել պահպանության ծառայության հորդորներին եւ ներկայանալ ցուցարարներին: Հանձնաժողովը գտնում է, որ նա պետք է օգտագործելով նրանց վրա ունեցած իր ազդեցությունը` կանխեր իրադարձությունների հետագա զարգացումը:

Անդրադառնալով մարտյան իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքներին, պարոն Նիկոյանը նշեց, որ այդ հարցը բաց է մնում. նշվեց, որ դա նախաքննական մարմնի գործառույթն է, եւ որը պետք է շարունակի իր աշխատանքը: Պարոն Նիկոյանը նշեց, որ առայսօր ոչ նախաքննական մարմինը, որ հանձնաժողովը չեն կարող տալ անուններ, թե ովքեր են եղել 10 անձանց սպանողները: Պարոն Նիկոյանն անդրադարձավ նաեւ  համապատասխան պետական մարմինների գործունեությանը, նրանց կատարած եւ չկատարած աշխատանքներին:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրին, հանձնաժողովը եզրահանգել է, որ ծագած իրավիճակում Նախագահը ճիշտ է վարվել: Նաեւ կարծում են, որ հրամանագրի ավելի վաղ հրապարակումը գուցե կանխեր դեպքերի հետագա ընթացքը:

Զեկույցի վերջին մասում հանձնաժողովն անդրադարձել է իրավական-քաղաքական առաջնահերթություններին, նշել այն առաջնահերթությունները, որոնք կարող են նպաստել սոցիալ-քաղաքական լարվածության թուլացմանը, հանդուրժողականության  մեծացմանը,  հետագայում նման դեպքերի կրկնության  բացառմանը:

Ելույթից հետո պարոն Նիկոյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Անդրադառնալով հնչած հարցերին, ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ պարզաբանումներ ստանալու նպատակով հանձնաժողով են հրավիրվել  ընդդիմության ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը եւ Լեւոն Զուրաբյանը, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքին: Հրավեր է ուղարկվել նաեւ ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, ովքեր եւս չեն ընդունել հրավերը: Պարոն Նիկոյանն անդրադարձավ նաեւ զեկույցին կից ներկայացված Հատուկ կարծիքին, որը ներկայացրել էին ժամանակավոր հանձնաժողովի անդամներ Արտյուշ Շահբազյանը եւ Արծվիկ Մինասյանը, ովքեր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ են: Պարոն Նիկոյանի կարծիքով, Հատուկ կարծիքում որոշ երեւույթների վերաբերյալ ավելի մեղմ կարծիք է արտահայտված, քան ներկայացրել է ժամանակավոր հանձնաժողովն իր զեկույցում: Պարոն Նիկոյանն ափսոսանք հայտնեց հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցության կապակցությամբ, քանի որ, ըստ, նրա, մասնակցության պարագայում այսօր հնչող որոշ հարցեր գուցե եւ չհնչեին:

Քննարկվող զեկույցի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի արտախորհրդարանական անդամներ Արամ Հարությունյանը, Գուրգեն Արսենյանը եւ մեկ տասնյակից անցնող պատգամավորներ:

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանն իր ելույթում կարծիք հայտնեց, թե մարտյան իրադարձությունները հետեւանք են ոչ լեգիտիմ ընդդիմության: Ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմության լեգիտիմությունը որոշվի օրենքով: Անդրադառնալով տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, նա կարծիք հայտնեց, թե տեղի ունեցածի համար մեղավոր են բոլորը. ովքեր կարող էին կանխել` չկանխեցին: Ըստ նրա` այսօր անհրաժեշտ է փակել այդ ողբերգական էջը եւ լինել միասնական, քանի որ Հայաստանի առջեւ ծառացած են մարտահրավերներ:

Իր տեսակետը քննարկվող հարցի առնչությամբ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը, նկատելով, որ մասնակցելով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, ունեցել է նաեւ որոշակի անհամաձայնություններ հանձնաժողովի հետ: Աշխատանքի ընթացքում պարոն Արսենյանը համոզվել է, որ իշխանության պատասխանատվությունն ավելի մեծ պետք է լինի, քան ընդդիմության, հատկապես ուժային գործողություններում: Ընդունելով, որ որոշակի թերություններ եղել են ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքում, պարոն Արսենյանն իր խոսքով` ցավագին է ընդունել ՀՀ  բանակը վարկաբեկելու փորձը: Պարոն Արսենյանը եւ հանձնաժողովը համոզվել են, որ ՀՀ  բանակը որեւէ առնչություն չի ունեցել մարտյան իրադարձություններին եւ հանձնաժողովը եզրակացության մեջ տվել է այս հարցի սպառիչ պատասխանը: Նա ցավով նշեց, որ չեն կարողացել պատասխան տալ 10 զոհերի հարազատներին` նրանց մահվան հանգամանքների ճշտման առումով:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նշելով հանձնաժողովի կատարած զգալի աշխատանքը եւ մատնանշելով այն հանգամանքները, որոնք հող  են նախապատրաստել մարտյան ողբերգական իրադարձությունների  համար, կարծիք հայտնեց, թե նման դեպքերի կրկնության բացառման համար անհրաժեշտ է համարում կատարել մի շարք սահմանադրական համակարգային փոփոխություններ, որոնք ներկայացվեցին խորհրդարանին: 

Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը  կարեւորելով հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ աշխատակազմի   կատարած մեծածավալ աշխատանքը եւ հատկապես առաջարկությունները, նշեց, որ եղել են 120-ից ավելի նիստեր, որոնք անցել են բաց եւ հրապարակային: Ըստ նրա` քննարկվող փաստաթուղթն իր դերակատարությունը կունենա  ժողովրդավարության, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման եւ նման դեպքերի կրկնության բացառման խնդրում:

Պատգամավոր Լարիսա Ալավերդյանը չցանկանալով գնահատական տալ հանձնաժողովի կատարած աշխատանքին, կարծիք հայտնեց, որ դեպքերի նման զարգացման հարցում իր դերակատարությունն  է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տիկին Ալավերդյանի կարծիքով, զեկույցում առկա են անուղղակի փաստեր, որոնք   ցույց են տալիս, որ փաստերն ու եզրահանգումներն իրար հակասում են:

Իր ելույթում պատգամավոր Անահիտ Բախշյանն անդրադարձավ զեկույցի որոշ դրույթներին եւ դրանց վերաբերյալ ներկայացրեց իր տեսակետները: Նա անդրադարձավ նաեւ զեկույցի վերջին` սոցիալ-տնտեսական առաջնահերթություններ բաժնին եւ նշեց, թե նշված բոլոր խնդիրների առկայության մասին բարձրաձայնվել է ընդդիմության հանրահավաքներում: Ըստ նրա` այդ ամենը հաստատվել է զեկույցում:

Ժամանակավոր հանձնաժողովի կատարած մեծածավալ աշխատանքը բարձր գնահատեց պատգամավոր Արծրունի Աղաջանյանը` նկատելով, որ նիստերն ընթացել են փոխհամաձայնության եւ թափանցիկության մթնոլորտում: Քննարկվել են ստացված բոլոր առաջարկությունները: Նա նշեց, որ հանձնաժողովն ի զորու չի եղել պատասխան տալ զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ, քանի որ դա եղել է նախաքննական մարմնի գործառույթը:

Պատգամավոր Վարդան Խաչատրյանն անդրադառնալով մարտյան իրադարձություններին, կարծիք հայտնեց, թե առայսօր, թեեւ անցել է 1,5 տարի, հասարակությունն ապրում է այդ դեպքերի ստվերի ներքո:

Պատգամավոր Արտյուշ Շահբազյանն իր ելույթում նկատեց, որ ժամանակավոր հանձնաժողովն աշխատել է բաց եւ հրապարակային: Զեկույցում հանձնաժողովը մատնանշել է այն նախադրյալները, որոնք պատճառ են հանդիսացել մարտյան ողբերգական դեպքերի համար: Նա անդրադարձավ նախընտրական շրջանում արմատական ընդդիմության գործողություններին եւ նկատեց, որ նրանք ըստ էության ազդել են հասարակական տրամադրության ձեւավորման վրա:

Պատգամավոր Գագիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովը ներկայացրել է հավասարակշռված զեկույց, որում իր մեծ ներդրումն է ունեցել հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Պարոն Մինասյանի կարծիքով, կարեւոր նշանակություն ունի զեկույցի վերջին` սոցիալ-տնտեսական առաջնահերթություններ բաժինը: Ըստ պարոն Մինասյանի, դրանում ներկայացված առաջարկությունների իրագործումը հնարավորություն կտա հետագայում  բացառել նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը:

Պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ հանձնաժողովն իրականացրել է իր առջեւ դրված գործառույթները, եւ չնայած հանձնաժողովականներին երբեմն ուղղված վարկաբեկող եւ պիտակավորող որակումներին`  չի ներքաշվել վեճերի մեջ: Ցավով նշելով, որ որեւէ զեկույց չի կարող վերակենդանացնել զոհերին, պարոն Դավթյանը կարծիք հայտնեց, թե անհրաժեշտ է գործողություններով եւ առաջարկություններով ձգտել այն Հայաստանին, որին արժանի է հայ ժողովուրդը:

Պատգամավոր Իշխան Խաչատրյանն իր ելույթում նկատեց, թե ներկայացված զեկույցը կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ:  Նա եւս կարեւորեց զեկույցի սոցիալ-տնտեսական առաջնահերթություններ բաժնում ներկայացված առաջարկությունների կատարումը:

Ցավակցելով մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված անձանց հարազատներին, պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւս նշեց հանձնաժողովի կատարած մեծածավալ աշխատանքը: Անդրադառնալով նախընտրական շրջանում կատարված դեպքերին, պատգամավորը կարծիք հայտնեց, թե ոստիկանությունը պատրաստ չի եղել իրադարձությունների նման շրջադարձին, այնինչ ընդդիմությունն ունեցել է հստակ ծրագիր:

Պատգամավոր Դավիթ Հարությունյանն իր ելույթում բարձր գնահատեց հանձնաժողովի կատարած աշխատանքը, անդրադարձավ  ոստիկանության համակարգում արձանագրված բացթողումներին եւ թերություններին: Ըստ պարոն Հարությունյանի, սրանով մարտյան իրադարձությունների էջը չի փակվում, զեկույցի քննարկումից հետո պետք է որոշել, թե ինչ քայլեր պետք է կատարվեն թերությունների վերացման նպատակով: Անդրադառնալով 10 զոհերի մահվան հանգամանքների չբացահայտման հարցին, պարոն Հարությունյանը նկատեց, որ հանձնաժողովից չպետք է ակնկալել նման բան, քանի որ ժամանակավոր հանձնաժողովն օժտված չի եղել քննչական լիազորություններով: Նախաքննական մարմնի վերաբերյալ պատգամավորը կարծում է, որ այս հարցում նա կատարել է իրենից կախված ամեն ինչ:

Այնուհետեւ քննարկումները շարունակվեցին արտահերթ նիստում, որը գումարվել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած որոշմամբ` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ: 

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իբրեւ հանձնաժողովի անդամ, փաստեց, որ հանձնաժողովի աշխատանքի հիմքում դրված է եղել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ կոնսենսուսով բաց ու թափանցիկ որոշումներ ընդունելու գաղափարը: Նա նշեց, որ հանձնաժողովականները զերծ են մնացել սուբյեկտիվ գործելաոճից, գլխավոր խնդիրը եղել է վերջնական եզրակացության մեջ ներկայացնել համակարգային փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան Հայաստանի կայուն զարգացում եւ հետագա մարտի մեկերի կանխում: Նա առաջարկեց հավելյալ քննություն իրականացնել մոնիտորինգային հանձնախմբի միջոցով: 

Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով գործադիր իշխանության բոլոր օղակները 2008 թ. մարտի մեկին գործել են համակարգված եւ ուղղորդված եղանակով, պետությունը չի ապահովել մարդու իրավունքների պաշտպանություն:
 
Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ քաղաքական ուժերը պետք է ոչ միայն քննադատեն, այլեւ համատեղ աշխատանքի միջոցով փորձեն բացառել նման ողբերգությունների կրկնությունը: Եվ պարոն Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը գտնում են, որ հանձնաժողովը բազմաշերտ եւ համակողմանի աշխատանք է իրականացրել, ներկայացրել է անաչառ եւ անկողմնակալ եզրակացություն: Տիկին Նաղդալյանը կարծում է, որ պետք է բարեփոխումների իրականացման աշխատանք սկսվի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների կողմից` հասարակության շրջանում ստեղծված բարոյահոգեբանական վիճակի կայունացման համար:

Պատգամավոր Էդվարդ Շարմազանովը հանձնաժողովի անկողմնակալ աշխատանքը գնահատելով` կարեւորեց այդ հարցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությունը: Ըստ նրա` մարտիմեկյան իրադարձությունների մեղավորները նրանք են, ովքեր հասարակության մեջ սերմանում էին անհանդուրժողականություն, ինչը, ցավոք, որոշ ուժերի կողմից շարունակվում է նաեւ այսօր:

Ներկայացնելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց պատասխանատվության ենթարկել մարտի մեկի իրադարձությունների մեղավորներին: Նա գտնում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողացել ապահովել երկրի անվտանգությունը, ինչն էլ հանգեցրել է ողբերգական իրադարձությունների:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վահան Հովհաննիսյանը: Խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ 2008 թ. մարտի մեկին օգտվելով ժողովրդի արդար դժգոհությունից` ժողովրդավարության թշնամի հանդիսացող մարդիկ իրականացրել են իշխանության բռնազավթման փորձ: Այս հարցում պարոն Հովհաննիսյանը ոչ պրոֆեսիոնալ եւ ապիկար է գնահատում պետական հեղաշրջումը կասեցնելուն ուղղված իշխանությունների քայլերը: Եվ իշխանությունների եւ ընդդիմության քայլերի մեղավորությունը, պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, արդարացիորեն արտացոլված է հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ, տրված են հավասարակշռված գնահատականներ: Նա եւս կարծում է, որ պետք է ստեղծվի մոնիտորինգի խումբ` հետեւելու համար եզրակացության մեջ տեղ գտած առաջարկությունների իրականացմանը:

Արամ Սաֆարյանը ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը, նշեց, որ հանձնաժողովն աշխատել է արդար եւ թափանցիկ, ներկայացրել հասարակության համար անհրաժեշտ եւ օգտակար փաստաթուղթ: Նրա գնահատմամբ` փաստաթուղթը կարող էր առավել արդյունավետ լինել, եթե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեին նաեւ ընդդիմադիր ուժերը: 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդգծեց, որ մարտիմեկյան իրադարձությունները իշխանության բռնազավթման փորձ էին: Նա նշեց, որ այդ ողբերգական դեպքերի համար պատասխանատվություն են կրել մասնակիցները, մինչդեռ պատիժ պետք է կրեին իրադարձություններն ուղղորդողները: Պարոն Սահակյանը ընդգծեց, որ հանձնաժողովն աշխատել է իր լիազորությունների շրջանակներում` ներկայացնելով համապարփակ եզրակացություն: Ըստ խմբակցության ղեկավարի` հանրությունը պետք է իմանա, որ մարտի մեկը ձեռագիր էր:

Արտահերթ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Հարգելի պատգամավորներ

Երեկվանից  մենք քննարկում ենք 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը։ Այսօր այս դահլիճում հնչեցին տարաբնույթ կարծիքներ,  հաճախ՝ տրամագծորեն հակադիր։ Ես միշտ կողմնակից եմ եղել ցանկացած, անգամ ամենացավոտ հարց բաց եւ հրապարակային քննարկելուն։ Բայց երբ լսում էի որոշ ելույթներ եւ հարցադրումներ, տպավորությունս այն էր, որ անգամ ողբերգությունը կարող է ոմանց համար շահարկումների եւ սեփական քաղաքական շահերին հարմարեցնելու միջոց դառնալ։ Սա բացարձակ անընդունելի եւ մերժելի մոտեցում է։ Այո, ցավոք սրտի, հնարավոր չեղավ խուսափել մարտիմեկյան ցավալի դեպքերից, եւ այստեղ մեղքի բաժին ունենք մենք բոլորս։ Եւ հետեւություններ պիտի անեինք բոլորս՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը՝ նման դեպքերի կրկնություն երբեւէ այլեւս թույլ չտալու համար։ 

Որպես Ազգային ժողովի նախագահ, ես ամենայն վստահությամբ հայտարարում եմ, որ իշխանությունը ընդունեց պատասխանատվության իր բաժինը, արեց լրջագույն հետեւություններ, արեց հստակ քայլեր եւ գործողություններ՝ հետագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։ Մինչդեռ, իշխանության ընդդիմախոսները, որոնք նախագահական ընտրություններից դեռ շատ առաջ արդեն ունեին իրենց կանխորոշված գնահատականը, այն է՝ որ ընտրությունները կեղծված  են, եւ ոչ լեգիտիմ, ինչը հետագայում նրանք ամրագրեցին իրենց բազում գործողություններում, ցավոք, այդպես էլ չընդունեցին մեղքի եւ պատասխանատվության իրենց, ըստ իս, մեծ բաժինը։ Ավելին, հրաժարվեցին մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի այսօր բարձրացնեն նախապես ծրագրավորված իրենց աղմուկը։ 

Ես հիմա  չեմ ցանկանում կրկին անդրադառնալ արմատական ըննդիմության եւ նրա առաջնորդի հայտարարություններին՝ ամեն ինչ կազմաքանդելու, ավիրելու նրա կոչերին, որոնք հստակ նպատակաուղղված էին հանրության մի հատվածի մոտ թշնամանքի եւ ատելության հրահրմանը, քանզի այդ ամենը հանգամանալից, կոնկրետ հղումներով ներկայացված է ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ։ 

Մինչդեռ, ուզում եմ հիշեցնել, որ նախագահական ընտրություններից հետո, Հանրապետության հրապարակում  հրավիրած  հանրահավաքում նախագահ Սերժ Սարգսյանը հանդուրժողականության եւ համագործակցության կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, կոչ արեց քանդել անհանդուրժողականության եւ չհասկացվածության պատը, որովհետեւ մենք ուղղակի իրավունք չունեինք ունենալու պառակտված հասարակություն։ Ակնհայտ էր, սակայն, որ երկխոսությունը բնավ չէր տեղավորվում Ազատության հրապարակը հիմնավորապես օկուպացրած արմատական ընդդիմության եւ նրա առաջնորդի քաղաքական օրակարգում ։ Ավելին, տասն օր շարունակ անընդմեջ, Ազատության հրապարակի չարտոնված հանրահավաքներում պահելով հանրության մի հատվածի, օգտագործելով մարդկանց հասկանալի եւ շատ հարցերում ընդունելի օբյեկտիվ դժգոհությունները՝ հետեւողականորեն բորբոքում էին թնշամանք եւ անհանդուրժողականություն։ 

Ժամանակավոր հանձնաժողովն իր եզրակացության մեջ հանգամանալից անդրադարձել է դեպքերի հստակ ժամանակագրությանը, որը մենք ձեզ հետ միասին լսեցինք։   

Հանձաժողովն իրապես բավականին լուրջ եւ հանգամանալից աշխատանք է կատարել եւ որպես ԱԺ նախագահ, ես իմ  շնորհակալությունն եմ հայտնում  հանձնաժողովի նախագահին, բոլոր անդամներին, որոնք  պատասխանատու եւ հաշվետու լինելով միմայն իրենց խճղի առջեւ, փորձեցին ներկայացնել անաչառ եւ անկողմնակալ եզրակացություն։ Եւ երբ այդ եզրակացությունից դժգոհում են պետական որոշ կառույցներ, կամ արմատական ընդդիմության որոշ պարագլուխներ, ես դա միանգամայն նորմալ եմ համարում։

Հանձնաժողովի խնդիրն էր ոչ թե բավարարել իշխանության կամ ընդդիմության ցանկությունը՝ կոծկելով որեւէ փաստ, որեւէ իրողություն, այլ տալ խորհրդարանի որոշմամբ իր առջեւ դրված հստակ հարցերի հստակ պատասխանները։ Պատասխաններ, որոնք ընդունելի եւ սպառիչ կլինեն հասարակության հնարավորինս լայն հատվածի համար։ Հասարակություն, որն իրավունք ունի ստանալու այդ հարցերի սպառիչ եւ անկողմնակալ պատասխանները։ Որովհետեւ մենք հաշվետու ենք մեր ժողովրդին, մեր քաղաքացուն։ 

Ավելորդ չեմ համարում կրկին հիշեցնել, թե մեր իսկ որոշմամբ մենք ինչ խնդիրներ էինք դրել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առջեւ. տալ եզրակացություն՝ առաջին՝ տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաեւ ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ  համաչափության վերաբերյալ։ Երկրորդ՝ ճշտել զոհվածների մահվան հանգամանքները եւ երրորդ՝ ներկայացնել նման իրադարձությունների կրկնությունը բացառող  քաղաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկություններ։ 

Ահա այս հստակ խնդիրներն էին, որ մենք ձեզ հետ միասին դրել էինք ժամանակավոր հանձնաժողովի առջեւ։ Ծանոթանալով ներկայացված եզրակացությանը, կարծում եմ, կհամաձայնեք, որ հանձնաժողովն առաջադրված հարցերին հիմնականում կարողացել է տալ անկողմնակալ եւ սպառիչ պատասխաններ։ Ամենախնդրահարույց եւ հասարակությանը մտահոգող  հարցերից մեկին՝  ի վերջո, ո՞ւմ գործողությունների հետեւանքով են վրա հասել մահերը, հանձնաժողովը չի կարողացել պատասխանել, քանի որ չէր կարող իր վրա վերցնել նախաքննական մարմնի լիազորություններ, որոնք քրեադատավարական օրենսդրությամբ բացառապես վերապահված են միմիայն նախաքննական մարմնին։ 
       
Այսօր, այս ամբիոնից ես կրկին իմ ցավակցությունն եմ հայտնում  բոլոր զոհերի հարազատներին եւ համաձայն եմ ժամանակավոր հանձնաժողովի այն եզրակացության հետ, որ  10 անձի մահվան հանգամանքների եւ մասնավորապես՝ մեղավոր անձանց հայտնաբերելուն եւ պատասխանատվության ենթարկելուն  ուղղված հետագա աշխատանքների վերաբերյալ նախաքննական մարմինը հանրությանը պարտավոր է պարբերաբար տեղեկություններ տրամադրել։  

Մեր բոլորի խնդիրը մեկը պիտի լինի՝ անել  հնարավորը, երբեւէ այլեւս նման դեպքերի կրկնություն թույլ չտալու համար։ Եւ այս առումով ես կարեւոր եմ համարում նաեւ հանձնաժողովի կողմից արված՝  2008 թվականի մարտյան իրադարձությունների կրկնությունը բացառող քաղաքական, իրավական եւ այլ կարգի առաջարկությունները։ Հատկապես ուշագրավ եմ համարում եզրակացությունում ներկայացված առաջարկությունների իրականացման վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու հանձնաժողովի առաջարկությունը։

Հարգելի պատգամավորներ,  մեր երկրի ժողովրդավարական ապագայի համար իրապես կարեւոր է պատվով եւ արժանապատվորեն շրջել մարտի 1-ի էջը։ Իհարկե,  պատմությունը սրբագրել, կամ խմբագրել հնարավոր չէ, եւ մեր պատմության ցանկացած էջ՝ սեւ, թե սպիտակ, դա մեր պատմությունն է, որից պետք է հետեւություններ անենք, անցյալի որեւէ սխալ կամ բացթողում այլեւս չկրկնելու համար։ Այն քայլերը, որ մարտիմեկյան ողբերգությունից հետո իրականացրեց երկրի քաղաքական իշխանությունը՝ երկրում ներքաղաքական լարվածությունը թուլացնելու եւ հանդուրժողականության մթնոլորտ ապահովելու համար՝ ակներեւ է։ Եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր վերջին՝ 1677 բանաձեւում հստակ արձանագրել է դա,  նշելով, թե՛ խորհրդարանի կողմից Քրեական օրենսգրքում կատարված լրջագույն  փոփոխությունները, թե՛ երկրի նախագահի կողմից հայտարարված համաներումը։ Ասել, որ մենք այլեւս լուծել ենք բոլոր խնդիրները՝ անկեղծ եւ արժանահավատ չի լինի։  Բայց չտեսնել այն, ինչ անում է իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ՝ մարտիմեկյան ճգնաժամը հաղթահարելու եւ նոր էջից սկսելու համար, դա եւս արդար չէ։   

Երբ թերթում ենք մեր պատմության էջերը, համոզվում ենք, որ մեր բոլոր խնդիրների պատճառը եղել է մեր անհանդուրժողականությունը։ Ես կրկին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության։ Որովհետեւ միայն միաբան լինելով մենք կկարողանանք հաղթահարել բոլոր այն մարտահրավերները, որոնցից իր պատմության ընթացքում չի խուսափել եւ ոչ մի պետություն։

Շնորհակալություն»։ 

Իր եզրափակիչ ելույթում երկօրյա շահագրգիռ քննարկումներին անդրադառնալով` 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փաստեց, որ հանձնաժողովի աշխատանքը բարդ էր հատկապես հասարակության երկփեղկվածության պատճառով, ինչը անհնարին էր դարձնում ճշմարտության ընկալումը հանրության կողմից: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ճիշտ կլիներ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն ունենային նաեւ ընդդիմադիր ուժերը իրենց առաջարկներով: Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին հանձնաժողովին աջակցելու համար, գործընկերներին ու փորձագետներին` համատեղ աշխատանքի համար: Նա համոզված է, որ մարտի մեկի էջը փակվել է նրանց համար, ովքեր չեն ցանկանում դրա կրկնությունը, իսկ չի փակվել նրանց համար, ովքեր ձգտում են այդ իրավիճակի կրկնությանը:

ԱԺ քառօրյա նիստերը եւ  արտահերթ նիստը, սպառելով օրակարգերը, ավարտեցին  աշխատանքները:



17.09.2009
ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ ընտրվեց Արա Բաբլոյանը
Սեպտեմբերի 15-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի նիստը, որին մասնակցում էին եվրոպական 53 երկրների ներկայացուցիչներ: Նիստում եվրոպական տարածաշրջանից ԱՀԿ-ի բարձրագույն գործադիր կոմիտեի անդամներ ընտրվեցին Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am