National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.11.2007
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը


Նոյեմբերի 5-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը շարունակեց քննարկել «Հատուկ քննչական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ներկայացնելով «Ժառանգության» տեսակետը` Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ օրինագիծը ՀՀ նախագահի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու նպատակ ունի եւ   հակասահմանադրական է, ուստի խմբակցությունը դեմ է քննարկվող օրինագծին:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Մհեր Շահգելդյանը`  մտահոգություն հայտնելով նույն քաղաքական դրդապատճառների համար: Ըստ նրա` քննարկվող օրինագիծը հակասում է իշխանական թեւերի հավասարակշռման սկզբունքին եւ լրացուցիչ լծակներ է տալիս հանրապետության նախագահին գալիք  ընտրություններից առաջ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը քննարկվող օրինագիծը ընտրական գործընթացներով պայմանավորելը, դրա` սահմանադրականության հարցի վիճարկումը համարեց անընդունելի, իսկ բերված փաստարկները` ոչ համոզիչ: Նա հավաստիացրեց, որ դիտողությունները կքննարկվեն եւ օրինագծի բարելավմանը միտված առաջարկները հաշվի կառնվեն:

ԱԺ պատգամավորները քննարկեցին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի եւ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք, ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, նպատակ ունեն կարգավորել վարչական եւ վճռաբեկ դատարաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց անհատական որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը:

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ողջունում է վարչական դատարան ստեղծելու գաղափարը, կողմ է օրինագծին եւ հորդորեց պատգամավորներին օրինագիծը  բարելավելու, այն  հստակեցնելու նպատակով առավել ակտիվ լինել:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, կարեւորելով քննարկվող նախագիծը եւ սկզբունքորեն չմերժելով ընտրական գործընթացներին առնչվող բողոքները վարչական դատարանում քննության առնելու մոտեցումը, մտահոգություն հայտնեց, որ առաջին անգամ կիրառվելով գալիք նախագահական ընտրությունների ժամանակ`  այն կարող է լուրջ դժվարություններ առաջացնել, ուստի առաջարկեց մինչեւ երկրորդ ընթերցում հստակեցնել մոտեցումը. կամ օրինագծի այդ հատվածը թողնել, բայց անցումային դրույթներում նշել այն ավելի ուշ կիրառության մեջ մտցնելու մասին, կամ էլ օրենքի նախագծից հանել այն: Բողոքարկման մեխանիզմին վերաբերող խնդիրը լուրջ քննարկման կարիք ունի, եւ հապճեպ կիրառության մեջ դրվելու դեպքում  կարող է բացասական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների որակի վրա:

ԱԺ պատգամավորները քննարկեցին Կարեն Կարապետյանի, Սամվել Նիկոյանի, Հակոբ Հակոբյանի, Արա Բաբլոյանի եւ Արամ Սաֆարյանի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը, ըստ Սամվել Նիկոյանի, լուծումն է այն հարցերի, որոնք առաջ էին եկել Ազգային ժողովի մայիսյան ընտրությունների ժամանակ: Նախագծում հաշվի են առնված Ընտրական օրենսգրքի բարելավման նպատակով եվրոպական կազմակերպությունների, վերջին քննարկումների ժամանակ նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկները:

Փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է քաղաքացիների ակտիվ ընտրական իրավունքը` սահմանելով, որ քվեարկության օրը իրենց հաշվառման վայրում չգտնվող քաղաքացիները ստանում են ըստ գտնվելու վայրի քվեարկելու իրավունք:

Նախընտրական հիմնադրամների ձեւավորման եւ դրանից կատարվող ծախսերի թափանցիկությունն ապահովելու նպատակով սահմանվել է նախընտրական հիմնադրամների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման նոր կարգ, երկարաձգվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերստուգիչ-վերահսկիչ ծառայության ժամկետը: Պարզեցվել է թեկնածուների առաջադրման կարգը. եթե գործող օրենսգիրքը թույլատրում է թեկնածուներ առաջադրել քաղաքացիական նախաձեռնության խումբ կազմելու միջոցով, փոփոխությունն առաջարկում է թեկնածուների ինքնաառաջադրման սկզբունք եւ դրանով պայմանավորված` տեղի կունենա ընտրական գրավների գումարի աճ:
Հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների առաջարկները` պարզեցված է տեղամասային ընտրական հանձնաժողովներում արձանագրությունների կազմումը, ինչը հնարավորություն կտա ավելի արագ ամփոփել քվեարկության արդյունքները: Նախագիծն անդրադառնում է նաեւ ընտրական հանձնաժողովների ֆինանսավորման խնդիրներին, լուծում ընտրական վարչարարությանն առնչվող հարցեր:

ներկայացնելով  «Ժառանգության» տեսակետը` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ օրինագծի 28 հոդվածներում կան դրական փոփոխություններ, սակայն կան վիճահարույց խնդիրներ եւս, որոնց վերաբերյալ խմբակցությունը կներկայացնի իր առաջարկները: Առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ «Ժառանգությունը» ձեռնպահ կլինի, իսկ երկրորդ ընթերցմամբ ներկայացվելիք տարբերակին իրենց վերաբերմունքը կախված կլինի նրանից, թե ինչ չափով են հաշվի առնված առաջարկները:

ԱԺ պատգամավոր Արտաշես Ավոյանը արձանագրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը հապճեպ է համարում նման կարեւոր հարցի քննարկումը եւ կարծում է, որ մի շարք փոփոխություններ քաղաքական դրդապատճառներ  ունեն, որոնք անընդունելի են իրենց խմբակցության համար:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը քվեարկության դրեց ԱԺ որոշումը մինչեւ օրակարգային հարցերի սպառումը նիստը երկարաձգելու  մասին, ինչը ընդունվեց Ազգային ժողովի կողմից:

Այնուհետեւ պարոն Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ այդ պաշտոնում առաջադրվելուց հետո հանդիպել է խորհրդարանի  քաղաքական ուժերի հետ,  ներկայացրել իր մոտեցումները, որոնք բխում են Վերահսկիչ պալատի մասին օրենքի դրույթներից` անկախություն, անաչառություն, հրապարակայնություն: Նա հավաստիացրեց նաեւ, որ Վերահսկիչ պալատի աշխատակիցները շարունակելու են իրենց գործը, եթե համապատասխանում են իրենց կոչումին, որոնցից ամենակարեւորը արհեստավարժությունն է: Նա նշեց, որ ընտրվելու դեպքում համագործակցելու է Ազգային ժողովի հետ եւ առաջարկելու է բոլոր խմբակցություններին  ներկայացուցիչներ ուղարկել մշտապես մասնակցելու Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին: Պարոն Զաքարյանը տեղեկացրեց նաեւ, որ օրենքով Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի անկուսակցական, ուստի խորհրդակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր գործընկերների հետ` պատրաստ է դադարեցնել  կուսակցական գործունեությունը:

 Ելույթ ունեցող պատգամավորները խոսեցին Իշխան Զաքարյանի փորձառության, կազմակերպական բարձր ունակությունների, օրենսդիր եւ գործադիր ոլորտներում կատարած աշխատանքների եւ մարդկային արժանիքների մասին, որոնք    նոր պաշտոնում այդ որակները լավագույնս դրսեւորելու հիմք են:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` վերահսկողական գործառույթը իրենց խմբակցության կարծիքով պետք է կատարի քաղաքական փոքրամասնությունը, ուստի իրենք դեմ են Իշխան Զաքարյանի թեկնածությանը:

ԱԺ պատգամավոր Արտաշես Ավոյանը, կարեւորելով Վերահսկիչ պալատի դերը, նրա առջեւ դրված խնդիրները եւ գնահատելով Իշխան Զաքարյանի նախկինում կատարած աշխատանքները, տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը դրական է համարում նրա թեկնածությունը:

ՀՀԴ խմբակցությունը, ըստ նրա ղեկավար Հրայր Կարապետյանի, նույնպես առարկություն չունի թեկնածության վերաբերյալ, առավել եւս, որ Իշխան Զաքարյանը բազմափորձ անձնավորություն է: Նա հույս հայտնեց, որ թեկնածուն սկզբունքային կգտնվի եւ ամեն ինչ կանի անկախ Վերահսկիչ պալատի առջեւ դրված խնդիրները իրականացնելու համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ Իշխան Զաքարյանը պատվով կկատարի իր առջեւ դրված առաքելությունը, քանզի նրա անցած ճանապարհը, կատարած գործը նրա արժանավորության լավագույն ապացույցն է:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության իր ընդդիմախոս ընկերների, նկատեց, որ լավ կլիներ, եթե քաղաքական փոքրամասնությունը, որպես հակակշիռ, ունենար որոշակի պաշտոններ, բայց այս պահին կարեւոր է, որ Վերահսկիչ պալատը անկախ մարմին է, իսկ Իշխան Զաքարյանը, հուսով է,  կնպաստի այդ մարմնի առջեւ դրված խնդիրները իրականացնելուն:

Արտահերթ ելույթում ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց. «Խորհրդարանը իր գործունեության մի կարեւոր էջ է փակում` Ազգային ժողովի Վերահսկիչ պալատ այլեւս չի լինելու մեր երկրում: Վերահսկիչ պալատը ստանում է բոլորովին նոր գործառույթներ, նոր պատասխանատվություն եւ նոր կարեւորություն: Պիտի ասեմ, որ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը պատվով է աշխատել: Ես աշխատել եմ եւ պարոն Աշոտ Թավադյանի, եւ պարոն Գագիկ Ոսկանյանի հետ, եւ կարծում եմ` իրենք իսկապես ազնվորեն կատարել են իրենց պարտքը: Ուզում եմ ԱԺ անունից  կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնել նրանց եւ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են ԱԺ Վերահսկիչ պալատում: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ անկախ Հայաստանը շատ կարճ պատմություն ունի, եւ որեւէ մեկը չի մոռացել, թե ինչը ինչպես է եղել: Լավ կլինի` ելույթներից առաջ հիշենք` թե ով ինչպես է նշանակվել: Օրինակ` ԱԺ ՎՊ նախագահ նշանակվել էր մի կուսակցության անդամ, եւ երբ կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից, ոչ ոք նրան չասաց` քանի որ հիմա դուք ընդդիմություն եք, դուրս արի պաշտոնից: Եվ` աշխատանքը նորմալ շարունակվեց: Պարոն Թավադյանը որեւէ կուսակցության անդամ չէր, աշխատել էր նաեւ նախկին իշխանության ժամանակ, եւ դարձյալ որեւէ մեկը նրան չասաց` անկուսակցական եք եւ պիտի հեռանաք, պիտի գա մեծամասնության ներկայացուցիչը: Իհարկե` ամեն մեկը կարող է ժողովրդավարության իր պատկերացումները նկարագրել, բայց դա բացարձակապես չի նշանակում միակ ճշմարտության ատյանի դերակատարությունը ստանձնել եւ ասել բաներ, որոնք իրականության եւ փաստերի հետ բացարձակապես կապ չունեն: Մեծամասնությունն, այո, ունի իր պատասխանատվությունը, եւ շատ կարեւոր է, որ այս պաշտոնի համար ԱԺ պատգամավոր է առաջադրված: Ավելին` ես չեմ կիսում այն կարծիքը, թե պիտի այդ պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ նշանակվի: Ճիշտ հակառակը` մեծամասնությունը պիտի ունենա լիարժեք պատասխանատվություն, առավելեւս` դեռեւս լիարժեքորեն չկայացած քաղաքական մշակույթի պայմաններում: Ես կարծում եմ` ճիշտ է, որ առաջարկն արվել է քաղաքական մեծամասնության ներկայացուցչին, սա լրացուցիչ պատասխանատվություն է եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խմբակցության, եւ մեզ համար: Սա դժվար խնդիր է, եւ խորհրդարանական մեծամասնությունն այս առաջադրումն անելով` հիանալի պատկերացնում է, որ սա կարեւոր հնարավորություն է` ցույց տալու իր աշխատանքների արդյունավետությունը, ցույց տալու, որ սահմանադրական փոփոխությունները իսկապես պիտի լիարժեք եւ ամբողջական կիրառում ունենան մեր կյանքում: Այստեղ ասվեց պարոն Զաքարյանի եւ անձնական, եւ ընկերական հատկանիշների մասին: Մենք միասին աշխատել ենք մի քանի ամիս, թեեւ տարիներ շարունակ տարբեր առիթներով շփվել ենք: Մեր  խորհրդարանական համագործակցությունը եղել է լիարժեք ու արդյունավետ, եւ դա ինձ համար հիմք է ասելու, որ ընտրությունը ճիշտ է կատարված: Ավելին` ես վստահ եմ, որ մեր քվեարկությամբ մենք ստանձնում ենք պատասխանատվություն Վերահսկիչ պալատի գործունեության համար եւ Վերահսկիչ պալատի ապագա նախագահը ստանձնում է պատասխանատվություն մեր բոլորի առաջ: Սա կարեւոր պատասխանատվություն է բոլորիս համար եւ խորհրդարանական մեծամասնությունը, որ երբեւէ չի խուսափել պատասխանատվությունից, պատվով  կկրի նաեւ այս պատասխանատվությունը: Առաջարկում եմ` քվեարկել Իշխան Զաքարյանի թեկնածության օգտին»:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկված բոլոր 10 օրինագծերը, որից հետո  Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության նպատակով տեղի ունեցավ փակ քվեարկություն:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը` տեղեկացնելով, որ փակ քվեարկության մասնակից 109 պատգամավորներից Իշխան Զաքարյանին կողմ են քվեարկել 104 պատագամավորներ, դեմ` 5-ը:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ ընտրված Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց պարտավորեցնող վստահության համար եւ հավաստիացրեց, որ ամեն ինչ կանի Ազգային ժողովի վստահությունը արդարացնելու համար` մշտապես համագործակցելով նրա հետ:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովի արտահերթ նիստն ավարտեց աշխատանքը:


05.11.2007
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կենսագրությունը
Իշխան Զաքարյանը ծնվել է 1961 թ., հոկտեմբերի 21-ին, Արարատի մարզի Զովաշեն գյուղում:1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը եւ աշխատանքի է անցել «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դ...

05.11.2007
ԵԽ գլխավոր քարտուղարն Ազգային ժողովում
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Ողջունելով հյուրին` Աժ նախագահ Տիգրան Թորոս...

05.11.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձը Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ.«Ցավով իմացա հայ կինոյի ներկայացուցիչներից մեկի` Ալբերտ Յավուրյանի մահվան մասին: Տասնամյակներով նրա ինքնատիպ մտածողության շնորհիվ մենք երջանկություն ենք ունեցել հաղորդակցվելու իսկական արվեստի հետ, որ վերաց...

05.11.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ.«Ցավով տեղեկացա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան մասին: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը մեր հանրությանը լայնորեն հայտնի դարձավ Ղարաբաղյան շարժման տարի...

05.11.2007
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի այցը Հայաստան
Նոյեմբերի 6-ին Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը:Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում նրան կընդունի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, այնուհետեւ տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով` ԱԺ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am